Ազգերի լիգայի խմբային փուլի 2-րդ խաղում Հայաստանի հավաքականը Սկոպյեում ուժերը չափեց դաշտի տերերի՝ Մակեդոնիայի ընտրանու հետ:

 

Մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Լիխտենշտեյնի հետ խաղի համեմատ մեկնարկային կազմում չորս փոփոխություն էր արել: Երեք օր առաջ վնասվածք ստացած ձախ պաշտպան Արմեն Մանուչարյանին փոխարինել էր Հայկ Իշխանյանը: Նախորդ հանդիպման ժամանակ առջևում խաղացած Իվան Յագանին, Արազ Օզբիլիսին ու Մարկոս Պիզելիին փոխարինել էին համապատասխանաբար Գեւորգ Ղազարյանը, Տիգրան Բարսեղյանն ու Սարգիս Ադամյանը: Ինչպես ցույց տվեց հանդիպումը, Վարդան Մինասյանը ոչ միայն չեր կռահել մեկնարկային կազմով, այլև իր ընտրած տակտիկայով:

 

Միակ առաջ քաշված հարձակվող Սարգիս Ադամյանն ընդհանրապես ոչինչ չկարողացավ անել խաղադաշտում՝ ոչ պրեսինգի դիմել, ոչ գնդակ խլել մրցակցից, ոչ փոխանցում կատարել, ոչ գնդակ պահել, ոչ էլ հաղթող դուրս գալ օդային պայքարում: Ինչ վերաբերում է նրան մոտ գտնվող երեք կիսապաշտպաններին՝ Հենրիխ Մխիթարյանին, Գեւորգ Ղազարյանին ու Տիգրան Բարսեղյանին, ապա առաջին խաղակեսում նրանք այնքան էլ չէին կարողանում օգնության ձեռք մեկնել իրենց միակ հարձակվողին, քանի որ հիմնականում զբաղված էին պաշտպանական գործողություններով, իսկ հակագրոհների ժամանակ լավ չէին համագործակցում իրար հետ եւ չէին կարողանում հարվածային դիրք դուրս բերել ինչպես միմյանց, այնպես էլ Սարգիս Ադամյանին: Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը պարզապես խաղաց առանց հարձակման գծի:

 

Ընդմիջմանը Վարդան Մինասյանը Սարգիս Ադամյանին փոխարինեց և դաշտ մտցրեց ավելի փորձառու և տեխնիկապես հագեցած Մարկոս Պիզելիին: Մեր թիմի գրոհներն համեմատաբար ավելի կազմակերպված ու վտանգավոր դարձան: Սակայն շտապողականության պատճառով մերոնք հաճախ սխալվում էին փոխանցումների ժամանակ, կոմբինացիոն խաղը չէր ստացվում: Բացի այդ, մեր ֆուտբոլիստները գրոհելիս հաճախ չարաշահում էին անհատական խաղը, որի պատճառով կամ կորցնում էին գնդակը, կամ էլ դանդաղեցնում գրոհի արագությունը:

 

Խաղի վերջում Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը դիմեց կտրուկ քայլի և էլ ավելի ուժեղացրեց թիմի հարձակման պոտենցիալը: Հենակետային Գոռ Մալաքայանին փոխարինեց  վտանգավոր Արազ Օզբիլիսը, իսկ կիսապաշտպանությունում բավական աշխատանք տարած Տիգրան Բարսեղյանի տեղը դաշտ մտավ հարձակվող Արթուր Սարկիսովը: Մերոնք լիովին տիրեցին նախաձեռնությանը, բայց այդպես էլ չկարողացան ճեղքել մրցակցի պաշտպանությունը, որը երկրորդ կեսում արդեն զանգվածային բնույթ էր կրում և շատ դժվար էր պրիմիտիվ փոխանցումներով ու գործողություններով ճեղքել այն:

 

Ավաղ, Հայաստանի հավաքականը չկարողացավ օգտագործել իր պահերից գոնե մեկը և գոլ խփել, ինչը հետագայում կարող է ճակատագրական դառնալ մեր թիմի համար և հենց այդ գնդակը չհերիքացնի տեղերը վերջնականապես բաշխելիս:

 

Ինչ վերաբերում է այս խաղում խփված երկու գոլերին, ապա առաջինն ավելի շատ մրցավարի մեղքն էր, քանի որ նա շատ կասկածելի 11մ հարված նշանակեց 13-րդ րոպեին, որը վստահորեն իրացրեց Էջիյան Ալիոսկին, իսկ երկրորդի դեպքում լիովին մեղավոր էին մեր պաշտպաններն ու կիսապաշտպանները, որոնք նախ չկարողացան փակել Տրայկովսկու առաջխաղացումն ու եզրային փոխանցումը, ապա չհասցրին չեզոքացնել դարպասային հրապարակ ներխուժած Գորան Պանդևին, որը ոտքի թեթևակի շարժումով պարզապես փոխեց գնդակի ուղղությունը և մոտ տարածությունից գրավեց Արամ Հայրապետյան պաշտպանած դարպասը:

 

Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 13-ին: Այդ օրը մերոնք Երեւանում կընդունեն խմբի հետնապահ Ջիբրալթարի հավաքականին:

 

Հայաստանի հավաքականի կազմը. 16․ Արամ Հայրապետյան, 2․ Հայկ Իշխանյան, 3․ Վարազդատ Հարոյան, 13․ Անդրե Չալըշըր, 19․ Հովհաննես Համբարձումյան, 6․ Կառլեն Մկրտչյան, 9․ Գոռ Մալաքյան (23. Արաս Օզբիլիս, 68), 18․ Հենրիխ Մխիթարյան, 10․ Գևորգ Ղազարյան, 20․ Տիգրան Բարսեղյան (11. Արթուր Սարկիսով, 77), 22․ Սարգիս Ադամյան (8. Մարկոս Պիզելի, 46)։


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP