Անգլիայի առաջնություն․ 34-րդ տուր

«Ուոթֆորդ» 0-1 «Արսենալ» 

Եթե ճակատագիրն այս խաղում չմիջամտեր՝ դժվար է ասել, թե արդյո՞ք «Արսենալ» -ը կկարողանար Ուոթֆորդից 3 միավոր տանել։ Դաշտի տերերը առաջինից մինչև վերջին րոպեն ուժեղ ֆուտբոլ խաղացին՝ դաժան պայքար մղելով դաշտի ամեն մի թիզ տարածության համար։ «Արսենալ»  -ը փորձում էր խաղալ ի՛ր ֆուտբոլը, բայց հակառակորդը նրան թույլ չէր տալիս այդ բանն անել։

Նույնիսկ Մխիթարյանը չկարողացավ 2-3 անգամ թիմակիցներին մեն մենակ դուրս բերել դարպասապահի հետ, ինչպես նա սովորաբար իր նրբարվեստ փոխանցումներով կատարում է ուրիշ խաղերում։ 

Մրցավարի սուլիչի հետ «Ուոթֆորդ»-ն «Արսենալ» -ին սեղմեց սեփական դարպասին։ Դաշտի տերերն այնքան նպատակասլաց էին գրոհում, որ թվում էր գոլը ժամանակի հարց է միայն, և այն էլ ոչ թե մեկ-երկուսն է լինելու, այլ երեք-չորսը։  «Արսենալ»  -ն իր բոլոր ուժերով պաշտպանվում է և բոլորովին խոսք չէր կարող լինել այն մասին, որ «զինեգործներն» առաջ կանցնեն հաշվի մեջ։ 

Բայց այնպես պատահեց, որ 10-րդ րոպեին գնդակը տեղափոխվեց «Ութֆորդ»-ի կիսադաշտ, հետևեց ոչ ճիշտ փոխանցում ձախ եզրը, որտեղ գնդակին տիրեց Դարիլ Յանմաատը։ Օբամեյանգի կիրառած պրեսինգի արդյունքում պաշտպանը ստիպված եղավ գնդակը փոխանցել դարպասապահ Ֆոսթերին, վերջինս երկար-բարակ հարմարեցրեց գնդակը ձախ ոտքին, որպեսզի ուժեղ հարվածով հեռացնի այն։ Սակայն ձեռահաս Օբամեյանգը ճիշտ պահին հասցրեց պարզել ոտքը և գնդակը դաշտի կենտրոն տեղափոխվելու փոխարեն հայտնվեց «Ուոթֆորդ» -ի դարպասում՝ 0-1։

Մեկ րոպե անց դաշտի տերերը ևս մեկ հզոր հարված ստացան։ Այս անգամ հուսախաբ արեց թիմի ավագ Տրոյ Դինին, որը պայքարի բովում երևի չնկատեց էլ, թե ինչպես արմունկով հարվածեց փոքրահասակ Տոռեյրայի դեմքին։ Մրցավար Կրեյգ Պոուսոնը չէր նկատել դրվագը, այնուհանդերձ օգնականի հետ խորհրդակցելուց հետո կարմիր քարտ ցույց տվեց Դինիին։ «Ուոթֆորդ» -ը մնաց 10 հոգով։ Կրկնապատկերը ցույց տվեց, որ Դինին հազիվ թե դա արեց միտումնավոր։ Այնուհանդերձ մրցավարի որոշումը մնաց ուժի մեջ։ 

Րոպեներ անց կարող էր գոլի հեղինակ դառնալ Մխիթարյանը, բայց որպեսզի կարողանար Օբամեյանգի փոխանցումից հետո ստեղծված դիրքից գոլ խփել, պետք է հաջողությունը նրան ավելի մեծ չափով ուղեկցեր։ 

Թվում էր «Ուոթֆորդ» -ը դատապարտված է, բայց դաշտի տերերը շարունակում էին խաղալ նույն ագրեսիվ ֆուտբոլը, ինչ և հեռացումից առաջ։ Հետաքրքիր գրոհ կազմակերպեցին Գրեյը և Դակուրեն, բայց Մոնրեալը առաջինը հասավ գնդակին։ 

«Արսենալ» -ը պատասխանեց Իվոբիի կրկնակի հարվածով, հաջող խաղաց Ֆոսթերը։ 

Առաջին խաղակեսի մնացած հատվածն անցավ փոխեիփոխ գրոհներով և անչափ հետաքրքիր պայքարում, երկու կողմերին էլ հաջողվեց վտանգավոր պահեր ստեղծել։ Պահերից մեկում գնդակը դիպավ «Արսենալ» - ի դարպասաձողին։ 

Երկրորդ կեսում հետաքրքիր ֆուտբոլը շարունակվեց։ «Արսենալ» -ը փորձեց տիրել նախաձեռնությանը, բայց «թնդանոթաձիգների» գործողություններում պակասում էր նպատակասլացությունը։ Երկու անգամ դարպասին հարվածեց Հենրիխ Մխիթարյանը, երկու դեպքերում էլ գնդակն անցավ դարպասից մեծ հեռավորության վրա։ Հայաստանի հավաքականի ավագը վատ հանդիպում չանցկացրեց, բայց դա անկասկած այն խաղը չէր, որը նա կուզենար խաղալ։ 

Հանդիպման զարդը կարող էր դառնալ Մասինայի հեռահար հարվածը։ Սարսափելի ուժգնությամբ արձակված գնդակը «իննյակի» գոտում դիպավ դարպասաձողին։ Դարպասապահ Լենոն այստեղ չէր կարող որևէ բանով օգնել իր թիմին։ 

Մեկ րոպե անց Լենոյի հետ մեն մենակ դուրս եկավ Գրեյը, բայց վատ կասեցրեց գնդակը և կորցրեց պահը։ 

Վերջապես իր գոլային փոխանցումը կատարեց Մխիթարյանը, բայց Օզիլը չհասավ գնդակին։ 

Մարզիչները փոփոխություններ կատարեցին,  «Արսենալ» -ն արդեն ակնհայտ ժամանակ էր ձգում։ Խաղի վերջնամասում արդեն զգացվում էր, որ 1 ֆուտբոլիստ պակաս ունեցող «Ուոթֆորդ» -ը հոգնել է։ Այնուհանդերձ անխոնջ Գրեյը ևս մեկ անգամ առաջ նետվեց փրկելու խաղը և անցնելով Լենոյից փորձեց գրավել դատարկ դարպասը։ Մեյթլենդ-Նայլսը ժամանակին փոխօգնության եկավ իր թիմի դարպասի պահապանին։ Հետո արդեն Յանմաատի փոխանցումից հետո գլխով հարված կատարեց Հյուզը, բայց գնդակը բարձրից անցավ։ 

«Արսենալ» -ը վերադարձրեց 4-րդ հորիզոնականը և կարող է հավակնել նույնիսկ 3-րդ տեղին։ «Ութֆորդ» -ը ոչ մի բանի համար չի պայքարում, բայց մեկն է անգլիական ամուր թիմերից, որոնք այսքան հետաքրքիր են դարձնում Պրեմյեր Լիգայի առաջնությունը։ 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան 

 

 

   


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP