Չեմպիոնների Լիգա, կիսաեզրափակիչի առաջին խաղ

«Բարսելոն» 3-0 «Լիվերպուլ»

Ահա և տրվեց բոլոր հարցերի պատասխանը, որը օր ու գիշեր տանջում էր ֆուտբոլասեր հասարակությանը։ «Բարսելոնը» հաղթեց, այդ արեց համոզիչ ու գեղեցիկ և գրեթե բոլորի մոտ ձևավորեց այն հաստատուն համոզմունքը, որ եզրափակիչում հենց ինքն է խաղալու «Տոտտենհեմ» - «Այաքս» զույգի հաղթողի հետ։ 

Այո, «Բարսելոնը» հաղթեց «Լիվերպուլին», բայց դա տեղի ունեցավ, որովհետև նախ և առաջ Վալվերդեն գերազանցեց Կլոպին։

Հանդիպումը ցույց տվեց, որ գերմանացի մասնագետը սխալ էր հաշվարկել ուժերը, և հարձակողական ֆուտբոլը, որն ինքնասպանություն է «Բարսելոնի» հետ մրցակցող բոլոր թիմերի համար, նույնպիսի ուժգնությամբ վերաբերվում է  նաև «Լիվերպուլին»։

Թիմերն ընտրել էին 4-3-3 դասավորվածությամբ մարտավարություն, ինչը կարող է վկայել նրանց հարձակողական ֆուտբոլ ցուցադրելու պատրաստակամության մասին։

Սակայն կիսապաշտպանական եռյակում Արթուր Մելոյի փոխարեն Վիդալի հայտնվելը, Բուսկետսի և Ռակիտիչի կողքին, ցույց էր տալիս, որ «Բարսելոնը», համենայն դեպս, մտադիր է ունենալ ֆիզիկապես ուժեղ կենտրոն։ Կատալոնական թիմում մյուս դիրքերում առանձնապես փոփոխություններ չկային։ Պաշտպանության աջ եզրում Սեմեդուի փոխարեն խաղում էր Սերխի Ռոբերտոն, կենտրոնում՝ Պիկե-Լանգլե, ձախից, ինչպես միշտ՝ Խորդի Ալբա։ Հարձակման գծում Մեսսիի և Սուարեսի հետ այս անգամ խաղում էր Ֆելիպե Կոուտինյոն։ 

Յուրգեն Կլոպն ավելի բազմազան էր իր փոփոխությունների մեջ և նույնքան տարօրինակ։ Ասենք, աջ պաշտպանի դիրքում նման հզոր մրցակցի հետ խաղում փոքրամարմին Ալեքսանդր-Առնոլդի փոխարեն Ջո Գոմեսին ընդգրկելը կարելի է հասկանալ։ Բայց ահա հարձակման աջ եզրում Ջորջինյո Վեյնալդումին խաղացնելը տարակուսանք էր առաջացնում։ Հարձակմանը նա ոչ մի օգուտ չտվեց, մինչդեռ կիսապաշտպանությունում կարող էր զգալիորեն ավելի արդյունավետ գործել։ Նման որոշում կայացվել էր Ֆիրմինոյի ոչ լիովին ապաքինման պատճառով, որի դիրքում խաղում էր Սալահը։ Ձախ եզրում տեղ էր գտել Մանեն։ Մյուս դիրքերում նորություններ գրեթե չկային։ Պաշտպանության կենտրոնում Վան Դեյկի հետ այս անգամ համագործակցում էր Մատիպը, պահեստայինների նստարանին թողնելով Լովրենին, իսկ ձախից՝ անխոնջ Ռոբերտսոնը։ Կիսապաշտպանությունը վստահված էր Կեյտա-Ֆաբինյո-Միլներ եռյակին։    

Առաջին իսկ րոպեներից ծավալվեց բարձրակարգ և դիտարժան ֆուտբոլ։ Թիմերը ձգտում էին խաղալ հարձակողական ֆուտբոլ, ընդ որում թվում էր, թե «Լիվերպուլն» ավելի կազմակերպված տեսք ունի։ 

Հետզհետե սկսեց ձևավորվել «Լիվերպուլի» տարածքային առավելությունը, և Յուրգեն Կլոպի մտքով անգամ չէր անցնում, որ դա պարզապես Վալվերդեի կողմից լարված մի սովորական ծուղակ է։ 

«Լիվերպուլը» ձգտում էր հստակ խաղալ պաշտպանությունուն և անընդհատ ճնշում էր գործադրում «Բարսելոնի» պաշտպանական դիրքերի վրա։ Թվում էր՝ կատալոնացիների պաշտպանները չեն դիմանա լարվածությանը և անխուսափելիորեն կսխալվեն։ 

Առաջին վտանգավոր պահը, սակայն, տեղի ունեցավ հենց «Լիվերպուլի» դարպասի մոտ։ Ռակիտիչը ներխուժեց տուգանային հրապարակ և պատրաստվում էր դիմահար հարվածել, բայց նրա ոտքերի տակ նետված Մատիպը չեզոքացրեց վտանգը։ 

«Լիվերպուլն» է'լ ավելի մեծացրեց ճնշումը, ցանկանալով ցույց տալ, որ տեղի ունեցածը սոսկ թյուրիմածություն է, սակայն հակառակորդի դարպասի մոտ վտանգավոր պահեր ստեղծել այդպես էլ չկարողացավ: 

Փոխարենն ավելի ակտիվացավ Լիոնել Մեսսին, անընդհատ գնդակներ մատակարարելով խաղընկերներին ու հարվածային դիրք դուրս գալով: Դրանցից մեկի ժամանակ արգենտինացի գերաստղը հարվածեց, որը, սակայն, թույլ ստացվեց: 

24-րդ րոպեին վնասվածք ստացավ Նաբի Կեյտան և որոշակի առումով խառնեց Կլոպի ծրագրերը: Նրա փոխարեն խաղադաշտ մտավ Հենդերսոնը, որն անմիջապես Միլներից վերցրեց ավագի թևկապը և փորձեց ավելի համախմբել թիմակիցներին: Սակայն այդ փոխարինումից ընդամենը 2 րոպե անց «Բարսելոնը»  բացեց խաղի հաշիվը: Դրվագում մեղքի իր բաժինն ուներ «Լիվերպուլի» ավագը: Հենդերսոնը չհասցրեց փակել Խորդի Ալբային, հետևեց անսպասելի փոխանցում դեպի տուգանային հրապարակ, որտեղ Սուարեսը բարձր վարպետությամբ գրավեց Էդերսոնի դարպասը: Բրազիլացի դարպասապահը տեղից դուրս էր եկել, որպեսզի գնդակը վերցնի որպես փոխանցում, սակայն նրա ցատկը դատարկ դուրս եկավ, որոհետև կես ճանապարհից ուրուգվայցի հարձակվողը «փախցրեց» գնդակը` 1-0:   

Բաց թողած գոլից հետո «Լիվերպուլը» չընկճվեց և շարունակեց գրոհել, ասես ոչինչ տեղի չէր ունեցել: 

35-րդ րոպեին Մանեն կարող էր հավասարեցնել հաշիվը, բայց բավականաչափ հաջողակ չգտնվեց: Նրա ընթացքից կատարած հարվածը բարձր ստացվեց: Կրկնապատները ցույց տվեց, որ նման դիրքից դարպասը գրավելը գրեթե անհնար գործ է: Ի դեպ, «Բարսելոնի» դարպասին բոլոր վտանգները հիմնականում գալիս էին հենց Մանեի եզրից: 

Հանդիպումը զերծ չէր փոքրիկ ֆուտբոլային նենգություններից: Դրվաներից մեկում Ռոբերտսոնը իբրև թե չկարողացավ պահպանել իներցիան և բախվեց Մեսսիին: Մեսսին իբրև թե չկարողացավ դիմագրավել և երկու երեք պտույտ տվեց խոտածածկին հայտնվելուց հետո: Ինչ կռիվ ու վեճ կարող է լինել առանց Սուարեսի: Ուրուգվայցին մոտեցավ մրցավար Կեյպերսին և պահանջեց դաշտից հեռացնել Ռոբերտսոնին: Մրցավարը չանսաց նրա հորդորին, իսկ Ռոբերտսոնը ոխը սրտում հարմար պահ որսաց, և մի քանի րոպե անց արմունկով հարվածեց նախկին «լիվերպուլցի» Սուարեսին: Մրցավարը չնկատեց դրվագը:  

Երկրորդ կեսը վերստին սկսվեց «Լիվերպուլի» համառ գրոհներով։ Քիչ մնաց հաշիվը հավասարեցնի Միլները, բայց նրա ուժեղ հարվածից հետո հիանալի ռեակցիա դրսևորեց դարպասապահ Տեր Շտեգենը։ Քիչ անց գերմանացին արդեն ետ մղեց Սալահի հեռահար հարված։ Այնուհետև ևս մեկ անգամ հարվածեց Միլները, այս անգամ տուգանային հրապարակից, բայց նորից դարպասապահը հաղթող դուրս եկավ։ 

«Լիվերպուլի» խնդիրը կայանում էր նրանում, որ թիմը չէր կարողանում հնարամիտ գործողություններ իրականացնել «Բարսելոնի» տուգանային հրապարակում։ «Բարսելոնը» դժվարությամբ, բայց դիմակայում էր։ Թեկուզ և անգլիացիները տարածքային մեծ առավելություն ունեին, ոչ թե նրանք հավասարեցրին հաշիվը, այլ կատալոնացիները շուտով կրկնապատկեցին այն։ 

75-րդ րոպեին «Լիվերպուլի» տուգանային հրապարակում տեղի ունեցավ մենապայքար, արդյունքում գնդակը հայտնվեց Սուարեսի մոտ, որից հետո հարվածն իր վրա ընդունեց ուղղահայաց դարպասաձողը։ Անդրադարձին առաջինն արձագանքեց Լիոնել Մեսսին, որը, թվում էր, գնդակի հետ միասին կքայլի դարպասից ներս, սակայն արգենտինացին վերջին պահին հարվածեց՝ 2-0։ 

Լիոնել Մեսսիի 3-րդ գոլը գլուխգործոց էր։ Այն խփվեց տուգանայինից։

Հեռավորությունը դարպասից՝ 26 մետր էր,  ուղիղ դարպասի դիմաց։ Մեսսին ձախ ոտքով գնդակը պտտեցրեց այն անկյունը, որը պահպանում էր պատը։ Կրկնապատկերը ցույց տվեց, որ դարպասապահ Էդերսոնն այն կատարյալ չէր կառուցել։ Այնուհանդերձ նույնիսկ այդ դեպքում գրեթե անհնար կլիներ հասնել գնդակին։ Հարվածը, որի արդյունքում գնդակը հանգրվանեց դարպասի վերին աջ անկյունում, լավագույնն էր լավագույններից՝ 3-0։ 

Ով նույնիսկ դրանից հետո «Լիվերպուլը» չկոտրվեց ու շարունակեց գրոհել։ 3-1 հաշիվը կատարելապես տարբերվում է 3-0 հաշվից ու հաջորդ փուլ դուրս գալու լավ շանսեր է թողնում։ Գրոհներից մեկի ժամանակ մերսիսայդցիները 3 անգամ հարվածեցին Տեր Շտեգենի դարպասին, ընդ որում 3-րդը հարվածեց Սալահը՝ 5 մետրից, բայց դիպավ դարպասաձողին։ 

Հանդիպման վերջնամասը նշանավորվեց «Բարսելոնի» սուր հակագրոհներով, որի ընթացքում հաշիվը կարող էր դաառնալ ջախջախիչ։ Սակայն մի դեպքում անձնուրաց խաղաց Ռոբերտսոնը, երկրորդում չափազանց նպաստավոր դիրքից վրիպեց Դեմբելեն, որը երևի ավելի լավ կաներ, եթե գնդակը զիջեր Մեսսիին։ Արգենտինացին, ասենք, բոլորովին չնեղացավ երիտասարդ խաղընկերոջից և ամեն կերպ աջակցեց նրան։

«Բարսելոնը» խելացի մարտավարության շնորհիվ հաղթեց ուժեղ մրցակցին։ 3 գնդակ ետ բերելը գրեթե անհնարին է թվում։ Բայց հիշեցնենք, որ նախորդ խաղարկության ժամանակ նույն բանն արեց իտալական «Ռոման», որտեղ այն ժամանակ հանդես էր գալիս «Լիվերպուլի» ներկայիս դարպասապահ Ալիսսոնը։

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան։ 

    

 

 

  

 

 

  


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP