Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Ինտերնացիոնալե» 1-1 «Ռոմա»

Այս տուրում «Յուվենտուս» -ը հաղթեց  «Ֆիորենտինա» -յին և չեմպիոն հռչակվեց,  «Նապոլի»-ն և «Ինտեր»-ը հավանաբար կզբաղեցնեն 2-րդ և 3-րդ հոիզանականները, իսկ ահա 4-րդ տեղի համար պայքարը ծայրահեղորեն սրվել է:  «Միլան» -ը ոչ ոքի խաղաց  «Պարմա»-յի հետ և չկարողացավ առաջ պոկվել, «Լացիո»-ն անսպասելի իր դաշտում զիջեց  «Կյևո»-յին, որն արդեն դուրս է մնացել ուժեղագույնների խմբից ու ոչ մի բանի համար չի պայքարում:

Փոխարենը հաղթանակ տարավ «Տորինոն» և խցկվեց այս թիմերի մեջ: Չեմպիոնների Լիգայի լրջագույն հավակնորդ է շարունակում հանդիսանալ Բերգամոյի  «Ատալանտա»-ն

Այսպիսով, 4-ր տեղի համար ոչ թե կուտակում է առաջացել, այլ իսկական խցանում: Վերը նշված թիմերից յուրաքանչյուրը կարող է արժանանալ դրան, եթե կարողանա 3-4 խաղերից կազմված հաջող ժամանակահատված անցկացնել: Առայժմ դրա հակառակ պրոցեսն է տեղի ունենում: Թիմերը անհարկի հուզվում են և միավորներ են կորցնում: 

Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում մրցեցին թիմեր, որոնք որոշ առումներով նման են իրար: «Ինտեր» -ը Սպալետտիի գլխավորությամբ հաջող սկսեց մրցաշրջանը, բայց Իկարդիի հետ տեղի ունեցած հայտնի սկանդալից հետո տեղի տվեց դիրքերը: Ամեն ինչ հարթ չէ և Սպալետտիի հետ, որին լրատվամիջոցները մրցաշրջանից հետո միահամուռ  «ճամփու են դնում» և փոխարենը նրա տեղն են հրավիրում մեկ այլ բարդ բնավորություն ունեցող մասնագետի՝ Անտոնիո Կոնտեին:  «Ռոմա»-ն անկայուն սկսեց մրցաշրջանը, ու թվում էր Էուսեբիո դի Ֆրանչեսկոյի սաները մրցաշրջանի ընթացքում կկարգավորեն գործերը: Սակայն թիմը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում պարտվեց  «Պորտու»-ին և դրանից հետո պարզ դարձավ, որ մարզչի օրերը մայրաքաղաքային թիմում հաշվված են: Դի Ֆրանչեսկոյի փոխարեն հիմա  «Ռոմա» -ն մարզում է Մասսիմո Ռանյերին: Թիմը կարծես կարգավորել է խաղը: Իսկ թե միավորների ինչպիսի պաշար կհավաքի մրցաշրջանի ավարտին՝ ցույց կտան մոտակա տուրերը: 

Երկու թիմերն էլ խաղում էին զգույշ մարտավարությամբ, հասկանալով, որ այս խաղում ամենակարևորը չպարտվելն է:4-2-3-1 և 4-4-1-1 մարտավարությունները դրա լավագույն ապացույցն են:  

Հանդիպման սկզբում ծավալվեց անշտապ, ալարկոտ ֆուտբոլ և միայն 4-րդ րոպեին Կոլարովի փոխանցումից հետո Ջեկոյի կատարած նպատակային հարվածը ստիպեց մարզադաշտում հավաքված երկրպագուներին արթնանալ խորը քնից: Քիչ անց ինքը Կոլարովը կարող էր աչքի ընկնել, բայց սերբի ուժեղ հարվածը մի փոքր շեղությամբ անցավ: 

«Ռոմա» -յի 3-րդ վտանգավոր գրոհն ավարտվեց դարպասի գրավումով: 14-րդ րոպեին Էլ-Շաարավին ձախ եզրում ստացավ գնդակը, շարժվեց դեպի կենտրոն, խաբեց բոլոր այն ֆուտբոլիստներին, որոնք հանդիպեցին իր ճանապարհին և պտտեցրած հարվածով գրավեց  «Ինտեր»-ի դարպասի հեռավոր անկյունը՝ 0-1

«Ինտեր»-ը սեփական երկրպագուների առաջ չէր կարող նման խայտառակություն հանդուրժել, ուստի առաջ անցավ պատասխան տալու: Հիշարժան էր Ասամոայի հարվածը, որը Ֆասիոյի ոտքին դիպչելով կարող էր հայտնվել դարպասում: Իսկ ամենավտանգավորը թերևս Լաուտարո Մարտինեսի պոռթկումն էր: Արգենտինացի հարձակվողի հարվածից հետո դարպասապահ Միրանտեն մի կերպ ձեռքով հասավ գնդակին, որը դրանից հետո դիպավ նաև դարպասաձողին, բայց դարպասում, այնուամենայնիվ, չհայտնվեց: 

Առաջին կեսում էլի պահեր եղան, բայց դրանք դժվար կլիներ ռեալ գոլային անվանել: 

Երկրորդ խաղակեսը սկսվեց փոխադարձ  «հրաձգությամբ», որից հետո  «Ինտեր» -ը տիրեց նախաձեռնությանը: Որպեսզի է՛լ ավելի տպավորիչ դարձնի իր թիմի առավելությունը՝ Սպալետտին դաշտ մտցրեց վնասվածքից ապաքինվող Իկարդիին«Ինտեր»-ի գլխավոր ռմբարկուն գոլ չխփեց, ինչպես սովորաբար, բայց նրա ներկայությունը ինքնավստահություն հաղորդեց թիմակիցներին և նրանք հիշարժան փոխարինումից 7 րոպե անց հավասարացրին հաշիվը: 

Դ՝Ամբրոզիոն աջ եզրից գնդակը կախեց դարպասին, երկու թիմերի բազմաթիվ ֆուտբոլիստներ վեր ցատկեցին, բայց միայն իրար խանգարեցին ու չկարողացան հասնել գնդակին: Գնդակն ի վերջո բաժին հասավ Պերիշիչին, որը ոչ մեկի հետ ոչ մի բանի համար չէր պայքարում: Խորվաթ ֆուտբոլիստը գլխի գեղեցիկ հարվածով գրավեց դարպասը՝ 1-1

Հաշիվը հավասարվելուց հետո հավասարվեց նաև խաղը: Սխալ կլիներ ասել, թե թիմերը չէին ձգտում հաղթանակի, և սա հատկապես վերաբերվում է  «Ռոմա» -յին: Բայց հենց որ տեղի էր ունենում գնդակի կորուստ և մրցակից թիմը քիչ թե շատ վտանգավոր հակագրոհի էր դիմում, անմիջապես հետևում էր խախտումը:  «Գայլերից» նման զանցանքի համար զգուշացվեցին Կրիստանտեն և Ձանյոլոն: Ինչ վերաբերվում է մայրաքաղաքային թիմի գոլային պահերին, ապա դրանցից ամենավտանգավորը Կոլարովի հարվածն էր: Սերբը իր հոգեհարազատ ձախ եզրից տուգանային հրապարակ ներխուժեց, հարվածեց արդեն ընկնելիս, բայց դարպասապահ Հանդանովիչը կարողացավ փրկել իր թիմին: Կրկնապատկերը ցույց տվեց, որ Կոլարովը վերջին պահին ընկավ նրան հետապնդող Բալդե Կեյտայի մեջքին հրելու արդյունքում: Մրցավարները դրվագը թողոցին անփոփոխ: 

«Ռոմա»-յի մյուս պահերից հիշարժան է Պելլեգրինիի հարվածը, որը Հանդանովիչը վերցրեց գեղեցիկ ցատկով:

«Ինտեր» -ը նույնպես ուներ իր պահերը: Անչափ վտանգավոր դիրքում ստանալով տուգանայինի իրավունք՝ Պերիշիչը թույլ և բարձր հարվածեց:  «Ռոմա»-յի դարպասը փորձեց գրավել նաև Լաուտարո Մարտինեսը, բայց նրա հարվածը նույնպես շեղ ստացվեց: 

Երկրորդ կեսի իրադարձություններից թերևս կարելի է ավելացնել Բորխա Վալերոյի գեղեցիկ և էֆեկտիվ տեխնիկան, որը նա ցուցադրում էր ամեն մի առիթով, ինչպես նաև Իկարդիի ջանքերը, որոնք այդ օրը հաջողությամբ չպսակվեցին:

Մարտական ոչ ոքի: 5 ավարտական տուրերը կբացահայտեն Չեմպիոնների Լիգայի 4-րդ ուղեգրի տիրակալին:

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP