Ֆուտբոլային մասնագետների մոտ ինքնին հարց է ծագում, չշտապեցի՞ն արդյոք «Մանչեսթր Յունայթեդ» -ի ղեկավարները երկարաժամկետ պայմանագիր կնքելով Օլե Գուննար Սուլշերի հետ: Ինչ ճիշտն է՝ ճիշտը: Այս համակրելի անձնավորությունը, որը ոչ վաղ անցյալում նույնքան համակրելի ֆուտբոլ էր խաղում սըր Ալեքսի ղեկավարության ներքո, գնալով ավելի ու ավելի է նմանվում թղթախաղի «խամ ձեռք» նորելուկ խաղացողին: Իրար ետևից գեղեցիկ հաղթանակներ բոլոր մրցակիցների նկատմամբ և ճակատագիրն էլ ամեն անգամ նրա կողմն է: Բայց հենց որ Սուլշերը իր նախկին թիմում աշխատանքի անցավ մշտական հիմունքներով, ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ:

Սկսած ֆուտբոլիստների վնասվածքներից, վերջացրած նույն բախտի գործոնով, որն արդեն միշտ չէ, որ նրա կողմն է: Եվ վերստին կրկնվում է նույն պատկերը: Հենց որ հակառակորդը լավ է խաղում և հաջողությունը մի փոքր երես է թեքում՝ Սուլշերի «Մանչեսթր Յունայթեդ» -ը պարտություն է կրում:   

Խոսելով «Էվերտոն» -ի մասին պետք է անպատճառ նշել այս թիմի ամբիցիաների մասին: Ակումբում ջանք ու եռանդ չեն խնայում, մեծ գումարներ են ծախսում, որպեսզի վերջապես մուտք գործեն ֆուտբոլային էլիտա, բայց առայժմ չի հաջաղվում այդ անել: Պորտուգալացի մասնագետ Մարկո դա Սիլվայի թիմը առաջնությունը սկսեց անկայուն, հաճախ պարտվելով միջակ թիմերի: Սակայն վերջնամասում «Էվերտոն» -ի գործերը կարծես սկսում են շտկվել և այս հանդիպումը դրա լավագույն ապացույցն է: 

«Մանչեսթր Յունայդեթ» -ը խաղում էր իր համար սովորական դարձած 4-3-3 մարտավարությամբ: Պետք է նշել, որ հենակետայինի դիրքում խաղում էր վնասվածքից ապաքինված Մատիչը

«Էվերտոն» -ն ընտրել էր ավելի պաշտպանողական մարտավարություն՝4-2-3-1 և խաղում էր երկու հենակետայինով: Ուշադրության է արժանի, որ հարձակման սուր ծայրում խաղում էր Կալվերտ-Լյուինը, որին թիկունքից աջակցում էր շատ հզոր հարձակողական եռյակ՝ ի դեմս - Ռիչարլիսոնի, Սիգուրդսսոնի և Բեռնարդի

Հանդիպումը հենց սկզբից դիտարժան էր: Կար արագություն, կար պայքար, կար նպատակասլացություն: Սակայն եթե խոսենք խաղային որակի մասին, ապա այստեղ բացահայտ առավելությունը ուներ «Էվերտոն» -ը

11-րդ րոպեին Ռիչարլիսոնը տուգանայինում ընդունեց գնդակը և հարվածեց մոտակա անկյունը: Դե Խեան ցուցաբերեց իր հանրահայտ ռեակցիան ու ետ մղեց գնդակը: 

13-րդ րոպեին «Էվերտոն» -ը բացեց հաշիվը: Դինը եզրային գծից գնդակը ձեռքով նետեց տուգանային հրապարակ, ինչպես անկյունայինից կաներ, Կալվերտ-Լյուինը հաղթեց օդային մենապայքարը, գնդակը թռավ դեպի Ռիչարլիսոնը և բրազիլացի հարձակվողը շրջադարձ գեղեցիկ հարվածով գրավեց դարպասը: Հարվածը կատարվեց մոտ տարածությունից, այն շատ ուժեղ էր և շատ դիպուկ: Նույնիսկ 2 դարպասապահ չէին կարողանա ետ մղել այդ գնդակը՝ 1-0

«Էվերտոն» -ը շարունակում էր գրոհել և իրար ետևից 3 անկյունային իրացրեց: Լիպերպուլի թիմն ուներ նաև սուր պահեր, որոնք ի զորու չեղավ գոլի վերածել: Մանկունիացիների գործողություններից հիշարժան է Ռեշֆորդի տուգանայինից կատարած հարվածը, որն անչափ բարձր ստացվեց: 

28-րդ րոպեին «Էվերտոն» -ը կրկնապատկեց հաշիվը: Բեռնարդը և Գույեն իրենց թիմի համար սուր հակագրոհ սկսեցին, որի ընթացքում մեծ ուժեր չունեին առջևում: Այնտեղ միայն Սիգուրդսսոնն էր, ու նա էլ արդեն պարտվում էր դիրքային պայքարը մրցակիցներին: Սակայն իսլանդացին տվյալ դրվագում պարզապես հանճարեղ գործեց: Նա դանդաղեցրեց ընթացքը, ավելի ետ մնաց պաշտպանից ու գնդակը հանգիստ ընդունելու հնարավորություն ստացավ: Ապա կենտրոն տեղափոխվեց և այնպիսի իրադրությունում, երբ թվում էր ոչ մի վտանգավոր բան չկա, որոշեց նպատակային հարված կատարել: Սիգուրդսսոնը գնդակն ուղարկեց դարպասի աջ անկյունը: Դե Խեան, որն ընդհանուր առմամբ անհաջող դիրք էր գրավել դարպասում,  նման բանի չէր սպասում, և հարվածն էլ ի դժբախտություն նրա, և՛ չափազանց ուժեղ էր և՛ չափազանց ճշգրիտ: Կարծես ապահովության համար այն դարպասապահի ձեռքերի առաջ դիպավ խոտածածկին ու դարպասը թռչեց՝ 2-0:    

Առաջին խաղակեսի վերջնամասում նշանակալի դեպքեր տեղի չունեցան: 

Իրադարձությունների նման շրջադարձից չափազանց դժգոհ Սուլշերը կրկնակի փոփոխություն կատարեց, Ֆրեդի և Ջոնսի փոխարեն խաղադաշտ մտցնելով Մաքթոմինեյին և Յանգին: Դա Սիլվան պատասխանեց Ռիչարլիսոնի փոխարեն Ուոլկոտին խաղադաշտ բերելով և ավելի հաջողակ դուրս եկավ: Հենց Ուոլկոտն էլ հետագայում հաշիվը դարձրեց ջախջախիչ: 

56-րդ րոպեին Սիգուրդսսոնը անկյունային իրացրեց: Գնդակն իջավ դարպասային հրապարակ, դե Խեան բռունցքներով բավական հեռու հեռացրեց այն: Սակայն գնդակն ուղիղ ընթացավ դեպի Դինը, «Էվերտոն» -ի ձախ պաշտպանը վճռեց ընթացքից հարված կատարեց և ֆուտբոլիստների հսկա մարդամբոխով ծածկված դե Խեան գնդակը նկատեց միայն այն ժամանակ, երբ այն հայտնվեց իր դարպասի աջ անկյունում՝ 3-0: Ճիշտ է Դինի հարվածի պահին «Էվերտոն» -ի երկու ֆուտբոլիստներ «խաղից դուրս» էին, բայց նրանք գտնվում էին միանգամայն պասիվ դիրքում: 

64-րդ րոպեին Դինը սկսեց իր թիմի հերթական հակագրոհը, գնդակը հասցեագրեց Կալվերտ-Լյուինին, իսկ վերջինս էլ գլխով Սիգուրդսսոնին: Իսլանդացուն այլ բան չէր մնում, քան հաշվենկատ փոխանցումով Ուոլկոթին մեն մենակ դուրս բերել դե ԽԵայի դեմ: «Էվերտոն» -ի հարձակվողը «Մանչեսթր Յունայթեդ» -ի դարպասը գրավեց բավական ճարպիկ ու սառնասիրտ կերպով՝ 4-0

Հյուրերը փորձեր կատարեցին գոնե հեղինակության գոլ խփել, բայց դա նրանց մոտ ակնհայտորեն չստացվեց: Կարելի է նշել Մարսիալի դրվագը: Ֆրանսիացին հարվածային դիրք դուրս եկավ, փորձեց լավացնել դիրքը ու հարվածեց սակայն կես մետրի չափ դարպասից հեռու: «Էվերտոն» -ը նույնպես ուներ իր պահերը, սակայն այսքան սքանչելի գոլերի կողքին երևի չարժե դրանք նկարագրել մանրամասնորեն: 

«Մանչեսթր Յունայթեդ» -ը անհամոզիչ խաղ անցկացրեց և այժմ 6-րդ հորիզոնականում է, որտեղ և անցկացրել է մրցաշրջանի մեծագույն մասը: «Էվերտոն» -ը «Ուոթֆորդ» -ի հետ կվիճարկի 7-րդ հորիզոնականը, որն, ասենք, ոչ մի առավելություն չի տալիս թիմերին, բացի փառասիրությանը մի փոքր հագուրդ տալուց: Եվ իհարկե երկրպագուներին ուրախացնելուց: 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան: 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP