Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Լիվերպուլ» 2-0 «Չելսի»

Խաղից առաջ «Էնֆիլդում» հավաքված 53.000 հանդիսականները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Լիվերպուլ» - «Նոթինգեմ Ֆորեսթ» հանդիպման ժամանակ զոհված 96 երկրպագուների հիշատակը: Ողբերգությունը տեղ էր ունեցել 30 տարի առաջ, ՇեֆֆիլդումԱնգլիայի գավաթի խաղարկությունում, ճզմվելու հետևանքով, ոստիկանության ապաշնորհ և անմարդկային գործողությունների պատճառով: 

Խաղի կարևորության մասին ավելորդ է խոսել: «Լիվերպուլ» - ը պայքարում է չեմպիոնության համար, «Չելսին» - ն՝ քառյակում հայտնվելու, որը նույնպես Չեմպիոնների Լիգայում հանդես գալու հնարավորություն է ընձեռում: «Լիվերպուլ» - ը մի փոքր ճնշված պետք է լիներ այն հանգամանքով, որ «Մանչեսթր Սիթի» - ն կես ժամ առաջ հյուրընկալվելիս հաղթել է «Քրիստալ Փելես» - ին և առաջին տեղ դուրս եկել, սակայն խաղի ընթացքում նման դրսևորումներ չնկատվեցին: Երկրպագուները ականատես եղան վառ, գեղեցիկ և որակյալ ֆուտբոլի: 

Թիմերը դաշտ դուրս եկան իրենց մարտական կազմերով: «Լիվերպուլ» - ը առանց որևէ փոփոխության: Իսկ ահա «Չելսի» - ի կազմում թերևս կարելի է նշել ձախ պաշտպանի դիրքում Էմերսոնի հայտնվելը, որը բավական ռիսկային որոշում էր, հաշվի առնելով, որ այդ եզրում խաղում է Մոհամմեդ Սալահը: Ամբողջապես ձևափոխված էր հարձակման գիծը: Կենտրոնական հարձակվողի դիրքում տեղ էր զբաղեցրել Ազարը, որը սովորաբար խաղում է ձախից, Իգուաինը հայտնվել էր պահեստայինի նստարանին, Վիլլիանը աջ եզրն էր տեղափոխվել, Հադսոն-Օդոին՝ ձախ: 

Խաղասկզբում գոլային պահերը շատ չէին, բայց խոսքն այս դեպքում այնպիսի ֆուտբոլային վարպետների մասին է, որոնք կարող են գոլ խփել և ոչ գոլային պահերից: Այնուհանդերձ 6-րդ րոպեին Սալահը բավական վտանգավոր դիրքից հարվածեց: Եգիպտացին լավ փոխանցում ստացավ Մանեից, բայց գնդակը հարմար չնստեղ ոտքին և Առիսաբալագան հեշտությամբ որսաց գնդակը: «Չելսի» - ի երկրպագուները հանգիստ շունչ քաշեցին:

«Չելսի» -ն այս խաղում չէր մտածում միայն պաշտպանվելու մասին և ընդհանուր առմամբ հոյակապ ֆուտբոլ էր ցուցադրում: «Ազնվականները» աշխատում էին հարվածային դիրք դուրս բերել իրենց թիմի ավագ Ազարին, որը հաճախ հայտնվում էր «խաղից դուրս» վիճակում և միայն 20-րդ րոպեին կարողացավ նպաստավոր դիրք դուրս գալ և սուր անկյան տակից հարվածեց դարպասին: «Լիվերպուլ» - ի և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսսոնը վերցրեց գնդակը:

«Լիվերպուլ» - ի խաղն առջևում ավելի բազմազան էր: Այստեղ ամեն մարդ գիտեր իր գործը: Սալահն  ու Մանեն իրենց եզրերում անընդհատ բզկտում էին «Չելսի» -  պաշտպանությունը, խելացի գործողություններով աչքի էին ընկնում Կեյտան և Ֆիրմինոն, իսկական առաջատարի հատկանիշներ էր ցուցաբերում Հենդերսոնը, որն ամբողջ թիմին տանում էր իր ետևից:

30-րդ րոպեին վերջապես իր մասին հիշեցրեց Վիլլիանը: Բրազիլացին խորքից փոխանցում ստացավ, մեծ արագությամբ շարժվեց դարպասի կողմը, լավացրեց դիրքը և հարվածեց, որը ցավոք շեղ ստացվեց: 

Քիչ անց իր անհատական անցումը կատարեց Ազարը, որը միանգամից երեք մրցակցի շրջանցեց, բայց ահա հայտնվեց չորրորդը և նրանից խլեց գնդակը: 

Չնայած այն բանին, որ խոսվում է «Չելսի» - ի պահերի մասին, ավելի շատ և ավելի վտանգավոր գրոհում էր «Լիվերպուլ» - ը:

40-րդ րոպեին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը մեր կարծիքով իր անմիջական ազդեցությունը ունեցավ խաղի ելքի վրա: Վնասվածք ստացավ Ռյուդիգերը, որին փոխարինեց Քրիստենսենը, ֆուտբոլիստ, որն այնքան էլ շատ չի խաղացել այս մրցաշրջանում: Իսկ սա նշանակում էր, որ Էմերսոնին արդեն փոխապահովում է ոչ թե հուսալի գերմանացին, այլ անհամեմատ ավելի անփորձ դանիացին: 

Երկրորդ խաղակեսի սկզբում «Լիվերպուլ» - ը բաց արեց խաղի հաշիվը, ահա թե ինչպես դա տեղի ունեցավ: 

51-րդ րոպեին Սալահն իր եզրում խաղարկեց գնդակը Ֆիրմինոյի հետ, ներխուժեց տուգանային հրապարակ, ու թեև իր ներկայությամբ այնտեղ մեծ վտանգ չէր ներկայացնում, ամբողջությամբ խարխլեց «Չելսի» - ի պաշտպանական դիրքերը: Ապա գնդակը հայտնվեց Հենդերսոնի մոտ, թիմի ավագը փոխանցում կատարեց դեպի հեռավոր անկյունը, որտեղ արդեն պաշտպանվող կողմից բավարար ուժեր չկային, որովհետև բոլորը վազ էին տվել Սալահի վտանգի առաջն առնելու: Մանեին այլ բան չէր մնում, քան գնդակը ուղարկել դարպասից ներս, բայց նա այդ արեց գլխի նրբագեղ շարժումով, որով և խանդավառանքի մեջ գցեց ամբողջ մարզադաշտը՝ 1-0

Երկու րոպե անց «Լիվերպուլ» - ը կրկնապատկեց հաշիվը, ու եթե առաջին գոլը պարզապես խանդավառության մեջ էր գցել մերսիսայդցիներին, ապա երկրորդը պարզապես խելագարության հասցրեց իր արտակարգ գեղեցկությամբ: 

Մոհամեդ Սալահն իր եզրում ընդունեց գնդակը և մի փոքր շարժվեց դեպի կենտրոն: Ոչ ի վտանգ չկար, գոլի մասին առհասարակ չէր կարող խոսք լինել: Սակայն հետևեց եգիպտացու ձախ ոտքից կատարված զորեղ հարվածը, որը սարսափելի էր իր ուժգնությամբ և զարմանալի՝ դիպուկությամբ: Առիսաբալագան անակնկալի եկավ, բասկ դարպասապահի ցատկն ուշացած էր և անօգուտ՝ 2-0:

«Լիվերպուլ» - ը դեմ չէր և 3-րդ գոլը խփել և հաճույքով նորանոր գրոհներ էր կազմակերպում, սակայն «Չելսի» - ն չէր հաշտվել պարտության մտքի հետ, ու եթե նրա բախտն այնքան բերեր, որքան վերջին ժամանակներս Սուլշերի «Մանչեսթր Յունայթեդ» - ի, ապա լոնդոնյան թիմն անկասկած կհավասարեցներ հաշիվը: 

56-րդ րոպեին խաղադատում հայտնվեց Իգուաինը, դա որոշ չափով առույգացրեց հյուրերին: 

Այնուհանդերձ գոլային դիրքերում շարունակում էր հայտնվել միայն Ազարը: 59 -րդ րոպեին բելգիացն հերթական փոխանցումը ստացավ խորքից, մեծ վարպետությամբ կասեցրեց գնդակը, որն անհնար էր թվում, ապա հակառակ շարժման վրա բռնացրեց Ալիսսոնին: Գոլն անխուսափելի էր թվում, բայց տանտերերին օգնության հասավ դարպասաձողը: Վայրկյաններ անց նույն Ազարի հարվածից հետո «Լիվերպուլ» - ին փրկեց դարպասապահ Ալիսսոնը

«Լիվերպուլ» - ի պաշտպանությունն այդ ժամանակամիջոցում խաղում էր անհուսալի, սխալվում էր նույնիսկ վան Դեյկը: Օգտվելով մրցակցի ճամբարում տիրող խառնաշփոթությունից «Չելսի» - ն տիրեց նախաձեռնությանը, բայց ոչ շատ երկար: Տանտերերն ի վերջո ուշքի եկան: Հաջորդ պահերն արդեն եղան լոնդոնցիների դարպասին: Պահերից մեկում քիչ մնաց Մանեն գնդակը խլի դարպասապահ Առիսաբալագայից: Հաջորդ դրվագում նույն մանեն սուր անցում կատարեց և հարվածեց մոտակա անկյունը, բայց դարպասապահը հուսալի խաղաց: 

«Լիվերպուլ» - ը գեղեցիկ խաղով վերադարձնում է առաջին տեղը, բայց «Մանչեսթր Սիթի» - ն մեկ խաղ պակաս է անցկացրել: «Չելսի» - ն շարունակում է պայքարել 4-րդ տեղի համար: 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան

 

 

 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP