Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բարսելոն» 2-0 «Ատլետիկո»  

Այս խաղում որոշվելու էր, արդյո՞ք պայքար կլինի չեմպիոնության համար, թե ոչ: Ընդ որում հյուրերի շանսերը բավական բարձր էին գնահատվում: Բանն այն է, որ «Բարսելոն» -ը մի քանի օրից Չեմպիոնների Լիգայում ծանր խաղ է անցկացնելու «Մանչեսթր Յունայթեդ» -ի հետ, մինչդեռ «Ատլետիկո» -ն ձերբազատված է տվյալ մրցաշարի ծանրաբեռնվածությունից: Մայրաքաղաքի թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, որն ասում են ավելի շատ է վաստակում, քան նույնիսկ Պեպ Գվարդիոլան «Մանչեսթր Սիթի» -ում , հենց սկզբից ցույց տվեց, որ մտադիր է ճակատամարտ տալ, ու իրեն երեք միավորից բացի ուրիշ ոչինչ չի հետաքրքրում: Սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է հաջողություն: Ֆուտբոլային աստվածներն այդ օրը «Ատլետիկո» -ի կողմը չէին:

 

Ավելին քան վստահ լինելով իր հենակետային գոտու ամրությանը, Էռնեստո Վալվերդեն իր թիմը խաղադաշտում դասավորել էր 4-3-3 սխեմայով: Դարպասին Տեր Շտեգենը, պաշտպանության կենտրոնում Պիկեն և Լանգլեն, եզրերում Խորդի Ալբան և Սերխի Ռոբերտոն: Կիսապաշտպանության կենտրոնում՝ Բուսկետսը, նրանից քիչ աջ ու ձախ՝ Ռակիտիչը և Արթուրը: Հարձակողական եռյակն առանց մեկնաբանության - Մեսսի, Սուարես, Կոուտինյո

Դիեգո Սիմեոնեն խաղում էր ավելի հագեցած կիսապաշտպանությունով՝ 4-4-2 սխեմայով: Դարպասին՝ Օբլակը, պաշտպանության կենտրոնում Գոդինը և Խիմենեսը, եզրերում Արիասը և Ֆելիպե Լուիսը: Կիսապաշտպանությունը մի փոքր արտասովոր տեսք ուներ: Ավելի ստեղծագործ Կոկեն և Սաուլը դիրքավորվել էին եզրերում, իսկ կենտրոնը զբաղեցրել էին եռանդուն Թոմասը և հենակետային նոր ծագող աստղը՝ 22 ամյա Ռոդրիգոն: Վերջինիս մասին ասում են, որ նա նոր Բուսկետս է իսպանական ֆուտբոլում: Առջևի գիծը նույնպես ավելի հարձակողական էր: Գրիզմանը խաղում էր ոչ թե ենթահարձակվողի գոտում, ինչպես սովորաբար, այլ Դիեգո Կոստայի հետ կողք-կողքի: 

Առաջին իսկ րոպեներից թիմերը ցույց տվեցին, որ զուր տեղը չեն լավագույնները համարվում Իսպանիայում: Դաշտի տերերից իր եզրում սուր անցում կատարեց Խորդի Ալբան, հյուրերը պատասխանեցին Խիմենեսի հեռահար հարվածով: Այնուհետը խաղը հանդարտվեց: Եվ միայն 9-րդ րոպեին Դիեգո Կոստան գլխով հարվածեց դարպասին, որը բարձր ստացվեց: 

14-րդ րոպեին «Բարսելոն» -ը ռեալ գոլային պահ ստեղծեց: Հանճարեղ փոխանցում կատարեց Լիոնել ՄԵսսին, որը անմեղ իրադրությունում Խորդի Ալբային մեն-մենակ դուրս բերեց դարպասապահի հետ: Կատալոնացիների ձախ պաշտպանը վատ չհարվածեց, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին և ետ անդրադառնալով հայտնվեց Օբլակի ձեռքերի մեջ: Քիչ անց Դիեգո Կոստան հարվածային դիրք դուրս բերեց Արիասին, սակայն աջ պաշտպանի հարվածի առաջը փակեցին պաշտպանները: 

Չանդրադառնալով բոլոր պահերին՝ նշենք, որ թիմերը լավ վերահսկում էին գնդակը և ձգտում էին սրություն մտցնել խաղում: Ընդ որում «Ատլետիկո» -ն ոչ մի բանով չէր զիջում «Բարսելոն» -ին և այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ դեռ պայքարելու է հաղթանակի համար: Իսկ երբ կասկածի տակ էր առնվում հյուրերի պաշտպանների հուսալի խաղը, հուսալի խաղով փայլում էր դարպասապահ Օբլակը, որն այդ օրը ավելին քան համոզիչ ապացուցեց, որ աշխարհի 2-3 լավագույն դարպասապահներից մեկն է:   

Բայց հենց այստեղ ճակատագրի անիվը կտրուկ փոխեց իր ընթացքը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 27-րդ րոպեին Թոմասը կոպիտ խաղի համար դեղին քարտ ստացավ:  Մեկ րոպե անց Դիեգո Կոստան գտավ, որ խաղային իրադրությունում իր հետ նույն կերպ են վարվել և մրցավարի լռող սուլիչի պայմաններում վազեց վերջինիս կողմը, որպեսզի երեսին ասի այն ամենը, ինչ մտածում է նրա մասին: Թե ինչ է ի վերջո մրցավարին ասել սանձարձակ բրազիլացին, ֆուտբոլային աղբյուրներն առայժմ լռում են: Փաստ է, սակայն, որ մրցավար Մանսանոն անվարան դուրս վռնդեց նրան դաշտից: Սակայն «Ատլետիկո» -ի հարձակվողից այդքան հեշտ չես ազատվի: Դիեգո Կոստան էլ ավելի փրփրեց, նրան օգնության հասան Խիմենեսը և Դիեգո Գոդինը, որոնց ակտիվ միջամտությունը նրանց մեկական դեղին քարտ արժեցավ: Մոլեգնած Դիեգո Կոստային ի վերջո կարողացավ հանգստացնել հակառակորդ թիմի պաշտպան Ժերար Պիկեն, որը ձեռքով փակեց նրա բերանը, որպեսզի այլևս հիմարություններ դուրս չտա և ընկերավարի գրկած դուրս ուղեկցեց դաշտից:   

Դիեգո Սիմեոնեն շփոթված և հուսահատված էր երևում, բայց նրա կատարած գործողություններն ավելի շուտ խոսում էին նրա վճռականության մասին: Արգենտինացի մասնագետը խաղադաշտից դուրս բերեց Արիասին, փոխարդենը դաշտ մտցնելով Կոռեային, որը տեղավորվեց Գրիզմանի կողքին, իսկ Թոմասը ետ նահանջեց աջ պաշտպանի գոտի: «Ատլետիկո» -ն սկսեց խաղալ 4-3-2 դասավորվածությամբ: Ցույց տալով, որ իրենց «քարից քամված» ոչ ոքի պետք չէ, և որ իրենք պայքարելու են միայն հաղթանակի համար, «Ատլետիկո» -ն շարունակեց խաղալ նույն նպատակասլացությամբ:     

Նման իրավիճակում «Բարսելոն» -ը իրեն դրսևորեց որպես փորձառու թիմ և գլխապատառ չնետվեց առաջ, ինչպես նրանից շատերը սպասում էին: Այնուհանդերձ գոլային պահերը ստեղծվում էին հենց «Ատլետիկո» -ի դարպասին: Գոդինի սխալ փոխանցումից հետո Սուարեսը քիչ մնաց շրջանցի Օբլակին և գրավի դարպասը, իսկ խաղակեսի ավարտին կարող էր աչքի ընկնել Մեսսին: Պետք է նկատել, որ մայրաքաղաքի ֆուտբոլիստների վառ խաղը հետզհետե խամրեց: Նրանք գնալով դժվարությամբ էին անցնում հակառակորդի կիսադաշտ:  

Երկրորդ կեսն ավելի ակտիվ սկսեց «Ատլետիկո» -ն, բայց իր փոքր խաղային դրվագները չկարողացավ գոլի վերածել: «Բարսելոն» -ը առաջվա պես չէր ավելացնում ճնշումը, այնուհանդերձ աստիճանաբար տիրեց նախաձեռնությանը: Կատալոնացիները պարբերաբար գոլային պահեր էին ստեղծում: Իր նշանավոր անցումներով վերջապես սկսեց փայլել Լիոնել Մեսսին:   

Դարպասապահ Օբլակը շարունակում էր հրաշքներ գործել դարպասում, նա մի քանի անգամ չեզոքացրեց ռեալ գոլային պահերը: Նման իրավիճակում Սիմեոնեն ևս մեկ տարօրինակ փոփոխություն կատարեց: Ֆելիպե Լուիսի փոխարեն դաշտ մտավ Մորատան, գործելով հարձակման սուր ծայրում, Կոռեան և Գրիզմանը մի փոքր ետ նահանջեցին, իսկ ձախ պաշտպանի դիրքը փակեց Սաուլը: Վալվերդեն պատասխանեց Արթուրի փոխարեն Մալկոլմին դաշտ մտցնելով:  

Հիմքերից սասանված «Ատլետիկո» -ն կարողանում էր առավելագույնս քաղել իրադրությունից և դրվագներից մեկում տուգանայինի իրավունք ստացավ վտանգավոր գոտում: Սակայն Գրիզմանի ուժեղ հարվածն ընթացավ ուղիղ դեպի դարպասապահը: Մյուս պահում տուգանային հրապարակում միաժամանակ վեր ցատկեցին Գոդինը և Խիմենեսը և խանգարեցին իրար: Եթե հարվածեր նրանցից մեկը՝ կարող էր գոլ գրանցվել: Այնուհանդերձ նման արկածախնդիր ֆուտբոլը չէր կարող իր թույլ կողմերը չունենալ և այն էլ «Բարսելոն» -ի հետ խաղում:  Օբլակը, ճիշտ է, ևս մեկ անգամ փրկեց իր թիմին, նախ ետ մղելով ՄԵսսիի, ապա Մալկոլմի հարվածները: Սակայն այդ օրը նրան սահմանված էր ոչ թե հերոսանալ այլ նահատակվել: 

Խաղի ավարտին շատ քիչ ժամանակ էր մնացել, թվում էր մի փոքր ու «Ատլետիկո» -ն պատվաբեր միավոր կտանից Կատալոնիայի մայրաքաղաքից:  Սակայն 85-րդ րոպեին Սուարեսը փոխանցում ստացավ Խորդի Ալբայից և գնդակը պտտեցրեց դեպի հեռավոր անկյունը: Օբլակը ձգվեց ամբողջ հասակով, բայց չհասավ գնդակին, այն դիպչելով դարպասաձողին հայտնվեց դարպասում՝ 1-0

Երկու րոպե անց իր վարպետությամբ փայլեց Լիոնել ՄԵսսին: Արգենտինացի գերաստղը ներխուժեց տուգանային հրապարակ, նրա ոտքերի տակ անձնազոհաբար նետվեց Խիմենեսը և խլեց գնդակը, բայց չափից ավելի մեծ եռանդ ցուցաբերած պաշտպանը չկարողացավ վերջնականապես տիրել գնդակին, այն կրկին հայտնվեց Մեսսիի մոտ, որը հնարամիտ խաբքով գետնին պառկեցրեց Գոդինին և հակառակ շարժման վրա բռնացրեց Օբլակին՝ 2-0:  

Խաղադաշտում այլևս հետաքրքիր իրադարձություններ տեղի չունեցան: «Բարսելոն» -ը վստահ հաղթանակ տարավ և հավանաբար չեմպիոն կդառնա առանց որևէ մրցակցության: «Ատլետիկո»Մադրիդի «Ռոալի» -ի հետ կպայքարի 2-րդ տեղի համար: 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան   


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP