Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Մանչեսթր Յունայթեդ» 2-1 «Վեստ Հեմ»

Շատ ֆուտբոլասերներ «Մանչեսթր Յունայթեդ» - ին անարժան են համարում այս հաղթանակին, և նրանք հեռու չեն իրավացի լինելուց: Մանկունիացիներն այս խաղին ներկայացել էին Չեմպիոնների Լիգայի «Բարսելոն» -ի խաղից հետո հոգնած և մեծ կադրային կորուստներ ունեին:

Ասենք, այս վերջին պակասորդը վերաբերվում էր նաև «Վեստ Հեմ» -ին, որը իսկական ճակատամարտ տվեց «մեծ վեցնյակի» ներկայացուցչին և քիչ մնաց նրան զրկի երեք միավորից: 

Օլե Գուննար Սուշերը որոշ տակտիկակակ փոփոխություններ էր կատարել իր թիմի կազմում: Այսօր նա նոր եզրային պաշտպաններ ուներ ի դեմս Ռոխոյի և Դալոտի, հիմնական կազմ էին վերադարձել Մատան, Լինգարդը և Մարսիալը, որոնք գործում էին Լուկակուի անմիջապես թիկունքին, իսկ Պոգբան հետ էր նահանջել, որպեսզի օգնի Ֆրեդին, որը հենակետայինի դիրքը միայնակ կարող է ձախողել: 

«Վեստ Հեմ» -ի փորձառու մարզիչ Պելլեգրինին լավ էր պատրաստվել այս հանդիպմանը և նրա ֆուտբոլիստները միանգամայն արժանի դիմադրություն ցույց տվեցին: Լոնդոնյան թիմը երիտասարդ և տարեց ֆուտբոլիստների մի հետաքրքիր համակցվածություն է, որը բավական ներդաշնակ ֆուտբոլ է ցույց տալիս և աչքի է ընկնում ինչպես ֆիզիկական պայքարով, այնպես էլ թիմային խելացի գործողություններով: Քիչ թե շատ հայտնի ֆուտբոլիստներից այստեղ խաղում են՝ Օգբոննան որը ուժերը չափել է նույնիսկ Իտալիայի հավաքականում, Ֆելիպե Անդերսոնը, երիտասարդ Ռայսը, Նոբլը, Լանսինին և իհարկե Չիչարիտոն, որն Ալեքս Ֆերգյուսոնի օրոք հենց «Մանչեսթր Յունայթեդ» -ի կազմում էր խաղում: 

Խաղի սկկիզբը ցույց տվեց, որ հյուրերը վճռական են տրմադրված: «Օլդ Տրաֆորդ» -ում հավաքված բազմահազար երկրպագուներն իրենց թիմին հորդորում էին առաջ գնալ, սակայն ավելի ակտիվ էր «Վեստ Հեմը», որը և ստեղծեց առաջին գոլային պահը: 

10-րդ րոպեին Ֆելիպե Անդերսոնը խորքից փոխանցում ստանալով գնդակն ուղարկեց ցանցից ներս, բայց եզրային մրցավարը բարձրացրեց դրոշակը: Կրկնապատկերը ցույց տվեց, որ իրականում «խաղից» դուրս վիճակ չկար: Այսպիսով մրցավար Գրեմ Սքոթը չհաշվեց «Վեստ Հեմ» -ի մաքուր գոլը: Հիշեցնենք, որ Անգլիայում VAR սիստեմ չի գործում: 

Հյուրերը չկոտրվեցին այս անհաջողությունից և շարունակեցին ճնշում գործել: Նրանք իրոք արժանի էին, որպեսզի իրենց ջանքերը գոլով փոխհատուցվեն, սակայն 17-րդ րոպեին անսպասելիորեն գոլ ընդունեցին սեփական դարպասը: Ռայսը և Մատան բախվեցին տուգանային հրապարակում, մրցավարը համարեց, որ խախտում է եղել: 11 մետրանոց նշակետին մոտեցավ Պոգբան և հստակ իրացրեց այն: 

Հյուրերն արագ ուշքի եկան և պատասխանեցին Ֆելիպե Անդերսոնի ևս մեկ վտանգավոր հարվածով, որ դե Խեան դժվարությամբ չեզոքացրեց: 

Խաղադաշտում բաց ֆուտբոլ ծավալվեց, թիմերը մերթ ընդ մերթ գրոհում էին, բայց մինչև ընդմիջում այդպես էլ չկարողացան հաջողության հասնել: 

Երկրորդ խաղակեսի հենց սկզբում «Վեստ Հեմ» -ը հավասարեցրեց հաշիվը: Դե Խեան գնդակն անհաջող մտցրեց խաղի մեջ, Պոգբան չկարողացավ ընդունել այն, արդյունքում սկիզբ առավ հյուրերի վտանգավոր հակագրոհը: Սնոդգրասը անցում կատարեց ձախ եզրով, գնդակը փոխանցեց Լանսինիին, իսկ վերջինս ճիշտ ժամանակին նկատեց հեռավոր անկյունում դիրքավորվող Ֆելիպե Անդերսոնին, որին Մանկունիացիների պաշտպանները աչքաթող էին արել: Անդերսոնը բավական վարպետորեն հարվածեց դեպի մոտակա անկյունը՝ 1-1

Այսպիսի իրադարձությունից անակնկալի եկած Սուլշերը Մատայի փոխարեն դաշտ մտցրեց Ռեշֆորդին, որը բավական աշխուժացրեց իր թիմի խաղը առջևում և մի քանի վտանգավոր հարվածներ կատարեց:

Խաղի հաջորդ աշխույժ ժամանակահատվածը պատկանում էր «Վեստ Հեմ» -ին, իսկ ավելի ճիշտ՝ նրա հարձակվող Մայքլ Անտոնիոյին, որը նույնպես նոր էր խաղադաշտ մտել: «Վեստ Հեմ» -ի հարձակվողն առաջին դրվագում նախանձելի համառություն ցուցաբերեց: Մրցակցի հետ պայքարում նա պետք է ամենաքիչը երկու անգամ վայր ընկներ, բայց կարողացավ կանգնած մնալ ոտքերի վրա և հուժկու հարված կատարեց, որը ցնցեց հորիզոնական դարպասաձողը և տանտերերի ծնկներն իջած հոգիները միաժամանակ: 

Այնուհետև Մայքլ Անտոնիոն եզրափակեց խաղընկերների երկար ու ձիգ գրոհը, որը ձախ եզրից նրա իսկ կատարմամբ աջ տեղափոխվեց, ապա հետևեց փոխանցում և հարձակվողը գրեթե անկասելի հարված կատարեց գլխով: Դե Խեայի ցատկն աներևակայելի էր: Իսպանացին հենման կետ չուներ, բայց մատների ծայրով հասավ գնդակին և այն դուրս հանեց անկյունային: Այդ դրվագում նա ճիշտ և ճիշտ նմանվեց Անգլիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Բենքսին, որը նման իրադրությունում նույն կերպ գնդակին հասավ ֆուտբոլի արքա Պելեի գլխով կատարած հարվածից հետո:

Ոգևորված «Վեստ Հեմը» որոշեց ինչ գնով էլ լինի հաղթանակ կորզել և հատուցեց գրոհներով շատ տարվելու համար: Կենտրոնական հատվածում վրիպեցին լոնդոնցիների պաշտպանները, գնդակը հայտնվեց Մարսիալի մոտ, որը մեն մենակ դուրս եկավ դարպասապահի հետ, և որին Ֆրեդրիկսը վայր գցեց, հուսահատ ցատկով փորձելով նրա ոտքերի տակից դուրս բերել գնդակը: Այս անգամ նույնպես 11 մետրանոցն իրացրեց Պոգբան՝ 2-1:

Խաղի մնացած ժամանակահատվածում «Մանչեսթր Յունայթեդ» -ը հստակ էր պաշտպանվում և կարողացավ պահպանել հաղթական հաշիվը: «Վեստ Հեմ» -ը ցավալի պարտություն կրեց:

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան  

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP