Չեմպիոնների Լիգա, 1/4 եզրափակիչ

«Յուվենտուս» 1-2 «Այաքս»

 

Թեև «Այաքս» -ն արդեն իսկ Եվրոպայում մեծ աղմուկ է հանել, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում ջախջախելով Մադրիդի «Ռեալ» -ին, քիչ ենթադրելի էր թվում, որ հոլանդացիները նույն բանը կանեն նաև Թուրինի «Յուվենտուս» -ի նկատմամբ։ Մի բան է անկայուն «Ռեալ» -ը, որին ժամանակավոր գլխավոր մարզիչ է մարզում, մեկ այլ բան «Յուվենտուս» -ը, որի մարզիչը երևի թե լավագույն տակտիկն է ամբողջ Եվրոպայում ու երևի միակը, որը կարող է գտնել, թե ինչպես «Բարսելոն» -ին խոշոր հաշվով հաղթել իր իսկ հարկի տակ։

Տեն Հագի գլխավորած թիմը հերթական անգամ ցույց տվեց, որ հյուրընկալվելիս կարող է խաղալ նույն ագրեսիվ ֆուտբոլը, ինչը և սեփական հարկի տակ։ Ու եթե «Յուվենտուս» -ն ունի Ռոնալդու, որին աստղաբաշխական գումարներով այստեղ են հրավիրել, որպես նման իրավիճակներում հարց լուծող ֆուտբոլիստի, ապա «Այաքս» -ն ունի դե Լիգտ և դե Յոնգ, որոնք, ի տարբերություն դեպի մայրամուտ գնացող պորտուգալացու, փառքի ծարավ են և խաղից խաղ բարելավում են իրենց որակները։ 

Հանդիպման սկիզբը լարված էր, մենապայքարներով լի, թիմերն ձգտում էին գործել զգույշ և աշխատում էին չսխալվել։ Նման իրավիճակում բավական սուր պահ ստեղծվեց Օննանայի դարպասին։ Ջանը ճնշում գործադրեց «Այաքս» -ի դարպասապահի վրա, վերջինս հարվածեց ուղիղ դեպի Ջանը և քիչ մնաց գրավի սեփական դարպասը։ 

«Յուվենտուս»-ը․ որպես դաշտի տեր, մի փոքր տիրել էր նախաձեռնությանը, բայց առանձնապես սուր պահեր չէր ստեղծում։ Հիշարժան է Բեռնարդեսկիի հարվածը։ 

Շուտով «Այաքս» -ը հավասարեցրեց խաղը և փորձեր կատարեց սպառնալ «Յուվենտուս» -ի դարպասին։ Տևական ժամանակ հավասարություն էր դաշտում, թիմերից ոչ մեկն այլևս առավելություն չուներ։ 

Խաղակեսի միջնամասում «Այաքս» -ը ստեղծեց հանդիպման առաջին ռեալ գոլային պահը։  Ներեսը կրունկով գեղեցիկ փոխանցում կատարեց, անհաջող հարվածից հետո գնդակը հասավ Վան դե Բեկին, որ մոտ տարածությունից ուժեղ և բարձր հարվածեց։ Ճիշտ է, մրցավարները նաև «խաղից դուրս» -իրավիճակ արձանագրեցին։ «Յուվենտուս» -ը պատասխանեց Ռոնալդուի վտանգավոր հարվածով, որից հետո թուրինյան ակումբի լռության մեջ ընկղմված երկրպագուները մոռացան իրենց բողոքի մասին և զգալիորեն աշխուժացան։ Բանն այն է, որ «Յուվենտուս» -ի ղեկավարությունը թանկացրել է տոմսերի արժեքը և դա բոլորովին դուր չի եկել մարզադաշտ եկած երկրպագուներին։ 

Երբ դաշտում հավասարություն է տիրում, ամեն ինչ որոշում է ֆուտբոլիստի բարձր վարպետությունը։ Այսպես եղավ և այս անգամ։ 28-րդ րոպեին «Յուվենտուս» -ն անկյունային իրացրեց և պորտուգալացին ցույց տվեց, որ գլխով խաղում է ոչ պակաս հրաշալի, քան ոտքով՝ 1-0։ Ճիշտ է գոլը միանգամից չհաշվվեց։ «Այաքս» -ի ֆուտբոլիստն ընկել էր տուգանային հրապարակում։ Ինչպես ցույց տվեց կրկնապատկերը․ նրան հրել էր սեփական խաղընկերը։ 

«Այաքս» -ը թևաթափ չեղավ։ Միևնույն է, հաջորդ փուլ անցնելու համար նրանց անհրաժեշտ էր խփել երկու գնդակ։ Հոլանդացիները հաշիվը հավասարեցրին արագ, տվյալ դրվագում նրանց ոչ քիչ չափով ուղեկցեց հաջողությունը։ Դարպասին կատարած հարվածից հետո գնդակը դիպավ պաշտպանին և հայտնվեց Վան դե Բեեկի մոտ։ Վերջինս վարպետորեն գնդակը «ցածրից» ուղարկեց դարպասի անկյունը։ Կրկնապատկերը ցույց տվեց, որ «խաղից դուրս» վիճակ չկա՝ 1-1։ 

Ցանկանալով ապացուցել, որ տեղի ունեցածը թյուրիմածություն է, «Յուվենտուս» -ն առաջ նետվեց կորցրածը ետ բերելու։ Սակայն «Այաքս» -ը հստակ էր պաշտպամվում և հաջողությամբ իրադարձությունները տեղափոխում էր իր դարպասից հեռու։

 Երկրորդ կեսում Ալեգրին Դիբալայի փոխարեն դաշտ մտցրեց Մոյզես Քինին, բայց այդ փոփոխությունն առանձնապես օգուտ չտվեց։ Ավելին, «Այաքս» -ն աստիճանաբար տիրեց նախաձեռնությանը։ Հատկապես ակտիվ էր Վան դե Բեեկը, կարող էր և աչքի ընկնել Շյոնեն։ 

Հանդիպման ընթացքը ցույց տվեց, որ հոլանդացիների կիրառած ճնշումը բոլորովին էլ պատահական բնույթ չի կրում։ «Յուվենտուս» -ի պաշտպանությունը սկսեց ճաքեր տալ։ Զիյեխի հարվածից հետո թվում էր «Այաքս» -ն առաջ կանցնի հաշվի մեջ, բայց դաշտի տերերին փրկեց դարպասապահ Շչեստնին։ Եվս մեկ անգամ գրեթե գոլային հարված կատարեց Վան դե Բեեկը, բայց լեհ դարպասապահը կրկին իր բարձրության վրա գտնվեց։ 

Զարմանալի է, բայց «Յուվենտուս» -ը միայն պաշտպանվում էր։ Նույնիսկ Ռոնալդուն էր անհետացել տեսադաշտից։ Իսկ երբ Տադիչն ու Ներեսը հերթական վտանգը ստեղծեցին թուրինցիների դարպասի մոտ, Ալեգրին վերջապես որոշեց, որ եկել է փոփոխություններ կատարելու ժամանակը։ Դե Շիլյոյի փոխարեն դաշտ մտավ Կանսելուն, բայց դա էլ ոչ մի օգուտ չտվեց։ «Այաքս» -ն ավելացրեց ճնշումը և անկյունայինի խաղարկումից հետո առաջ անցավ հաշվի մեջ։ Հոլանդացիների ծագող աստղ դե Լիգտը մրցակցի երկու պաշտպանների հետ հաղթեց օդային մենամարտը և գլխի ճշգրիտ հարվածով գրավեց դարպասը՝ 1-2։ 

Կիսաեզրափակիչ անցնելու համար «Յուվենտուս» -ն արդեն երկու գնդակ պետք է խփեր, մինչդեռ հանդիպման ընթացքը ցույց էր տալիս, որ «Այաքս» -ին մինչև անգամ մեկ գոլ խփելն է ծայրահեղ դժվար։ Իհարկե «Յուվենտուս» - ը փորձեց անախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, սակայն նրանց գործողությունները հեռու էին արդյունավետ լինելուց։ Ավելին, վտանգավոր պահեր ավելի շատ ստեղծվում էին հենց թուրինցիների դարպասին։ Զիյեխին նույնիսկ հաջողվեց անչափ գեղեցիկ գոլ խփել, բայց մրցավարները «խաղից դուրս» -վիճակ արձանագրեցին։ Վտանգավոր էր նաև Տադիչի հարվածը։ 

«Յուվենտուս» -ը խոշոր ուժեր նետեց առաջ, բայց «Այաքս» -ը սառնասրտորեն էր պաշտպանվում էր և նույն հետևողականությամբ գնդակը հեռու էր պահում իր տուգանային հրապարակից։ 

90-րդ րոպեին Բենտանկուրի հարվածից հետո գնդակը տուգանային հրապարակում դիպավ Բլինդի ձեռքին։ Կրկնապատկերը ցույց տվեց, որ հարվածը կատարվել է մոտ տարածությունից, և Բլինդը չէր կարող հասցնել ձեռքը հեռացնել, չնայած փորձել էր դա անել։ Այսպիսով մրցավարը գտավ, որ ոչ ձեռքով խաղ կա, ոչ էլ, առավել ևս, 11 մետրանոց։ 

«Այաքս» -ը արժանի խաղով հաղթում է «Յուվենտուս» -ին և կիսաեզրափակիչում ուժերը կչափի «Տոտտենհեմ» - «Մանչեսթր Սիթի» զույգի հաղթողի հետ։ Թուրինցիներին մնում է սփոփվել անցյալի փառքով։

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP