Եվրոպայի 2020 ընտրական մրցաշար

Անգլիա 5-0 Չեխիա

1966 թվականին Անգլիայի հավաքականը աշխարհի չեմպիոն հռչակվեց և դա, առայժմ, հարաբերականորեն միակ հաջողությունն է, որը բրիտանացիները գրանցել են Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Ընդ որում անգլիացիներն ընտրական մրցաշարերում հիմնականում ջախջախիչ առավելության են հասել մրցակիցների նկատմամբ, բայց բուն առաջնություններում ձախողվել են, թեև միշտ գլխավոր հավակնորդների թվին են դասվել: Բացառություն կարելի է համարել Աշխարհի վերջին առաջնությունը, և հատկապես 1990 թվականի առաջնությունը, երբ Բոբի Ռոբսոնի սաները, Լինեկերի գլխավորությամբ, իսկապես կարող էին չեմպիոններ հռչակվել: Երկու դեպքում էլ  «մշուշոտ ալբիոնի» ներկայացուցիչները գրավեցին չորրորդ տեղը:

Այսօրվա Անգլիայի հավաքականը մի հզոր ուժ է՝ կազմված տաղանդավոր երիտասարդներից և արդեն իսկ հասուն ֆուտբոլիստներից, որոնք, հաջողությունների ծարավ են և կրկին անգամ Եվրոպայի չեմպիոններ դառնալու գլխավոր հավակնորդներից են: Համենայն դեպս կասկած չկա, որ նրանք այս անգամ ևս ցաք ու ցրիվ կտան ընտրական մրցաշարի իրենց բոլոր մրցակիցներին և մեծ առավելությամբ կգրավեն առաջին տեղը:

Անգլիայի հավաքականի զոհը դարձավ Չեխիայի հավաքականը, որը միջակ և ամուր հավաքականի համարում ունի: Ու եթե անգլիացիները կարող են պարծենալ իրենց չեմպիոնական միակ բարձունքով, ապա չեխերը նույն մրցաշարի երկու փոխչեմպիոնություններով, ինչպես նաև Եվրոպայի չեմպիոնությամբ և երրորդ տեղով: Ճիշտ է, նրանք այդ արել են, երբ սլովակների հետ ընդհանուր պետություն էին կազմում, սակայն դա բնավ չի փոքրացնում նրանց վաստակը:

Թիմերը տակտիկապես կանխատեսելի էին դասավորվել և այդ առումով ոչ մի անակնկալ չմատուցեցին: Անգլիացիներն ապավինել էին 4-3-3 մարտավարությանը, որը կարծես նորից սկսում է մոդոյի մեջ մտնել, իսկ չեխերը 4-2-3-1, ավելի ամրապնդելով հենակետային կիսապաշտպանի դիրքը, որը պետք է ասել, նրանց ոչ ոչ մի օգուտ չտվեց:

 Անգլիայի հավաքականը նոր աստղ ունի: Անունն է նրա Ջեյդոն Սանչո: 18-ամյա այս ֆուտբոլիստը, որը վրիպել է Գվարդիոլայի ուշադրությունից և այժմ փայլում է Դորտմունդի «Բորուսիայի» կազմում (26 խաղում 8 գոլ և 15 գոլային փոխանցում), խաղում է հարձակման աջ եզրում և կարծես մոտակա տասը տարում ոչ մի մրցակիչ չի հանդուրժի: Եթե գնահատելու լինենք նրա տաղանդը տվյալ տարիքում, ապա նա ակնհայտ գերազանցում է Մարսիալին և մի փոքր զիջում է Մբապպեին: Ու թեև հանդիպման գլխավոր գործող անձը հեթ-տրիկի հեղինակ դարձած Ստեռլինգն էր, պակաս ուշագրավ չէր և Սանչոն, որն ամբողջ խաղի ընթացքում խառնաշփոթ էր առաջացնում իր եզրում, անհամար փոխանցումներով մատակարարում մրցակցի տուգանայինում գտնվող խաղընկերներին, իսկ խաղադաշտի այլ հատվածներից գրոհների ծավալման դեպքում ինքն էր հնարամտորեն հարմարվում կենտրոնական հարձակվողի դիրքում:

Բուն խաղի մասին:    

Անգլիացիներն այնքան մեծ առավելությամբ սկսեցին խաղը, որ թվում էր դարպասապահ Պիկֆորդը միանգամայն ավելորդ է խաղադաշտում: Նա հավանաբար կմրսեր և հարբուխով կհիվանդանար, եթե այդ օրն ավելի ցուրտ եղանակ լիներ:

Չեխերի պաշտպանների գործը դժվարանում էր նրանով, որ Ստեռլինգը, Քեյնը և Սանչոն փոխվում էին տեղերով: Եվ ինչպես Ստռլինգն ու Սանչոն էին իրենց հոյակապ զգում հակադարձ եզրերում և կենտրոնում, այնպես էլ Քեյնն էր հաճույքով անցումներ կատարում եզրերից:

Հանդիպման 17-րդ րոպեին վնասվածք ստացավ Դայերը, նրան փոխարինած Բարքլիի դաշտ մտնելուց հետո էլ հենց անգլիացիների գրոհներն անկասելի դարձան:

Ջայդոն Սանչոն հավաքականի կազմում իր մեկնարկային մուտքը սկսեց գոլային փոխանցումով: Անգլիացի վունդերկինդը մեծ արագությամբ սլացավ իր եզրով և սուր փոխանցում կատարեց, որը մի փոքր ուժեղ էր թվում: Եվ եթե Ստեռլինգի փոխարեն մեկ այլ ֆուտբոլիստ լիներ, անկասկած չէր հասնի գտդակին: Իսկ ահա Ռահիմի ոտքը կարծես երկարեց ամբողջ 30 սանտիմետրով, կամ նույնիսկ կես մետրով և նա գոլ խփեց նույն կայծակնային արագությամբ, ինչ Սանչոն սկսել էր այն՝ 1-0: 

Չեխերն անօգնական էին և փորձում էին հաջողության հասնել հեռահար հարվածների և ստանդարտ դիրքերի օգնությամբ: Նրանց բոլոր փորձերն ապարդյուն անցան:

Երկրորդ գոլն անգլիացիները խփեցին առաջին խաղակեսի ավելացված ժամանակում: Չելյուստկան վայր գցեց Ստեռլինգին, պորտուգալացի մրցավար Արթուր Դիաշը մի պահ տատանվեց, բայց այնուամենայնիվ 11 մետրանոց նշանակեց: Գնդակին մոտեցավ Քեյնը և հարվածեց ամբողջ ուժով: Դարպասապահ Պավլյոնկան գուշակեց հարվածի ուղղությունը, նույնիսկ հասավ գնդակին, բայց Քեյնի հարվածն այնքան ուժեղ էր, որ գոլ կգրանցվեր մինչև անգամ այն դեպքում, եթե հարվածի առաջը կանգնած լիներ ոչ միայն դարպասապահը, այլ ամբողջ Չեխիայի հավաքականը՝ 2-0:

Երկրորդ խաղակեսը մի փոքր ակտիվ սկսեցին չեխերը, որոնք վերջապես անհանգստացրին Պիկֆորդին: 51-րդ րոպեին Սոուչեկի գլխով հարվածը շեղ ստացվեց, իսկ 54-րդ րոպեին, երբ դարպասին սպառնաց Պավելկան, դարպասապահը փրկեց իր թիմին:

Սկզբունքորեն դա այն առավելագույնն էր, ինչին չեխերն ընդունակ գտնվեցին այդ խաղում: Խաղի վերջնամասում սլավոնները միանգամայն թևաթափ էին եղած և ծայրահեղ անվստահ էին գործում:

Գոլերի հաշիվը պետք է բացեր Սանչոն, բայց նրա հարվածն իրենց վրա ընդունեցին չեխ պաշտպանները: Հաջորդ դրվագում նրանց այդ անել չհաջողվեց: Ստեռլինգը Ալլիից փոխանցում ստացավ, չեխերը գերջանքերի գնով փակեցին աջ հարվածի գոտին, բայց հարձակվողը ճարպկորեն մյուս կողմի շուռ եկավ և ձախ ոտքով գրավեց դարպասի հեռավոր անկյունը: Դարպասապահ Պավլյոնկայի հուսահատ ցատկն անօգուտ էր՝ 3-0:

Իրենց 3-րդ և 4-րդ գոլերն անգլիացիները խփեցին պաշտպանվող չեխերի անմիջական մասնակցությամբ: Առաջին դեպքում Ստեռլինգի հարվածից հետո գնդակը դիպավ պաշտպանի մեջքին և հայտնվեց դարպասում (գոլը գրանցվեց անգլիացու հաշվին), իսկ երկրորդում Հադսոն-Օդոիի հարվածից հետո Պավլյոնկան գնդակը ետ մղեց, բայց շփոթության մեջ գտնվող Կալասը անզուշորեն գրավեց սեփական դարպասի անկյունը: Ընդ որում նրան ոչ ոք չէր խանգարում և նա շատ հանգիստ գնդակը կարող էր դուրս բերել անկյունային:

Հաշիվը կարող էր ավելի մեծ լինել, մրցավարի սուլոցը վերջ տվեց մղձավանջին, որի մեջ գտնվում էին չեխերը և վստահ հաղթանակ պարգևեց անգլիացիներին:

Այս հանդիպման ընթացքում Գարեթ Սաուտգեյթը փորձարկեց երիտասարդ ֆուտբոլիստներ Դեկլան Ռայսին և Կալլում Հադսոն-Օդոիին, որոնք ամենալավ տպավորություն թողեցին:

Չեխերը ոչ մի բանով աչքի չընկան, բայց մրցաշարը նոր է մեկնարկել և նրանք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու հավակնորդներ են համարվում:

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP