Չեմպիոնների Լիգա, 1/8 եզրափակիչ

Չեմպիոնների Լիգայի նախորդ խաղարկությունում «Լիվերպուլը» զիջեց եզրափակիչում, և թվում է, դա տեղի ունեցավ այն պատճառով, որ ակումբը չուներ նման մրցումներին համապատասխան բարձրակարգ դարպասապահ:

Միջմրցաշրջանում «Լիվերպուլի» կազմը համալրել է Ալիսոնը, աշխարհի ուժեղագույն դարպասապահներից մեկը և Յուրգեն Կլոպը հույս ունի նրա և մյուս աստղային նորեկների օգնությամբ նվաճել բաղձալի մրցանակը:

«Բավարիան» նույնպես լի է ցանկությամբ Մյունխեն վերադարձնել իրեն լավ ծանոթ գավաթը: Գերմանիայի առաջնությունում ակումբը վաղուց մրցակիցներ չունի և այս տարի հավանաբար վերստին Գերմանիայի չեմպիոն կհռչակվի: Եթե «Լիվերպուլին» կամ «Բավարիային» հաջողվեր այս տարի հաղթել տվյալ եվրոպական մրցաշարում, ապա երկու ակումբի համար էլ դա կլիներ վեցերորդ անգամ:

Երկու թիմերն էլ խնդիրներով էին մոտեցել հանդիպմանը: Ավելի զգայուն էին «Բավարիայի» կորուստները, որոնց կազմում բացակայում էին Կիմմիխը և Մյուլլերը:

Խաղասկզբում առավելությունը «Բավարիայի» կողմն էր: Տանտերերը հետևողականորեն գրոհներ էին կազմակերպում, և թվում էր, նրանց կողմից հաջողության հասնելը սոսկ ժամանակի հարց է: Ակտիվ և խելացի գործողություններով հատկապես աչքի էր ընկնում Ռիբերին, որն իր ձախ թևից մշտական լարվածության մեջ էր պահում հյուրերին: «Լիվերպուլի» գործը դժվարացավ նաև նրանով, որ արդեն 11-րդ րոպեին վնասվածք ստացավ թիմի ավագ Հենդերսոնը: Նրան փոխարինեց բրազիլացի Ֆաբինյոն:

«Բավարիայի» կազմում կարող էին աչքի ընկնել Գնաբրին և Լևանդովսկին: Վերջինիս դրվագում «Բավարիայի» ֆուտբոլիստները 11 մետրանոց պահանջեցին, սակայն մրցավար Օրսատոն անդրդվելի մնաց:

Առաջին խաղակեսի միջնամասում «Լիվերպուլը» սկսեց ճնշում գործադրել և աստիճանաբար հավասարեցրեց խաղը: Դաշտի տերերը գնալով ավելի հաճախ էին կորցնում գնդակը, մինչդեռ հյուրերի ներկայությունը նրանց տուգանային հրապարակում գնալով ավելի սովորական բնույթ էր կրում: Ակնառու դարձան «Բավարիայի» պաշտպանության թերությունները, որոնք հատկապես սուր էին զգացնել տալիս առաջնության սկզբնամասում, և երևում է մինչև հիմա էլ դեռ հուսալի մակարդակի հասցված չեն:

Այժմ արդեն «Լիվերպուլի» հերթը հասավ սուր պահեր ստեղծելու: Վտանգավոր ստացվեց Ֆիրմինոյի կատարած հարվածը:

Խաղի 26-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացվեց: Վան Դեյկը հեռահար փոխանցում կատարեց դեպի տուգանային հրապարակ, որտեղ Մանեն շրջանցեց Ռաֆինյային, ապա և դարպասապահ Նոյերին, որին չգիտես ինչու թվաց, թե պետք է պաշտպանին հատուկ գործառույթներ կատարի: Մանեն ճարպկորեն մի կողմի վրա պտտեցրեց նրան և գրավեց դարպասը: «Լիվերպուլի» հարձակվողն այդ պահին ավելի նման էր զուլուս ռազմիկի, քան ֆուտբոլիստի: 0-1:

«Բավարիան» նետվեց գրոհի, որպեսզի հավասարեցնի հաշիվը: Կրկին անգամ կարող էր աչքի ընկնել Լևանդովսկին: «Լիվերպուլը» պատասխանում էր սուր հակագրոհներով և նույնպես վտանգավոր էր:

Հաշիվը հավասարվեց 39-րդ րոպեին: Ամբողջ խաղակեսի ընթացքում հագեցված ֆուտբոլ պաղացող «Բավարիան» պատասխան գոլը խփեց բավական հեշտ: Մարտինեսը գնդակը խորքից հասցեագրեց Գնաբրիին, հետևեց սուր փոխանցում դեպի տուգանային հրապարակ, որտեղ Մատիպն իր թիկունքին զգալով Լևանդովսկու շունչը, սխալվեց, և գրավեց սեփական դարպասը՝ 1-1:

«Բավարիայի» ղեկավարությունը, հանձինս Հյոննեսի և Ռումենիգեի, ամբարտավան և ներողամիտ ժպտում էր տրիբունայում և ծափահարում: Նրանց վարմունքը կարծես արտացոլում էր մարզադաշտում տիրող տրամադրությունը: Մյունխենցիները հավանաբար վստահ էին, որ էլի գոլեր կխփեն ու կհաղթեն «Լիվերպուլին»: Համենայն դեպս «Բավարիան» դա հաճախ է արել, երբ Կլոպը Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչն է եղել:

Երկրորդ խաղակեսում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ Հյոննեսն ու Ռումենիգեն սխալվում են: «Լիվերպուլը» երկու գոլ խփեց և դա արեց, որովհետև ավելի բարձր կարգ ցույց տվեց: «Բավարիան» փորձում էր առավելություն ստանալ, բայց ապարդյուն: Պաշտպանները կարծես վերահսկում էին գնդակը, բայց երբ այն հայտնվում էր կիսապաշտպանների մոտ, վերջիններս որպես կանոն խճճվում էին: Հիմա արդեն «Լիվերպուլն» էր ճնշում և բավական հաջող: Նշանակալի էր Սալահի հարվածը:

Այնուհանդերձ, մինչև հյուրերի երկրորդ գոլը, հարաբերական հավասարություն էր:  

69-րդ րոպեին «Լիվերպուլը» հերթական անկյունայինի իրավունք ստացավ: Միլները բարձրից կախեց գնդակը, վան Դեյկը Հյումելսի հետ օդային պայքարում հաղթող դուրս եկավ և գլխի հարվածով գնդակն ուղարկեց դարպասը՝ 1-2:

Հաջորդ րոպեներին հաջողությանն ավելի մոտ էր «Լիվերպուլը»: Կարող էր հաջողության հասնել Մանեն, բայց վերջինիս հարվածը խճճվեց պաշտպանների խիտ շարքերի մեջ:

Կովաչը դաշտ մտցրեց Գորեցկային և Սենշեշին, որոնք միացան արդեն իսկ փոխարինման մտած Կոմանին ու փորձեցին բեկել խաղի ընթացքը: «Լիվերպուլի» դարպասի մոտ այդպիսով սրություն առաջացնել չհաջողվեց, փոխարենը ևս մեկ անգամ հարվածային դիրք դուրս եկավ Սալահը, որի 3 մետրից կատարած հարվածը Նոյերը ոտքով ետ մղեց:

Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպվեց 84-րդ րոպեին: Կրկին անգամ հարվածային դիրք դուրս եկած Սալահն այս անգամ որոշեց փոխանցում կատարել, Հյումելսը կրկին անգամ վրիպեց և Մանեն կրկին անգամ գոլ խփեց՝ 1-3:

«Լիվերպուլը» արժանի հաղթանակ տարավ և կխաղա ¼ եզրափակիչում, «Բավարիան» կարող է կենտրոնանալ ներքին առաջնության խաղերի վրա:

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP