Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուրի տեսությունը:

Իսպանիայի գավաթի խաղարկությունում ջախջախիչ պարտություն կրելուց հետո արքայական ակումբը հիանալի հնարավորություն ուներ վրեժ լուծել կատալոնական երդվյալ թշնամուց, բայց կրեց հերթական պարտությունը:

 

«Ռեալը» ակտիվ սկսեց, սակայն «Բարսելոնը» հանգիստ դիմակայեց բոլոր գրոհներին և ինքը մի քանի անգամ վտանգավոր սպառնաց հակառակորդի դարպասին:

Բեյլը տուգանայինից շեղ հարվածեց: Վառանի հարվածից հետո գնդակը դիպավ Լանգլեի ձեռքին և հայտնվեց Տեր Շտեգենի ձեռքերում, բայց մրցավար համարեց, որ միտումնավոր ձեռքով խաղ չի եղել: Այնուհետև վտանգավոր հարված կատարեց Սուարեսը, իսկ Մեսսիի հարվածը, որը կարող էր ավարտվել դարպասի գրավումով, շեղ ստացվեց:

Թիմերը ևս մեկ անգամ փոխանակվեցին վտանգավոր պահերով, և եթե Մոդրիչը հարվածն իր վրա ընդունեց Պիկեն, ապա Ռակիտիչ գրավեց Կուրտուայի դարպասը՝ 1 – 0:

«Ռեալը» պատասխանեց կատաղի գրոհներով շարքով, շատ ակտիվ էին եզրային պաշտպաններ Ռեգիլոնը և Կարվախալը, ինչպես նաև Վինիսիուս Ժունիորը: Սակայն այնպես ստացվեց, որ ավելի վտանգավոր դուրս եկան կատալոնացիների գրոհները, որոնցից երկուսի ժամանակ Մեսսին՝ տուգանայինից, և Սուարեսը՝ կենտրոնից կատարած հարվածով, կարող էին գրավել «Ռեալի» դարպասը:

Երկրորդ կեսում թիմերը շարունակում էին գրոհել: Հաշիվը կարող էր հավասարեցնել Բենզեման, բայց մոտ տարածությունից վատ հարվածեց: Ձախ եզրում շարունակում էր շատ սուր գործել Վինիսիուս Ժունիորը, բայց նրա օգտակար գործողության գործակիցն առայժմ մնում է ցածր: Երիտասարդ բրազիլացին այդ առումով կարող է օրինակ վերցնել Սուարեսից, որը անհավանական պահերից կարողանում է օգուտ քաղել: 

Խաղի վերջնամասում վտանգավոր էին նաև՝ Ալբայի փոխանցումը, որից հետո Կարվախալը քիչ մնաց գրավեր սեփական դարպասը և Դեմբելեի հարվածը: 

Է՞լ ինչով աչքի ընկավ հերթական «Էլ կլասիկոն»: Ամենից առաջ նյարդային պայքարով և մինչև անգամ կեղտոտ դրվագներով: Ռամոսը հարվածեց Մեսսի դեմքին և պատռեց նրա շրթունքը: Լանգլեն լուծեց ընկերոջ վրեժը՝ արմունկով հարվածեց Ռամոսի ծնոտին և զգուշացվեց: Երիտասարդ Ռեգիլոնը լեզվամարտի մեջ մտավ միանգամից երկու հակառակորդի հետ, Սուարեսին «նապաստակ» անվանեց, Մեսսիին՝ «ոջիլ»:

Հետաքրքրական է նաև, որ «Ռեալի» կազմում փոխարինման մտավ Վալվերդե ազգանունով ֆուտբոլիստ, ճիշտ է՝ ուրուգվայական անձնագրով:

«Բարսելոնը» հերթական հաղթանակը տարավ և ամրապնդվեց առաջին տեղում, «Ռեալը» դեռ փնտրտուքների մեջ է:

Դիտարժան խաղ ստացվեց Սան Սեբաստյանում, որտեղ «Ռեալ Սոսյեդադն» ընդունել էր Մադրիդի «Ատլետիկոյին»:

Բասկերի թիմը միանգամից դիմեց վճռական գործողությունների, նպատակ հետապնդելով ինչ գնով էլ լինի առավելության հասնել: Արդյունքում հակառակորդի սուր հակագրոհ ստացավ, որի ժամանակ Սելդուեն ընդհատեց Լեմերի սկսած գրոհը և դեղին քարտ վաստակեց: Իսկ երբ հարվածային դիրք դուրս եկավ Մերինոն, ցանկանալով գլխով գրավել դարպասը, հանդիպեց մադրիդցիների պաշտպան Գոդինի արգելապատնեշին:

«Ատլետիկոն» ավելի հաջողակ գտնվեց, զգացնել տվեց այդ թիմի բարձր կարգը: Լեմերը անկյունայինից փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, Գոդինը հաղթեց օդային մենապայքարը, գնդակը թռավ դեպի Մորատան, որը և գլխի հարվածովով գրավեց դարպասը:  

Երկրորդ գոլն նման էր առաջինին և տեղի ունեցավ առաջինից մի քանի րոպե անց: Կոկեն տուգանայինից փոխանցում կատարեց, Գրիզմանը հնարամտորեն բաց թողեց այն և Մորատան կրկին գրավեց դարպասը՝ 2 – 0:

Երկրորդ կեսում բասկերը կատաղի գրոհում էին, բայց իրական գոլային պահեր չկարողացան ստեղծել: Թեկուզ և դեղին քարտերի և կարմիր քարտի գնով, «Ատլետիկոն» հաղթեց: Մադրիդցիները յոթ միավորով զիջում են «Բարսելոնին», հինգ միավոր ավելին ունեն, քան «Ռեալը» և ամրապնդվել են երկրորդ տեղում:     

Մյուս հանդիպումներից հատկանշական է «Սևիլյայի» պարտությունը հետնապահ «Ուեսկայից» և «Վալենսիայի» հաղթանակը Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ: Հերթական հաղթանակները տարան «Խետաֆեն» և «Ալավեսը»: Այս համեստ ակումբները հավակնում են Չեմպիոնների լիգայի մրցաշարին:

Աղյուսակի միջնամասում մեծ թվով թիմեր են իրար գլխի կուտակվել: Վտանգավոր գոտում են հայտնվել «Սելտան» և «Վիլյառեալը», որոնք ոչ վաղ անցյալում մասնակցում էին Չեմպիոնների լիգայի մրցաշարին:         

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP