Իտալիայի առաջնություն, 28-րդ տուր։

Միլան 2 - 3 Ինտեր

Անկախ այն բանից, թե այս թիմերը ինչ տեղ են զբաղեցնում մրցաշարային աղյուսակում, նրանց միջև պայքարը սկզբունքային է և մինչև վերջին րոպեն անզիջում: Իսկ հիմա նաև այնպես է ստացվել, որ միլանյան երկու թիմերը Իտալիայի առաջնությունում պայքարում են 3-4-րդ տեղերի համար:

Ֆուտբոլային աշխարհն ավելի շատ իր դիտակետում է պահում «Ռեալի» և «Բարսելոնի» հակամարտությունը: Բայց երբ խոսում ենք ֆուտբոլայի իսկական թշնամության մասին, ապա դրանով դեռ ոչ մեկը չի գերազանցել միլանյան այս երկու ակումբներին: Թիմերի ֆանատները ատում են իրար և պատրաստ են մեկմեկու կոկորդ կրծել: Ինքը Շեքսպիրը կոգևորվեր ականատես լինելով «Սան Սիրոյում» տիրող մթնոլորտը և Մոնտեկկիի և Կոպուլետտիի ատելության մասին մի նոր ողբերգություն կգրեր:   

«Միլան»-«Ինտերնացիոնալե» դերբին այս անգամ էլ հուսախաբ չարեց և մինչև վերջին րոպեն լարվածության մեջ պահեց ֆուտբոլասերներին: «Սան Սիրո» մարզադաշտում հավաքված 80.000 հանդիսականները բազմաթիվ վառ ֆուտբոլային իրադարձությունների ականատես եղան:

«Միլանը» խաղից առաջ մեծ կորուստներ չուներ: Բացակայում էր միայն Բոնավենտուրան, որը ծնկի վնասվածք ունի: «Ինտերում» վիճակը մի փոքր ավելի զգայուն էր: Թիմը ստիպված էր պաշտմանությունը կառուցել առանց Միրանդայի և Վրսալկոյի, կիսապաշտպանությունը՝ առանց Նայնգոլանի, առջևի գիծը՝ առանց ամենաուժեղ հարձակվողի՝ Իկարդիի:    

Տակտիկական առումով թիմերը անակնկալներ չմատուցեցին: Ե՛վ Սպալետտին, և՛ Գատտուզոն ապավինեցին 4-3-3 դասական մարտավարությանը:

Թվում էր խաղադաշտում ավելի թարմ տեսք պետք է ունենան «Միլանի» ֆուտբոլիստները, որոնք 5 անընդմեջ հաղթանակ էին տարել, բայց հաշիվը բացեց «Ինտերը» և դա արեց արդեն 3-րդ րոպեին: Իվան Պերիշիչը աջ եզրից բարձր փոխանցում կատարեց դեպի հեռավոր անկյուն, Լաուտարո Մարտինեսն այնտեղից գլխով նրբագույն փոխանցում կատարեց և Մաթիաս Վեսինոյին այլ բան չմնաց, քան գնդակը դիմահար ուղարկել դարպասից ներս՝ 0-1:

«Միլանը» նետվեց կորցրածը ետ բերելու, պայքարը թեժ բնույթ կրեց, թիմերը չէին խնայում ո՛չ իրենց, ո՛չ մրցակցին: Սուսոն փորձեց անկյունայինից սրել իրավիճակը, Պակետան հեռահար հարված կատարեց, որը ետ մղեց Հանդանովիչը, իրար բախվեցին Բակայոկոն և Վեսինոն, որոնք քիչ մնաց վնասվածք ստանային: Քիչ անց դեղին քարտի արժանացավ Չալհանօղլուն, որը կոպիտ խաղաց Բրոզովիչի դեմ:

Խաղակեսի միջնամասում հաշիվը կարող էր կրկնապատկել նույն Վեսինոն: Գալյարդինին դաշտի կենտրոնում գնդակը խլեց մրցակցից, հասցեագրեց դեպի աջ Դ՝Ամբրոզիոյին: Հետևեց փոխանցում դեպի տուգանային հրապարակ, բայց Դոնարուման առաջինը հասավ գնդակին:

Վեսինոն հերթական անգամ գոլի հեղինակ կարող էր դառնալ Բրոզովիչի փոխանցումից հետո, Դոնարուման նույնիսկ չշարժվեց տեղից, բայց հարված մի փոքր շեղ ստացվեց:

Պետք է նկատել, որ «Միլանի» ֆուտբոլիստները հաճախ պարտվում էին երկրորդ հարկում: Հենց դրա շնորհիվ էլ «Ինտերին» երկրորդ կեսի 51-րդ րոպեին հաջողվեց կրկնապատկել: Հոլանդացի դե Ֆրեյը գլխով հարված կատարեց ամենահեռավոր անկյունը, Դոնարուման ոգվեց ողջ հասակով մեկ, բայց չհասավ գնդակին՝ 0-2:

Մի քանի րոպե անց «Միլանը» կրճատեց հաշվի տարբերությունը: Չալհանօղլուն տուգանայինից գնդակը ուղարկեց տուգանային հրապարակ, որտեղ Բակայոկոն գլխի շատ ուժեղ հարվածով գրավեց դարպասը՝ 1-2:

«Միլանը» փոփոխություններ կատարեց, առաջ նետվեց փրկելու խաղը, բայց ինքը գոլ ընդունեց: Քիչ առաջ դաշտ մտած Կաստիլյեխոն առանց որևէ լուրջ պատճառի վայր գցեց Պոլիտանոյին, և մրցավար Մարկո Գուիդան, որը խառնաշփոթ իրադրությունում գրեթե ոտնատակ էր ընկել, վեր կացավ տեղից և սուլեց՝ 11 մետրանոց:

Գնդակին մոտեցավ Լաուտարո Մարտինեսը, որը Իկարդիի բացակայության պայմաններում հանձն է առել հարձակման առաջատարի դերը: Արգենտինացի հարձակվողը շատ անկյուն չհարվածեց, և Դոնարուման էլ կռահեց ուղղությունը, բայց հարվածն ուժեղ էր և դարպասը սլացավ դարպասապահի համար անհարմար բարձրության վրա՝ 1-3:

Եվ նորից «Միլանը» արագ կրճատեց հաշվի տարբերությունը: Սուսոն գնդակը կախեց տուգանային հրապարակի վրա, պայքարի բովում Գալյարդինին քիչ մնաց գնդակն ուղարկի սեփական դարպասը, Հանդանովիչը մի կերպ ետ մղեց այդ գնդակը, բայց վրա հասած Մուսակյոն մոտ տարածությունից գնդակահարեց դարպասը՝ 2-3:

Հանդիպման վերջնամասն ամբողջապես բաղկացած էր կրքերից և էմոցիաներից: Զգուշացվեցին Սուսոն, Վեսինոն, Կոնտին և Գալյարդինին, հեռացվեց «կապտասևերի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին:

Այս հաղթանակի շնորհիվ «Ինտերնացիոնալեն» շրջանցեց «Միլանին» մրցաշարային աղյուսակում և վերադարձավ 3-րդ տեղ:    

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան

 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP