Չեմպիոնների Լիգա, 1/4 եզրափակիչ

«Մանչեսթր Սիթի» 4-3 «Տոտտենհեմ»

«Քաղաքաբնակների» անհաջողության հիմնական մեղավորն, անկասկած Խոսեպ Գվարդիոլան է։ Ոչ ոք չի հերքում, որ նա է նման բարձր կարգի թիմ դարձրել մանկունիական ակումը, սակայն պետք է նկատել, որ նրա թիմը կարողանում է խաղալ միայն հարձակողական ֆուտբոլ, ու երբ նա իր սաներից պահանջում է ավելի զգույշ խաղ, վերջիններս անակնկալի են գալիս և չեն հասկանում, թե ինչ պետք է անել։ Ահա և պարտության հիմնական պատճառն առաջին խաղում։ Պատասխան խաղը նույնպես ենթակա է խիստ քննադատության։

Այսպես, պաշտպանության կենտրոնում Ջոունսի և Օտամենդիի փոխարեն խաղում էր Կոմպանի-Լապորտ զույգը, որոնցից առաջինը շատ չի խաղում վնասվածքների պատճառով, իսկ մյուսը հաճախ օգտագործվել է ձախ պաշտպանի դիրքում։ Ու դեռ նման պարագայում հենակետայինի դիրքում խաղացնել Գյունդողանին, երբ կա ամրեամուր Ֆեռնանդինյոն․․․ 

«Տոտտենհեմ» -ին հաճախ քննադատում են, որ թիմը ոչ մի անգամ չի կարողանում հաղթել իրենից ավելի բարձրակարգ մրցակիցներին։ Սա մանավանդ վերաբերվում է «Մանչեսթր Սիթի»-ի հետ հանդիպումներին, որտեղ Պոչետինոյի բալանսը ակնհայտ բացասական է։ Լոնդոնցիների գործը դժվարանում էր նաև նրանով, որ նրանց կազմում բացակայում էր Հարրի Քեյնը, աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը, իսկ նրանից բացի՝ նաև երկու հենակետայինները՝ Ուինքսը և Դայերը, ինչպես նաև Սերժ Օրյեն, որի խաղային ներուժը խաղից խաղ բացահայտվում է «Տոտտենհեմ» -ում։ 

Խաղի սկիզբը կարող էր իրավացիորեն հանգեցնել այն մտքին, որ Գվարդիոլայի թիմը խաղալու է իրեն հոգեհարազատ հարձակողական ֆուտբոլ ու մրցակցին հազար կտորների է ցաք ու ցրիվ տալու։ 

4-րդ րոպեին դե Բրեյնեն գնդակը խաղարկեց Ագուերոյի հետ, մոտեցավ տուգանային հրապարակին, իսկ երբ «Տոտտենհեմ» -ն իր ուշադրությունը կենտրոնացրեց բելգիացու վրա, պարզվեց, որ հսկողությունից դուրս է մնացել Ռահիմ Ստեռլինգը, որը փոխանցում ստանալով հոյակապ հարված կատարեց՝ 1-0։ 

Եվ այստեղ սկսվեց անսպասելին։ 7-րդ րոպեին Լուկասը գնդակը փոխանցեց Ալլիին, վերջինս այն ուղարկեց Էրիկսենի ուղղությամբ, Լապորտը փորձեց ընդհատել փոխանցումը, բայց արդյունքում գնդակը հայտնվեց Սոնի մոտ։ Կորեացի հարձակվողը ակնթարթորեն կողմնորոշվեց և հարված կատարեց, իսկ դարպասապահ Էդերսոնը անհաջող գործեց, փորձելով կռահել հարվածի ուղղությունը և գոլ բաց թողեց այնպիսի դրվագում, երբ դա բոլորովին էլ պարտադիր չէր՝ 1-1։ 

 Լապորտը շատ մեղավոր չէր տվյալ դրվագում, բայց հավանաբար ցնցման մեջ էր գտնվում, որ իր ոտքից գնդակը հայտնվեց Սոնի մոտ և րոպեներ անց իսկական սխալ թույլ տվեց, հրեշավոր սխալ, իսպանացին գնդակը հանձնեց Լուկաս Մոուրային։ Հետևեց փոխանցումը դեպի Սոնը, կորեացին մի հպումով կասեցրեց գնդակը, միաժամանակ շարժումով գետնին պառկեցնելով պաշտպանին, իսկ երկրորդ հպումով գրավեց դարպասի վերևի հեռավոր անկյունը՝ 1-2։

Հիմա դաշտի տերերն արդեն պետք է 3 գոլ խփեր և դա անիրականանալի առաջադրանք էր թվում։ «Մանչեսթր Սիթին» ակնթարթորեն ապացուցեց, որ դա իր համար խնդիր չէ։ Հենց հաջորդ գրոհի ժամանակ Բեռնարդու Սիլվան գրավեց Լյորիսի դարպասը։ Գնդակը դիպավ Ռոուզի ոտքին և ոտքերի արանքով տեղավորվեց դարպասի մոտակա ամկյունում՝ 2-2։ 

Եթե տեղի ունեցածը իսկական շոկ էր ֆուտբոլային հասարակության համար, ապա դժվար չէ կռահել, թե դա ինչ էր հենց ֆուտբոլիստների համար։ Երկու թիմերն էլ ետ քաշեցին ուժերը, որպեսզի շունչ առնեն և որոշեն անելիքը։ 

Շատ շուտ բացահայտվեց, որ «Մանչեսթր Սիթի» -ն բացահայտ առավելոթյուն ունի «Տոտտենհեմ» -ի նկատմամբ։ Արդեն 21-րդ րոպեին «քաղաքաբնակները» 3-րդ գոլը կազմակերպեցին «խթանների» դարպասին։ Դե Բրեյնեն արագ խաղարկեց գնդակը, փոխանցում կատարեց Բեռնարդու Սիլվային, իսկ պորտուգալացին առաջ ընթացավ և ակնթարթորեն հաշվենկատ փոխանցում կատարեց դեպի հակադարձ եզր։ Եվ կրկին անգամ «Տոտտենհեմ» -ի պաշտպանները հսկողությունից դուրս էին թողել Ռահիմ Ստեռլինգին՝ 3-2։

Մաուրիցիո Պոչետինոն ակնհայտորեն տեսավ, թե ինչ մութ ամպեր են կուտակվում իր գլխին։ Խաղի հիմնական մասը դեռ առջևում էր, իսկ Գվարդիոլայի թիմի համար մեկ գնդակ խփելը, ով էլ որ լինի մրցակիցը, բարդ խնդիր չէ։ Ճիշտ է, նույն Գվարդիոլան փայլուն չէ պաշտպանությունում, և դա բավական ճակատագրական հանգամանք է։ 

Վերստին հանդարտություն տիրեց։ «Տոտտենհեմ» -ն աշխատում էր սառեցնել խաղը, իսկ «Մանչեսթր Սիթի» -ն կրկին անգամ շունչ էր առնում և առայժմ չէր դիմում կտրուկ գործողությունների։  Գնդակն այս ու այն կողմ էր ցատկոտում դաշտի կենտրոնական հատվածում, երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ հավանաբար հույս ունեին, որ գուցե կկարողանան գոլ խփել առանց գերջանքեր գործադրելու։ 

41-րդ րոպեին Սոնը կարող էր 3-րդ գոլի հեղինակ դառնալ, բայց հնարամիտ խաբկից հետո աննշան շեղ հարվածեց։ 

Խաղակեսի վերջում վնասվածք ստացավ Սիսոկոն, որին փոխարինեց Լյորենտեն։ Այսպիսով՝ հենակետայինի փոխարեն հարձակվող, սա իհարկե լուրջ իրադարձություն էր «Տոտտենհեմ» -ի կազմում։ Դելլե Ալին տեղափոխվեց կենտրոնական կիսապաշտպանի գոտի, Լյորենտեն՝ իրեն հոգեհարազատ կենտրոնական հարձակվողի դիրքում, իսկ Սոնը դիրքավորվեց հարձակման ձախ եզրում։ 

Սարսափելի ճնշումը, որ «Մանչեսթր Սիթի» -ն կիրառեց «Տոտտենհեմ» -ի պաշտպանական դիրքերի վրա երկրորդ խաղակեսի առաջին իսկ րոպեներից՝ բնավ անսպասելի չէր։ Սակայն դե Բրեյնեի տուգանայինից կատարած հարվածը բարձր ստացվեց, իսկ Ստեռլինգի հարվածը ետ մղեց դարպասապահ Լյորիսը, որից հետո Ռոուզը Բեռնարդու Սիլվայի ոտքերի տակից դուրս բերեց գնդակը։ Քիչ անց պարզապես սարսափելի հարված կատարեց Բրեյնեն։ Լյոիսը կրկին անգամ փրկեց իր թիմին։ 

Դաշտի տերերը երբեմն շատ էին տարվում գրոհներով և հակագրոհներ էին վբաց թողնում, որից մեկի ժամանակ Ֆեռնանդո Լյորենտեն քիչ մնաց հավասարեցնի հաշիվը։ 

59-րդ րոպեին «Մանչոսթր Սիթի» -ն խփեց երկար սպասված գոլը։  Գնդակ ստանալով Գյունդողանից՝ դե Բրեյնեն կենտրոնով մխրճվեց «Տոտտենհեմ» -ի պաշտպանական շարքերի մեջ, ապա փոխանցում կատարեց մի փոքր դեպի աջ՝ Ագուերոյին։ Արգենտինացու հարվածը աննկարագրելի ուժեղ էր, այն միանգամայն կարող էր պատռել ցանցը, որի մեջ հայտնվել էր։ Դարպասապահ Լյորիսն անզոր էր՝ 4-2։

«Քաղաքաբնակների» երկրպագուները ցնծում էին։ Վերջապես իրենց սիրելի թիմի ֆուտբոլիստները խփեցին այնքան թվով գոլեր, որը նրանց թույլ կտար անցնել կիսաեզրափակիչ։ Վերջիններիս լավատեսական տրամադրությունը անըրամաբանական չէր թվում։ Գոլից հետո «Մանչեսթր Սիթին» մի քանի սուր հակագրոհ իրականացրեց և միանգամայն կարող էր հաշիվը խոշոր դարձնել։ 

Բայց ահա 73-րդ րոպեին անկյունային նշանակվեց «Մանչեսթր Սիթի» -ի դարպասին, որի խաղարկումից հետո Լյորենտեն մարմնի անորոշ հատվածով գրավեց Լյորիսի դարպասը՝ 4-3։ VAR սիստեմն այս դեպքում ի օգուտ հյուրերի գործեց։ Թեև գնդակը մի փոքր հպվել էր Լյորենտեի ձեռքին՝ գոլը հաշվվեց։   

Սա սառը ցնցուղ էր դաշտի տերերի համար։ Նման հաշիվի առկայությամբ կիսաեզրափակիչ էր անցնում «Տոտտենհեմ» -ը։ 

«Մանչեսթր Սիթի» -ն, բնականաբար, նետվեց խաղը փրկելու և հախուռն գրոհների տարափ տեղաց «Տոտտենհեմ» -ի դարպասին, որից առանձնապես օգուտ չքաղեց։ 

Եվ միայն ավելացված ժամանակում Գվարդիոլայի թիմը ստացավ իր շանսը։ Սուր հակագրոհի նետված Էրիկսենը կորցրեց գնդակը, այն Բեռնարդու Սիլվայի ոտքից հայտնվեց Ագուերոյի մոտ, հետևեց փոխանցում Ստեռլինգին և ձեռահաս հարձակվողը սառնասրտորեն գրավեց դարպասը։ «Էտիհադ» մարզադաշտը ցնծության մեջ էր։ 

Եվ այստեղ տեղի ունեցավ ամենազավեշտալին։ VAR սիստեմը, որի ամենակատաղի հակառակորդներից մեկը հանդիսանում է ոչ այլ ոք, քան «Տոտտենհեմ» -ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, երկրորդ անգամ փրկության ձեռք մեկնեց նրան։ Կրկնապատկերը ցույց տվեց, որ Ագուերոն փոխանցման պահին «խաղից դուրս» վիճակում էր, գոլը՝ հետևաբար, չեղարկվեց։ 

Երկու թիմերն էլ արժանի էին, որպեսզի «Այաքս» -ի հետ խաղան կիսաեզրափակիչում, սակայն այս անգամ ճակատագիրն ավելի բարեհաճ գտնվեց «Տոտտենհեմ» -ի նկատմամբ։

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան։  

 

 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP