ՉԼ. Սիթին դժվարին և ոչ այնքան հարմարավետ հաղթանակ տարավ 🎥

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր Դորտմունդի «Բորուսիային»։ Հանդիպումն ավարտվեց «Սիթիի» հաղթանակով՝ 2։1։

Խաղի 19-րդ րոպեին Մահրեզի փոխանցումից հետո Կևին դե Բրույնեն մոտ տարածությունից գրավել է հյուրերի դարպասը։

Հանդիպման ընթացքում գնդակին հիմնականում տիրել են տանտերերը՝ ստեղծելով մի շարք գոլային պահեր։

Դորտմունդցիները մի քանի գրոհները բավականին սուր էին. դրվագներից մեկում դարպասպաահի դեմ մեն-մենակ էր մնացել Էրլինգ Հալանդը, ում հարվածից հետո Էդերսոնը փրկել է իր թիմին վերահաս գոլից։

Խաղավերջում՝ 84-րդ րոպեին, «Բորուսիայի» հիանալի կազմակերպած գրոհը արդյունավետ էր. Հալանդի լավ փոխանցումից հետո Ռոյսը հաշվենկատ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։

Այնուամենայնիվ, «Ման. Սիթին» հաղթանակ կորզեց. հիմնական ժամանակի վերջին րոպեին սուր անկյունից դիպուկ հարվածեց Ֆիլ Ֆոդենը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։

Այսպիսով, Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին» փոքր առավելություն ունի պատասխան հանդիպումից առաջ, որը կայանալու է ապրիլի 14-ին։

Հանդիպման տեսությունը.

Նորություններ

Բոլոր նորությունները