Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Միլան» 1-0 «Լացիո» 

«Սան Սիրո» մարզադաշտում հանդիպեցին թիմեր, որոնք պայքարում են Չեմպիոնների Լիգայի ուղեգիր պարգևող 4-րդ տեղի համար: Իհարկե ավելի նախընտրելի են համարվում «Միլան» -ի հնարավորությունները, սակայն այս թիմն իր ունեցած կազմի համեմատ համեստ ֆուտբոլ է ցուցադրում և առայժմ անկայուն ելույթներ է ունենում:

«Լացիո» - ն շատ ուժեղ կազմ չունի, բայց այստեղ վերջին տարիներին հետաքրքիր կոլեկտիվ է ձևավորվել, որն ամենագեղեցիկ ֆուտբոլն է ցուցադրում Իտալիայի առաջնությունում: Սրանով լատինացիներն իհարկե պարտական են իրենց գլխավոր մարզչին, Ֆիլիպո Ինձագիին

Խաղի հենց սկզբից «Միլան» - ը ճնշում էր գործադրում, «Լացիո» - յի պաշտպաններին հատկապես նեղություն էր տալիս Պիոնտեկը, որի գլխով հարվածն աննշան շեղ անցավ դարպասից: Սակայն դաշտի տերերին չէր հաջողվում ամբողջությամբ տիրել նախաձեռնությանը և պատճառը հյուրերն էին, որոնք ժամանակ առ ժամանակ սուր հակագրոհներ էին ձեռնարկում: Դրանցից մեկի ժամանակ իրեն փայուն դրսևորեց Կոռեան, որն ասես ցանկանում էր իր հրաշագեղ անցումով ապացուցել, որ Լիոնել Մեսսին միակ արգենտինացին չէ, որ կարող է նման կերպ կտրել անցնել հակառակորդի ամբողջ պաշտպանությունը: Վերջին պահին Կոռեան գնդակը զիջեց Իմմոբիլեին, վերջինս հարվածեց, բայց Դոնարումային փոխարինած Ռեյնան գնդակը դժվարությամբ դուրս հանեց անկյունային: 

Ապա հարվածային դիրք դուրս եկավ Իմմոբիլեն, և բոլորովին էլ վատ չհարվածեց, սակայն դարպասաձողը, որն անկասկած բոլոր դարպասապահների ամենամտերիմ բարեկամն, իր վրա ընդունեց գնդակը: 

Հաջորդ դրվագում Իմմոբիլեն հարմարավետ փոխանցում կատարեց Լուիս Ալբերտոյին, բայց իսպանացին շեղ հարվածեց: 

«Միլան» - ը վերջապես գիտակցեց, որ դաշտի տեր է և «Լացիո» - յին սեղմեց սեփական դարպասին: 

Պահ ուներ Սուսոն, բայց Բորինիի հարմարավետ փոխանցումն ապաշնորհ ձևով օգտագործեց: Հաջորդ դրվագում Կալաբրիան գնդակը հանձնեց Պիոնտեկին, բայց լեհ հարձակվողը նույնպես չկարողացավ առավելագույնս քաղել դրվագից:

Երկրորդ կեսում նույնպես առաջին գոլային պահը ստեղծեց «Լացիո» -ն: Ռոմուլոն գնդակը խաղարկեց փոխարինման մտած Կայսեդոյի հետ, մտավ տուգանային հրապարակ և հարվածեց, բայց Ռեյնան ետ մղեց գնդակը:  

Հաջորդ երկու դրվագներում խոսքը 11 մետրանոցների շուրջն է և երկուսն էլ «Լացիո» -յի դարպասի մոտ: 

Առաջին դեպքում Ռոդրիգեսը երկար փոխանցում կատարեց ամբողջ դաշտով մեկ, ձախ եզրում գնդակն ընդունեց Բորինին՝ ոչ այնքան հաջող, բայց կարողացավ գնդակը հասցեագրել տուգանային հրապարակ, Չալհանօղլուհին, որի հարվածից հետո գնդակը դիպավ Միլինկովիչ-Սավիչի ձեռքին: Միայն VAR սիստեմին դիմելուց հետո մրցավարը որոշում կայացրեց, որ ձեռքը եղել է բնական դիրքում, ձեռքով խաղ չի եղել և չեղարկեց իր սկզբնական որոշումը: 

Մյուս դրվագում Լասկալտը երկար փոխանցում կատարեց դեպի տուգանային հրապարակ, Մուսակյոն փորձեց ընդունել գնդակը, բայց Լուլիչի փոխարեն դաշտ մտած դանիացի Դուրմիսին հրեց նրան: Այս անգամ մրցավարն անդրդվելի էր իր որոշման մեջ: Կեսսին հստակ իրացրեց 11 մետրանոցը: 

«Միլան» -ը կարող էր ավելացնել հաշիվը, բայց Սուսոյի հեռավոր անկյունը կատարած հարվածից հետո Ստրակոշան հոյակապ ցատկով գնդակը դուրս բերեց անկյունային: 

«Լացիո» -յի պատասխան գրոհներն արդյունք չտվեցին, «Միլան» -ը հաղթեց և վերադարձրեց 4-րդ տեղը, որտեղ «Ուդինեզե» -ի նկատմամբ հաղթանակից հետո հարմարավետ տեղավորվել էր մեկ այլ մայրաքաղաքային «Ռոմա» -ն: Պետք է ավելացնել, որ նույն 4-րդ տեղին հավակնում են նաև «Ատալանտա» -ն, «Տորինո» -ն, և «Լացիո» -ն: 3-րդ տեղում հանգրվանել է «Ինտեր» -ը

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան 

 

 

 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP