Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ:

Երբ «Այաքսի» երիտասարդ կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, որ «Բարսելոնն» իրեն խնդրել է «Ռեալին» դուրս թողնել մրցաշարից (դե Յոնգը եկող մրցաշրջանից խաղալու է «Բարսելոնի» կազմում), նրա ասածներին շատ լուրջ չվերաբերվեցին:

Մինչդեռ «Այաքսի» հավակնություններն այնքան էլ անհիմն չէին, որքան կարող էին թվալ առաջին հայացքից: Դեռ առաջին հանդիպման ժամանակ «Այաքսը» ոչնչով չզիջեց «Ռեալին» և եթե հաջողությունը մի փոքր նրա կողմը լիներ, ապա խաղը միանգամայն այլ ելք կունենար: Մադրիդում գրանցված խոշոր հաշիվը կարող է խաբուսիկ տպավորություն թողնել: «Ռեալը» բոլորովին էլ հանգամանքների զոհ չէր: «Այաքսն» ավելի սուր էր գրոհում և կարող էր հաղթել 6 – 1, կամ նույնիսկ 8 – 1 :

Դաշտի տերերը վստահ, հակառակորդի հանդեպ արագ հաշվեհարդար տեսնելու հաստատ վճռականությամբ սկսեցին հանդիպումը: «Այաքսի» դարպասապահ Օնանան աշխատում էր քափ քրտինքի մեջ: Քիչ մնաց գոլի հեղինակ դառնար Վառանը, բայց Վասկեսի կատարած փոխանցումից հետո նրա գլխի հարվածն իր վրա ընդունեց դարպասաձողը: «Ռեալը» շարունակում էր գրոհել, և թվում էր հոլանդացիները մոլորվարված տեսք ունեն խաղադաշտում: Սակայն Կրոսը կենտրոնական հատվածում խճճվեց գնդակի հետ, «Այաքսը» սուր հակագրոհ ձեռնարկեց և Տադիչի փոխանցումից հետո Զիյեխը գրավեց «Ռեալի» դարպասը՝ 0 – 1 :

Մադրիդցիներն իրենց ողջ տեսքով ցույց էին տալիս, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել: Այդ պահի դրությամբ հաշիվը ձեռնտու էր, հաջորդ փուլ էր անցնում «Ռեալը»: Սակայն խփած գոլն ինքնավստահություն հաղորդեց հոլանդացիներին, նրանք աչքի առաջ կերպարանափոխվեցին և ահեղ հակառակորդի առաջ հառնեցին իբրև մի ամեհի ուժ, որը միանգամայն կարող է լուծել հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը:

«Այաքսը» սկսեց դաժան պրեսինգ կիրառել, «Ռեալի» դարպասի մոտ մեկը մյուսի ետևից գոլային պահեր ստեղծելով, սակայն դրանց իրացումը դեռ բավարար մակարդակի չէր: 

Հոլանդացիները ամբողջ դաշտով մեկ հետապնդում էին իսպանացիներին, վերջիններիս թույլ չտալով ազատ շնչել և «Ռեալի» բոլոր ջանքերը, վերջապես հեղինակության գոլ խփել բազմահազար երկրպագուների աչքի առաջ, զուր տեղն էին կորչում:  Իրադարձությունների կիզակետում հաճախ հայտնվում էր Վինիսիուս Ժունիորը: Բրազիլացին հրթիռի պես վազում էր, բազմաթիվ հակառակորդների խաբս տալիս, հարվածում դարպասին, բայց նրա գործողություններից առայժմ շատ քիչ օգուտ կա:        

18-րդ րոպեին հոլանդացիների գերջանքերը պսակվեցին հաջողությամբ: Տադիչը գեղեցիկ ֆինտով ազատվեց մրցակցից, գնդակը փոխանցեց Ներեսին, որը հանգիստ գետնին պառկացրեց դարպասապահին և գնդակն ուղարկեց դարպասից ներս՝ 0 – 2:

Այդ պահից սկսած խաղի բնույթը փոխվեց: Գոլային պահերը սկսեցին իրար հաջորդել ինչպես առատության եղջյուրից: Անթերի էր խաղում դարպասապահ Օնանան, որը մի քանի դժվար գնդակ վերցրեց Վասկեսի ու Վինիսիուսի հարվածներից հետո, իսկ հոլանդացիները պատասխանեցին Տադիչի վտանգավոր հարվածով, որը դարպասապահ Կուրտուան չեզոքացրեց ոչ այլ կերպ, քան մեծ դժվարությամբ:

Առաջին կեսում Սոլարին ստիպված էր երկու հարկադրված փոփոխություն կատարել: Ճիշտ է, Վասկեսի ու Ժունիորի փոխարեն դաշտ մտած Ասենսիոն և Բեյլը պակաս սուր չէին գործում և իրենց մուտքով չփչացրին իրենց թիմի խաղը:

Առաջին խաղակեսի վերջնամասում ավելի շատ գրոհում էր «Ռեալը», իսկ «Այաքսն» ավելի շատ մտահոգ էր, որպեսզի պահի ձեռնտու հաշիվը մինչև ընդմիջում:

Երկրորդ կեսը նույնքան դիտարժան և իրադարձություններով հարուստ չէր, որքան առաջինը: Մադրիդցիները մեծ ուժերով գրոհում էին, իսկ ամստերդամցիները ամբողջ թիմով պաշտպանվում: Երբեմն նրանց հաջողվում էր սուր հակագրոհներ կազմակերպել, որոնք շատ ավելի վտանգավոր էին, քան «Ռեալի» բազմաթիվ ու տանջահար եղած գրոհները: Նշանակալից էին Ասենսիոյի և Տադիչի հարվածները, որոնք գոլային ավարտ չունեցան:

Խաղը հետզհետե հավասարվեց, «Այաքսը» նույնիսկ հասավ նրան, որ հանդգնեց դիրքային գրոհներ կազմակերպել «Ռեալի» դարպասին: Չնայած դրան՝ վտանգավոր պահ ստեղծվեց հենց «Այաքսի» դարպասի մոտ, բայց Բենզեմայի հարվածը շեղ ստացվեց:

Րոպեներ անց հետևեց «Այաքսի» հանճարեղ գրոհը, որը գոլով ավարտվեց: Մազրաուին աներևակայելի սահանկումով խլեց գնդակը Ռեգիլոնից, փոխանցում կատարեց եզր, որտեղ վան Բեկը դաժան պայքարում հաղթող դուրս եկավ և գնդակը հասցեագրեց կենտրոն՝ Տադիչին, որը հնարամիտ խաբքերով ապակողմնորոշեց «Ռեալի» երեք պաշտպանների և դիպուկ հարվածով գնդակը մխրճեց դարպասի վերին անկյունը՝ 0 – 3:

Խաղը հինգ րոպեի չափ ընդհատվեց: Մրցավարները փորձում էին տեսակրկնապատկերի միջոցով բացահայտել, արդյո՞ք գնդակը դուրս չէր եկել եզրից, երբ Մազրաուին կատարում էր իր նշանավոր սահանկումը: Արդյունքում ամեն ինչ թողնվեց այնպես՝ ինչպես որ կար:

Երրորդ գոլից հետո «Ռեալն» ամբողջ կազմով նետվեց փրկելու հաղը, «Այաքսը» ստիպված էր բոլոր ուժերով պաշտպանվել: Նման իրավիճակում Ասենսիոյին հաջողվեց գրավել Օնանայի անառիկ թվացող դարպասը: Դարպասապահը ինչ-որ տեղ չնկատեց հարվածի պահը, ու թեև ցատկեց, չկարողացավ հասնել գնդակին, որը սլացաց դարպասի ամենահեռավոր անկյունը:

Իսպանացիների ուրախությունը երկար չտևեց: Տադիչը տուգանային վաստակեց, որը, սկզբունքորեն բոլորովին վտանգավոր չէր թվում: Սակայն Շենեն փայլուն ձևով օգտագործեց հնարավորությունը և գեղեցկագույն գոլի հեղինակ դարձավ՝ 1 – 4:

Բոլոր կողմերից բզկտված ու պատառոտված «Ռեալն» այլևս ի վիճակի չէր փրկել դրությունը: Գրոհները հախուռն էին. անհույս, պահեստայինների նստարանին սուգ և մռայլություն էր տիրում: 

Այնուհանդերձ 83-րդ րոպեին «Ռեալը» կարող էր գոլ խփել: Դե Յոնգը տուգանայինի մատույցներում գնդակը «նվիրեց» Մոդրիչին, որը Բենզեմայի հետ մեն մենակ դուրս եկավ դարպասի դեմ, փոխանցեց գնդակը վերջինիս, բայց Քարիմը կարծես շփոթվեց, իր կողքին տեսնելով դե Լիգտին և Օնանային և սայթաքեց: Գնդակը հայտնվեց Բեյլի մոտ, բայց դարպասապահը հասցրեց դիրքավորվել և ետ մղել գնդակը:

«Այաքսը» պատասխանեց գրեթե նույնակերպ գրոհով, բայց Տադիչի փոխանցումից հետո Զիյեխը ծայրահեղ անհաջող հարվածեց:

Խաղավերջում տեղի տվեցին Նաչոյի նյարդերը: Սկզբում իսպանացին միտումնավոր վայր գցեց Դոլբերգին, քիչ անց, նույնպես միտումնավոր, կանոնները խախտեց դե Բեկի նկատմամբ, և արագ ձևակերպված երկու դեղին քարտերի արդյունքում լքեց խաղադաշտը:

«Այաքսն» արժանի խաղով հաղթեց և պայքարը կշարունակի ¼ եզրափակիչում: «Ռեալը» հերթական խայտառակ պարտությունը կրեց և դուրս մնաց մրցաշարից:           

 

 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP