Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր

Դեռ մի քանի տուր առաջ թվում էր, թե Դորտմունդի «Բորուսիան» միավորների մեծ պաշար ունի և հեշտությամբ չի զիջի առաջին տեղը: Սակայն տեղի ունեցավ անհավատալին:

«Հոֆենհայմի» հետ տնային հանդիպման մինչև 75-րդ րոպեն «մեղուներն» առջևում էին 3-0 հաշվով, բայց ի վերջո ձեռքից բաց թողեցին հաղթանակը: Հետևեց հետնապահ «Նյուրնբերգի» հետ խամրած ոչ ոքին, ու թեև դորտմունդցիները հաջորդ խաղում հաղթեցին Լևերկուզենի «Բայերին», անմիջապես պարտվեցին ևս մեկ հետնապահի՝ «Աուգսբուրգին»:

Վերջին տուրի «Շտուտգարտի» հետ խաղում «Բորուսիան» ընդհանուր առմամբ խնդիրներ չունեցավ և բավական վստահ հաղթանակ տարավ: Թեկուզ և հաշիվը բացվեց հանդիպման 62-րդ րոպեին, և այն էլ 11 մետրանոցից, և «Շտուտգաչտը» բավական արագ հավասարեցրեց հաշիվը: «Բորուսիան» հենց սկզբից առավելություն ուներ և մեթոդաբար ավելացնում էր ճնշումը: Իսկ վճռական պահին, երբ տասը րոպեի չափ ժամանակ էր մնում խաղի ավարտին և ոչ ձեռնտու հավասարություն էր, դորտմունդցիների մարզիչ Ֆավրը նպատակային փոփոխություններ կատարեց թիմի կազմում և «Բորուսիան» մեշ ուժերով նետվեց գրոհի: Մարզիչը իրավացի դուրս եկավ, խաղադաշտ մտած Պուլիշիչը հուսախաբ չարեց: Խփված երկու գոլերը հենց նրա մասնակցությամբ տեղի ունեցան: Նախ «Շտուտգարտի» տուգանային հրապարակում խառնաշփոթ իրադրություն ստեղծվեց, դորտմունդցիները մի քանի հարված տեղացին դարպասին, վերջապես գնդակը Պուլիշիչից անցավ Ալկասերին, որը և գրավեց դարպասը:

Շվաբները նետվեցին փրկելու խաղը և քիչ մնաց դա նրանց մոտ ստացվեր: Ֆավրը ստիպված եղավ էլի փոփոխություններ կատարել, ամրացնել թիկունքը և ֆուտբոլիստներին հրահանգ տվեց, որ գնդակը հեռու տարածության վրա պահել սեփական դարպասից: Մարզիչի որոշումները կրկին անգամ արդարացրին իրենց, խաղավերջում աչքի ընկավ արդեն ինքը Պուլիշիչը: Վիտսելը գնդակը եզրից հասցեագրեց Գյոթցեին, վերջինս այն փոխանցեց ավելի հարմար դիրքում գտնվող Պուլիշիչին, որի հարվածը ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 3-1:     

Մյունխենում «Բավարիայի» զոհը դարձավ «Վոլֆսբուրգը», որն այս մրցաշրջանում վատ չի խաղում, բայց դժբախտություն ունեցավ ահեղ մրցակցի ձեռքի, կամ ավելի ճիշտ կլիներ ասել ոտքի տակ ընկնել ամենաանպատեհ ժամին: «Բավարիան» պատրաստվում է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի «Լիվերպուլի» հետ խաղին: Նրան անհրաժեշտ է թափ հավաքել և լավ տրամադրություն ապահովել:

Մասիմիլիանո Ալեգրին Չեմպիոնների Լիգայի «Ատլետիկոյի» հետ (0-2) պատասխան խաղից առաջ նպատակահարմար գտավ խաղալ երկրորդ կազմով: Նիկո Կովաչը վճռեց, որ տվյալ դեպքում խաղային պրակտիկան հանգստից ավելի կարևոր է և դաշտ հանեց լավագույններից լավագույններին:

Խաղի հենց սկզբից դաշտում ծավալվեց զուտ գերմանական ֆուտբոլ: Թիմերը պայքարում էին, վիճելի իրադրություններին հետևում էին խախտումները և տուգանայինները: Շատ ակտիվ էր Մյուլլերը, որը գեղեցիկ համագործակցում էր Լևանդովսկու հետ, աջ եզրում անդադար իր մասին հիշեցնում էր Կիմմիխը:

«Ալյանց Արենայում» հավաքված 75.000 երկրպագուները ստիպված եղան երկար սպասել գոլային իրադարձության, բայց ականատես եղան համարյա թե միանգամից երկուսի: Նախ Գնաբրին Մյուլլերի փոխանցումից հետո բացեց խաղի հաշիվը, իսկ անուհետև Ռոդրիգեսը գնդակով ներխուժեց տուգանային հրապարակ, հարվածային դիրք դուրս բերեց նույն Գնաբրին, ու թեև վերջինս ինքը կարող էր գոլ խփել, գնդակը փոխանցեց ավելի հարմար դիրքում գտնվող Լևանդովսկուն՝ 2-0:

Երկրորդ խաղակեսում մյունխենցիները ցույց տվեցին, որ գերմանական տրադիցիաների իսկական հետևորդներ են, երբեք չեն հագենում գոլերից, որքան էլ որ թույլ լինի մրցակիցը, ընդ որում վերջին գոլի ժամանակ ուրախանում են նույնքան անկեղծ և նույնքան անմնացորդ, որքան և առաջինի:

52—րդ րոպեին Կիմմիխը հերթական փոխանցումը կատարեց իր եզրից և Ռոդրիգեսը հաշիվը դարձրեց 3-0:

Եվ այստեղ տեղի ունեցավ այդ հանդիպման գլխավոր իրադարձությունը: Կովաչը Գնաբրիի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Ֆրանկ Ռիբերիին, որն ուղղակի փայլեց հրաշալի խաղով: Ֆրանսիացին երեք գոլային փոխանցմում կատարեց:      

Նախ Ռիբերին էֆեկտիվ փոխանցում կատարեց Մյուլլերին, որը կրունկով գեղեցիկ գոլ խփեց, այնուհետև նկատեց հեռավոր անկյունում հարվածային դիրք ելած Կիմմիխին, իսկ վերջում նպաստեց գոլի հեղինակ դառնալ Լևանդովսկուն, կատարելով ևս մեկ հրաշագեղ փոխանցում՝ 6-0:

Դժվար է խոշոր հաշվով պարտության մեջ մեղադրել «Վոլֆսբուրգի» մարզիչ Բրունո Լաբբադիային: Գերմանիայի առաջնությունում նման բաներ երբեմն պատահում են: Նույն «Վոլֆսբուրգի» հետ դա պատահել է երկու դարի առաջ և այն էլ սեփական հարկի տակ:

Այս հաղթանակից հետո «Բավարիան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը և պատրաստվում է «Լիվերպուլի» հետ պատասխան խաղին: «Վոլֆսբուրգն» այս մրցաշրջանում չի կարող երազել անգամ Չեմպիոնների լիգայի մասին, իսկ ահա Եվրոպա Լիգան, չնայաց կրած ստորացուցիչ պարտությանը, միանգամայն իրական է:

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP