Չեմպիոնների Լիգա, 1/4 եզրափակիչ  

«Լիվերպուլ» 2-0 «Պորտու» 

«Լիվերպուլ» -ը հինգ անգամ է տարել չեմպիոնների հավաթը, «Պորտու» -ն` երկու: Այդ ամենը եղել է վաղուց: «Լիվերպուլ»Բենիտեսի հետ է վերջին անգամ հաղթել տվյալ մրցաշարում, իսկ «Պորտու» -ն` այն ժամանակ դեռևս անհայտ և երիտասարդ Մոուրինյոյի: Ու թեև երկու թիմերն էլ լիահույս են այս խաղարկությունում նվաճել եվրոպական ֆուտբոլի գագաթնակետ հանդիսացող բարձունքը, ակնհայտ է, որ դա կարող է անել այս իմերից ամենաշատը մեկը: Ճիշտ է, ֆուտբոլային մասնագետները կարող են հակադարձել, որ պորտուգալական թիմն իր այս կազմով չի կարող այդքան բարձր նպատակի հավակնել: Սակայն և՛ 1987 -ին․ և՛ 2004 -ին «Պորտու» -ին նույնպես լուրջ չէին վերաբերվում։

 

Թիմերը կորուստներով էին մոտեցել հանդիպմանը, սակայն ոչ այն աստիճանի, որպեսզի գլխավոր մարզիչներ Յուրգեն Կլոպը և Սերժիո Կոնսեյսաոն կադրային սուր պակաս զգային։ Թիմերը ֆուտբոլային հասարակությանը ներկայացան բավական պատկառելի տեսքով և շատ լավ ֆուտբոլ ցուցադրեցին։ 

«Լիվերպուլ» -ն իր 4-3-3 դասավորվածության մեջ այս անգամ Վեյնալդումի փոխարեն դուրս էր բերել Կեյտային։ Իսկ պաշտպանությունում Վան Դեյկի կողքին վերջապես հաստատվել է մյուս կենտրոնական պաշտպանը՝ խորվաթ Լովրենը։  Թիմի կազմն այսպիսին էր - Դարպասապահ - Ալիսսոն Բեկկեր, պաշտպաններ - Ալեքսանդր-Առնոլդ, վան Դեյկ, Լովրեն, Միլներ, կիսապաշտպաններ - Կեյտա, Ֆաբինյո, Հենդերսոն, և հարձակվողներ - Սալահ, Ֆիրմինո, Մանե։ 

«Պորտու» -ն շարունակում է ապավինել ավելի պահպանողական 4-4-2 սխեմային։   Դարպասապահ - Կասիլյաս, պաշտպաններ - Տելլես, Միլիտաո, Ֆելիպե, Մաքսի Պեռեյրա, կիսապաշտպաններ - Օտավիո, Տոռես, Դանիլո, Կորոնա, և հարձակվողներ - Սոարեշ Մարեգա։ 

Այս կազմից ամենահայտնին Կասիլյասն է, բայց ավելորդ չէ նշել, որ պորտուգալացիներից Միլիտաոն Բրազիլիայի հավաքականի անդամ է, Տելլեսը, Ֆելիպեն և Դանիլոն նույնպես փորձել են  իրենց ուժերը, իսկ ահա Մաքսի Պեռեյրան Ուրուգվայի հավաքականի հնաբնակներից է և մի քանի աշխարհի առաջնությունների է մասնակցել։ Մյուսներից ուշադրության է արժանի Օտավիոն, որը մի քանի տարի առաջ Ալիսսոնի հետ խաղում էր բրազիլական «Ինտերնասյոնալ» -ում, մեքսիկացի Կորոնան, նույնպես հավաքականի ֆուտբոլիստ և Մարեգան, որը Ֆրանսիայում ծնված լինելով ընտրել է նախնիների երկրի՝ Մալիի հավաքականը։   

Խաղի սկիզբը ցույց տվեց, որ «Պարտու» -ի համար ոչ մի հեղինակություններ չկան  և այս թիմը որոշել է խաղալ ի՛ր ֆուտբոլը։ Առաջին իսկ րոպեին պորտուգալացիները փորձեցին ներխուժել տանտերերի տուգանային հրապարակ, իսկ մի քանի րապե անց դարպասին հարվածեց Մարեգան, որը շեղ ստացվեց։

«Լիվերպուլ» -ը միայն 5-րդ րոպեին հիշեց, որ ինքը կարգով ավելի բարձր թիմ է և հենց որ «միացրեց» արագություն և ուժ, անմիջապես հաջողության հասավ։ Ճիշտ է, անգլիացիների բախտը բերեց։ «Պարտու» -ն հստակ էր կազմակերպել պաշտպանությունը, բայց և գնդակ ընդունեց իր դարպասը։  Ահա թե ինչպես դա եղավ․․․ Մանեն ձախ եզրում ընդունեց գնդակը, երկու պաշտպանի արանքով այն հասցեագրեց տուգանային հրապարակ՝ Ֆիրմինոյին, իսկ վերջինս հարվածային դիրք դուրս բերեց Կեյտային, որն այդպիսի դիրքում միայն կարող էր ապավինել հարվածի ուժին և հենց այդպես էլ վարվեց։ Հենց այստեղ էլ տեղի ունեցավ «պորտուգալական» ողբերգությունը։ Կեյտայի ոտքերի տակ նետվեց Օլիվեր Տորրեսը և այնքան անհաջող շեղեց գնդակի ուղղությունը, որ դարպասապահ Կասիլյասը հայացքով միայն ուղեկցեց, թե այն ինչպես հայտնվեց իր դարպասի անկյունում՝ 1-0։   

Եվրոպական գավաթները ազգային առաջնություններ չեն, որտեղ երեք միավոր է բերում նույնիսկ խփված մեկ գնդակը։ Թիմերի միջև ծավալված դիմակայությունն ամփոփվում է երկու խաղի արդյունքով և սա «Լիվերպուլ»-ը շատ լավ հասկանում էր, ուստի և նետվեց ամրության պաշարն ավելացնելու։ 

«Լիվերպուլ» -ը կատաղի գրոհում էր, ճնշում էր գործադրում, իսկ գնդակի կորուստի դեպքում ամբողջ թիմով լծվում էր այն ետ վերադարձնելու աշխատանքին։ 

Պորտուգալացիները արժանավայել ընդունեցին մարտահրավերը, բայց Մարեգան և Սոարեշը մեծ դժվարությունների գնով կազմակերպեցին իրենց թիմի հակագրոհը, որի ավարտին գնդակը դիպավ Մարեգայի ոտքին և դուրս եկավ դաշտի սահմաններից։ 

Տանտերերի կազմում շատ ակտիվ էր Սալահը։ Եգիպտացին ամեն կերպ ձգտում էր աչքի ընկնել, երբեմն նույնիսկ ավելորդ եռանդ էր ցուցաբերում և խախտում էր խաղի կանոնները։ Նրա մի հարվածից հետո Կասիլյասը միայն երկրորդ փորձից հետո վերցրեց գնդակը։

Շատ որակյալ ֆուտբոլ էր ցուցադրում գոլի հեղինակ դարձած Կեյտան։ Կլոպն անկասկած չէր սխալվել նրա հարցում։  

Խաղակեսի միջնամասում «Պորտու» -ն հավասարեցրեց խաղը, բայց չար դիպվածի պատճառով քիչ մնաց ևս մեկ անգամ գնդակ ընդունի սեփական դարպասը։ Ասես հիշելով այն մասին, որ «Լիվերպուլ» -ն ակտիվորեն հետաքրքրվում է իրենով և ցանկանալով ապացուցել, թե ինպիսի հիանալի փոխանցումներ կարող է կատարել, «Պորտու»-ի կիսապաշտպան Օտավիոն գնդակը ետ գցեց և փաստացի Սալահին մեն մենակ դուրս բերեց դարպասապահ Կասիլյասի դեմ։ Իսպանացի լեգենդը ճիշտ ձևով դուրս եկավ տեղից, որքան հնարավոր էր փակեց դեպի դարպասը տանող ուղիները և արդյունքում Սալահի կատարած հարվածը աննշան շեղությամբ դուրս եկավ դիմային գծից։ 

26-րդ րոպեին «Լիվերպուլ» -ը խփեց երկրորդ գնդակը։ Ֆիրմինոն կենտրոնից սկսեց իր թիմի գրոհը, գնդակը փոխանցեց Հենդերսոնին և առաջ վազեց դիրքավորվելու։ «Լիվերպուլ» -ի ավագը հուսախաբ չարեց։ Հենդերսոնը գրոհին մասնակցելու հրավիրեց Ալեքսանդր-Առնոլդին, հետևեց երկայնակի փոխանցում դեպի դարպասապահի հրապարակ և «տեղ հասած» Ֆիրմինոն «աչքերը փակ» գնդակն ուղարկեց դատարկ դարպասը՝ 2-0։ 

«Լիվերպուլ» -ի ուեցած կարգը և ուժը «Պորտու» -ն ձգտում էր հակազդել խելամտությամբ և դա նրան մասամբ հաջողվում էր։ 30-րդ րոպեին Մարեգան ներքևից հարված կատարեց, բայց Ալիսսոն Բեկկերը ոտքով դուրս բերեց գնդակը։ «Պորտու» -ն անկյունայինի իրավունք ստացավ, քիչ անց հավակնում էր մինչև անգամ 11 մետրանոցի, բայց իսպանացի մրցավար Մատեո Լաոսը նույնիսկ կրկնապատկերը դիտելուց հետո նման որոշում չընդունեց։ Մինչդեռ գնդակը դիպել էր Ալեքսանդր-Առնոլդի ձեռքին։ 

Վիճելի դրվագն ավարտվեց անկյունայինով, որի խաղարկումից հետո Մարեգան ուժեղ հարված կատարեց, բայց ուղիղ դեպի դարպասապահ Ալիսսոնը։  

Խաղակեսի վերջնամասում թիմերը խաղում էին աշխույժ, գեղեցիկ ֆուտբոլ, բայց գոլային պահերն այնքան էլ շատ չէին։ Հաջողությանն ավելի մետ էին «Լիվերպուլ» -ի ֆուտբոլիստները։ 

Երկրորդ կեսի հենց սկզբում Մանեն գրավեց «Պորտու» -ի դարպասը, բայց մրցավարն արձանագրեց «խաղից դուրս» -վիճակ։ Կրկնապատկերը հաստատեց այն։ 

Երկրորդ կեսում թիիմերը շարունակում էին խաղալ որակյալ, գեղեցիկ ֆուտբոլ, բայց ռեալ գոլային պահերն անհամեմատ քիչ էին։ 

Հասկանալով, որ հյուրերի խփած մեկ գնդակը կարող է հաշիվը դարձնել վտանգավոր, «Լիվերպուլ» -ը տիրեց նախաձեռնությանը և «Պորտու» -ին սեղմեց իր դարպասին։ Պորտուգալացիները գնալով ավելի ու ավելի դժվարությամբ էին տեղափոխվում հակառակորդի կիսադաշտ, թեև սուր պահեր երբեմն կարողանում էին ստեղծել։ 

Թեև առավել հաճախ տալիս ենք Մարեգայի անունը, նրանից ոչ պակաս լավ խաղում էր և բրազիլացի Սոարեշը։ 

«Պորտու»-ն իր ռեալ գոլային պահը ստացավ բավական անսպասելիորեն։  Երկար փոխանցումից հետո Մարեգան կարողացավ ազատվել Լովրենից և հարվածել, բայց բայց անհարմար դիրքից բարձր հարվածեց։  

Մարզիչները փոփոխություններ կատարեցին իրենց կազմերում, բայց ամեն ինչ մնաց առաջվա պես։ Գեղեցիկ ֆուտբոլ, սուր պահեր և անփոփոխ հաշիվ։  «Լիվերպուլ» -ին ձեռք էր տալիս դեպքերի նման ընթացքը, «Պորտու» -ն շա կուզենար այն իր օգտին փոխել, բայց դա թույլ չէր տալիս նրա գեղինակավոր մրցակիցը։  

«Լիվերպուլ» -ը բավական հարմարավետ հաշվով կմեկնի պատասխան հանդիպմանը։ Անգլիական գրանդի բարձր կարգը թույլ է տալիս ենթադրել, որ նա ամենայն հավանականությամբ կանցնի կիսաեզրափակիչ։ Սակայն «Պորտու» -ն իր դաշտում միշտ ուժեղ ֆուտբոլ է խաղում և հավատարիմ երկրպագուների աջակցությամբ կարող է անակնկալ մատուցել, ինչպես այդ թիմն արել է բազմիցս, և բոլորից հաջող 1987 և 2004 թվականներին։

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան

 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP