Տասը օր հետո, սեպտեմբերի 22-ին, կայանալու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որի ժամանակ տեղի կունենան ՀՖՖ նոր նախագահի և Գործադիր կոմիտեի նոր անդամների ընտրությունները:

 Այսօրվա դրությամբ ՀՖՖ նախագահի միակ թեկնածուն ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն է: Նրա թեկնածությունն առաջադրել են Հայաստանի բարձրագույն խմբի մասնակից բոլոր 9 ակումբները: Նման համերաշխություն և միակարծություն հայկական ֆուտբոլում երբեք չէր եղել:

ՀՖՖ ներկայիս նախագահ Ռուբեն Հայրապետյանի թեկնածությունը երկար տարիներ շարունակ բացահայտորեն չէր ընդունում Երևանի «Արարատի» ղեկավարությունը: Ավելի վաղ, Սուրեն Աբրահամյանի հետ տարաձայնություններ ուներ հենց Ռուբեն Հայրապետյանի կողմից հովանավորվող Երևանի «Փյունիկը»:

Այդպես եղել և այդպես մնում էր մինչեւ այս տարվա ամառը, երբ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո հարց բարձրացվեց ֆուտբոլի նոր ղեկավար գտնելու մասին: Եվ ահա, օգոստոսին Արթուր Վանեցյանը պաշտոնապես հայտարարեց, որ 9 ակումբները համաձայն են, որ ինքը դառնա ՀՖՖ նախագահ:

Ի դեպ, դրանից առաջ Ռուբեն Հայրապետյանն իր կողմից հրավիրված երեք ընտրյալ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել էր հետևյալը. «Եթե Արթուր Վանեցյանն իրականում ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, ես գտնում եմ, որ դա լավագույն լուծումն է: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ, դա իմ անձնական կարծիքն է: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ կան հարցեր, որոնք ունեն արագ լուծումների կարիք: Չունես իշխանությունների հետ անմիջական կապ, շատ հարցեր մնում են: Այժմ այդ խնդիրների առջև կանգնած ենք: Արթուր Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն: Պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն»:

Այդ հայտարարությունից հետո ինքնին հարց է ծագում. ինչո՞ւ է ՀՖՖ ներկայիս նախագահը պաշտպանում Արթուր Վանեցյանի թեկնածությունը: Որ նա իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ է, թե… լավ է հասկանում պայմանավորված խաղերից: Եւ ընդհանրապես, Ռուբեն Հայրապետյանը բարոյական իրավունք չունի առաջարկելու որեւէ մեկի թեկնածությունը, քանի որ նրա օրոք հայկական ֆուտբոլը պարզապես հայտնվել է ողորմելի վիճակում (չխափնվենք ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի գումարներով կառուցված ակադեմիաներին ու մարզման համար խաղադաշտերին), ընդ որում շատ-շատ մոտ լինելով իշխանությանը:

 

Ինչեւէ: Մեզ բոլորովին չի հետաքրքում, թե ինչպես է Արթուր Վանեցյանը հայտնվել ՀՖՖ նախագահի թեկնածուի կարգավիճակում, ովքեր են նրան աջակցում և ինչու: Մեզ միայն մեկ հարց է հետաքրքում. արդյո՞ք Արթուր Վանեցյանն ի վիճակի է ղեկավարելու մի այնպիսի բնագավառ, ինչպիսին ֆուտբոլն է: Նշենք թե ինչու:

Նախ, Արթուր Վանեցյանը նախկինում ոչ մի կապ չի ունեցել ֆուտբոլի հետ: Դա նշանակում է, որ նա բոլորովին տեղյակ չէ հայկական ֆուտբոլում տեղի ունեցած իրադարձություններից, բոլորովին ծանոթ չի նրա ներքին խոհանոցին:

Երկրորդ՝ ժամանակի սղությունը: Հայաստանն այսօր այնպիսի լուրջ մարտահրավերների առջև է կանգնած, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ոչ մի աշխատակից, այդ թվում տնօրենը, ժամանակ չի կարող ունենալ այլ գործերով զբաղվելու, առավել ևս անծանոթ ու բավական աշխատատար:

Ճիշտ է, Արթուր Վանեցյանն  այդ կապակցությամբ արդեն հայտարարել է, որ «Չեմ կարծում, թե ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը կխանգարի ԱԱԾ-ում իմ աշխատանքին: Ֆուտբոլի ֆեդերացիայում հիմնական աշխատանքն իրականացնելու են ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները, ես նաև շատ ակտիվ մասնակցություն եմ ունենալու: Կարծում եմ` ներկայիս իրավիճակում, իմ ընտրվելու դեպքում բավականին օգուտ կտամ ֆուտբոլին»:

Սակայն դա նույնն է, որ հավաքականի գլխավոր մարզիչը լիովին վստահելով իր օգնականերին, չմասնակցի մարզումային պրոցեսներին և ներկայանա միայն թիմի խաղերին: Անհաջողության դեպքում նա հանգիստ կարող է մեղքը բարդել իր օգնականների վրա և խուսափել պատասխանատվությունից:

Հարկ է նշել, որ ՀՖՖ-ի վերջին երկու նախագահները՝ Սուրեն Աբրահամյանն ու Ռուբեն Հայրապետյանը, հենց այդ ձևաչափով էին աշխատում ֆեդերացիայում, քանի որ ի պաշտոնե զբաղված էին և չէին կարող ամեն օր ներկայանալ ֆեդերացիա: Արդյունքը, մենք տեսնում ենք այսօր:

Ֆուտբոլը չի կարող լինել «պարապ վախտի խաղալիք» կամ «լրացուցիչ եկամուտի աղբյուր»: Ֆուտբոլը պետք է լինի հասարակության շարժիչ ուժերից մեկը: Ֆուտբոլը ներկայումս լուրջ զբաղմունք է, համարյա՝ գիտություն: Այն զարգացնելու համար հարկավոր է ամենօրյա ու անդադար աշխատանք, ինչը, բնականաբար, չի կարող ապահովել պետական գործերով և խնդիրներով ծանրաբեռնված պետական այրը:

Սակայն ՀՖՖ նախագահի ընտրությունը դեռեւս խնդրի մի մասն է: Կան ավելի կարևոր հարցեր: Այդ մասին մենք կանդրադառնանք հաջորդ անգամ:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP