Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Էվերտոն» 1-0 «Արսենալ»

«Արսենալ» -ը սովորաբար հաջող է խաղում «Էվերտոն» -ի դեմ և Ունաի Էմերին հույս ուներ հաղթանակ տանել: Մանավանդ այն չափազանց անհրաժեշտ էր «թնդանոթաձիգներին»,  որոնք հաջողության դեպքում կարող էին վերադառնալ 3-րդ հորիզոնական: «Էվերտոն» -ն այս մրցաշրջանում ոչ մի բանի համար չի պայքարում, բայց թիմը խաղը կայունացնելու խնդիր ունի: Լիվերպուլցիները, «մեծ վեցնյակ»-ը չհաշված, ամենաուժեղ կազմը ունեն Պրեմյեր Լիգայում և նրանց երկրպագուները իրավունք ունեն ավելին պահանջել իրենց թիմից: 

Էմերին իր թիմը դասավորել էր 3-4-2 սխեմայով, ինչը որոշակիորեն վտանգավոր է ուժեղ մրցակցի դեմ խաղում: Դարպասին Լենոն, պաշտպանությունում Սոկրատիսը, Մուստաֆին և Մոնրեալը: Պաշտպանության աջ եզրում համարժեք փոխարինող չունենալով ծանր վնասվածք ստացած Բելյերինին, Էմերին այս թևը վստահել էր Մեյթլենդ-Նայլսին, իսկ ձախից, սովորականի, Կոլաշինացը: Կիսապաշտպանության կենտրոնում իրար կողքի խաղում էին  երիտասարդ Գենդուզին, որը կարողանում է լավ պահել գնդակը և եգիպտացի Էլ-Նենին, որը լավ խլում է գնդակը մրցակիցներից: Առջևում գործում էին Օզիլը և Մխիթարյանը, իսկ հարձակման սուր ծայրին՝ Լակազեթը:  

«Էվերտոն» -ի մարզիչ Մարկո Սիլվան ապավինել էր 4-2-3-1 սխեմային և բավական պատկառելի կազմ էր դուրս բերել խաղադաշտ: Դարպասը պաշտպանում էր  Պիկֆորդը, պաշտպանության կենտրոնն ամրացնում էին Զուման և Յագելկան, իսկ եզրերից խաղում էին Դինը և Քոուլմենը: Լիվերպուլցիների երկու հենակետայինները Գույեն և Գոմեշն էին, որոնց առջև դասավորվել էր Բեռնարդ, Սիգուրդսսոն, Ռիչարլիսոն զորեղ եռյակը, որը մեծ աջակցություն էր ցուցաբերում առջևում տեղ գտած Կալվերտ-Լյուինին: Ինչպես տեսնում ենք «Էվերտոն» -ի կազմում խաղում են ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս Անգլիայի, Բրազիլիայի, Իսլանդիայի, Պարտուգալիայի հավաքականներում, իսկ Դինը և Գոմեշը ոչ վաղ անցյալում խաղացել են «Բարսելոն» -ի հիմնական կազմում: 

 Խաղի հենց սկզբից պարզ դարձավ, որ «Էվերտոն» -ի ֆուտբոլիստներն անհամեմատ սուր են գործում: Թիմերն ամբողջ դաշտով մեկ դաժան պայքար էին մղում, որի մեջ ավելի համառ էին թվում տանտերերը: Սկսած «ճստիկ» Բեռնարից, վերջացրած հսկա Ռիչարլիսոոնով, «Էվերտոն» -ի ֆուտբոլիստները պայքարում էին ամեն մի կրնկաչափ տարածքի համար և ի վերջո վարձատրվեցին ցուցաբերած եռանդի դիմաց: «Արսենալ» -ի ֆուտբոլիստները դժվարությամբ էին դիմակայում «Էվերտոն» -ի ուժային գրոհները: Դրվագներից մեկում Գենդուզիին միայն դեղին քարտի գնով հաջողվեց կանգնեցնել Բեռնարին

Խաղի 10-րդ րոպեին հաշիվը բացվեց: Դինը եզրային գծից գնդակը այնպես մտցրեց խաղի մեջ, կարծես անկյունային էր իրացնում: Արդյունքում «Արսենալ» - ի տուգանային հրապարակում պայքար ծավալվեց՝ տարերայնորեն վերածվելով խառնաշփոթի, որտեղ ավելի լավ կողմնորոշվեց Յագելկան և գնդակը ոտքով հրեց դարպասից ներս՝ 1-0: 

«Արսենալ» -ն իհարկե դեմ չէր լինի փոխել իրերի նման դասավորվածությունը, բայց ակնհայտորեն չգիտեր, թե ինչպես պետք է դա անել: Ֆուտբոլիստներն իրար լավ չէին հասկանում և դա հատկապես վերաբերվում էր Մխիթարյանի հետ աջ եզրում համագործակցող Մեյթլենդ-Նայլսին: Եվ ընդհանրապես, այդ օրը կարծես «Արսենալ» -ի փոխարեն ուրիշ թիմ էր խաղում «Գուդիսոն Պարկ» -ում: 

Փոխարենը շարունակում էր անչափ լավ հանդես գալ «Էվերտոն» -ը: Դրվագներից մեկում դեղին քարտ ստացավ Սոկրատիսը, որը չկարողանալով Ռիչարլիսոնի առաջն առնել, պարզապես ընթացքից «հնձեց» նրան: 

«Արսենալ» -ի անտպավորիչ խաղը շարունակվեց մինչև ընդմիջում: Նյարդայնացած Էմերին հավանաբար հույս ուներ հորդորների միջոցով կերպարանափոխել իր ֆուտբոլիստներին: 

 Սակայն երկրորդ կեսը ոչնչով չէր տարբերվում առաջինից: Թերևս թիմերը խաղում էին ավելի բաց և հարձակողական ֆուտբոլ: Գնդակին ավելի շատ տիրում էր «Արսենալ» -ը, սակայն «Էվերտոն» -ը գոլային պահերով բացահայտ առավելություն ուներ: Այս խաղում լիվերպուլցիները պետք է գոլ խփեին առնվազն երեք կամ չորս անգամ, բայց նրանց գործողություններում չէր բավականացնում նպատակասլացությունը:

60-րդ րոպեին անխոնջ Բեռնարը դուրս եկավ Լենոյի դեպ, բայց դարպասապահը չեզոքացրեց վտանգը: Քիչ անց հեռահար հարվածի դիմեց Սիգուրդսսոնը՝ գնդակն անցավ բարձրից: Գոլ կարող էր խփել Ռիչարլիսոնը, նրա հարվածը չստացվեց, նույն բանը կարելի է ասել և Կալվերտ Լյուինի մասին: 

«Արսենալ» -ի ամենառեալ գոլային պահն ունեցավ Հենրիխ Մխիթարյանը, որը հենց ինքը էլ ստեղծեց այն: Հայ կիսապաշտպանը ձախ եզրում ընդունեց գնդակը, անարգել շարժվեց կենտրոն և գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը: Ցավոք աննշան շեղ: 

Խաղի մնացած հատվածում գոլային պահեր ուներ միայն «Էվերտոն» -ը: Դարպասապահ Լենոն աշխատում էր քափ քրտինքի մեջ: Նա ետ էր մղում բոլոր կողմերից հասցված հարվածները, իսկ դրվագներից մեկում հերոսաբար չեզոքացրեց իր առաջ մեն մենակ դուրս եկած Բեռնարի վտանգը: 

Որոշ դեպքերում ծայրահեղ անհաջող էին գործում լիվերպուլցիները: Հատկապես աններելի վրիպում թույլ տվեց Ռիչարլիսոնը, որը բոլորին ցույց տվեց, թե հիմա ուժեղ հարվածով կգնդակահարի հակառակորդի դարպասը, բայց անչափ թույլ և անչափ շեղ հարվածեց: Սրանք «Էվերտոն» -ի միակ պահերը չէին, մինչդեռ «Արսենալ» -ը այդպես էլ չկարողացավ վերակենդանանալ: 

Մրցավար Քևին Ֆրենդի սուլիչը ազդարարեց մղձավանջի ավարտը, որի մեջ «Արսենալ» -ը հայտնվել էր: «Էվերտոն» -ը ցնծում էր հաղթանակից հետո: Ուրախությունը հատկապես չէր թաքցնում լիվերպուլցիների մարզիչ Մարկո Սիլվան, որը քաղաքավարի և ջերմ շնորհավորանքների արժանացավ Ունաի Էմերիի կողմից: 

«Արսենալ»«Տոտտենհեմ» -ի, «Չելսի»-ի և «Մանչեսթր Յունայթեդ» -ի հետ պայքարում է 3-րդ և 4-րդ տեղերի համար: «Էվերտոն» -ը բարձր նպատակների համար պայքարին կարող է միջամտել լավագույնը հաջորդ մրցաշրջանում:

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP