Չեմպիոնների Լիգա, 1/4 եզրափակիչ

«Մանչեսթր Յունայթեդ» 0-1 «Բարսելոն» 

«Բարսելոն» -ը Մադրիդի «Ռեալ» -ից հետո Եվրոպայի ամենատիտղոսավոր ակումբն է: Կատալոնացիները չորսական անգամ հաղթել են ՈՒԵՖԱ-ի և Գավաթակիրների գավաթի խաղարկությունում, և հինգ անգամ լավագույնն են ճանաչվել Չեմպիոնների Լիգայի մրցաշարում (Նախկինում Տոնավաճառի գավաթ և Չեմպիոնների գավաթ, իսկ Գավաթակիրների գավաթի խաղարկությունը դադարեցվել է): 

«Մանչեսթր Յունայթեդ» -ի նվաճումներն ավելի համեստ են: Ի տարբերություն Անգլիայի առաջնության, որտեղ շնորհիվ ֆերգյուսոնական դարաշրջանի մանկունիացիները չեմպիոնական տիտղոսների թվով առաջ են անցել անհասանելի թվացող «Լիվերպուլ» -ից, եվրոպայում նրանք ընդամենը հինգ հաղթանակ ունեն, որից երեքը Չեմպիոնների Լիգա/գավաթ խաղարկությունում: Ճիշտ է, «Մանչեսթր Յունայթեդ» -ը առաջինն էր անգլիական թիմերից, ով եվրոպական չեմպիոնների մրցաշարում նման պատվի արժանացավ: Դա պատահեց հեռավոր 1968 թվականին, անմիջապես այն բանից հետո, երբ 1967 թվականին տվյալ մրցաշարում հաղթող ճանաչվեց շոտլանդական «Սելթիկ» -ը: 

Պատմությունը պատմություն, դա նույնպես շատ կարևոր է, բայց այդ մասին պետք է հետաքրքրվել ազատ ժամանակ, իսկ խաղերի օրը՝ առհասարակ մոռանալ: Իսկ քանի որ մեզ մոտ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ է և խաղում են աշխարհի ուժեղագույն թիմերից երկուսը, իսկը ժամանակն է պատմել խաղի մասին:  

Չնայած այն բանին, որ խաղը կայանում էր Մանչեսթրում, ավելի նախընտրելի էին համարվում «Բարսելոն» -ի հնարավորությունները: Անգլիացիները լուրջ կորուստներ ունեին: Պաշտպանությունում Բային, Վալենսիան և Դարմիանը և այն էլ այն դեպքում, երբ այդ գծում թիմը միայն միջակ ֆուտբոլիստներով է համալրված: Պարզապես կատաստրոֆիկ էր վիճակը հենակետայինի գոտում, որտեղ բացակայում էին Մատիչը և Էռերան: Չկար նաև Սանչեսը, որի օգնությունը նման պայմաններում իսկը տեղին կլիներ: Բացի այդ, երիտասարդ մարզիչ Սուլշերը դեռ չի թրծվել փորձությունների բովում և չնայած հաղթահարել է «Պարի Սեն Ժերմենի» -ի անհավանական արգելքը, մեծ մասամբ դա արել է դիպվածի շնորհիվ:  

«Բարսելոն» -ում վիճակը միանգամայն այլ է: Թիմը մրցակցությունից դուրս է սեփական առաջնությունում և բոլոր առումներով առավելություն ուներ «Մանչեսթր Յունայթեդ» -ի նկատմամբ: Վնասվածքները շատ չեն տանջում կատալոնացիներին, նրանց ավագ Լիոնել Մեսսին հիանալի մարզավիճակում է, թիմը կարող է հզոր կազմ դուրս բերել, փոխարինումների միջոցով ուժեղացնել խաղը և ճզմել ամեն մի մրցակցի, ով կհանդգնի նրանց դեմ դուրս գալ: Էռնեստո Վալվերդեի թիմը, իհարկե, անպարտելի չէ, դա են ցույց տալիս Իսպանիայի առաջնության խաղերը: Եվ եթե համեստ «Վիլյառեալ» -ն է չորս գոլ խփում «Բարսելոն» -ին, ապա նույն բանն, առավել ևս, կարող էր անել և «Մանչեսթր Յունայթեդ» -ը, թեկուզ և ներկայիս թուլացած կազմով: 

Ինչպես և գերակումբների մեծ մասը՝ թիմերը դաշտում դասավորվել էին 4-3-3 սխեմայով: 

«Մանչեսթր Յունայթեդ» -ի դարպասը պահապանը, ինչպես միշտ, դե ԽԵան էր, պաշտպանությունում խաղում էին Յանգը, Սմոլինգը, Լինդելյոֆը և Շոուն, կիսապաշտպանությունում՝ Պոգբան, Մաքթոմինեյը և Ֆրեդը, հարձակման գծում՝ Ռեշֆորդը, Լուկակուն և Դալոտը, որն ընդհանրապես ձախ պաշտպան է:

«Բարսելոն» -ում գրեթե ամեն ինչ առանց փոփոխության էր: Դարպասին՝ Տեր Շտեգեն, պաշտպանությունում, Սեմեդու, Լանգլե, Պիկե, Ալբա, կիսապաշտպանությունում Ռակիտիչ, Բուսկետս, Արթուր, հարձակման գծում՝ Մեսսի, Սուարես, Կոուտինյո

«Բարսելոն» - ի դեմ բաց ֆուտբոլ խաղալն ինքնասպանություն է, ուստի «Մանչեսթր Յունայթեդ» - ն այսօր ավելի նման էր այն թիմին, որը մի քանի ամիս առաջ մարզում էր Ժոզե Մոուրինյոն: Իսկ հենց որ անգլիացիները տիրում էին գնդակին, ձգտում էին կիրառել մեծ արագություններ և մեծ ճնշում: Այնպես որ, դաշտի տերերի սուր հակագրոհներից մեկի ժամանակ Բուսկետսը ստիպված էր չափազանց կոպիտ խաղալ Մաքթոմինեյի դեմ: Իտալացի մրցավար Ջանլուկա Ռոկկին տվյալ դրվագում վեհանձն գտնվեց և դեղին քարտ ցույց չտվեց: Տուգանայինն իրացրեց Ռեշֆորդը՝ ոչ այնքան հաջող, ինչպես սովորաբար կարողանում է: 

Մեկ այլ հակագրոհի ընթացքում Պոգբան արդեն դարպասապահի հետ մեն մենակ դուրս բերեց Ռեշֆորդին, սակայն Տեր Շտեգենը ցույց տվեց, որ ուզածդ պաշտպանի պես կարող է ապահով պահել տուգանային հրապարակի մատույցները: 

12-րդ րոպեին «Բարսելոն» - ը ցույց տվեց, որ գոլ խփելու համար գերջանքերը գործադրելը պարտադիր նախապայման չէ: Սերխիո Բուսկետսը երկար փոխանցումով գնդակը հասցեագրեց Լիոնել Մեսսին, և արգենտինացի գերաստղը, չնայած մեջքով էր կանգնած դարպասի հեռավոր անկյանը, ինչ-որ անհասկանալի զգայարանով զգաց, որ այնտեղ փոխանցման է սպասում Լուիս Սուարեսը: Ուրուգվայցին գլխով հարվածեց, ավելի ճիշտ՝ փոխանցում կատարեց դեպի տուգանային մխրճվող Կոուտինյոն, բայց գնդակը դիպավ Լյուկ Շոուի ձեռքին, և ինքնագոլ «բարդեց» խեղճ պաշտպանի գլխին: Հանուն արդարության պետք է նշել, որ եթե Շոուն չմիջամտեր, Կոուտինյոն անկասկած կգրավեր դարպասը: Սակայն այսքանով դրվագը չսպառվեց: Փոքր տատանումից հետո եզրային մրցավարը բարձրացրեց դրոշակը և «խաղից դուրս» վիճակ արձանագրեց: Տարակուսանքի մեջ ընկած Սուրարեսը գլուխն ափերի մեջ առավ և եռանդուն բողոքեց, ինչի արդյունքում մրցավար Ռոկկին դիմեց VAR սիստեմին և պարզաբանեց, որ գոլը խփվել է խաղի կանոնների սահմաններում՝ 0-1

«Մանչեսթր Յունայթեդ» - ը կրկին անգամ «զոռ տվեց» ուժին, որի արդյունքում Բուսկետսը ևս մեկ անգամ միտումնավոր կանոնները խախտեց՝ այս անգամ Պոգբայի հետ մենապայքարում: Ջանլուկա Ռոկկին դեղին քարտի արժանացրեց իսպանացուն, ցույց տալով, ինչպես ընդունված է ասել ժամանակակից տերմինալոգիայով, որ նրա բարությունը պետք չէ շփոթել թուլության հետ: Պոգբան և Ֆրեդը բոլորից ծածուկ խորհրդակցում էին, թե ինչպես պետք է իրացնեն վտանգավոր գոտում նշանակված տուգանայինը: Ի վերջո՝ հարվածեց Ֆրեդը՝ ուղիղ դեպի պատը: Մեկ րոպե անց ևս մեկ ապաշնորհ հարված կատարեց Մաքթոմինեյը

Համարյա անմիջապես հետևեց իսպանացիների գրոհը, Շոուն Մեսսիին կանգնեցնելու ավելի լավ միջոց չգտավ, քան երկու ձեռքերով նրանից կախկխվելն ու քաշքշելը, և իտալացի մրցավարը ստիպված եղավ նրա նկատմամբ կիրառել նույն միջոցը, ինչ քիչ առաջ Բուսկետսի

«Մանչեսթր Յունայթեդ» - ը տասը րոպեի չափ գործում էր որոշակի սուր, բայց առանց ռեալ գոլային պահերի: Գնդակին հիմնականում տիրում էին իսպանացիները: 25-րդ րոպեին նրանք 74 տոկոս ունեին անգլիացիների խղճուկ 26-ի դիմաց: 

30-րդ րոպեին Մեսսիի դեմ շատ կոպիտ խաղաց Սմոլինգը: Անգլիացի պաշտպանն այնպես «անցավ» արգենտինացի գերաստղի վրայով, որ վնասեց միանգամից նրա կոպը, քիթը և շրթունքը: Իտալացի մրցավարի գույնզգույն քարտերն այս անգամ ևս մնացին նրա գրպանում: Ջանլուկա Ռոկկին հավանաբար ցանկանում էր դրանով հասկացնել ֆուտբոլիստներին, որ նրանք պետք է բարի գտնվեն իրար նկատմամբ և անձամբ օրինակ էր ցույց տալիս: 

Կատաղած «Բարսելոն» -ը նետվեց լուծելու իր ավագի վրեժը և մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց: 

36-րդ րոպեին Մեսսին տուգանային հրապարակում մարմնով փակեց գնդակը պաշտպանից, ապա ետ փոխանցեց այն Սուարեսին: Հետևեց ուժեղ և դիպուկ հարված, դե Խեան ոտքով դժվարությամբ ետ մղեց գնդակը: 

39-րդ րոպեին Կոուտինյոն անցում կատարեց ձախ եզրով, փոխանցեց Մեսսիին, բայց Լիոնելը գտնվում էր պաշտպանների հետ պայքարի բովում և նրա հարվածն այնքան էլ վտանգավոր չստացվեց:

40-րդ րոպեին աջ եզրից շատ հաջող փոխանցում կատարեց Ռեշֆորդը, բայց Դալոտը գլխով դարպասին հարվածելու փոխարեն չգիտես, թե ինչ արեց: Ակնհայտորեն զգացնել տվեց այն հանգամանքը, որ պորտուգալացի եիտասարդ տաղանդը հարձակվող չէ, և անհրաժեշտությունից ելնելով է հարձակման ձախ եզր տեղափոխվել: 

Երկրորդ խաղակեսի սկիզբն աշխույժ սկսվեց, ինչպես և առաջին խաղակեսի վերջնամասը: 

Դրվագներից մեկում գնդակը տուգանային հրապարակում Բուսկետսի ձեռքին դիպավ, բայց մրցավարը գտավ, որ սա այն դեպքը չէ, երբ պետք է 11 մետրանոց նշանակել: 

Եղավ այնպիսի ժամանակահատված, երբ «Մանչեսթր Յունայթեդ» - ը տիրեց նախաձեռնությանը, բայց գործը ռեալ գոլային պահերի չհասավ: Անգլիացիները կաշվից դուրս էին գալիս, որպեսզի հավասարեցնեն հաշիվը, բայց մրցակիցը նրանց թույլ չէր տալիս այդ անել: «Բարսելոն» - ը խաղում էր առանց ճիգերի, և հնարավորության դեպքում սուր հակագրոհում էր: Իսպանացիները մի քանի վտանգավոր հարված կատարեցին, որոնք միանգամայն կարող էին գոլով ավարտվել: 

Շուտով հերթը հասավ փոխարինումներին, բայց ոչ Մարսիալն ու Վիդալն ավելի ստեղծագործ դարձրին խաղը, ոչ էլ նրանց հետևած մյուս ֆուտբոլիստները: «Բարսելոն» -ն արդեն ոչ թե փորձում էր հասնել մրցակցի դարպասին, այլ տեխնիկա էր ցույց տալիս և լայնակի փոխանցումներ կատարում: Իսկ անգլիացիները, որոնք այդքան շատ ցանկանում էին գոլ խփել, այդպես էլ չէին կարողանում ինչպես հարկն է տիրել գնդակին: Արդեն 80-րդ րոպեն էր, բայց նրանց հարվածներից ոչ մեկը դարպասի շրջանակներում չէր տեղավորվել:  

Վերջին 10 րոպեներում կարելի է թերևս նշել Մեսսիի տուգանայինից կատարված հարվածը, որն իր մեջ բոլորովին վտանգ չէր պարունակում... Ահա և այն ամենը ինչ կարելի էր ասել երկրորդ խաղակեսի մասին:

«Բարսելոն» - ը ոչ դժվարին հաղթանակ տարավ և հավանաբար կիսաեզրափակիչ դուրս կգա: Սակայն չպետք է մոռանալ, որ հրաշքներ ամենից առաջ պատահում են հենց ֆուտբոլում: Իսկ ով համաձայն չէ այս մտքի հետ կարող է կրկին անգամ դիտել «Պարի Սեն Ժերմեն» - «Մանչեսթր Յունայթեդ» - գերդինամիկ մրցամարտը:

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան: 

 

   

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP