Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Նյուքասլ Յունայթեդ» 2-3 «Լիվերպուլ» 

Պրեմյեր Լիգայի նախավերջին տուրում «Լիվերպուլը» ուժերը չափում էր անգլիական թերևս ամենաուշագրավ ակումբային երևույթի, «Նյուքասլի» հետ: Հյուսիս-անգլիական այս թիմը վերջին տարիներին հիմնականում պայքարում է Պրեմյեր Լիգայում տեղը պահպանելու համար, սակայն որպես ապրանքանիշ՝ 20-րդն է աշխարհի բոլոր ակումբների: «Նյուքասլը» Անգլիայի քառակի չեմպիոն է և ունի երկրպագուների ամենահավատարիմ բանակը: Ինչ խաղ էլ որ անցկացնի, ում հետ էլ որ մրցի, նույնիսկ եթե

հրաժեշտ տա ուժեղագույնների խմբին ու խաղա Չեմպիոնշիփում, ինչը նրա հետ վերջին ժամանակներս կատարվում է,  «շնորհիվ» ակումբի ամերիկացի սեփականատեր Մայք Էշլիի ապաշնորհ կառավարման, «Սենտ Ջեյմս Պարկ» մարզադաշտում հավաքված երկրպագուների քանակը միշտ նույն թիվն է ցույց տալիս՝ 52.206

Ակումբի մյուս ուշագրավ առանձնահատկությունը թիմի սեփականատերն է, ամերիկացի միլիարդատեր Մայք Էշլին

Դժվար է որևէ միտք կամ իմաստ գտնել այս հարուստ մարդու գործողություններում: Մայք Էշլին կծծի մարդու համբավ ունի և երկար ժամանակ ափսոսում էր փող ծախսել նոր ֆուտբոլիստներ գնելու վրա: Բայց հանկարծ ու 100 միլիոնի ֆուտբոլիստ առավ մի քանի մրցաշրջան առաջ, և նույն տարում էլ «Նյուքասլը».... դուրս մնաց ուժեղագույնների խմբից: Հատկանշական է, որ թիմը միայն հինգ հաստիքային պաշտպանով սկսեց առաջնությունը, և որոշ խաղերում, վնասվածքների ու որակազրկումների պատճառով, ստիպված էր յոլա գնալ երկու պաշտպանով: Երկրպագուները պահանջում էին  սեփականատիրոջ  հրաժարականը, վերջիններիս գոհացնելու նպատակով Էշլին աճուրդի հանեց ակումբը՝ փորձելով այն վաճառել համացանցի միջոցով և արժանացավ երկրպագուների միահամուռ ծաղրին: 

Մայք Էշլիի տարօրինակությունների մասին կարելի է մի ամբողջ գիրք գրել, սակայն բավարարվենք ասելով, որ նա ի վերջո կարողացավ իր ակումբ գայթակղեցնել Ռաֆայել Բենիտեսին, (երկու տասնյակի չափ հայտնի մասնագետներ հրաժարվեցին) խոստանալով նրան հնարավորություն ընձեռնել ուժեղ ակումբ ստեղծել: Թե որքանով է նա խոսքը պահել, կարելի է համոզվել՝ նայելով «Նյուքասլի» ոչ այնքան ուժեղ կազմը:  

Ահա այսպիսի թիմի հետ էր մրցելու Յուրգեն Կլոպի թիմը, որն ի տարբերություն՝  չեմպիոնությունն է վիճարկում «Մանչեսթր Սիթիի» հետ: 

Կլոպը հավանաբար դասեր էր քաղել «Բարսելոնի» հետ պարտությունից և Ֆիրմինոյի վատառողջ լինելու պարագայում հարձակման կենտրոնում դրել էր հաստիքային կենտրոնական հարձակվողի՝ Դանիել Սթարիջին: Պաշտպանության աջ եզրում կրկին տեղ էր գտել Ալեքսանդր-Առնոլդը, կիսապաշտպանություն էր վերադարձել «հարձակման գիծը» ձախողած Վեյնալդումը, Մատիպի փոխարեն այս անգամ խաղում էր Լովրենը

Բենիտեսն ընտրել էր 5 պաշտպանով մարտավարություն, առջևում ունենալով միայն վենեսուելացի Ռոնդոնին: Սակայն անհրաժեշտության դեպքում հարձակվողների էին վերածվում և՛ Այոսե Պերեսն ու Աթսուն, և՛ նույնիսկ եզրային պաշտպաններ Ռիչին և Մանկիլյոն: Ժամանակ առ ժամանակ նրանք միանգամայն տպավորիչ էին: 

Խաղի հենց սկզբում «Լիվերպուլը» նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը: «Նյուքասլին» չէին օգնում ո՛չ անձնուրաց խաղը, ո՛չ նրանց երկրպագող կես հարյուրյակ հազար երկրպագուները: Հատկապես վտանգավոր էին Մանեն և Սալահը: Սակայն վտանգը եկավ բոլորովին այլ կողմից:

13-րդ րոպեին «Լիվերպուլն» անկյունայինի իրավունք ստացավ, որն իրացրեց Ալեքսանդր-Առնոլդը: «Նյուքասլի» պաշտպանության կենտրոնը ձախողվեց և հսկողությունից դուրս մնացած վան Դեյքը հպարտ միայնության պայմաններում գրավեց Դուբրավկայի դարպասը՝ 0-1

Բաց թողած գոլից հետո «Նյուքասլն» աշխուժացավ: Հատկապես ակտիվ էր Այոսե Պերեսը, որը վերջին խաղերում բավական արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում: Կարելի է նշել նաև Աթսուին, որը պարագվայցի Ալմիրոնի վնասվածք ստանալուց հետո իրեն է վերադարձրել ձախ կիսապաշտպանի դիրքը: 

20-րդ րոպեին հաշիվը հավասարվեց: Մանկիլյոն աջից կախեց գնդակը, Ռոնդոնը հաղթեց օդային մենապայքարը, որի արդյունքում գնդակը հայտնվեց Աթսուի մոտ: Կիսապաշտպանը հարվածեց, գնդակը կրկին անգամ հայտնվեց Ռոնդոնի մոտ, այս անգամ էլ նա հարվածեց և Ալեքսանդր-Առնոլդը ձեռքով փակեց գնդակի ճանապարհը: Եվ միայն դրանից հետո Աթսուն հերթական հարվածով գրավեց Ալիսսոնի դարպասը՝ 1-1:

Դրվագը հետաքրքիր էր նրանով, որ եթե Աթսուն չգրավեր դարպասը, մրցավար Մարրիները պետք է 11 մետրանոց նշանակեր «Լիվերպուլի» դարպասին և դաշտից հեռացներ Ալեքսանդր-Առնոլդին:  

Րոպեներ անց «Նյուքասլը» պետք է առաջ անցներ հաշվի մեջ, բայց Պերեսի ուժգին հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Այլապես Ալիսսոնը անօգնական կգտնվեր: Այնուհետև գլխով դարպասին սպառնաց Մանկիլյոն՝ ուղիղ դեպի դարպասապահը: 

Թվում էր «Նյուքասլն» ընդունակ է է՛լ ավելի մեծ խնդիրներ առաջացնել: Սակայն այս թիմի պաշտպանությունում առկա բացերը ավելին քան ակնհայտ էին: Հենց դրանից էլ չհապաղեց օգտվել «Լիվերպուլը»:

28-րդ րոպեին հարձակման աջ եզրում հայտնված Սթարիջը կրունկով գնդակը ետ գցեց Ալեքսանդր-Առնոլդին, հետևեց հարմարավետ փոխանցում դեպի տուգանային հրապարակ, որտեղ Սալահը վարպետ հարվածով գրավեց դարպասի անկյունը` 1:2: Կարծում ենք «Նյուքասլի» կենտրոնական պաշտպաններին, որոնք պատկառելի հեռավորությունից դիտում էին, գոլը նույնպես դուր եկավ: 

Քիչ անց Մանեն կարող էր ավելացնել առավելությունը, բայց վստահ խաղաց Դուբրավկան:

Տեսնելով, թե որքան վտանգավոր է «Լիվերպուլի»  հետ բաց ֆուտբոլ խաղալ՝ «Նյուքասլը» սկսեց ավելի զգույշ գործել պաշտպանությունում և առաջին կեսն ավարտեց առանց ավելորդ ձախողումների: 

Երկրորդ կեսը սկսվեց դաշտի տերերի ուժեղ ճնշումով: Ակտիվ էր Ռոնդոնը, որը երևի «Նյուքասլի» կարգով ամենաբարձր ֆուտբոլիստն է: Երևում է՝ իզուր չէ Բենիտեսը «Վեստ Բրոմվիչի» հետ նրան փոխանակել Գեյլի հետ: Ճիշտ է, վենեսուելացին «Նյուքասլում» հանդես է գալիս վարձակալական հիմունքներով՝ մինչև մրցաշրջանի ավարտ: 

Այն բանից հետո, երբ Սթարիջը «Նյուքասլի» տուգանային հրապարակում հարմար դիրքից անչափ բարձր հարվածեց, Սոլոմոն Ռոնդոնը նրան հիշեցրեց ֆուտբոլային չգրված օրենքի մասին: Անկյունայինի խաղարկումից հետո գնդակը ետ մղվեց, բայց ուղիղ դեպի Ռոնդոնը, որն առանց հապաղելու ուժգին հարվածեց դեպի դարպասի անկյունը՝ 2-2:

«Լիվերպուլի» գլխին մութ ամպեր էին կուտակվում: «Նյուքասլը» պատվախնդիր թիմ է, այս մրցաշրջանում նույնիսկ հաղթել է «Մանչեսթր Սիթիին» և նույն բանը սպառնում էր անել նաև Կլոպի թիմի հետ: 

70-րդ րոպեին «Լիվերպուլի» դրությունն է՛լ ավելի ծանրացավ: Դուբրավկայի հետ պայքարի մեջ մտած Սալահը անհաջող բախվեց վերջինիս և գլխի ցնցում ստանալով անշարժ պառկած մնաց խոտածածկին: Հարձակվողին պատգարակով դուրս տարան, վեհանձն «Սենթ Ջեյմս Պարկը» ծափերով ճանապարհ դրեց մեծն եգիպտացուն: 

Հանդիպումը նյարդային բնույթ էր կրում: «Նյուքասլը» ետ էր քաշվել և հստակ պաշտպանվում էր, իսկ հաճախակի ընդհատումները թույլ չէին տալիս «Լիվերպուլին» խաղային էական առավելություն ստանալ: 

Այս անգամ «Լիվերպուլին» օգնության հասավ դիպվածը: Մերսիսայդյան ակումբը աջ եզրում տուգանայինի իրավունք ստացավ, այն իրացրեց Վեյնալդումի փոխարեն խաղադաշտ մտած Շակիրին, և Դիվոկ Օրիգին, որն իր հերթին փոխարինել էր վնասվածք ստացած Սալահին, հաղթող դուրս եկավ Լասսելեսի հետ մենապայքարում, և գլխի հարվածով գրավեց դարպասը: Կրկնապատկերը ցույց տվեց, որ նախքան դեպի դարպասը սլանալը՝ այդ դիպավ պաշտպանի գլխին ու աննշան շեղեց ուղղությունը, որը և բավարար եղավ՝ 2-3

Հանդիպման վերջնամասը «Նյուքասլն» անցկացրեց հարձակումների մեջ, բայց ոչ առանձնապես եռանդագին: Դժվար է մի թիմից պահանջել ավելին, որը ոչ մի բանի համար չի պայքարում, ու որին ոչինչ չի սպառնում: 

«Լիվերպուլը» հաղթեց, տեսնենք, թե «Լեսթերի» հետ ինչպես կխաղա «Մանչեսթր Սիթին»:

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան

 

 

 

 

 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP