Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Լացիո» 1-3 «Ատալանտա»

Մայիսի 15-ին այս թիմերը «Օլիմպիական մարզադաշտում» կվիճարկեն Իտալիայի գավաթը, իսկ այսօր մրցեցին առաջնության հերթական խաղում։ 

Իտալիայի առաջնության 3-րդ և 4-րդ տեղերը թույլ են տալիս հաջորդ տարի մասնակցել Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը և միանգամից 6 թիմերի միջև լուրջ մրցակցություն է ծավալվել։ Նույնիսկ Միլանի «Ինտերը», որի դիրքերը 3-րդ դիրքում անսասան էին թվում, արդեն չի կարող ապահով զգալ, որ կարող է զբաղեցնել գոնե 4-րդ տեղը։

Այս նրբերանգին անսպասելիորեն բարձրացան «Ատալանտայի» արժեթղթերը, որը վերջին 10 հանդիպումներում 7 հաղթանակ է տարել և 3 հանդիպում ավարտել է ոչ ոքի։ 

Բերգամո ոչ մեծ քաղաքի թիմը «Յուվենտուսի» կամ «Ռոմայի» համեմատությամբ ուժեղ կազմ չունի, բաց Ջամպյերո Գասպերինիի գլխավորությամբ թիմային լավ խաղ է ցուցադրում և իր բոլոր միավորները վաստակել է ֆուտբոլային ազնիվ քրտինքով։  

«Լացիոյի» կազմը համադրելի է «Ատալանտայի» կազմի հետ, իսկ Սիմոնե Ինձագին մոտավորապես նույն աշխատանքն է կատարում Հռոմում, ինչ Բերգամոյում Գասպերինին։ 

Այս խաղում հաղթանակը «Լացիոյին» թույլ կտար կարգավորել մրցաշարային գործերը, սակայն նույն շարժառիթն ուներ և «Ատալանտան», որն այս պահի դրությամբ վերելք է ապրում և ավելի նպատակասլաց թիմի տպավորություն է թողնում։ Բացի այդ, մայրաքաղաքի թիմի կազմում բացակայում էին Միլինկովիչ-Սավիչը և Լուլիչը, որոնք շատ բանով բնորոշում են իրենց թիմի խաղը։ 

Թիմերը խաղում էին հագեցած կիսապաշտպանությամբ, որոնց դերը պետք է մեծ լիներ հավասարապես պաշտպանության և հարձակման մեջ։ «Լացիոն» ուներ 4, «Ատալանտան» 5 կիսապաշտպան, երկու թիմերի կազմում էլ պաշտպանությունում տեղ էին գտել 3- ական ֆուտբոլիստ։ 

«Լացիոն» ակտիվ սկսեց հանդիպումը և արագ գոլ խփեց։ 3-րդ րոպեին Ռոմուլոն եզրից գնդակը մտցրեց խաղի մեջ, Լուկաս Լեյվան այն հասցեագրեց Պարոլոյին, որից հետո գնդակը օդում հայտնվեց։ Ակտիվորեն դրվագի մեջ ներգրավվեց Կայսեդոն՝ դիրքային պայքարի շնորհիվ զրկելով պաշտպանին իրադրությանը միջամտելու հնարավորույունից, և դա թույլ տվեց նույն Պարոլոյին խառը իրադրությունուն հարված կատարել դարպասին՝ 1-0։ 

Բաց թողած գոլը չշփոթեցրեց հյուրերին և նրանք սկսեցին կանոնավոր գրոհներ կազմակերպել տանտերերի դարպասին։ Այնուհանդերձ ևս մեկ վտանգավոր պահ ստեղծվեց հենց «Ատալանտայի» դարպասի մոտ։ Լավ դիրքից հարվածեց Իմմոբիլեն, իսկ դարպասապահ Գոլլինին ապացուցեց, որ միանգամայն արժանի է գովեստի։

Հանդիպումը հետզհետե հարձակողական բնույթ էր կրում։ «Լացիոյից» կարող էր աչքի ընկնել Լուիս Ալբերտոն, «Ատալանտայից»՝ Յոսիպ Իլիչիչը։ 

22-րդ րոպեին հաշիվը հավասարվեց։ Հանդիպման լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Ալեհանդրո Գոմեսը հեռվից հարվածեց դարպասին, պաշտպանները ետ մղեցին, ևս մեկ հարված կատարեց Ֆրոյլերը, որն իրականում փոխանցում ստացվեց՝ գնդակը տեղափոխելով Դուվան Սապատայի մոտ։ Կոլումբիացի հարձակվողը ակնթարթերոն կողմնորոշվեց և դիպուկ հարվածով ձևակերպեց Իտայիայի առաջնության իր 22-րդ գոլը՝ 1-1։

Հետզհետե սկսեց գծագրվել «Ատալանտայի» առավելությունը։ Անչափ ակտիվ էր գործում Գոմեսը, կարող էին հաջողության հասնել Իլիչիչը և նույն Սապատան, բայց մինչև ընդմիջում հաշիվը մնաց անփոփոխ։ 

Երկրորդ կեսում «Ատալանտայի» առավելությունն է՛լ ավելի ակնհայտ դարձավ։ Նպատակասլաց գործողություններով աչքի էր ընկնում Իլիչիչը, որն այդ օրը անչափ ցանկանում էր գոլ խփել։ Ինչ վերաբերվում է հյուրերի պաշտպանությանը, ապա 2-րդ կեսի հենց սկզբից կենտրոնական պաշտպան Պալոմինոյին փոխարինեց Իտալիայի հավաքականի թեկնածու Ջանլուկա Մանչինին, որի հուսալի խաղի շնորհիվ, մեծամասամբ, «Լացիոն» արդեն ավելի ու ավելի դժվարանում էր վտանգավոր պահեր ստեղծել հակառակորդի դարպասին։ 

58-րդ րոպեին «Ատալանտան»  գեղեցիկ գրոհ կազմակերպեց, որն ավարտվեց «Լացիոյի» դարպասի գրավումով։ Գոմեսը հիանալի անցում կատարեց աջ եզրով, մտնելով տուգանային հրապարակ խելամիտ դադար վերցրեց, որպեսզի որոշի անելիքը, և ապակողմնորոշելով դարպասապահին ու պաշտպաններին, նպատակային փոխանցում կատարեց դեպի տուգանային հրապարակի կենտրոն։ Ավելորդ եռանդ ցուցաբերած Ֆրոյլերը գնդակից առաջ անցավ ու չկարողացավ հարվածել, և թվում էր վտանգը սպառված է։ Սակայն հակադարձ եզրից «Լացիոյի» պաշտպանական դիրքեր ներխուժեց Կաստանը և գրագետ հարվածով գրավեց դարպասը՝ 1-2։

«Ատալանտայի» ուժեղ խաղի նրբերանգին «Լացիոն» խնդիրներ ուներ, որոնք ոչ մի կերպ չէր հաջողվում լուծել։ Անկասելի էր թվում Սապատան, որի նկատմամբ շարունակ ստիպված էին լինում խախտել կանոնները։ 

76-րդ րոպեին «Ատալանտան» է՛լ ավելի մեծացրեց առավելությունը։ Եվ կրկին անգամ գոլը խփվեց Ալեհանդրո Գոմեսի փոխանցումից հետո՝ այս անգամ անկյունայինից։ Աջ պաշտպան Ջիմսիտին հաղթեց օդային մենապայքարը Ուոլլասի հետ և գլխով հարվածեց Ստրակոշայի պաշտպանած դարպասին։ Ալբանացու հարվածը ուժեղ էր և դիպուկ, դարպասապահը ոչնչով չէր կարող օգնել՝ 1-3։ 

Հանդիպման մնացած ժամանակահատվածում ուշագրավ իրադարձություններ տեղի չունեցան։ «Ատալանտան» արժանի հաղթանակ տարավ և ամրապնդվեց 4-րդ հորիզոնականում։ 1 միավոր ավել ունի «Ինտերը»։ Մյուս հավակնորդները 3 կամ ավելի միավորներով ետ են մնացել։

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան     

 

 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP