Անգլիայի Պրեմյեր Լիգայում կայացան 29-րդ տուրի հանդիպումները:

Ուշադրությանշադրության կենտրոնում «Տոտտենհեմ» - «Արսենալ» հանդիպումն էր, որը բոլորից վաղ սկսվեց: Թիմերը հուսախաբ չարեցին, խաղը ստացվեց դինամիկ և դիտարժան: Առաջինն աչքի ընկան զինագործները:

Ռեմսին խորքից փոխանցում ստացավ, մեն մենակ մնաց դարպասապահի հետ և գրավեց դարպասը: «Տոտտենհեմը» առաջ նետվեց կորցրածը ետ բերելու և մի քանի անգամ մոտ էր հաջողությանը: Քեյնը գլխով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ, բայց մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց:

Հանդիպումը երբեմն չափից դուրս կոպիտ բնույթ էր կրում: Նույն Քեյնին հետևից ոտքերին հարվածելու համար մրցավարը պետք է դաշտից հեռացներ Ջակային, բայց նույնիսկ խախտում չարձանագրեց: Երկրորդ կեսում Քեյնն ի վերջո հասավ ուզածին, 11 մետրանոց վաստակեց ու իրացրեց այն, ճիշտ է այս անգամ ևս կար խաղից դուրս վիճակ, որը մրցավարը չնկատեց:

Խելացի և օգտակար գործողություններով կրկին անգամ աչքի ընկավ Մխիթարյանը: Հատկապես ուշագրավ էր հանդիպման վերջնամասում նրա մասնակցությամբ տեղի ունեցավ դրվագը: Մխիթարյանը նախ ընդհատեց մրցակցի գրոհը, խորամանկ հնարքով հիմար դրության մեջ դրեց հսկա Վերտոնգենին և հաշվենկատ փոխանցում կատարեց, որի արդյունքում Օբամեյանգը մեն մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ: Տոգոցուն վայր գցեցին, մրցավարը ևս մեկ 11 մետրանոց նշանակեց: Օբամեյանգն ինքը մոտեցավ նշակետին, բայց նրա հարվածը ոչ բավականաչափ ուժեղ էր, ոչ էլ հարկ եղածի չափ խորամանկ: Լյորիսը ետ մղեց գնդակը:

«Արսենալը» միավոր վաստակեց, կորցրեց երկուսը և իրենից առաջ թողեց «Մանչեսթր Յունայթեդին»: «Տոտտենհեմը» մրցաշրջանում իր առաջին ոչ ոքին խաղաց:

Մեկ այլ հետաքրքիր հանդիպում կայացավ «Օլդ Թրաֆորդում», որտեղ «Մանչեսթր Յունայթեդն» ընդունել էր «Սաութհեմփթոնին»: Մոուրինյոյի պրագմատիկ կապանքներից վերջնականապես ձերբազատված և «ֆերգյուսոնական» ոճի վերադարձած մանչեսթրյան թիմից հեշտ հաղթանակ էին սպասում, բայց հանդիպումն ընդհանուր առմամբ բարդ դասավորվեց: «Սաութհեմփթոնը» հագեցրել էր միջին գիծը, համառ պայքար էր մղում և պատկառելի տեսք ուներ: Այնուհանդերձ մանկունիացիներն առաջին հինգ րոպեում կարող էին երեք գոլ խփել: Լուկակուն փորձեց հակառակ շարժման վրա բռնացնել, Պեռեյրան գլխի վրայով գնդակը դարպասը կախել, կրկին անգամ Լուկակուն մոտիկից հարվածեց, բայց ամեն անգամ դարպասապահը Գաննը կանգնեց դեպի դարպասը տանող ճանապարհին: Դրան հետևեց հարավցիների գրոհների շարքը: Սըր Ալեքս Ֆերգյուսոնն այդպես էլ չսովորեց արդյունավետ պաշտպանվել, նրա աշակերտ Սուլշերը, այդ առումով, նրանից ոչնչով լավը չէ: Մանկունյանցիների պաշտպանական դիրքերը սկզբում տեսանելի երերացին, իսկ գրոհներից մեկի ժամանակ Վալերին հեռվից հարված կատարեց, որի արդյունքում գնդակը արկի պես մխրճվեց դարպասի վերին անկյունում: Դե Խեան հասավ գնդակին, բայց միայն մատները քերծեց:

Առաջին կեսում թիմերը շարունակեցին գրոհել, որի ժամանակ «Մանչեսթր Յունայթեդը» կարող էր գոլ խփել, «Սաութհեմփթոնը»՝ 11 մետրանոց վաստակել:

Երկրորդ կեսում Պեռեյրան հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը, իսկ Լուկակուն տուգանային ներխուժելով առաջ մղեց իր թիմին: Տանտերերը շատ երկար չպահպանեցին առավելությունը: «Սաութհեմփթոնի» ևս մեկ հիասքանչ հարված (Ուորդ-Պրոուզ), այս անգամ՝ տուգանայինից, խաղը վերադարձրեց նույն լարված սցենարին:

 Հանդիպումն ավարտին էր մոտենում, շատերն այն կարծիքին էին, որ կգրանցվի մարտական ոչ ոքի, սակայն Լուկակուն տուգանայինի մատույցներից ևս մեկ հաջողված հարված կատարեց, որին դարպասապահի ուժերից վեր եղավ հասնել:

Ասենք, տանտերերը կարող էին ավելի համոզիչ հաշվով հաղթել: Ավելացված ժամանակում Ռեշֆորդին վայր գցեցին տուգանային հրապարակում, Պոգբան 11 մետրանոցից ապակողմնորոշեց դարպասապահին, բայց և հարվածեց ուղիղ նրա ոտքերին:

Սուլշերի թիմը հաղթանակ տարավ, ապացուցելով, որ միակ թիմը չէ Մանչեսթրում, որը համակրելի ֆուտբոլ է ցուցադրում, «Սաութհեմփթոնը» շարունակում է պայքարել ուժեղագույնների խմբից դուրս չմնալու համար:

«Գուդիսոն Պարկում» տեղի ունեցած լիվերպուլյան դերբին մի կատաղի մրցամարտ էր, որտեղ «Էվերտոնն» ուներ տարածքային, իսկ «Լիվերպուլը» գոլային պահերի առավելություն, սակայն ի վերջո գոլազուրկ ոչ ոքի գրանցվեց:  Իսկ ահա Պեպ Գվարդիոլան, որը հավատացնում է, թե չի կարողանում կարդալ, որովհետև ձեռքը գիրք վերցնելուն պես աչքի առաջ են գալիս Կլոպը և «Լիվերպուլը», իր «Մանչեսթր Սիթիի» հետ արտագնա առավելության հասավ «Բորնմուտի» նկատմամբ և գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Հաղթական գոլը խփեց Մահրեզը:            

Մյուս հանդիպումներում «Վեստ Հեմը»  հաղթեց «Նյուքասլին», «Չելսին»՝  «Ֆուլհեմին», «Քրիստալ Փելեսը»՝ «Բյոռնլիին», «Վուլվերհեմպտոնը»՝ «Կարդիֆին», «Բրայթոնը»՝ «Հադդերսֆիլդին»:

29-րդ տուրից հետո չեմպիոնի կոչման համար մրցակցում են «Մանչեսթր Սիթին» և «Լիվերպուլը»: Մյուս չորս թոփ ակումբները պայքարում են քառյակում հայտնվելու համար:

Աղյուսակի միջնամասում միապաղաղ գորշություն է տիրում: Այստեղ չկա գեթ մի թիմ, որը կկարողանար առաջատար վեցնյակին ձեռնոց նետել:  

Աղյուսակի վերջին հորիզոնականում իր խղճուկ գոյությունն է քարշ տալիս «Հադդերսֆիլդը»: «Ֆուլհեմը», թվում է, նույնպես հաշտվել է Պրեմյեր Լիգան լքելու մտքի հետ: Թե ով կլինի երրորդ անհաջողակը, իրար մեջ կպարզեն մի շարք թիմեր: Առավել անբարենպաստ վիճակում են «Կարդիֆը» և «Սաութհեմփթոնը»:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP