Բարսելոնան հաղթեց մեծ դժվարությամբ և ընդհուպ մոտեցավ առաջատար Աթլետիկոյին🎥

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր «Վալյադոլիդին»։ Կատալոնացիները դժվարին խաղում կարողացան հաղթանակի հասնել նվազագույն՝ 1։0 հաշվով։

Առաջին խաղակեսում «կապտանռնագույնները» ժամանակ առ ժամանակ փորձում էին ճանապարհներ գտնել դեպի «Վալյադոլիդի» դարպասը, սակայն ապարդյուն։ Հյուրերը նույնպես ցույց էին տալիս «ատամները»՝ կազմակերպելով բավականին սուր հակագրոհներ։

Խաղն ընդհանուր առմամբ բավականին կոպիտ ստացվեց. գլխավոր մրցավարը ցույց տվեց 7 դեղին քարտ. 3 անգամ զգուշացվեցին «Բարսելոնայի», 4 անգամ՝ «Վալյադոլիդի» ֆուտբոլիստները։ Իսկ հիմնական ժամանակից 11 րոպե առաջ հյուրերը մնացին 10 հոգով, կարմիր քարտի պատճառով դաշտից հեռացվեց Օսկար Պիանոն։

«Բարսելոնան», օգտվելով այդ հանգամանքից, ամբողջ ուժով նետվեց առաջ, սակայն բաղձալի գոլը խփեց միայն խաղի վերջին րոպեին։ Կատալոնական ակումբին հաղթանակ պարգևեց Ուսման Դեմբելեն՝ եզրափակելով փոխարինման մտած Ռոնալդ Արաուխոյի փոխանցումը։

Այսպիսով, Ռոնալդ Կումանի գլխավորած թիմն օգտվեց Լա Լիգայի առաջատար «Աթլետիկոյի» սայթակումից և վաստակելով 65 միավոր, շրջանցեց «Ռեալին» ու բարձրացավ 2-րդ տեղ։ Կատալոնացիներն «Աթլետիկոյին» զիջում են ընդամենը 1 միավոր, իսկ առջևում «Ռեալի» դեմ կայանալիք Էլ Կլասիկոն է։

Նորություններ

Բոլոր նորությունները