Չեմպիոնների Լիգա, 1/8 եզրափակիչ

Առաջին խաղում «Յուվենտուսն» «Ատլետիկոյին» զիջել էր 0-2 և շատերի մոտ մեծ կասկածներ կային, արդյո՞ք թուրինյան ակումբև կկարողանա ետ բերել կորցրածը:

Բանն այն է, որ 0-2 հաշիվը պատասխան խաղում հաղթահարվելիք ամենադժվար հաշիվներից է: Ավելի հաճախ է պատահել, որ թիմերը հաջորդ փուլ են անցել առաջին խաղում զիջելով 1-4 հաշվով, քան 0-2 հաշվով: Իսկ այս դեպքում խնդիրը բարդանում էր նաև նրանով, որ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը լավագույն պաշտպանությունն ունի Եվրոպայում: Իզուր չէ, որ այս թիմի մասին ասվում է  - Որտեղ «Ատլետիկոն» ֆուտբոլ է խաղում, այնտեղ այլևս խոտ չի աճում: Ինչևէ, «Յուվենտուսն» ունի Ռոնալդու, որը ներկայիս պահին հանդիսանում է Չեմպիոնների Լիգայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը, տվյալ մրցաշարում խփելով 125 գնդակ, և դրանց մեծ մասի հեղինակ դառնալով «փլեյ օֆֆ» մրցաշարում: Եվս մեկ ուշագրավ վիճակագրություն: Պորտուգալացի աստղը «Ատլետիկոյի» հետ խաղերում 25 գոլի հեղինակ է դարձել:       

Թիմերը կորուստներով էին մոտեցել խաղին: «Յուվենտուսի» կազմում վնասվածքի պատճառով բացակայում էին Բարձալյին, դե Շիլյոն, Խեդիրան, Կուադրադոն և Դուգլաս Կոստան, որոնք վնասվածքներ ունեին, իսկ Ալեքս Սանդրոն որակազրկված էր: «Ատլետիկոն» ավելի փոքր թվով բացակայողներ ուներ, բայց դրանք ավելի զգայուն կորուստներ էին: Եվ եթե կիսապաշտպան Թոմասին փոխարինողներ գտնվեցին, ապա Ֆելիպե Լուիսը և Էռնանդեսը պաշտպանության հենասյուներ են, որոնց նման մրցակցի դեմ խաղում, դժվար է ալտերնատիվ գտնել: Նույնը կարելի է և ասել Դիեգո Կոստայի մասին, որի պակասը հատկապես զգացվեց:

Թիմերը խաղադաշտ դուրս եկան մոտավորապես կանխատեսելի կազմերով: «Յուվենտուսի»  դարպասում, ինչպես միշտ, Շչեստնին էր, պաշտպանության կենտրոնում ԿյելինիԲոնուչչի անփոփոխ զույգը, իսկ պաշտպանության աջ եզրը վստահվել էր Կանսելուին, որտեղ վերջինս բավական պատկառելի տեսք ուներ: Իսկ ահա ձախ պաշտպանի պարտականություններն այս անգամ կատարում էր Լեոնարդո Սպինացցոլան, որն Իտալիայի այս առաջնությունում ընդամենը երեք խաղ է անցկացրել: Կիսապաշտպանությունում իրար կողքի դասավորվել էր Մաթյուիդի, Պյանիչ, Ջան եռյակը, որը ամրացնում էր կիսապաշտպանության կենտրոնական հատվածը: Հարձակման գծում Ալեգրին անակնկալ էր պատրաստել: Ռոնալդուն իր սիրած ձախ եզրում էր գործում, Մանջուկիչը՝ կենտրոնում, իսկ ահա աջ եզրում Դիբալայի փոխարեն հայտնվել Բեռնարդեսկին: Դժվար էր ասել, թե ինչ ընթացք կստանար հանդիպումը և Իտալացի մասնագետին անհրաժեշտ էր հզոր ֆուտբոլիստ, որը երկրորդ խաղակեսում ուժեղացներ թիմի խաղը:

«Ատլետիկոն» խաղում էր իր սովորական դասավորվածությամբ: Թերևս Մորատան էր խաղում ավելի ետ քաշված, Գրիզմանի կողքին: Իսկ այնպես՝ դարպասին Օբլակը, պաշտպանությունում վետերաններ Գոդինի և Խուանֆրանի կողքին կոլումբիացի Արիասը և ուրուգվայցի Խիմենեսը, կիսապաշտպանության կենտրոնում Ռոդրիգոն և Կոկեն, առաջինը հենակետային, երկրորդը՝ ավելի ստեղծագործ, իսկ եզրերում Լեմարը և Սաուլը:        

«Յուվենտուսը» խաղի հենց սկզբից այնպիսի ճնշում գործադրեց, որին, եթե «Ատլետիկոյից» բացի մեկ այլ թիմ լիներ, հազիվ թե դիմանար: Բոլոր դրվագներում գլխավոր դերակատարում ուներ Կրիշտիանո Ռոնալդոն, որը միայն իր ներկայությամբ ահ ու սարսափ էր տարածում իսպանացիների շարքերում: Սկզբունքորեն «Յուվենտուսին» հաջողվեց արագ գոլ խփել նույնիսկ «Ատլետիկոյին», սակայն հոլանդացի մրցավար Կեյպերսը դիմեց VAR սիստեմին, և Ռոնալդուի կողմից խախտում արձանագրեց դարպասապահ Օբլակի հետ պայարում: Ջորջո Կյելինիի խփած գոլը չեղարկվեց:

«Ատլետիկոն» աստիճանաբար հարմարվեց խաղին, «Յուվենտուսի» գրոհները դարձան պակաս վտանգավոր: Ճիշտ է, մադրիդցիները չէին շտապում գնդակին տիրելուց հետո հարձակման անցնել, ոչ ոքի արդյունքը միանգամայն ձեռնտու էր նրանց:

Սակայն հերիք էր Ռոնալդուն և Բեռնարդեսկին իրար հետ փոխվեն եզրերով և «Ատլետիկոյի» պաշտպանությունը միանգամից ճաքեր տվեց: Ձախ եզրում 27-րդ րոպեին հենց Բեռնարդեսկին հարմար պահ որսաց վերևից փոխանցում կատարել, Ռոնալդուն Խուանֆրանի հետ մենապայքարում հաղթող դուրս եկավ և մոտ տարածությունից մահացու հարված կատարեց դարպասի մոտակա անկյուն: Օբլակը բոլորովին չկողմնորոշվեց նման իրավիճակում և միայն անզոր ձեռքերը թափահարեց՝ 1-0:

Հասնելով ուզածին՝ «Յուվենտուսը» թուլացրեց ճնշումը: Ճիշտ է, թուրինյան ակումբը շարունակում էր հուսալի պահել թիկունքը և վտանգավոր պահեր ստեղծել: Հիմնականում դա արվում էր ֆուտբոլի իմացության շնորհիվ, քան ջանասիրության: Մասնավորապես շատ էֆեկտիվ էին ստանդարտների խաղարկումները, որոնց ժամանակ Կյելինին և Բոնուչչին բավական հարմար դիրքեր էին դուրս գալիս, ինչպես նաև իրենց գործողություններով պահեր ստեղծում խաղընկերների համար: Իրենք մադրիդցիները չէին կարողանում սուր պահեր ստեղծել մրցակցի դարպասին: Կարելի է հիշատակել Մորատայի հարվածը, որը բարձր ստացվեց:      

Երկրորդ խաղակեսի հենց սկզբում Կրիշտիանո Ռոնալդուն խփեց երկրորդ գնդակը, այդպիսով երկու խաղերի արդյունքում հաստատելով պահանջված մինիմում արդյունքը: Կանսելուն իր եզրից փոխանցում կատարեց, Ռոնալդուն բարձր ցատկեց, այս անգամ օդային մենամարտում հաղթող դուրս եկավ երկու մրցակիցների՝ ուրուգվայցիներ Գոդինի և Խիմենեսի հետ մրցապայքարում և գլխով հուժկու հարված կատարեց: Դարպասապահ Օբլակը ակնթարթորեն արձագանքեց հարվածին և հուսահատ ցատկով գնդակը դուրս բերեց դարպասից, սակայն ժամանակակից սարքերի օգնությամբ հնարավոր եղավ պարզել, որ գնդակն արդեն հատել է դարպասային գիծը՝ 2-0:

Խաղադաշտում հերթական «խաղաղությունը» տիրեց, որին շուտով հաջորդելու էր հերթական «փոթորիկը»: Ալեգրին և Սիմեոնեն այդ ընթացքում վճռեցին փոփոխություններ կատարել: Սիմեոնեն Լեմարի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց արագավազ Կոռեային, որպեսզի հակագրոհների ժամանակ առավելություն ստանա, իսկ Ալեգրին հաջող խաղ անցկացրած Սպինացցոլայի փոխարեն դաշտ մտցրեց սպասված Դիբալային, որը տեղ գտավ հարձակման աջ եզրում, մինչդեռ Բեռնարդեսկին տեղափոխվեց պաշտպանության ձախ եզր: Իտալացի մարզիչի կողմից մեծ ռիսկ էր նման քայլի դիմելը, սակայն որպեսզի «Յուվենտուսը» դուրս գար հաջորդ փուլ, հարկավոր էր խփել ևս մեկ գնդակ: Ավելի ուշ Արիասին փոխարինեց Վիտոլոն, իսկ Մանջուկիչի փոխարեն խաղադաշտ մտավ իտալական ֆուտբոլի ծագող աստղը, տասնիննամյա Մոյզես Քինը:    

Հանդիպում ավարտին մոտենալուն զուգահեռ լարվածությունը մեծանում էր: Յուրաքանչյուր սխալ կարող էր ճակատագրական լինել: «Ատլետիկոն» ոչ մի կերպ չէր կարողանում գոլային պահեր ստեղծել, «Յուվենտուսը» առաջվա պես նման պահեր ստեղծում էր միայն ստանդարտ դրություններից:

10 րոպեից պակաս ժամանակ էր մնացել հանդիպման ավարտին, երբ Կյելինին հանճարեղ փոխանցումով Քինին մեն մենակ դուրս բերեց Օբլակի դեմ: Երիտասարդ հարձակվողը բավական ժամանակ ուներ կողմնորոշվելու, և նույնիսկ ուշադրություն չդարձրեց մոտեցող պաշտպանների վրա, որոնք ջանում էին «փակել»  հարվածը: Քինը հարվածեց հեռավոր անկյունը, հարվածը շեղ ստացվեց: Ինքը հարձակվողը բավական ծանր ապրումների մեջ ընկավ նման անհաջողությունից հետո:

Իսկ րոպեներ անց վճռվեց հանդիպման ելքը: Հոգնատանջ եղած Բեռնարդեսկին իր մեջ ուժ գտավ անցում կատարել իրեն վստահված ձախ եզրում, խաբեց անցավ բոլոր նրանց, ովքեր հանդիպեցին իր ճանապարհին և ներխուժեց տուգանային հրապարակ: «Ատլետիկոն», սկզբունքորեն, բավարար չափով ուժեր ուներ պաշտպանությունում կենտրոնացած և դեռ մեծ հարց էր, թե ինչով կավարտվի տվյալ դրվագը: Սակայն տեղի տվեցին Կոռեայի նյարդերը, կիսապաշտպանը մեջքից հրեց Բեռնարդեսկիին, մրցավարն առանց վարանելու ցույց տվեց 11 մետրանոց նշակետը:

Գնդակին մոտեցավ Ռոնալդուն, ամբողջ մարզադաշտը պահեց շունչը:

Ոսկե գնդակի հնգակի դափնեկիրը  հստակ իրացրեց հարվածը, ապակողմնորոշելով դարպասապահին և գնդակն ուղարկելով հակադարձ անկյունը: Բայց նույնիսկ եթե Օբլակը կռահեր հարվածի ուղղությունը, նա չէր կարող վերցնել գնդակը:

Անհնար էր նկարագրել, թե ինչ ցնծություն էր տիրում խաղադաշտում: «Յուվենտուսի» խփած երրորդ գոլը էքստազի մեջ գցեց և՛ բազմահազար երկրպագուներին և՛ իրենց ֆուտբոլիստներին:

Հանդիպման ավարտին դեռ որոշ ժամանակ կար, և մեկ ուրիշ դեպքում գուցե հնարավոր լիներ փրկել խաղը: Սակայն «Յուվենտուսը» խաղավերջում հստակ էր գործում բոլոր օղակներում և հանդիպումը բարեհաջող հասցրեց իր լոգիկական ավարտին:

«Յուվենտուսն» իր թիմային փայլուն խաղով և իր գերաստղ Ռոնալդուի փայլուն խաղի շնորհիվ պայքարը կշարունակի ¼ եզրափակիչում: «Ատլետիկոն» խաղաց իր ուժի սահմաններում, բայց դա բավարար չեղավ: Այսօրվա «Յուվենտուսը» իրենից մեծ ուժ է ներկայացնում և Չեմպիոնների Լիգայի գլխավոր հավակնորդներից է:

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP