Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Ռեալ» Մադրիդ 2-1«Էյբար»

Չնայած այն բանին, որ առաջին շրջանում «Էյբար»-ը ջախջախել էր «Ռեալ»-ին, այս խաղում նրանից ոչ մեկը այսքան ուժեղ դիմադրության չէր սպասում։ Մինչդեռ, տեղ-տեղ, մանավանդ 0-1 հաշվի ժամանակ, այնպիսի տպավորություն էր, որ հյուրերը շուտով երկրորդ գնդակը կխփեն։ «Էյբար»-ը շարունակում է բասկյան թիմերի համառ մրցակից լինելու տպավորիչ ավանդությունը։ Ինչպես և Բիլբաոյի «Ատլետիկ»-ը, Սան Սեբաստյանի «Ռեալ Սոսյեդադ»-ը և նույնիսկ համեստ «Ալավես»-ը, որն իր կարճ ֆուտբոլային պատմության մեջ հասցրել է ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ դուրս գալ և լրացուցիչ ժամանակում զիջել է հանրահայտ «Լիվերպուլ»-ին «Էյբար»-ը բավական հաստատուն մուտք ունեցավ իսպանական ուժեղագույնների լիգա, և

իր հանդուգն կեցվածքով ցույց է տալիս, որ ոչ թե աղյուսակի վերջնամասում է քարշ գալու, այլ ավելի շուտ ուժեղագույնների գործերին է խառնվելու։ 

Կապված այն բանի հետ, որ Զինեդին Զիդանը նոր է գլխավորել «Ռեալ»-ը, նրա նկատմամբ պահանջներն առայժմ խիստ չեն։ Զիդանի գլխավորությամբ «Ռեալ»-ը հաղթել է համեստ «Ուեսկա»-յին, պարտվել պատվախնդիր «Վալենսիա»-յին և տիտղոսների համար լրջորեն կկարողանա պայքարել հաջորդ մրցաշրջանում միայն։ Ամեն դեպքում անչափ հետաքրքիր էր տեսնել, թե ֆրանսիացի մասնագետի գլխավորած թիմն այսօ՛ր ինչ ֆուտբոլ կխաղա և ինչ արդյունք կգրանցի ։       

Ինչպես և իր տիտղոսակիր կոլեգաներից շատերը` Զիդանը ևս նախապատվությունը տվել էր 4-3-3 սխեմային, դաշտ դուրս բերելով բավականին փորձարարական կազմ: Դարպասին Կեյլոր Նավասը, պաշտպանության կենտրոնում Վարանը և Նաճոն, եզրերում Օդրիոսոլան և Ռեգիլոնը: Կիսապաշտպանությունում կենտրոնականի կարևոր դերը վստահվել էր երիտասարդ Վալվերդեին, որի կողքին տեղ էին գտել Մոդրիչը և Իսկոն: Հարձակողական եռյակում այս անգամ տեղ էր գտնվել Բեյլի համար, որը միշտ չէ, որ խաղում է հիմնական կազմում: Ճիշտ է, Զիդանը նրան վստահել էր ոչ թե ձախ, այլ աջ եզրը: Կենտրոնում` ինչպես միշտ, Բենզեման էր, ձախ եզրում` Ասենսիոն

«Էյբար»-ում մեծ անուններ ճկան, այս թիմը դաշտում դասավորվել էր 4-1-4-1 չափազանց անսովոր սխեմայով: Դարպասին Դիմիտրովիչը, պաշտպանությունում` Կոտե, Ռամիս, Օլիվեյրա, դե Բլասիս, հենակետային` Ալվարես, կիսապաշտպաններ` Կուրկուրելյա, Խորդան, Էսկալանտե, Կարդոնա, հարձակվող` Էնրիչ:  

 

Թիմերն անշտապ սկսեցին խաղը, ասես նախօրոք գիտեին, որ հիմնական իրադարձությունները հետո են ծավալվելու: «Ռեալ» -ը ձգտում էր առավելություն ստանալ և նույնիսկ գոլ խփեց, բայց մրցավար Գոնսալես Ֆուերտեսը «խաղից դուրս» իրավիճակ արձանագրեց Բենզեմայի մոտ: Քիչ անց Իսկոն հարվածի դուրս բերեց Բեյլին, սակայն այս դեպքում էլ հաջող խաղաց դարպասապահ Դմիտրովիչը: «Էյբար» -ը էֆեկտիվ հակագրոհում էր, ուշագրավ էր Կուկուրելյայի անցումը: 

Խաղակեսի միջնամասում խաղն իսպառ հանդարտվեց: Տեսնելով, որ գրոհները արդյունք չեն տալիս, դաշտի տերերը դադար առան, որպեսզի հյուրերին «բռնացնեն» սխալի վրա: «Էյբար»-ին նման խաղը ձեռք էր տալիս: Վտանգը նրա դարպասից հեռու էր. «Ռեալ» -ի լայնակի խաղարկումները կատարվում էին դաշտի միջնամասում: 

Լինելով չափազանց զգոն, խաղալով իր խաղը, «Էյբար» -ը խաղակեսի վերջնամասում կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Կուկուրելյան իր եզրից գրոհի հրավիրեց Էսկալանտեին, վերջինս սուր փոխանցում կատարեց դեպի տուգանային հրապարակ և դարպասապահի հետ մեն մենակ հայտնված Կարդոնան գրավեց դարպասը` 0-1:

Ոչ մեկի մտքով չէր անցնի, թե ինչքան ուրախ իրադարձություններ են սպասվում երկրորդ պաղակեսում: Եվ այդ բոլորով ֆուտբոլային հասարակությունը պարտական է մեկ մարդու` Քարիմ Բենզեմային: Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը գրեթե բոլոր դրվագներում ուշադրության կենտրոնում էր: Գոլեր էր խփում, անհավանական դիրքերից վրիպում էր, դարպասաձողերի ամրությունն էր ստուգում, հետո էլի գոլ էր խփում, որը մրցավարը չեղարկում էր` «խաղից դուրս» հայտարարելով նրան:  

Թերևս սխալված կլինենք ասելով, թե Բենզեման լավ է խաղում միայն այս տարի և այդ ամենը կապված է Կրիշտիանո Ռոնալդուի «Յուվենտուս» տեղափոխության հետ: Բենզեման միշտ էլ լավ է խաղացել: Հենց Բենզեմայի լավ խաղի արդյունքում է Ռոնալդուն խփել իր հարյուրավոր գոլերը, վերջինիս թողնելով ստվերում: Զինեդին Զիդանը բոլորից լավ էր հասկանում այդ և չնայած քննադատությունների հսկա ալիքին, երբեք չէր քննարկում Բենզեմայի «Ռեալ» -ից հեռանալու հարցը: 

Սակայն այդ ամենը դեռ հետո էր լինելու: Իսկ առայժմ, երկրորդ խաղակեսի սկզբին, «Էյբար»-ը միանգամայն վստահ տեսք ուներ: Բասկերը հուսալի փակել էին բոլոր տարածքները և շարունակում էին վտանգավոր գրոհել: 

Ամեն դեպքում, բասկերը զգացին, որ մադրիդցիների ճնշումը մեծանում է և միջոցներ ձեռք առան: «Էյբար»-ի գլխավոր մարզիչ Էնդիլիբարը Ռամիսի փոխարեն դաշտ դուրս բերեց Օրելյանային, բայց դա նրանց այնքան էլ չօգնեց:

Իր առաջին գոլը «Ռեալ» -ը խփեց «խաղից դուրս» վիճակից, որն աննշան էր: Սակայն դրվագի հերոսը, Քարիմ Բենզեման, քիչ անց հասավ իր ուզածին: Ասենսիոն ձախ եզրից անցում կատարեց, գնդակը շատ հարմար փոխանցեց տուգանային հրապարակ, որտեղ արաբական ծագումով ֆրանսիացին գլխի վարպետ հարվածով հավասարեցրեց հաշիվը` 1-1:

Վերստին հանդարտություն տիրեց, որին ինչ-որ ժամանակ հետո փոխարինելու էր գալու փոթորիկը: Թիմերը զգույշ էին գործում, հաճախ սխալվում էին, նրանց գործողություններում պակասում էր խելամտությունը և սրությունը: Մարզիչները սկսեցին փոփոխություններ կատարել, «Էյբար» -ի կազմում հայտնվեց Պենյան, «Ռեալ» -ի` Վասկեսը և Կրոսը: Վերջինս գրեթե անմիջապես մասնակցություն ունեցավ գոլային գրոհին: Կրոսը խաղարկեց գնդակը, փոխանցեց այն տուգանային, որտեղ Բենզեման մեկ անգամ ևս գլխով գրավեց դարպասը` 2-1

«Էյբար» -ը առաջ նետվեց փրկելու խաղը, որի շնորհիվ «Ռեալ» -ը սուր հակագրոհելու հնարավորություն ստացավ: Կարիք չկա այլևս երկրորդ անգամ կրկնելու, թե ով երեք անգամ հայտնվեց չափազանց նպաստավոր դիրքերում և երեք անգամ էլ ծիծաղելիորեն վրիպեց: Ընդ որում` երբ Բենզեմային հարվածի դուրս բերեց Լուկաս Վասկեսը և նա չկարողացավ գրավել դատարկ դարպասը, երկուսն էլ չդիմացան և համերաշխորեն ծիծաղեցին ամբողջ ֆուտբոլային հասարակության հետ միասին: 

«Ռեալ» -ը ոչ լավագույն կազմով հաղթեց և Մադրիդի «Ատլետիկո» -յի հետ կվիճարկի 2-րդ տեղը: «Էյբար»-ը աղյուսակի միջնամասում է: Սա վատ չէ մի քաղաքի թիմի համար, որն ընդմենը 27.000 բնակիչ ունի:

Հեղինակ` Արմեն Մալխասյան: 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP