Եվրոպայի Լիգա, 1/8 եզրափակիչ

«Արսենալը» կանխատեսելի և հեշտ հաղթանակ տարավ «Ռենի» նկատմամբ: Թվում է հաջողությունը նրանց մարզիչ Ունաի Էմերիի մեջ է:

Բասկ մասնագետը «Սևիլյայի» հետ երեք անգամ նվաճել է այս մրցանակը, ընդ որում, երեքն էլ իրար ետևից, և բոլորից լավ գիտե, թե ինչպես դա անել:

Հանդիպման առաջին րոպեներից «Ռենը» ցույց տվեց, որ մտադիր չէ փակվել պաշտպանությունում և նույնիսկ մեկ նպատակային հարված կատարեց դարպասին: Սակայն զինեգործները բավական արագ տեղը դրեցին հանդուգն հյուրերին, դա անելով նույնիսկ երկու անգամ, և երկու դեպքում էլ բավականաչափ համոզիչ:

Առաջին գոլը խփվեց շատ հասարակ ձևով: Ռեմսին եզրից փոխանցում կատարեց, Օբամեյանգը պարզեց ոտքը և արդյունքում արդեն 5-րդ րոպեին ձևակերպեց 1-0 հաշիվը:

Բրետոնցիները թևաթափ եղան: Նրանք ոչ մի կերպ չէին պատկերացնում, որ իրենց առավելությունն այդքան արագ կսկսվի հալչել: Հիմա արդեն «Ռենի» ֆուտբոլիստները ետ քաշվեցին և սկսեցին խաղալ բացահայտ պաշտպանողական ֆուտբոլ:

«Արսենալը» տիրեց նախաձեռնությանը, բայց բոլորովին չսկսեց գրոհել գլխապատառ ձևով: Լոնդոնցիները հասկանում էին, որ կարգով բարձր են մրցակցից և բավականաչափ ժամանակ ունեն, որպեսզի մեկ կամ երկու գոլ խփեն:

15-րդ րոպեին գնդակը գնաց «Ռենի» տուգանային հրապարակի աջ կողմը, խաղից դուրս վիճակում գտնվող Կոլաշինացը իր ողջ տեսքով ցույց տվեց, որ չի մասնակցում էպիզոդին, իսկ ահա Օբամեյանգը, որը հավանաբար նույնպես գտնվում էր սահմանագծից այն կողմ, և որի խաղից դուրս վիճակը մրցավար Տրեյմանիսը չնկատեց, նետվեց դեպի գնդակը և եզրագծից փոխանցում կատարեց: Վրա հասած Մեյթլենդ-Նայլսը գլխով գրավեց դարպասը՝ 2-0:

«Արսենալը» արագ կատարեց առաջադրանքը, բայց հաշիվը նման տեսքով մնում էր շատ վտանգավոր: Պատահական գոլը «Ռենին» էր դուրս բերում հաջորդ փուլ, և ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, հյուրերը նման հնարավորություններ ունեին:

«Արսենալը» մի փոքր զիջեց նախաձեռնությունը, «Ռենը» փորձեց գրոհներ կազմակերպել, բայց ոչ այնքան համոզիչ: Գնդակը հիմնականում դաշտի կենտրոնում էր, դարպասապահները լիակատար անգործության էին մատնված:

Երկրորդ կեսում խաղն աշխուժացավ, թիմերը սկսեցին մեկը մյուսի հետևից վտանգավոր պահեր ստեղծել: Լակազետը վտանգավոր հարված կատարեց, բայց վրիպեց: Սարը հարվածային դիրք դուրս եկավ, բայց Կոլաշինացը գերազանց սահանկում կատարեց և չեզոքացրեց վտանգը:

Վերջապես մոտեցավ հանդիպման եզրափակիչ հատվածը, երբ մարզիչները սիրում են փոփոխություններ կատարեց: Դաշտ մտած այդ ֆուտբոլիստներից մեկն էլ, Հենրիխ Մխիթարյանը, կազմակերպեց երրորդ գոլը, որը նրա թիմին թույլ տվեց հանգիստ շունչ քաշել: Ինքը Մխիթարյանը գոլային փախանցում չկատարեց, բայց խփված գոլը պատմության էջերին հանձնվեց ամբողջապես նրա ջանքերի շնորհիվ: Մխիթարյանն իր եզրում ստացավ գնդակը, խաբս տվեց, շարժվեց դեպի կենտրոն, գնդակը խաղարկեց մի խաղընկերոջ հետ, փոխանցեց մյուսին, ետ ստացավ, նկատեց ձախ եզրից խոյացող Կոլաշինացին և սուր փոխանցում կատարեց, որին հետևեց մեկ այլ, արդեն գոլային փոխանցում դեպի Օբամեյանգը՝ 3-0:

«Ռենը» մինչև վերջ չհանձնվեց և որոշ պահեր ստեղծեց, բայց «Արսենալն» ընդհանուր առմամբ վերահսկում էր խաղը:

«Արսենալը» ևս մեկ քայլ արեց դեպի մի նպատակ, որին հասնելու դեպքում, նա եկող մրցաշրջանում կարող է հանդես գալ Չեմպիոնների Լիգայում: Թե արդյո՞ք չորրորդ անգամ հաջողությամբ կպսակվի Էմերիի հերթական փորձը, ցույց կտա ժամանակը:     

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP