Անգլիայի առաջնություն, 31-րդ տուրի հետաձգված հանդիպում

«Մանչեսթր Յունայթեդ» 0-2 «Մանչեսթր Սիթի» 

Պատմությունը կրկնվում է, Սուլշերի նշանակումից հետո արդեն երրորդ անգամ ենք առիթ ունենում կրկնել միևնույն միտքը․ հենց որ մրցակիցը խաղում է իր ֆուտբոլը կամ բացակայում է հաջողության գործոնը, «Մանչեսթր Յունայթեդ» -ը աներկբա պարտություն է կրում։  Ընդ որում այս անգամ խոսք է գնում մրցակցի բացահայտ առավելության մասին։

Հանդիպման 40-րդ րոպեին «Մանչեսթր Սիթի» -ն 84 տոկոս էր տիրում գնդակին, «Մանչեսթր Յունայթեդ» -ի 16 ամոթալի տոկոսի դիմաց։ Իրեն հարգող ոչ մի թիմ, որն իր կազմում համաշխարհային մեծության աստղեր ունի, չպետք է նման բան թույլ տա։

Պետք է նշել, որ Օլե Գուննար Սուլշերը դասեր էր քաղել «Էվերտոն» -ից կրած ստորացուցիչ պարտությունից և արել էր ուժերի ներածը, որպեսզի այս բախտորոշ խաղում չձախողվի։ Հասկանալի է, արդեն չէր կարող խոսք գնալ 4-3-3 դասավորվածության մասին, ու ոչ էլ նույնիսկ 4-4-2։ Սուլշերն ընտրել էր 5 պաշտպանով մարտավարություն։ Հիմնական կազմում հայտնվել էր Դարմիանը, որը Սմոլինգի և Լինդելյոֆի հետ պետք է ամրացներ պաշտպանության կենտրոնը, նախորդ հանդիպումը անհամոզիչ անցկացրած Մատիչի փոխարեն խաղում էր բրազիլացի Պեռեյրան։ Ընդ որում Սուլշերը պահեստայինի նստարանին թողել էր բավարար թվով ուժեղ և ստեղծագործ ֆուտբոլիստների, որոնք մարզիչի հաշվարկով երկրորդ կեսում պետք է բեկում մտցնեին հանդիպման ընթացքի մեջ։ 

«Մանչեսթր Սիթի»-ն խաղում էր իր սովորական 4-3-3 -ով։ Պաշտպանության ձախ եզրում հայտնվել էր Զինչենկոն, Կոմպանի-Լապորտ ոչ այնքան խաղակցված կենտրոնական պաշտպանների առկայությամբ հենակետայինի գոտին ամրացնում էր Ֆեռնանդինյոն։ 

Դաշտի տերերը մեծ ուժեր էին կուտակել պաշտպանությունում և առիթի դեպքում կատաղի նետվում էին սուր հակագրոհի։ Հարվածային դիրքում հաճախ հայտնվում էր Ռեշֆորդը, որը սակայն, չէր կարող պարծենալ դիպուկությամբ։ Իր հերթին կարող էին գոլ խփել և հյուրերը, երբ գնդակը դիպավ Սմոլինիգի ոտքին և փոխելով ուղղությունը ընթացավ դեպի դարպասը։ Սակայն Ստեռլինգի հարվածը թույլ էր և դե Խեան հեշտությամբ վերցրեց գնդակը։ 

Այնուհետև եկավ Ֆրեդի հերթը, որը հարվածեց Պոգբայի գեղեցիկ փոխանցումից հետո, իսկ քիչ անց դարպասին ընթացքից հարվածելու փորձ կատարեց նաև Լինգարդը, որը, եթե ճիշտն ասենք, մեծ շանսեր չուներ գրավելու դարպասը։ Որպեսզի կարողանալ նման դիրքից գոլ խփել՝ պետք է Իբրահիմովիչ կամ վան Բաստեն լինել։

Խաղն աշխույժ բնույթ ուներ, երկու թիմերն էլ կարողանում էին գոլային պահեր ստեղծել։ 

18-րդ րոպեին դե Խեան դժվարությամբ ետ մղեց Բեռնարդու Սիլվայի ուժեղ հարվածը, իսկ քիչ անց Էդերսոնի հետ մեն մենակ դուրս եկավ Ռեշֆորդը, որը սակայն «խաղից դուրս» վիճակում էր գտնվում։  Քիչ անց Ռեշֆորդը ևս մեկ հեռահար հարված կատարեց ու նորից չափազանց շեղ։ 

Առաջին խաղակեսի մնացյալ հատվածն ավելի շատ նման էր իրար հոգնեցնելու և դրա արդյունքում սխալվել ստիպելու վրա։ Ընդ որում «Մանչեսթր Սիթի» -ն արդեն բացահայտ առավելություն ուներ, անընդհատ գրոհում էր և դաշտի տերերը գնալով ավելի ու ավելի դժվարությամբ էին հասնում նրա արագաշարժ հարձակվողների ետևից։ Գոլային պահերն առաջվա պես առկա էին, դա շատ դիտարժեն և գեղեցիկ հանդիպում էր։ 

Երկրորդ խաղակեսի սկզբում վնասվածք ստացավ Ֆեռնանդինյոն, նրա փոխարեն Գվարդիոլան դաշտ մտցրեց Լեռոյ Սանեին, հետևաբար այնպես ստացվեց, որ «Մանչեսթր Սիթի»-ն ունի գերհարձակողական կազմ։ Դա համարձակ որոշում էր, դրա արդյունքում նույնիսկ «Մանչեսթր Սիթի» -ի պես թիմը կարող է պարտվել, բայց որպեսզի նման բան պատահի, անհրաժեշտ է, որ մրցակիցը լինի «Բարսելոն»-ը, այլ ոչ թե «Մանչեսթր Յունայթեդ»-ն իր այսօրվա խաղամակարդակով։ 

54-րդ րոպեին հյուրերը վերջապես առաջ անցան հաշվի մեջ։ Բեռնարդու Սիլվան աջ եզրում գնդակ ստացավ Գյունդողանից, խաբուսիկ շարժում կատարեց դեպի աջ և անմիջապես հարվածեց մոտակա անկյունը։ Գնդակն անցավ պաշտպանի ոտքերի տակով, խաբքի արդյունքում մի փոքր կենտրոն տեղափոխված դե Խեան հենված էր աջ ոտքին և չէր կարող հասնել դեպի հակադարձ անկյունը սլացող գնդակին՝ 0-1։

Թվում էր դաշտի տերերը պետք է ակտիվանան, որպեսզի ետ բերեն կորցրածը։ Ոչ մի նման բան։ Ավելին, մեկ րոպե անց Ագուերոն կարող էր կրկնապատկել հաշիվը, բայց արգենտինացու հարվածն իր վրա ընդունեց դարպասաձողը։ 

Արդարության համար պետք է նշել, որ «Մանչեսթր Յունայթեդ» -ն, այնուամենայնիվ, ինչ որ պահեր ստեղծեց։ Մի դեպքում գնդակին չահասավ Լինգարդը, որը կարող էր գնդակը հրել դատարկ դարպասը, մյուս դեպքում Պոգբան 20 մետրից նշանակված տուգանայինից չկարողացավ դիպուկ գտնվել։

«Մանչեսթր Սիթի»-ն շուտով կրկին անգամ ցույց տվեց, թե ինչպես դա պետք է անել։ 

66-րդ րոպեին Պոգբան հակառակորդի տուգանայինի մատույցներում պասիվություն ցուցաբերեց, ընդառաջ չգնալով խաղընկերոջ փոխանցմանը, արդյունքում գնդակը հասավ Ստեռլինգին, որը և սկիզբ դրեց «քաղաքաբնակների» սուր  հակագրոհին։ Ստեռլինգը բավական արագ կտրեց անցավ միջին գիծը, արագ կողմնորոշվեց, տեսնելով, թե ինչ մեծ ճեղքվածք է առաջացել հակառակորդի պաշտպանության աջ եզրում։ Հետևեց փոխանցում դեպի Սանեն, որն արդեն այնքան անարգել հարվածեց, որ նույնիսկ նրա «պարզամիտ» հարվածը դե Խեան չկարողացավ վերցնել 0-2։

Սուլշերն արդեն կորցնելու բան չուներ և դիմեց փոփոխությունների։ Դաշտ մտավ Լուկակուն, իսկ քիչ անց նաև Մարսիալը և Սանչեսը։ Սակայն նրանք թարմություն չբերեցին դաշտի տերերի խաղին։ «Մանչեսթր Սիթի»-ն խաղում էր հանգիստ և ինքնավստահ, ասես գիտակցելով, որ չեմպիոնության ամենառեալ հավակնորդն է։ 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP