Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ:

Խաղի մեծագույն մասը տիրել գնդակին, ունենալ տարածքային և խաղային մեծ առավելություն և պարտվել 1 – 3: Ավելին, դուրս մնալ հետագա մրցապայքարից:

Թվում է «Պարկ դե Պրենս» մարզադաշտում տեղի ունեցածը ամենամեծ դժբախտությունն էր, որը կարող էր առհասարակ պատահել «Պարի Սեն Ժերմենի» հետ: Սակայն եղել է և այնպես, որ Ֆրանսիական աստղային թիմը մրցապայքարից դուրս է մնացել ունենալով է՛լ ավելի մեծ առավելություն: Երկու տարի առաջ փարիզցիները սեփական հարկի տակ հաղթեցին գերհզոր «Բարսելոնին», բայց պատասխան խաղում զիջեցին 1 – 6 և լքեցին մրցաշարը: Այն ժամանակ գործը գլուխ չեկավ առանց մրցավարական կոպիտ սխալների, այս անգամ՝ նույնպես: Ճիշտ է, գնդակը դիպավ Կիմպեմբեի ձեռքին: Բայց ֆրանսիացին ձեռքով չխաղաց և նրա ձեռքը բոլորովին էլ անբնական վիճակում չէր: Սակայն մրցավար Սկոմինան միանգամայն այլ կարծիքի էր…

Այո, պարզապես անհավանական է: «Մանչեսթր Յունայթեդը» հաղթեց նույնիսկ չկարողանալով օպտիմալ կազմ դուրս բերել խաղադաշտ: Եվ խաղի ընթացքում էլ անգլիացիները բոլորովին չունեին այն թիմի տեսքը, որը դաշտ է դուրս եկել մրցակցի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու անխախտ վճռականությամբ: Սակայն ֆուտբոլում այդպես էլ է պատահում:

Առաջին խաղում ամեն մի պարտված թիմի մարզիչ ասում է, որ վատ չէր լինի արագ գոլ խփել: Սուլշերը նույնպես բացառություն չկազմեց: Նրա թիմին հաջողվեց կատարել առաջադրանքը և այդ բանում նրանց օգնեցին իրենք ֆրանսիացիները:     

Կոպիտ սխալ թույլ տվեց աջ պաշտպան Կերերը, որի փոխանցումը կենտրոնական պաշտպանի գոտի ավարտվեց նրանով, որ Լուկակուն մեն մենակ մնաց Բուֆոնի դեմ, կայծակի արագությամբ շրջանցեց նրան և գտնվելով սուր անկյան տակ կատարեց «ապահով» հարված 0 – 1:

Ֆրանսիացիներն իրենց ողջ տեսքով ցույց տվեցին, որ տեղի ունեցածը թյուրիմածություն է և արագ վերականգնեցին հավասարակշռությունը: Ալվեսը գնդակն ուղարկեց տուգանային հրապարակի աջ եզր, Մբապպեն սուր փոխանցում կատարեց կենտրոն և Բերնատը փաստացի գրավեց դատարկ դարպասը:

Ամեն ինչ ընկավ իր տեղը: Ֆրանսիացիները տիրում էին նախաձեռնությանը, գրոհում, պահեր ստեղծում, որը նրանց նկատմամբ լավ տրամադրված լինելու դեպքում կարելի է գոլային որակել: Թվում էր նման սցենարով կարելի է խաղը բարեհաջող հասցնել մինչև ավարտ: Սակայն տեղի ունեցավ անհավատալին: Հուսախաբ արեց մարդ լեգենդը, որը փարիզ է հրավիրվել Չեմպիոնների լիգան հաղթելու հեռահար նկատառումներով: Ջանլուիջի Բուֆֆոնը հրեշավոր վրիպում թույլ տվեց: Թեկուզ և Ռեշֆորդի հարվածը պտտեցված էր ու նենգ, Բուֆֆոնը պարտավոր էր վերցնել այն: Իտալացի վետերանը չկարողացավ ֆիքսել գնդակի ուղեծիրը, անհարմար ետ մղեց այն ուղիղ իր դիմաց և չգիտես որտեղից բուսնած Լուկակուն գրավեց դարպասը:

Ֆրանսիացիների մարմնով տհաճ դող անցավ: Եվս մեկ գոլը անգլիացիներին դուրս էր բերում հաջորդ փուլ:

«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստները, կարելի է ասել, մի կերպ ավարտեցին առաջին կեսը: Նրանք աննպատակ այս ու այն կողմ էին գլորում գնդակը, ո՛չ ինչպես հարկն է գրոհում, ոչ՝ պաշտպանվում: Իսկ պահերից մեկի ժամանակ, երբ Դալոտը գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, Վերատին քիչ մնաց գրավի սեփական դարպասը:  

 Երկրորդ խաղակեսի հենց սկզբում «Պարի Սեն Ժերմենը» գոլ խփեց: Մբապպեն նուրբ փոխանցումով դարպասապահի հետ մեն մենակ դուրս բերեց Դի Մարիային, արգենտինացին հնարամտորեն գրավեց դարպասը, բայց մրցավարը խաղից դուրս իրավիճակ արձանագրեց:

Խաղակեսի գերակշիռ մասը, որն ուղեկցվում էր հետզհետո հորդացող անձրևով, անցավ փարիզցիների անհամար գրոհների ներքո: Բայց համարյա ոչ մի անգամ գործը գոլային պահերի չհասավ: Ավելին, հաջողությանն ավելի մոտ էին անգլիացիները: Ծայրահեղ վտանգավոր էին Լուկակուն և Ռեշֆորդը, որոնց, ֆրանսիացիները, այդպես էլ չկարողացան լիարժեք չեզոքացնել:

Երկրորդ խաղակեսը հարուստ չէր իրադարձություններով: Վնասվածք ստացավ գերմանացի Դրաքսլերը, Տուխելը նրան փոխարինեց բելգիացի Մյոնյեյով: Իսկ Սուլշերը մարտի նետեց Չոնգին ու Գրինվուդին, պատանիներ, որոնք երեկ դեռ ակադեմիայում էին քրտնաջան աշխատում:

Անհետաքրքիր երկրորդ խաղակեսին հետևեց հանդիպման կուլմինացիան, որը տեղի ունեցավ խաղի 90-րդ րոպեին: Երիտասարդ Դալոտը հասկացավ, որ վերջապես պետք է ինչ-որ բան ձեռնարկել և հեռվից հարված կատարեց, որը պաշտպանին դիպչելով դուրս եկավ եզրային գծից: Թվում էր անկյունային է, բայց պորտուգալացին եռանդուն շարժումներով 11 մետրանոց պահանջեց և մրցավարին ստիպեց դիմել տեսակրկնապատկերի օգնությանը: Տխրահռչակ Դամիր Սկոմինան, որն արդեն աչքի է ընկել նրանով, որ օգնել է «Ռեալին» Ամստերդամում հաղթանակ տանել «Այաքսի» նկատմամբ, որոշեց, որ եղել է ձեռքով խաղ:

Կրքերը բորբոքվեցին, երկու թիմերի ֆուտբոլիստների միջև վիճաբանություն ծագեց, որը քիչ մնաց ավարտվեր ծեծկռտուքով: Մրցավարին ի վերջո հաջողվեց խաղաղություն հաստատել:

Խղճալի էր նայել դժբախտ Կիմպեմբեին, որը ոչ մի կերպ չէր կարողանում սփոփվել: Ռեշֆորդն իհարկե չխնայեց նրան: Անգլիացու հարվածն այնքան ուժեղ էր, որ քիչ մնաց պատռի ցանցը: Բուֆֆոնը ոչնչով չկարողացավ օգնել իր թիմին:

«Մանչեսթր Յունայթեդը» ճիշտ մարտավարության, դեպքերի հաջող դասավորվածության և մրցավարական բարենպաստ որոշումների արդյունքում դուրս եկավ հաջորդ փուլ: «Պարի Սեն Ժերմենը» դարձավ հանգամանքների զոհ:    


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP