Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ռոմա» 3-0 «Կալյարի»

Վերջապես Մասսիմո Ռանյերիի նշանակումը սկսեց տալ իր արդյունքները: «Ռոման» բարձրացավ բաղձալի 4-րդ հորիզոնական: Ճիշտ է, «Միլանը» կարող է շրջանցել նրան, եթե երեկոյան հյուրընկալվելիս հաղթի «Տորինոյին», Չեմպիոնների Լիգայի ուղեգրի ևս մեկ հավակնորդի: Հանուն արդարության պետք է նշել, որ «գայլերը» նման հաջողությամբ ավելի շատ պարտական են իրենց հիմնական մրցակիցներին՝ «Միլանին» և «Լացիոյին», որոնք անկայուն խաղ են ցուցադրում:

Հենց սրանով է բացատրվում նաև նոր հավակնորդների ի հայտ գալը՝ ի դեմս Բերգամոյի «Ատալանտայի» և «Տորինոյի»

Մայրաքաղաքային թիմից այս խաղին չէին կարող մասնակցել Ձանյոլոն և Կրիստանտեն, որոնք որակազրկված են, ինչպես նաև թիմի ավագ դե Ռոսսին, Սանտոնը և Կարսդորպը, որոնցից վերջին երկուսը հիմնական կազմի ամուր ֆուտբոլիստներ չեն: Սակայն առանց նրանց էլ «Ռոման» շատ ուժեղ կազմ էր դուրս բերել խաղադաշտ: Մինչդեռ «Կալյարին» իր կազմում միայն մեկ աստղային ֆուտբոլիստ ուներ, ի դեմս կիսապաշտպան Նիկոլո Բարելլայի, որը խաղում է Իտալիայի հավաքականում: 

Նայելով թիմերի դասավորվածությանը կարելի էր թյուրիմածաբար գալ եզրակացության, որ ավելի հարձակողական ֆուտբոլ էր խաղում «Կալյարին», որը երկու հարձակվող ուներ «Ռոմայի» մեկի դիմաց: Սակայն դա այդպես չէր: Ամբողջ խաղի ընթացքում «Ռոման» հսկայական առավելություն ուներ, որը մեծ վստահությամբ գոլերի վերածեց: 

Արդեն 4-րդ րոպեին «Ռոման» առաջ անցավ հաշվի մեջ: Անկյունայինի խաղարկումից հետո Ջեկոն պայքարի մեջ մտավ պաշտպանների հետ, պարտվեց այն, սակայն անդրադարձից հետո գնդակը թռավ դեպի Ֆասիոն, որը գլխով հարված կատարեց դեպի հեռավոր անկյունը: Գնդակը դիպավ դարպասաձողին, որից հետո դարպասապահ Կրանյոն մեծ դժվարությամբ այն դուրս բերեց, սակայն մրցավար Մանգանյելլոն ցույց տվեց դաշտի կենտրոն՝ գնդակը հատել էր դարպասային գիծը՝ 1-0

8-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Խավյեր Պաստորեն, որն այդ օրը խաղում էր իրեն անսովոր ենթահարձակվողի դիրքում: Ջաստին Կլյույվերտը աջ եզրում ստացավ գնդակը, սկսեց խաբուսիկ շարժումներ կատարել և ոչ մի բանից չէր կարելի ենթադրել, որ խոսք է գնում գոլային գրոհի մասին: Սակայն հետևեց փոխանցում տուգանային հրապարակի կենտրոն, որտեղ Պաստորեն թեև հսկողությունից դուրս էր մնացել, սակայն գտնվում էր մեծ թվով մրցակիցների շրջափակման մեջ: Արգենտինացին անսպասելի որոշում ընդունեց: Պաստորեն նրբագեղ շարժումով լավացրեց դիրքը և հարվածեց անպաշտպան մնացած անկյունը: Հարվածն այնքան էլ ուժեղ չէր, բայց այնքան ճշգրիտ էր ու լավ հաշվարկված, որ դարպասապահը չկարողացաավ հասնել գնդակին՝ 2-0

Քիչ անց սարդինացիները կարող էին կրճատել հաշվի տարբերությունը: Իտալական ֆուտբոլի ծագող աստղ Բարելլան հարվածի դուրս բերեց Պավոլետտիին, հարձակվողը հարվածեց դիպուկ, բայց ուղիղ դեպի դարպասապահը: Միրանտեն մեծ դժվարությամբ գնդակը դարպասաձողի տակից դուրս բերեց անկյունային: 

Դաշտի տերերը փորձեցին սառեցնել խաղը, որպեսզի ազարտի ընկնելով հանկարծ գոլ չընդունեն: Հռոմեացիները ուշադիր էին հատկապես Բարելլայի նկատմամբ, որից, ըստ երևույթին, ամենամեծ վտանգն էին զգում: Կատարելով առաջադրանքը և սպառելով հյուրերի կենսական ուժերը, «Ռոման» առաջ նետվեց և մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց: Շատ ակտիվ էր Էլ-Շաարավին, վտանգավոր հարվածներ կատարեցին Ֆլորենցին և Ջեկոն, սակայն թիմերը ընդմիջման գնացին նույն հաշվով:

Երկրորդ խաղակեսի ամենասկզբում Բիրսան հարված կատարեց «Ռոմայի» դարպասին: «Գայլերը» առաջ նետվեցին մեծացնելու առավելությունը, որպեսզի ոչ մի բան կասկածի տակ չդնի նրանց հաղթանակը: 

55-րդ րոպեին վտանգավոր հարված կատարեց Ջեկոն, որն իր վրա ընդունեց Չիպիտելլոն, իսկ քիչ անց դաշտի տերերի բազմաքայլ կոմբինացիան կարող էր գոլով ավարտել Լորենցո Պելլեգրինին

Խաղադաշտում բաց ֆուտբոլ ծավալվեց, որն ավելի ձեռնտու էր «Ռոմային»: Այս թիմի ֆուտբոլիստներն անհամեմատ բարձր կարգ ունեին, այդ պատճառով գոլային պահերը ստեղծվում էին միայն «Կալյարիի» դարպասին: Կրկին անգամ նպաստավոր դիրքից վրիպեցին Էլ-Շաարավին և Ջեկոն:

86-րդ րոպեին «Ռոման» վերջապես հաշիվը դարձրեց խոշոր: Էլ-Շաարավիի հարվածից հետո հաջող անդրադարձ տեղի ունեցավ, որից հետո Պերոտտին մեն մենակ դուրս եկավ Կրանյոյի դեմ: Ու թեև հարձակվողը չկարողացավ շրջանցել դարպասապահին՝ վրա հասած Կոլարովը կրկնակի հարվածով գնդակն ուղարկեց ցանցից ներս՝ 3-0:

«Ռոման» ցուցադրեց գեղեցիկ ֆուտբոլ և համոզիչ հաղթանակ տարավ: «Կալյարին» խաղաց իր ուժերի սահմաններում, այնուհանդերձ Սարդինա կղզու թիմը մտքերով արդեն հաջորդ մրցաշրջանում է:

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP