Ընկերական խաղ

Թվում էր Եվրոպայի առաջնության ընտրական խաղերի նախաշեմին ընկերական խաղերը ստվերում կմնան: Սակայն Վալսբուրգում կայացած հանդիպումը ստացվեց ոչ պակաս դիտարժան և հետաքրքիր: Թիմերը պայքարում էին, գրոհում, հանդիսականները բազմաթիվ գոլային պահերի ականատես եղան և երկու գոլի:

Այս երկու հավաքականները իրենցից մեծ հետաքրքրություն էին ներկայացնում նաև կազմերի առումով: Յոահիմ Լյովը վերջերս հրաժարվել է հիմնական կազմի երեք ֆուտբոլիստներից, որոնք հավաքականի հենասյուն էին կազմում: Խոսքը Բոատենգի, Հյումելսի և Մյուլլերի մասին է, որոնք այսօր էլ բավական բարձրակարգ ֆուտբոլ են ցուցադրում: Իրենք ֆուտբոլիստները և ֆուտբոլային հասարակությունը թրերով ընդունեց այս որոշումը: Արդյո՞ք ճիշտ է Գերմանացի մարզիչը` ցույց կտա ժամանակը: Մի կողմից` նա հրաժարվել է ֆուտբոլիստներից, որոնք տարիքավոր են և մեկ ու կես տարի հետո հավանաբար ավելի խամրած խաղ կցուցադրեն: Սակայն մյուս կողմից, տակավին վերջերս, աշխարհի առաջնության նախաշեմին, Լյովը հրաժարվեց աշխարհի լավագույն հարձակվողներից մեկից, որ ուներ իր տրամադրության տակ, Լեռոյ Սանեից, նախապատվությունը տալով բավական գորշ ֆուտբոլիստի` Բրանդտին: Վերջին մրցաշարի ձախողումը ցույց տվեց, որ համբավավոր մասնագետը ոչ միշտ է ճիշտ:   

Սերբիայի հավաքականի դեպքում ավելի շատ հետաքրքրում էր այս թիմի խաղը: Հարավսլավացիները ոչ մի անգամ կազմի խնդիր չեն ունեցել, նրանց հավաքականի ֆուտբոլիստները միշտ խաղացել են եվրոպական հզոր ակումներում: Այնուհանդերձ սերբական ֆուտբոլը տեղատվության մեջ էր և պարտություն էր կրում նույնիսկ միջակ հավաքականներից: Այսօր Մլադեն Կրստայիչին կարծես հաջողվել է մարտունակ թիմ ստեղծել, որն օր օրի ուժեղանում է, բայց այդ ամենը հարկավոր էր ստուգել կոնկրետ գործի վրա, թեկուզ և ընկերական խաղի ընթացքում:

Գերմանական մեքենան խաղի հենց սկզբից սկսեց ահավոր ուժով ճնշել: Հատկապես ակտիվ էր Սանեն, որը փորձում էր անհատական անցումների շնորհիվ գոլային պահեր ստեղծել: Ինչ որ տեղ դա նրան հաջողվեց, բայց նրա հարվածը թույլ ստացվեց: Քիչ անց իր պահը կորցրեց նաև Հավերտցը: Սերբերը պատասխանեցին Լազովիչի անցումով և փոխանցումով, սակայն Կիմմիխը միջամտությունը լիցքաթափեց վտանգը: Շուտով սերբերը գոլ էլ խփեցին: Անկյունայինի փոխանցումից հետո Մաքսիմովիչը պայքարի մեջ մտավ Զյուլեի հետ, վերջինիս մեջքից գնդակն ընթացավ դեպի կենտրոնական հարձակվող Յովիչը, որը հրաշալի ցույց տվեց, թե ինչպես պետք է խաղալ գլխով, երբ գնդակն արագությունով այնքան էլ օժտված չէ: 0-1:   

Գերմանացիները նոր եռանդով գործի կպան: Գյունդողանը և Վերները խաղարկեցին գնդակը, բայց կորցրին իրենց հնարավորությունը: Հաջորդ պահը ստեղծվեց Մաքսիմովիչի սխալից հետո: Գյունդողանը գնդակն ուղարկեց Հավերտցին, վերջինս Վերներին, բայց գերմանացի հարձակվողի առաջն առավ դարպասապահ Դմիտրովիչը: Հաջորդն արդեն սերբերի պահն էր: Լազովիչն ու Յովիչը դուրս եկան չորս գերմանացի պաշտպանների դեմ, թվում էր Յովիչը կգրավի դարպասը, բայց պաշտպանը նրա ոտքերի տակից դուրս բերեց գնդակը: Իսկ երբ Կլոստերմանը գնդակը ետ գցեց Սանեին, ու Սանեն շատ ուժեղ հարվածեց, պարզվեց, որ դարպասապահն է ճիշտ իր տեղում կանգնած:

Խաղը շարունակվեց նման հետաքրքիր սցենարով մինչև խաղակեսի ավարտ: Երկու թիմերն էլ պահեր ունեցան, գերմանացիները` մի փոքր ավելի շատ:

Ընդմիջմանը Լյովը երկու փոփոխություն կատարեց: Նոյերի և Հավերտցի փոխարեն դաշտ դուրս եկան տեր Շտեգենը և Ռոյսը: Հենց Ռոյսն էլ իր վրա վերցրեց թիմակիցներին առաջ տանելու պարտականությունը, առայժմ ոչ այնքան հաջող:

Երկրորդ կեսում առաջին երկու պահերը ստեղծեցին սերբերը: Լազովիչը հարվածեց հարմար դիրքից, բայց նրա հարվածը բարձր ստացվեց: Յովիչը բարձր կարգ ցույց տվեց, խաբելով զորեղ մրցակցի ամբողջ պաշտպանությունը, բայց ի վերջո գնդակը նրանից խլեցին: Վերջապես հետևեց Ռոյսի հարվածը, որը նա կատարեց Սպայիչին խաբս տալուց հետո: Դիմիտրովիչը հրաշալի ցատկով փրկեց իր թիմին: Գերմանացիների հաջորդ գրոհը պետք է գոլով ավարտվեր, բայց նորից այդպիսի բան տեղի չունեցավ: Գյունդողանը ձախ թևից տուգանային հրապարակ ներխուժեց, անցավ անանցանելի թվացող Դմիտրովիչին ու հարվածեց դատարկ դարպասին: Սակայն պաշտպան Միլինկովիչը կայծակի պես իրեն նետեց դեպի գնդակը ու այն դուրս բերեց գծի վրայից:

Ընթացքում թիմերը փոփոխություններ էին կատարում: Իսկ հաշիվը գերմանացիները հավասարեցրին հանդիպման 69-րդ րոպեին: Գորեցկային վերջապես հաջողվեց տուգանային հրապարակից ուժեղ և դիպուկ հարվածել: Հարվածը կարելի է որակել զուտ որպես գերմանական: Դարպասապահ Դմիտրովիչի ցատկը որևէ օգուտ չտվեց` 1-1:

Մնացած ժամանակահատվածում գոլային պահեր ունեին միայն գերմանացիները: Ակնհայտ էր, որ սերբերը ցանկանում են միան պահպահնել հավասար արդյունքը: Ցավոք հարավսլավացիները դա արեցին անիմաստ կոպտության շնորհիվ: Վնասվածք ստացավ Կլոստերմանը և փոխարինվեց, քիչ մնաց նույն ճակատագրին արժանանար և Լեռոյ Սանեն:

Մարտական ոչ ոքի: Սերբերը ցույց տվեցին, որ բավական մարտունակ կոլեկտիվ են, իսկ գերմանացիները, թեև ժամանակ առ ժամանակ գերհզոր տեսք ունեին, դեռ ակնհայտ բացեր ունեն պաշտպանությունում, որոնք շտկելը այնքան էլ հեշտ չի լինի:

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP