Իտալիայի առաջնություն, 27-րդ տուր:

Անչափ հետաքրքիր ստացվեց  Թուրինում կայացած «Յուվենտուս» - «Ուդինեզե» հանդիպումը:

Պյեմոնտի ակումբը մի քանի օրից Չեմպիոնների Լիգայի մրցաշարում կարևորագույն հանդիպում է ունի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ, որին զիջել է նախորդ խաղում 0- 2 հաշվով, ուստի Մասսիմիլիանո Ալեգրին որոշել էր հանգիստ տալ ուժեղագույն ֆուտբոլիստներին և փաստացի երկրորդ կազմ էր խաղադաշտ դուրս բերել: Որոշումը ավելին քան ճիշտ էր և սպասելի: Իտալիայի առաջնությունում «Յուվենտուսն» առաջին տեղում է և առայժմ մրցակիցներ չունի:

Խաղի ընթացքը ցույց տվեց, որ նույնիսկ այս կազմով «Յուվենտուսը» կարող է պայքարել չեմպիոնության համար: Ընդ որում հանդիպումը բացահայտեց մի շարք ուշագրավ մանրամասներ: Բացի նրանից, որ հնարավորություն էր տրվել խաղալ Սպինացցոլային, Ռուգանիին, Բարձալյիին, Կասերեսին, Բենտանկուրին և Բեռնարդեսկիին, ֆուտբոլիստներ, որոնք հազվադեպ են հայտնվում հիմնական կազմում, Ալեգրին առիթն օգտագործեց նաև, որպեսզի Ալեքս Սանդրոյին փորձարկի հարձակման ձախ եզրում, ինչը մոտակա խաղում նրան կարող է մեծապես պետք գալ: Իսկ հանդիպման գլխավոր հայտնությունը դարձավ երիտասարդ հարձակվող Մոյզե Քինը, տասնիննամյա սևամորթ ֆուտբոլիստը, որն իտալական անձնագիր ունի: Քինը ջանասեր էր և արդյունավետ, ականատես լինելով նրա խաղին կարելի է գալ այն համոզման, որ նրա շնչառությունն իրենց թիկունքին զգում են «Յուվենտուսի»  հիմնական կազմի գերհանրահայտ հարձակվողները:

Ալեգրիի փորձարարություններն արագ տվեցին իրենց արդյունքը: Ալեքս Սանդրոն անցում կատարեց ձախ եզրում, և գնդակը փոխանցեց կենտրոն, որտեղ Մոյզես Քենը գնդակի հետ վարվեց ինչպես զոհին իր ճանկերի մեջ առած բազեն: Երիտասարդ ֆուտբոլիստը հաղթող դուրս եկավ պաշտպանների հետ մենապայքարում և ուժեղ հարված կատարեց՝ 1 - 0 :

Երկրորդ անգամ «Ուդինեզեի» դարպասը գրավելիս Մոյզես Քենն ինքը հայտնվեց ձախ եզրում և հարվածեց այն պահին, երբ նրանից այդ այնքան էլ շատ չէին սպասում: Ընդ որում տպավորություն ստեղծվեց, որ նա հատուկ գնդակով հարվածեց պաշտպանի ոտքին, որպեսզի այն շեղի ուղղությունը և հանգրվանի դարպասի մոտակա անկյունում: Նման ձևով սովորաբար ընդունված է բիլյարդ խաղալ:

Չնայած ունեցած առավելությանը «Յուվենտուսը» շարունակում էր նախաձեռնությունն իր ձեռքում պահել և հրեշավոր առավելություն ուներ:

Ընդմիջումից հետո «Ուդինեզեի» մարզիչը որոշ փոփոխություններ կատարեց, բայց դա ընդհանուր առմամբ չփոխեց խաղի պատկերը: Արդեն երկրորդ խաղակեսի սկզբում «Յուվենտուսը» կարող էր ավելացնել առավելությունը, կարող էին աչքի ընկնել Ալեքս Սանդրոն, Սպինացցոլան և Բեռնարդեսկին,  սակայն հաջողությունը չուղեկցեց նրանց:

Իսկ երրորդ գոլը ծնվեց հանդիպման 67-րդ րոպեին և դարձյալ այն տեղի ունեցավ անխոնջ Մոյզես Քինի մասնակցությամբ: Հարձակվողը խոյացավ մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ գնդակը, թվում էր, պաշտպանի Օպոկուի բաժինն է, պայքարի մեջ մտավ, հարված ստացավ ոտքին և 11 մետրանոց վաստակեց: Էմրե Ջանն այն իրացրեց չափազանց հանգիստ և չափազանց ինքնավստահ:

Նույնիսկ 3 - 0 - ից հետո թուրինցիները չհանգստացան և շարունակեցին գրոհել: Գոլային պահերը նրանք ստեղծում էին նախանձելի հետևողականությամբ:

71-րդ րոպեին տուգանային հրապարակ ներխուժեց Բլեզ Մաթյուիդին, ասես ցանկանալով ցույց տալ, որ ոչ բարձրահասակ ֆուտբոլիստները նույնպես կարող են գլխով գոլ խփել: Ֆրանսիացու խորամանկ հարվածը սկզբում գետնին դիպավ և թռավ վերին անկյուն, դարպասապահ Մուսսոն անօգնական գտնվեց ՝ 4 - 0:

Եվ միայն դրանից հետո դաշտի տերերը խաղավերջում թուլացրին ճնշումը, ինչը թույլ տվեց ջախջախված «Ուդինեզեին» սփոփանքի գոլ խփել:

«Յուվենտուսը» երկրորդ կազմով վստահ հաղթանակ տարավ և պատրաստվում է «Ատլետիկոյի» հետ պատասխան խաղին: Մասսիմիլիանո Ալեգրին հերթական անգամ ցույց տվեց, որ եվրոպական ֆուտբոլի լավագույն տակտիկն է և կարող է անակնկալներ մատուցել Դիեգո Սիմեոնեին:

Մյուս խաղերից ուշադրության է արժանի «Միլանի» արտագնա հաղթանակը «Կյևոյի» նկատմամբ: Հաղթական գնդակը կրկին անգամ խփել է լեհ հարձակվող Պյոնտեկը, որը խոստանում է մեծ գոլահարի վերածվել և արդեն իսկ պաշտպանների ահ ու սարսափն է դարձել: 

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP