Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Մանչեսթր Յունայթեդ» 1-1 «Չելսի»

Տեղի է ունենում անհավատալին։ 3-րդ և 4-րդ տեղերի համար պայքարող բոլոր չորս թիմերը, որոնք բոլորն էլ «մեծ վեցնյակից» են, մրցաշչջանի ավարտին միավորների մեծ կորուստներ են կրում։ Նրանցից ոչ մեկի համար ոչինչ ապահովված չէ։ 

Տևական անհաջողության առաջին հատվածն ունեցավ «Տոտտենհեմը», որը լուրջ կասկածի տակ դրեց իր անսասան թվացող 3-րդ տեղը։ Այնուհետև անհաջողությունները սկսեցին հետապնդել «Չելսիին», վերջում արդեն հաջողակ «Մանչեսթր Յունայթեդին» և

մանավանդ «Արսենալին», որը վերջին 5 խաղերից 4-ում պարտվել է, իսկ «Ուոթֆորդի» նկատմամբ տարած միակ հաղթանակին պարտական է ճակատագրական հանգամանքների մի երկար շարանի։ 

Տվյալ խաղում թիմերը տրամադրված էին վճռորոշ շրջադարձ կատարել իրենց ֆուտբոլային կյանքում։ Միլիոնավոր ֆուտբոլասերներ այդ երեկո ականատես եղան բարձրակարգ և հագեցած ֆուտբոլի, որի ընթացքում թիմերը չխնայեցին ո՛չ իրենց, ո՛չ մրցակիցներին։ Թվում էր ոչ թե Պրեմյեր Լիգայի հերթական 3 միավորն է խաղարկվում, այլ ֆուտբոլիստների ճակատագիրն է այդ խաղում որոշվում։ «Մանչեսթր Յունայթեդին» այդ արժեցավ Բայիին, իսկ «Չելսիին» Ռյուդիգերին։ Երկու պաշտպաններն էլ խաղադաշտը լքեցին կաղին տալով, կողմնակի օգնությամբ։ Եվ դա դեռ բոլորովին էլ թանկ գին չէր, որոնք կարող էին վճարել այս երկու զորեղ թիմերը ցուցադրած նման խաղի դիմաց։ 

«Մանչեսթր Յունայթեդը» նախորդ խաղերի համեմատությամբ մի փոքր փոխել էր մարտավարությունը։ Պաշտպանության կենտրոնում խաղում էր Լինդելյոֆ-Բայի զույգը, կիսապաշտպանությունում վերջապես իրար կողքի էին հայտնվել Մատիչն ու Էռերան, հիմնական կազմ  էր վերադարձել Մատան, որն այս անգամ դիրքավորվել էր Ռեշֆորդի և Լուկակուի թիկունքում՝ ենթահարձակվողի դիրքում։ «Չելսիում» ամեն ինչ անփոփոխ էր։ Սարրին հնարավոր է ամենահամառ մարզիչն է, որին ֆուտբոլային աշխարհը երբևէ ականատես է եղել։ Ըստ իտալական մարզիչի պաշտպանության կենտրոնում պետք է լինեն միայն Լուիսն ու Ռուդիգերը, Քրիստենսենը լավագույն դեպքում կարող է փոխարինել նրանց, իսկ հենակետայինի դիրքում անպատճառ պետք է խաղա Ժորժինյոն, թեև այդ դերի համար կա նաև Կանտեն։ Գուցե և նրա մտահաղացումը տա իր արդյունքը, ժամանակը ցույց կտա, թե որքանով է իրավացի «Նապոլիի» նախկին մարզիչը։ 

Հանդիպման ընթացքը ցույց տվեց, որ Սուլշերի թիմը գնալով ավելի է նմանվում Մոուրինյոյի թիմին։ «Մանչեսթր Յունայթեդը» առաջին րոպեից մինչև վերջին րոպեն ահռելի ճնշում էր գործադրում, բայց նրանց գործողություններում պակասում էր միտքը և խելամտությունը։ Սա վկայում է այն մասին, որ նորվեգացի մասնագետը սկսել է նյարդայնանալ և նպատակ է դրել ամեն գնով միավորներ վաստակել։ 

Առաջին վտանգը «Չելսիի» դարպասին ստեղծվեց արդեն 4-րդ րոպեին։ Շոուն իր կիսադաշտից երկար փոխանցում կատարեց դեպի Լուկակուն, բելգիացին ներխուժեց տուգանային հրապարակ, երկու անգամ շրջանցեց Ռուդիգերին ու հարվածեց։ Առիսաբալագան իր բարձրության վրա էր, դաշտի տերերն ընդամենը անկյունային վաստակեցին։ 

11-ր րոպեին իր թիմի գրոհը կրկին անգամ սկսեց Շոուն։ Ձախ պաշտպանը գնդակը փոխանցեց Պոգբային ու ամբողջ ուժով առաջ սլացավ իր եզրով։ Պոգբան զարգացրեց գրոհը, գնդակը հասցեագրեց Լուկակուին, վերջինս շատ լավ նկատեց «տեղ հասած» Շոուին և գնդակը փոխանցեց նրան։ Շոուն իր ողջ տեսքով ցույց տվեց, որ հարվածելու է, բայց վերջին պահին  գնդակը նետեց կենտրոն և վրա հասած Մատան հաշվենկատ հարվածով գրավեց դարպասը՝ 1-0։  

Հաջողության հասնելուց հետո «Մանչեսթր Յունայթեդը» ետ քաշվեց, և ավելին քան երբևէ, նման էր Մոուրինյոյի ժամանակների թիմին։ Այսպիսով՝ «Չելսին» հարձակվում էր, «Մանչեսթր Յունայթեդը» պաշտպանվում, իսկ երբ հակագրոհների արդյունքում հայտնվում էր «Չելսիի» կիսադաշտում, երբեմն այստեղ մնում էր հարաբերականորեն երկար։ Նման իրավիճակներից մեկում մանկունիացիները անկյունայինի իրավունք ստացան և Բային գլխով վտանգավոր հարված կատարեց, բայց այն մի փոքր շեղ ստացվեց։

Գնալով «Մանչեսթր Յունայթեդն» ավելի վստահ տեսք էր ստանում խաղադաշտում։ Մանկունիացիները կիառում էին բարձր ճնշում և դա տալիս էր իր արդյունքը։ Մրցակիցը դժվարանում էր խաղ կազմակերպել և զրկված էր լինում որևէ չափով սուր գրոհ կազմակերպելու հնարավորությունից։ Ու այն իրադրությունում, երբ թվում էր ամեն ինչ կարգին է և «Մանչեսթր Յունայթեդին» ոչինչ չի սպառնում՝ «Չելսին» հավասարեցրեց հաշիվը։ 

43-րդ րոպեին ձախ եզրում գնդակն ընդունել էր Ազարը, իր սովորության համաձայն ետ ու առաջ էր անում՝ այն հույսով, որ ճեղքեր գտնի մրցակցի պաշտպանությունում։ Դաշտի տերերը հանգիստ էին, ոչ մի վտանգավոր բան չկար։ Սակայն հետևեց փոխանցում դեպի կենտրոն, գնդակն ընդունեց Ռուդիգերը և մի փոքր առաջ շարժվելով հարվածեց դարպասին։ Հեռավորությունը մինչև դարպասը 30 մետրից պակաս չէր ու հարվածն էլ այնպիսիններից չէր, որոնց կարելի է գոլային անվանել։ Սակայն դե Խեան գնդակը ետ մղեց ուղիղ իր դիմաց, պաշտպաններից ոչ մեկն օգնության չշտապեց և նման հանգամանքներում ավելի ձեռահաս գտնված Մարկոս Ալոնսոն մոտ տարածությունից գրավեց դարպասը՝ 1-1։

Երկրորդ կեսում թիմերն է՛լ ավելի կատաղությամբ նետվեցին պայքարի։ Մեծ թիվ էին կազմում խախտումները, հատկապես կոպիտ էին խաղում «Չելսիի» ֆուտբոլիստները։ Զգուշացվեցին Վիլլիանը և Կովաչիչը, երկրորդ դեղինը պետք է ստանար Էռերան, բայց մրցավար Ատկինսոնը խնայեց նրան։ 

Սուլշերը և Սարրին թարմ ուժեր նետեցին մարտադաշտ։ Խաղը շարունակում էր լարված բնույթ կրել, արագությունները բարձր էին, թիմերը, կարելի է ասել ցուցադրում էին հագեցած ֆուտբոլ։ Սակայն վտանգավոր պահերը չափազանց քիչ էին։ 

Արդեն նշվեց վնասվածքների մասին, որոնք կարող էին ավելի շատ լինել։ Եթե շարունակենք պատմել խաղի մասին՝ նորից պետք է ընկնենք կրկնությունների գիրկը՝ նշելով, թե որքան դաժան պայքար էր ընթանում խաղադաշտում։

Միակ գոլային պահը ստեղծվեց 93-րդ րոպեին, երբ անկյունայինի խաղարկումից հետո Ռոխոն գլխով հարվածեց և Պեդրոն դատարկ դարպասից դուրս բերեց գնդակը։ Հանուն արդարության պետք է նշել, որ եթե Պեդրոն չապահովագրեր, ապա Առիսաբալագան հավանաբար ցատկով որսար գնդակը։

Թիմերը մեկական միավոր վաստակեցին և շարունակում են պայքարել 4-րդ տեղի համար։ 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան 

 

 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP