Գերմանիայի առաջնություն, 26-րդ տուր:

Հերտա 2 - 3 Բորուսիա Դորտմունդ

Թերևս շատ սխալված չենք լինի պնդելով, որ Դորտմունդի «Բորուսիան» ամենահաջող տրանսֆերային և սելեկցիոն քաղաքականություն իրականացնող ակումբն է ոչ միայն Գերմանիայում, այլ ամբողջ աշխարհում: Նրանք միշտ մատչելի գնով ֆուտբոլիստ են գնում, որի տրանսֆերային արժեքը բազմապատիկ աճում է:

Այսպես, գրեթե կես արժեքով «Բարսելոնից» ու չինական «Տյանհայից» գնվել են Պաբլո Ալկասերը և Ալեքս Վիտցելը, որոնք 40 միլիոնից ավելին արժեն: Ծիծաղելի գնով՝ 5 միլիոն եվրոյով «Մանչեսթր Սիթիից» 2 տարի առաջ գնվել է Ջեյդոն Սանչոն, որին այսօր 80-ի դիմաց էլ չեն զիջի մեկ ուրիշի: Հապա Ուսման Դեմբելե՞ն, որին «Ռենից» գնեցին 15 միլիոնով և մեկ տարի անց «Բարսելոնին» վաճառեցին 120 միլիոնով: Հոյակապ է աշխատում նաև ակումբի ակադեմիան: Քրիստիան Պուլիշիչը համեմատաբար վերջերս է հայտնվել թիմի հիմնական կազմում, բայց հասցրել է գրավել եվրոպական գրանդների ուշադրությունը և արդեն իսկ 64 միլիոնով վաճառվել է «Չելսիին»:

Առաջնությունը փայլուն մեկնարկած դորտմունդցիները վերջերս տեղատվության ժամանակներ են ապրում: Բայց հենց որ «Բավարիան» միավորներով հավասարվեց, «Բորուսիան» վերսկսեց տպավորիչ հանդիպումների շարքը: «Հերտայի» դեմ բեռլինյան հանդիպումը բացառություն չէր:

Հանդիպումից առաջ երկու թմերն էլ կորուստներ ունեին, ավելի զգալի էին դորտմունդցիների կորուստները՝ Վիտցել, Գյոթցե, Ալկասեր:

Հանդիպման հանգիստ սկիզբը չէր վկայում այն մասին, որ իրադարձություններն արագ կզարգանան, բայց արդեն 4-րդ րոպեին «Հերտան» առաջ անցավ հաշվի մեջ: Միտտելշտադտը տեղափոխվեց կենտրոն և հարվածեց դարպասին, դարպասապահ Բյուրկին ետ մղեց գնդակը, բայց խիստ անհաջող: Վրա հասած Կալուն գնդակն ուղարկեց դարպասը՝ 1-0:

Հաջորդ, արդեն Դիալլոյի հետ մենամարտում, Բյուրկին փրկեց իր թիմին վերահաս գոլից:

Դորտմունդցիները հաշիվը հավասարեցրին դիպվածի շնորհիվ: Ձախ կիսապաշտպան Դիլեյնին հեռահար հարված կատարեց, գնդակը դիպավ Ռեկիկի կրունկին և փոխելով ուղղությունը հայտնվեց դարպասում՝ 1-1:

«Բորուսիան» շարունակում էր ճնշել, եզրերում ակտիվ էին Սանչոն և Պուլիշիչը, կենտրոնում փորձում էր հարմարվել Բրուուն Լարսենը: «Հերտան» նույնպես քնած չէր: Պահերից մեկում դորտմունդցիները բաց թողեցին Դուդուին: Զագադուն խախտման շնորհիվ միայն լիցքաթափեց վտանգը: Մրցավարը նրան դեղին քարտ ցույց տվեց:

Քիչ անց Մարկո Ռոյսը խլեց գնդակը մրցակցից, հարվածի դուրս բերեց Լարսենին, բայց հաջող խաղաց դարպասապահը, որը ոտքերով գնդակը ետ մղեց:

35-րդ րոպեին դաշտի տերերը 11 մետրանոցի իրավունք ստացան: Դուդան միջին տարածությունից հարված կատարեց, Վայգլը հարվածը փակեց ձեռքերի օգնությամբ: Պետք է ասել, որ դրա կարիքը այնքան էլ չկար, հարվածն իր մեջ մեծ վտանգ չէր պարունակում: Ինչևէ, նշակետին մոտեցավ Սալոմոն Կալուն և հեշտությամբ ապակողմնորոշեց դարպասապահ Բյուրկիին՝ 2-1:

Առաջին կեսում հաշիվը կարող էր հավասարեցնել Սանչոն, բայց դարպասապահը ետ մղեց գնդակը, որին առաջինը հասավ պաշտպան Շտարկը:

Երկրորդ կեսում հյուրերը բավական արագ հավասարեցրին հաշիվը: Սանչոն Ռոյսի հետ խաղարկեց գնդակը, ուղարկեց այն դեպի Զագադուն և դորտմունդցին Գրույիչի հետ պայքարում գնդակն ուղարկեց դարպասը՝ 2-2:

Հաջորդ րոպեներին դաշտում նույն ֆուտբոլիստներն էին աչքի ընկնում: Դորտմունդցիներից Ռոյսը և Սանչոն, իսկ բեռլինցիներից Շտրակը, որը պահերից մեկում դեղին քարտ ստացավ:

Թվում էր խաղը կարգավորել են դորտմունդցիները, բայց հանկարծ առաջ պոկվեց Գրույիչը, որի հարվածը դարպասաձեղին դիպավ: Եվ դա դաշտի տերերի միակ վտանգավոր պահը չէր: Մրցավար Վելցը պարտավոր էր Դուդայի դեմ խախտման համար 11 մետրանոց նշանակել, բայց նրա սուլիչը լռեց:

Աստիճանաբար կրքերը բորբոքվեցին, դեղին քարտեր ստացան Տորունարիգան, որը կոպիտ խաղաց, և Սանչոն, որը փորձեց պաշտպանել տուժած ընկերոջը:

Հանդիպման վերջնապասում ակտիվացավ դորտմունդցիների պաշտպան Հաքիմին, որը երկու հեռահար հարված կատարեց դարպասին: Նույն Տորունարուգան հենց նրա դեմ պայքարում երկրորդ դեղինը վաստակեց, և ավտոմատ հեռացվեց դաշտից:

Դորտմունդցիները պաշարեցին մրցակցի դարպասը, հանդիպման ավարտին հաշված րոպեներ էին մնում: Հաղթական գոլ կարող էր խփել Դիլեյնին, բայց նրա հարվածը դարպասաձողին դիպավ:

Իսկ ահա բազմափորձ Ռոյսն ավելի հաջողակ գտնվեց, ավելացված ժամանակում արձագանքելով Սանչոյի կատարած հիանալի փոխանցմանը: Թվում էր ավելին քան պարզ գոլ էր, բայց Ռոյս այդ արեց շնորհիվ իր բարձր վարպետության:

Հանդիպման վերջում տգեղ միջադեպ գրանցվեց: Իբիշևիչը գնդակով հարվածեց դարպասապահ Բյուրկիի գլխին, երբ վերջինս հանգիստ գնում էր վերցնելու դաշտում գտնվող երկրորդ գնդակը: Բոսնիացին գտավ, որ Բյուրկին միտումնավոր ձգում է խաղը: Իբիշևիչի վրա նետված դորտմունդցիները հիմնականում տիրապետեցին իրենց: Մեծ կռիվ չեղավ: Մրցավարը դաշտից հեռացրեց Իբիշևիչին, «Հերտան» հանդիպումն ավարտեց 9 հոգով:

«Բորուսիան» այս հաղթանակով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Ճիշտ է, «Բավարիան» մեկ խաղ պակաս է անցկացրել: «Հերտան» ոչ մի բանի համար չի պայքարում: Բեռլինյան թիմը ո՛չ եվրոգավաթների տեղերին է հավակնում, ո՛չ էլ վտանգավոր գոտուն է մոտ գտնվում:    

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան

 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP