Չեմպիոնների Լիգա, 1/4 եզրափակիչ

«Այաքս» 1-1 «Յուվենտուս»

Ֆուտբոլային հասարակությունն ավելի շատ տարված է իսպանական և անգլիական գրանդ ակումբներով, մինչդեռ «Յուվենտուս»-ը և «Այաքս» - ը միանգամայն կարող են նվաճել չեմպիոնների գավաթը: Այդ բանը նրանք ապացուցել են իրենց ցույց տված լուրջ, կայուն և ուժեղ խաղով: «Յուվենտուս» -ի մասին մեկնաբանություններն ավելորդ են, այս թիմը միշտ էլ ինչ-որ բանի հավակնում է: Իսկ ահա «Այաքս» -ը դա մի «փյունիկ» է, որը ժամանակ առ ժամանակ վեր է հառնում մոխիրներից: Այս անգամին մենք չափից ավելի երկար սպասեցինք, բայց այդ ժամանակը ի վերջո եկավ: 

«Այաքս» -ը շատ համակրելի ֆուտբոլիստներ ունի ի դեմս դե Լիգտի, դե Յոնգի, Վան դե Բեեկի, Ներեսի և մյուսների և ինքն էլ շատ համակրելի ֆուտբոլ է ցուցադրում: 

Խաղից առաջ ավելի մեծ կորուստներ ուներ «Յուվենտուս» -ը, որի կազմում բացակայում էին Կյելլինին, Կասերեսը, Ջանը և Կուադրադոն: Այնուհանդերձ իր այս կազմով էլ իտալական թիմը բավականաչափ սարսափազդու էր: Ծանրաբեռնվածության տեսանկյունից երկու թիմերն էլ, կարելի է ասել, հավասար պայմաններում էին: «Յուվենտուս» -ը քսան միավորով առաջ է երկրորդ տեղը զբաղեցնող «Նապոլի» -ից, ու նախորդ խաղին գերջանքեր չգործադրեց, թեկուզ և առաջինը գոլ թողնելով հաղթեց «Միլան» -ին

«Այաքս» -ն առաջին տեղի համար կատաղի պայքար է մղում «ՊՍՎ» -ի հետ, բայց Հոլանդիայի առաջնությունը շատ ուժեղներից չէ և հոլանդական թիմն իր վերջին խաղում հյուրընկալվելիս բավական հեշտ հաղթանակ էր տարել «Վիլլեմ II» -ի նկատմամբ: 

«Յուվենտուս» -ը խաղում էր այսպիսի կազմով. դարպասապահ՝ Շչեստնի, պաշտպաններ՝ Կանսելու, Բոնուչչի, Ռուգանի, Ալեքս Սանդրո, կիսապաշտպաններ՝ Բենտանկուր, Պյանիչ, Մատյուիդի, հարձակվողներ՝ Բեռնարդեսկի, Մանջուկիչ, Ռոնալդու:

«Այաքս»-ը. դարպասապահ՝ Օնանա, պաշտպաններ՝ Վելտման, դե Լիգտ, Բլինդ, Տալյաֆիկո, հենակետայիններ՝ դե Յոնգ, Շոնե, կիսապաշտպաններ՝ Զիյեխ, Վան դե Բեեկ, Ներես, հարձակվող՝ Տադիչ

Թիմերը ցուցադրեցին հագեցած ը դիտարժան ֆուտբոլ: Չկար ոչ մի ժամանակահատված, որը չանցներ ֆուտբոլային հաճելի լարվածության մեջ: Ֆուտբոլիստները հասկանում էին, որ զգոնության թուլացումը կարող է ճակատագրական հետրևանքների բերել և ձգտում էին խաղալ առանց սխալների: 

Խաղն ավելի ակտիվ սկսեցին հյուրերը, որոնք միանգամից հակառակորդին անակնկալի բերելու գործողություններ իրականացրին: Տանտերերը, թվում էր, մի փոքր շփոթված էին այդպիսի սկզբից և ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի մի-փոքր ուշքի գան: Ճիշտ է, այդ ընթացքում վտանգավոր պահեր գրեթե չեղան: Հիշարժան էր Բեռնարդեսկիի հարվածը, որից հետո «Այաքս» -ը հավասարեցրեց խաղը և պատասխան գործողությունների դիմեց: Երկու անգամ հարվածային դիրք դուրս եկավ Զիյեխը: Առաջին դեպքում սուր անկյունից շեղ հարվածեց, երկրորդ անգամ՝ ուղիղ դեպի դարպասապահ Շչեստնին

«Այաքս» -ը մամլիչ գործողություններ սկսեց, ասես ցանկանալով հիշեցնել, թե ինչ միջոցներով է հաղթել Մադրիդի «Ռեալ» -ին, սակայն «Յուվենտուս» -ն ընդհանուր առմամբ դիմացավ տանտերերի ճնշմանը: 

Խաղի տեսքն այսպիսին էր. նախաձեռնությանը տիրում էր «Յուվենտուս» -ը, բայց «Այաքս» -ի հակագրոհներն այնքան արագ էին ու սուր, որ հակառակ տպավորություն էին թողնում: Ամստերդամցիները հուսալիորեն հսկում էին և՛ Ռոնալդուին, և՛ նրա մյուս խաղընկերներին և առիթի դեպքում իրենք էին վտանգներ ստեղծում Շչեստնիի դարպասի մոտ: Հատկապես հիշարժան է Վան դե Բեեկի հարվածը: Ֆուտբոլն անկասկած ևս մեկ գոլով կզարդարվեր, եթե նրա հարվածից հետո գնդակն աննշան շեղությամբ չանցներ դարպասի կողքով: 

Երկու թիմերն էլ վտանգավոր պահեր էին ստեղծում, որոնք չէին կարողանում գոլի վերածել: Իսկ երբ թվում էր, որ թիմերը հանգստի կգնան 0-0 հաշվի պայմաններում, Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ ապացուցեց, որ չի կարելի մոռանալ նրա գոյության մասին: Նա ինքը սկսեց գրոհը, գնդակը հասցեագրեց Կանսելուին և պատասխան փոխանցումից հետո գլխով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ 0-1

Երկրորդ կեսի ամենասկզբում «Այաքս» -ը վրեժ լուծեց դարպասն ընդունած գոլի դիմաց: Աջ եզրում թերացավ Կանսելուն, որից օգտվեց Ներեսը, որը գեղեցիկ և անկասելի հարված կատարեց՝ 1-1:

Նման հաշիվը, սեփական հարկի տակ, լավագույններից չէ: Եվ «Յուվենտուս»-ն էլ այն թիմը չէ, որին կարելի է 4-1 հաշվով հաղթել իր իսկ դաշտում: Հասկանալով այդ՝ «Այաքս» -ը նետվեց հաղթանակի ետևից: Գոլի հեղինակ կարող էր դառնալ արգենտինացի Տալյաֆիկոն, բայց այդ անելու համար պետք էր ավելի դիպուկ գտնվել: 

«Յուվենտուս» -ը դիմացավ ճնշմանը և պատասխան հակագրոհներ իրականացրեց: «Այաքս» -ն է՛լ ավելի մեծացրեց ճնշումը և թուրինցիների մարզիչ Ալեգրիին ստիպեց մտածել փոխարինումների մասին: 60-րդ րոպեին Մանջուկիչի փոխարեն դաշտ մտավ Դուգլաս Կոստան, ավելի ուշ՝ քառորդ ժամ անց՝ Դիբալան Մաթյուիդիի փոխարեն: Ճիշտ է, այդ փոփոխությունները որևէ արդյունք չտվին: Հոլանդացիների մարզիչ Տեն Հագը հորդորում էր իր ֆուտբոլիստներին առաջ գնալ և «Յուվենտուս» -ին այլ բան չէր մնում, քան պաշտպանվել: Պետք է նշել, որ իտալացիներն այդ անում էին բավական հուսալի կերպով: Հոլանդացիների ստեղծած քիչ թե շատ սուր պահերից հիշարժան է միայն փոպխարինման մտած Էկելենկամպի հարվածը, որը չեզոքացրեց դարպասապահ Շչեստնին

Իսկ խաղավերջում արդեն իտալացիները կարող էին աչքի ընկնել: Թվում էր Դուգլաս Կոստայի ձեռնարկած գրոհը մահացու է և գոլով կավարտվի, բայց նրա հզոր հարվածը միայն դարպասաձողի հիմքերը ցնցեց: 

Մարտական ոչ-ոքի: Պատասխան խաղից առաջ ավելի նախընտրելի են թվում «Յուվենտուս» -ի հնարավորությունները, բայց մենք արդեն առիթ ենք ունեցել համոզվելու, թե ինչ անակնկալներ կարող է մատուցել Ամստերդամի «Այաքս» -ը:

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան

 

 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP