Չեմպիոնների Լիգա, կիսաեզրափակիչ:

«Տոտտենհեմ» 0-1 «Այաքս»

Ամստերդամի «Այաքսը» Չեմպիոնների Լիգայի այս խաղարկությունում անկասալի է մրցակցի հարկի տակ: Ընդ որում հոլանդական թիմը բոլոր դեպքերում հաղթում է համոզիչ, խաղալով առավելությամբ, և ավելի լավը գտնվելով ֆուտբոլային բոլոր առումներով: Այս անգամ Տեն Հագի թիմի զոհը դարձավ «Տոտտենհեմը»: Ճիշտ է, դեռ կա պատասխան խաղ, իսկ «Տոտտենհեմը» բավականաչափ ուժեղ թիմ է:

Լոնդոնյան թիմը հաղթել է Դորտմունդի «Բորուսիային», մրցաշարից դուրս է թողել գերհզոր «Մանչեսթր Սիթիին» և կարող է վերջնական հաշվով հաղթող ճանաչվել և «Այաքսի» հետ մրցավեճում:      

Ի պաշտպանություն «Տոտտենհեմի» կարելի է նշել Անգլիայի առաջնության անհամեմատ ծանր հանդիպումները, որոնք այս թիմն անցկացնում է մի քանի օրը մեկ, ինչպես նաև մեծ թվով վնասվածքներ ունենալու հանգամանքը, որն էապես բարդացնում է Մաուրիսիո Պոչետինոյի գործը: Սա հատկապես վերաբերվում էր հարձակման գծին: Եթե առաջ Քեյնը միայնակ ավելի արդյունավետ էր գործում հարձակման գծում, քան Լյորենտեն, Ալլին և Մոուրան միասին վերցրած, ապա տվյալ դեպքում չկար նաև կորեացի Սոնը, որն իրենից նույնպես շատ մեծ ուժ է ներկայացնում: Եթե այս երկուսին գումարում ենք Օրյեին, Լամելային և Ուինքսին, ապա պարզ է դառնում, թե ինչ ծանր խնդիրներ էին ծառացել «Տոտտենհեմի» մարզիչի առաջ: 

Տեն Հագի դիրքերն այս առումով ամուր էին: «Այաքսը» ծանր խաղեր չի անցկացնում Հոլանդիայի առաջնությունում, և չի կարողանա հույս դնել միայն Էյտինգի վրա, որը հիմնական կազմի ուժեղ ֆուտբոլիստներից չէ: 

Այս խաղում Մաուրիսիո Պոչետինոն դաշտ էր դուրս բերել ակնհայտ հարձակողական կազմ: Պաշտպանությունը թողնելով Դավինսոն Սանչես-Վերտոնգեն- Ալդեյրվերելդ եռյակին, արգենտինացի մասնագետը իրեն թույլ էր տվել պահեստայինների նստարանին թողնել ֆիզիկապես շատ ուժեղ երկու հենակետայինների՝ Սիսոկոյին և Դայերին և կիսապաշտպանության կենտրոնը հանձնել Վանյամա-Էրիկսեն զույգին: Հարձակվողների մասին արդեն նշվեց և մեզ մնում է ավելացնել միայն երկու եզրայիններին՝ Ռոուզին և Տրիպյերին, որոնք գործում էին դաշտի ամբողջ երկայնքով: 

Տեն Հագը նույնպես ընտրել էր ավելի համարձակ դասավորվածություն: Ներեսն ու Զեիշն արդեն իրենց եզրերից խաղում էին միակ հարձակվող Տադիչի անմիջապես կողքերից, դե Յոնգը հենակետայինի դիրքից ավելի ձախ էր տեղափոխվել, վան դե Բեեկը ենթահարձակվողից նահանջել էր աջ եզր, իսկ կիսապաշտպանության կենտրոնը մնացել էր Շոնեի հոգածությանը: Պաշտպանությունում Մազրաուիի փոխարեն ձախ եզրում խաղում էր Տալյաֆիկոն, իսկ մյուս դիրքերում՝ ինչպես որ նախկինում կար: Աջից Վելտմանը, կենտրոնում դե Լիգտը և Բլինդը

Հանդիպման սկիզբը միանգամից զարմանալի երևույթներ բացահայտեց: Առաջին իսկ րոպեներից ակնհայտ դարձավ, որ «Այաքսը» ֆիզիկապես գերազանցում է, իսկ «Տոտտենհեմը» վախենում է մրցակցից: Իրոք կարելի է զարմանալ: Մի՞ թե այս նույն «Տոտտենհեմը» չէր, որը բավական հանդուգն ֆուտբոլ էր ցուցադրում «Մանչեսթր Սիթիի» դեմ նրա իսկ դաշտում...

«Այաքսն» արագորեն տիրեց նախաձեռնությանը և սկսեց խաղալ իրեն բնորոշ ֆուտբոլ, ինչին «Տոտտենհեմը» պատասխանեց ուժեղ պրեսինգով, որը, ասենք, նրան առանձնապես օգուտ չբերեց: Լոնդոնցիների խաղում պակասում էր սրությունը, մինչդեռ ամստերդամցիները գնդակ ստանալով դիմում էին միանգամայն նպատակասլաց գործողությունների: 

Պետք է նկատել, որ «Այաքսը» գլխապատառ չէր վազում առաջ, խաղում էր խելամիտ ֆուտբոլ և իր գրոհներին ավելի մեծ թվով ֆուտբոլիստներ տրամադրեց միայն այն բանից հետո, երբ գնահատեց և ծանր ու թեթև արեց «Տոտտենհեմի» իրական ուժը:

Անկյունայինի խաղարկումից հետո մի փոքր շեղ հարվածեց Բլինդը: Քիչ անց Շոնեն վճռեց հեռահար հարված կատարել, բայց կրկին անգամ վրիպեց: 

«Այաքսի» դարպասի մոտ կատարյալ խաղաղություն ու անդորր էր տիրում: Եթե դարպասապահ Օննանան 5 րոպեով գնար սուրճ խմելու, խաղադաշտում նրա բացակայությունը դժվար թե նկատվեր: 

Իսկ ահա «Այաքսն» իր ոճի մեջ էր: Ամստերդամյան թիմն ավելացրեց ճնշումը և շուտով հաջողության հասավ: Մի իրավիճակում, երբ «Տոտտենհեմը» փորձում էր արհեստական «խաղից դուրս» վիճակ ստեղծել, Զիեշին հաջողվեց խոցող փոխանցում կատարել, որի արդյունքում դարպասապահ Լյորիսի դեմ դուրս եկավ ամստերդամցիների թերևս ամենավտանգավոր ֆուտբոլիստը, Դոնիի վան դե Բեեկը: Հոլանդական ֆուտբոլի ծագող աստղը գործեց բավականաչափ սառնսրտորեն: Մի քանի կեղծ շարժումներով ապակողմնորոշեց Լյորիսին, ու մինչև լոնդոնցիների պաշտպանական գիծը գլխապատառ օգնության էր սլանում, վարպետորեն գրավեց դարպասի հեռավոր ամկյունը՝ 0-1

Կարելի էր սպասել, որ բաց թողած գոլից հետո գրոհի կանցնի «Տոտտենհեմը», բայց արի ու տես, որ դրա փոխարեն ավելի ակտիվ էր գործում «Այաքսը»: Լոնդոնյան թիմն անճանաչելի էր: Ասես նրա ֆուտբոլիստների ոտքերը կաշկանդել էին բազմաթիվ անտեսանելի թելերով ու պարաններով: «Տոտտենհեմը» երկար փոխանցումներ էր կատարում դեպի առաջ, բայց դե Լիգտն ու Բլինդն ամեն ինչ պահում էին իրենց հսկողության տակ: Եվ եթե այս ամենին ավելացնենք, որ թիմին շատ պակասում էին Քեյնը և Սոնը, չենք կարծում, որ սրանով չափազանց խելացի միտք արտահայտած կլինենք: 

Մինչդեռ «Այաքսը» կարող էր կրկնապատկել հաշիվը: Նորից լավ դիրք դուրս եկավ վան դե Բեեկը, կարող էր գնդակը փոխանցել Ներեսին, բայց որոշեց ինքը հարվածել: Դարպասապահ Լյորիսը չեզոքացրեց վտանգը: 

Վերջապես վտանգավոր պահ ունեցավ «Տոտտենհեմը»: Տուգանայինի խաղարկումից հետո անչափ հարմար դիրքից գլխով հարվածեց Լյորենտեն, բայց չափազանց անհաջող: 

Եվս մեկ հիշարժան դրվագ տեղի ունեցավ, երբ «Տոտտենհեմի» հերթական բարձրից փոխանցմանն արձագանքեցին այս թիմի երկու բարձրահասակ կենտրոնական կիսապաշտպանները, Վերտոնգենը և Ալդեյրվերելդը, որոնց փորձեց դիմագրավել դարպասապահ Օննանան: Պաշտպանները երկուսն էլ վրիպեցին, իրար գլուխ գլխի զարկելով, իսկ Օննանան բռունցքներով հեռացրեց ոչ միայն գնդակը, այլև մյուս պաշտպանի գլուխը: Արդյունքում երկու բելգիացի պաշտպանները խոտածածկին հայտնվեցին, բարեբախտաբար նրանք գլուխներն ազատեցին թեթև ցնցումով: Այնուհանդերձ Վերտոնգենի վնասվածքն ավելի լուրջ էր: Մաուրիցիո Պոչետինոն նրա փոխարեն դաշտ դուրս բերեց Մուսա Սիսոկոյին

Առաջին կեսի վերջնամասում ավելի ակտիվ էին դաշտի տերերը: Ստանդարտից հետո գլխով շեղ հարվաշեց Ալդերվեյրելդը: Սիսոկոյի հեռահար հարվածը նույնպես օգուտ չբերեց:

Երկրորդ կեսում ֆուտբոլասերն ականատես եղավ միանգամայն ուրիշ «Այաքսի»: Ընդունված է ասել, որ ամստերդամյան թիմը պաշտպանվել չգիտե, ու եթե չի ցանկանում պարտվել, ապա պետք է անընդմեջ հարձակվի: Կարծես ցանկանալով հակառակն ապացուցել, Տեն Հագը հրամայել էր իր ֆուտբոլիստներին հենց պաշտպանողական ֆուտբոլ խաղալ, որը նրանք այս խաղում իրականացրին, եթե ոչ փայլուն, ապա բավականաչափ հաջող: 

Պետք է նկատել, որ «Այաքսի» սուր հակագրոհները պակաս վտանգավոր չէին, քան դիրքային գրոհները: 

«Տոտտենհեմը» գրոհում էր մեծ ուժերով, փորձում էր ճնշում գործադրել, բայց անօգուտ: Գործը ոչ մի անգամ չհասավ գոլային պահի: Լոնդոնյան թիմին, կարելի է ասել, պակասում էր որոշումներ ընդունելու սրըթացությունը: Այնտեղ, որտեղ Քեյնը վճռում էր անմիջապես հարվածել, Լյորենտեն անվերջ ձգտում էր լավացնել դիրքը: 

Եվ այստեղ Տեն Հագը ևս մեկ անակնկալ մատուցեց կենտրոնական կիսապաշտպան Շոնեի փոխարեն դաշտ դուրս բերելով ձախ պաշտպան Մազրաուիին: Փոխարինումը վատ չստացվեց: Նոր ֆուտբոլիստը բավական սրություն հաղորդեց «Այաքսի» գործողություններին: 

«Տոտտենհեմը» խաղում էր «լալկան» ֆուտբոլ: Լոնդոնցիները կարծես ցանկանում էին բողոքել մրցակցի դեմ, որըն անընդհատ ոտքերի տակ է ընկնում և թույլ չի տալիս ազատ հարվածել դարպասին:    

  78-րդ րոպեին ստեղծվեց երկրորդ կեսի ամենավտանգավոր պահը: Հերթական սուր հակագրոհի ժամանակ Տադիչը լավ փոխանցում կատարեց ձախից գրոհին միացող Ներեսին, վերջինս շեշտակի հարված կատարեց դեպի հեռավոր անկյունը, բայց դարպասաձողը օգնության հասավ Լյորիսին

Պոչետինոն փոփոխությունների դիմեց, «Տոտտենհեմը» նորից ու նորից փորձեց վճռականություն հաղորդել իր գործողություններին ու բեկել խաղի ընթացքը: Սակայն գործը ոչ մի անգամ հախուռն գրոհներից այն կողմ չանցավ: «Այաքսն» իրականացնում էր թիմային հստակ պաշտպանություն, որին մասնակցում էին թիմի առանց բացառության բոլոր ֆուտբոլիստները: 

«Այաքսը» արժանի հաղթանակ տարավ և հետզհետե ավելի ու ավելի մեծ թվով համակիրներ է ձեռք բերում: Սակայն դեռ վաղ է խոսել հաջողության մասին: Ամեն ինչ կորոշվի Ամստերդամում կայանալիք պատասխան խաղում: 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան:  

 

 

 

  

 

       

   

   


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP