Եվրոպայի Լիգա, 1/8 եզրափակիչ:

«Ռեն» - «Արսենալ» խաղը ցույց տվեց, որ Եվրոպայի լիգայի խաղերը իրանց մակարդակով ու հետաքրքրությամբ կարող են նույնիսկ գերազանցել Չեմպիոնների լիգայի հանդիպումները: Ընդ որում, թիմերը շատ լավ գիտեն, թե ինչի համար են պայքարում:

Եվրոպա լիգայի հաղթողը սոսկ գավաթ չէ, որ ստանում է. նաև հաջորդ տարի Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք է վաստակում: Եվ այն էլ միանգամից խմբային փուլից: Անգլիական «Արսենալը» և «Չելսին», որոնք ժամ առ ժամ հզորացող  «Մանչեսթր Յունայթեդի» նրբերանգին կորցնում են առաջնությունում 4-րդ տեղը գրավելու հեռանկարը, հիմա արդեն շատ կցանկանային նվաճել այդ գավաթը: Նույնը կարելի է ասել և մյուս թիմերից շատերի մասին: Նույնիսկ իսպանական «Վիլյառեալը», որը Իսպանիայի առաջնությունում վտանգավոր գոտում է, և կարող է լքել ուժեղագույնների խումբը, հնարավորություն ունի եկող տարի Չեմպիոնների լիգայի մրցաշարում հայտնվել:

Սակայն վաղ է խոսել Չեմպիոնների լիգայի մասին, երբ դեռ առաջադրանք է դրված հաղթել 1/8 եզրափակիչը: «Արսենալը» և «Ռենը» փայլուն խաղ անցկացրին, ցույց տալով, որ իրենք բոլորից լավ են ըմբռնում առկա խնդիրը:

Հանդիպումը հաջող սկսվեց «Արսենալի» համար: Դա այն դեպքն էր, երբ ասում են, որ ուժեղների բախտը բերում է: Իվոբին ձախ եզրում ստացավ գնդակը և այն ուղարկեց տուգանային հրապարակ: Եթե դա հարված էր, ապա շատ թույլ, եթե փոխանցում, ապա խիստ անհաջող: Բայց ստացվեց այնպես, որ ո՛չ թիմակից հարձակվողը հասավ գնդակին, և ո՛չ  էլ դարպասապահը, և այն ծաղրաբար դանդաղ գլորվեց դարպասի  հեռավոր անկյունը, դիպավ դարպասաձողին և հայտնվեց ցանցում՝ 0 - 1 :

Հաշվի մեջ առաջ անցնելուց հետո «Արսենալը» բոլոր առումներով շարունակում էր առավելություն պահպանել: Լոնդոնցիներն ավելի թարմ տեսք ունեին և ակտիվ էին հատկապես եզրերում, որտեղ աչքի էին ընկնում Իվոբին և Մոնրեալը: Եթե «Արսենալը» մի փոքր էլ ավելացներ, ապա անկասկած կխփեր նաև երկրորդ գնդակը: Իսկ այնպես, դադարեց ճնշում գործադրել, և հարկ եղած ուշադրությունը չկենտրոնացրեց պաշտպանությունում, որն էլ ի վերջո աղետի հանգեցրեց:

«Ռենի» ֆուտբոլիստները հետզհետը վերգտան իրենց խաղադաշտում: Հատկապես ակտիվ էր նրանց ձախ եզրը, որտեղ բեն Արֆան պարզապես հրաշալի էր գործում: Հենց նրա ակտիվ դերակատարումով էլ երկու դեղին քարտ ստացավ և դաշտից հեռացվեց թնդանոթաձիգների աջ պաշտպան Սոկրատիսը: Սակայն դա էլ դեռ վատթարագույնը չէր: Նշանակված տուգանայինից հետո գնդակին մոտեցավ Բուրիգոն: «Ռենի» կիսապաշտպանի առաջին հարվածն իր վրա ընդունեց «պատը», սակայն նրա երկրորդ հարվածը զարմանալիորեն ուժեղ և զարմանալիորեն ճշգրիտ ստացվեց՝ 1 - 1 :

Հեռացումից հետո Էմերիի կատարած «ձևափոխությունը» խելացի էր և արդարացված: Հնարամիտ բասկը փոփոխություն չկատարեց կազմում, այլ հարձակողական ֆուտբոլիստներից մեկին՝ Մխիթարյանին, ետ իջեցրեց աջ պաշտպանի գոտի: Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, հայ կիսապաշտպանը փայլուն կատարեց իր վրա դրած առաջադրանքը: «Ռենը» Մխիթարյանի եզրով ոչ մի նշանակալի գրոհ չձեռնարկեց: Եվ այն էլ այն դեպքում, երբ այդ գոտում խաղում էր ֆրանսիացիների ամենավտանգավոր ֆուտբոլիստը՝ Հաթեմ բեն Արֆան:

Սակայն փոխարենը թնդանոթաձիգները խնդիրներ ունեցան իրենց ձախ եզրում, որտեղ Մոնրեալը տարիներ շարունակ խաղացել է: Որքան էլ որ «Արսենալը» ուշադիր էր պաշտպանությունում, գրոհներից մեկի ժամանակ փոխանցում հետևեց հիշյալ եզրից, գնդակը Մոնրեալին դիպչելով շեղեց ուղղությունը և հայտնվեց ցանցում՝ 2 - 1:  

Ինքնագոլից հետո երկու թիմերն էլ ակտիվացան: «Արսենալը » ձգտում էր հավասարեցնել հաշիվը, «Ռենը» ավելի մեծ առավելություն ստանալ վիրավորված գերակումբի նկատմամբ:

Հարմար դիրքից ուղիղ դարպասապահի ձեռքերի մեջ հարվածեց Օզիլը: Այնուհետև Մուստաֆին գնդակը նվիրեց բեն Արֆային և միայն Չեխի հոյակապ ռեակցիան անգլիացիներին փրկեց վերահաս գոլից:

Խաղավերջում ֆրանսիացիներն ուժեղացրին ճնշումը: Էմերին նույնիսկ ստիպված եղավ Օբամեյանգի փոխարեն պաշտպան Կոլաշինացին մտցնել դաշտ: Սակայն մեկ խաղակեսից ավել 10 հոգով խաղալը զգացնել տվեց իրեն: 88-րդ րոպեին «Ռենը» առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Սարը, որը եզրից կատարած փոխանցումից հետո գնդակն ուղարկեց դարպասը՝ 3 - 1:

Պատասխան խաղից առաջ երկու թիմերն էլ հավասար հնարավորություններ են պահպանում:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP