Չեմպիոնների Լիգա, կիսաեզրափակիչ պատասխան հանդիպում

«Լիվերպուլ» 4-0 «Բարսելոն» (առաջին հանդիպումը՝ 0-3)

«Բարսելոնը» ձախողվեց, ձախողվեց մոտավորապես նույն ձևով, ինչպես և Չեմպիոնների Լիգայի նախորդ խաղարկությունում «Ռոմայի» հետ դիմակայությունում, և այդ բանում մեղավոր է ինքը, միմիայն ինքը, և ոչ ոք բացի իրենից։ Գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն, որին առաջին խաղի ամփոփումից հետո որակել էինք որպես ողջամիտ, մինչև անգամ իմաստուն մասնագետի, պատասխան խաղում իրեն դրսևորեց սիրողական մակարդակի ֆուտբոլասերից ոչ ավել և խստագույնս պատժվեց։

Եթե առաջին խաղում Վալվերդեյի թիմը խաղաց պաշտպանությունից և դա իրեն արդարացրեց, ապա այսօրվա խաղում այդպես էլ չկողմնորոշվեց՝ հարձակվում է թե պաշտպանվում և դա ճակատագրական եղավ նրա թիմի համար։ Դրան գումարած՝ «Բարսելոնն» առաջին կեսում զարմանալիորեն անհոգ վերաբերվեց իր ստեղծած գոլային պահերին և մի քանի անգամ հարմար դիրքերից վրիպեց, իսկ երկրորդում ծայրահեղ թափթփված խաղաց պաշտպանությունում։ Նույնիսկ ավելի ցածր լիգայում հանդես եկող թիմը չի ունենում կենտրոնացվածության այնպիսի խափանում, ինչպես «Բարսելոնն» այսօր, մինչդեռ խոսք է գնում աշխարհի գրեթե լավագույն թիմի մասին։ Լիոնել Մեսսին հսկողության տակ էր առնված և իր ամենառեալ գոլային պահին վերաբերվեց թեթևսոլիկորեն։ Եթե Լուիս Սուարեսը խելքը չտար բանսարկություններին ու զբաղվեր իր անմիջական պարտականություններով, այսինքն ֆուտբոլ խաղար, նա գուցե և գոլ կխփեր։ Վիդալը ֆիզիկապես զիջում էր, Պիկեն և Լանգլեն կարծես քնից նոր էին արթնացել և դեռ չէին հասցրել լվացվել․․․

Ինչ վերաբերվում է Յուրգեն Կլոպին, ապա գերմանացի այս համակրելի մասնագետը լուրջ հետևություններ էր արել նախորդ խաղից և լրջորեն պատրաստվել էր։ Չնայած այն բանին, որ մրցակիցը առաջնության խաղում ներկայացել էր երկրորդ կազմով, առաջինին հնարավորություն տալով հանգստանալ, իսկ ինքը հյուրընկալվելիս չափազանց ծանր խաղ էր անցկացրել «Նյուքասլի» դեմ, հաշվի չառնելով այն կարևորագույն հանգամանքը, որ վնասվածք ստացած Ֆիրմինոյին ու Կեյտային գումարվել էր նաև Մուհամմեդ Սալլահը, Կլոպը վճռական էր տրամադրվել հանդիպմանը և կարողացել էր նաև հաղթանակի տրամադրել իր ֆուտբոլիստներին։ Այդ ամենը, սկզբունքորեն, երևում էր հենց ամենասկզբից։ «Բարսելոնի» ֆուտբոլիստները դաշտ մտան ծուլորեն, մտքերով երևի արդեն սավառնելով Մադրիդում կայանալիք եզրափակիչում, ասես մի անկարևոր ձևականության ներկա լինելու նպատակով։ Մինչդեռ «Լիվերպուլի» ֆուտբոլիստների աչքերից կրակ էր թափվում, մերսիսայդցիները չէին համբերում, թե երբ պետք է պայքարի բովը նետվեն։ 

Ակնառու փոփոխություններ առկա էին միայն «Լիվերպուլի» կազմում։ Չդավաճանելով իր մարտավարությանը՝ Կլոպը կրկին անգամ խաղաց 4-3-3, և հարձակման գիծը վնասվածք ստացած ֆուտբոլիստների փոխարեն լրացրեց Օրիգիով ու Շակիրիով։ «Լիվերպուլի» կազմը այնքան խորը չէ։ Ներկայիս պայմաններում Կլոպը կարող էր փոխարինումների միջոցով խաղն ուժեղացնել թերևս միայն Վեյնալդումի միջոցով։ 

Խաղը ցույց տվեց, որ «Լիվերպուլի» հարձակման գծի ֆուտբոլիստների դասավորվածությունը նոմինալ է։ Սադիո Մանեն, միակը հարձակման լեգենդար եռյակից, որը մնացել էր մարտական շարքերում, սկզբում տեղ էր գտել կենտրոնում, հետո առավել հաճախ տեղափոխվում էր դեպի իր սիրած ձախ եզրը և նույնիսկ ներխուժում աջ, այդ բոլորով խառնելով հակառակորդի պաշտպանների խաղաքարտերը։ 

  Սովորաբար ասվում է, որ սեփական մարզադաշտը 12-րդ ֆուտբոլիստն է։ Սակայն հաշվի առնելով, թե ինչ խելագար մթնոլորտ էր տիրում «Էնֆիլդում», կարելի է ասել, որ «Լիվերպուլը» խաղում էր ամենաքիչը 13 ֆուտբոլիստով։ «Բարսելոնն», ասենք, մեծ ուշադրություն չդարձրեց այդ հանգամանքին, և ընդունեց այն բարձրակարգ թիմի տեսքը, որին նման բաները չեն կարող վերաբերվել։ 

Առաջին վտանգավոր պահը տեղի ունեցավ 1-ին րոպեին։ Վիդալը սխալվեց փոխանցում կատարելիս, հետևեց սուր հակագրոհ և քիչ մնաց Մանեի փոխանցումից հետո Օրիգին մեն մենակ մնա դարպասապահի հետ։

«Լիվերպուլը» փորձում էր արդյունքի հասնել ապահով միջոցներով, չմոռանալով թիկունքի մասին, մի քանի ստանդարտ իրացրեց, բայց «Բարսելոնը» գործում էր հստակ և ոչ մի բան չէր խոսում այն մասին, որ այս թիմը կարող է հաշվի մեջ առհասարակ զիջել, էլ չենք խոսում պայքարից դուրս մնալու մասին։

Այնուամենայնիվ հաշիվը արդեն 7-րդ րոպեին բացվեց։ Մատիպը սեփական կիսադաշտից անհաջող փոխանցում կատարեց առաջ, է՛լ ավելի անհաջող խաղաց Խորդի Ալբան, գնդակը ետ մղելով դեպի Մանեն, և զուլուսի տեսք ունեցող «Լիվերպուլի» ամենահաս հարձակվողը սուր փոխանցում կատարեց թիկունքից միացած Հենդերսոնին, որը խոյահարեց անցավ պաշտպանների միջով և հարված կատարեց։ Տեր Շտեգենն, ասենք, ետ մղեց գնդակը, բայց քիչ հեռու դարան մտած Օրիգին այն հանգիստ անցկացրեց ցանցից ներս՝ 1-0։

«Էնֆիլդը» պայթեց ցնծությունից, «Լիվերպուլի» երկրպագուների ուրախությանը չափ ու սահման չկար, գործի սկիզբն արդեն արված էր։ Պետք է նշել, որ տվյալ դրվագում անթերի չխաղաց «Բարսելոնի» պաշտպանությունը։ Հենդերսոնը գրոհին միանալիս բավական երկար ուղերթ կատարեց մինչև մրցակցի տուգանային, բայց այդ ընթացքում ոչ մեկը հանձն չառավ հսկողության տակ առնել նրա գործողությունները։

Դաշտի տերերը մեծ ուժերով առաջ նետվեցին։ Թե ինչ արդյունքի կարելի է հասնել ոգևորության ալիքի տակ՝ բոլորից լավ գիտե Յուրգեն Կլոպը։ «Լիվերպուլի» ահավոր մեծ ճնշման արդյունքում «Բարսելոնի» խաղն այնքան էլ չէր ստացվում։ Կատալոնացիները հաճախ սխալվում էին փոխանցում կատարելիս, ինչն այնքան էլ հատուկ չէ այս թիմին։ Մեծ ճիգերի գնով միայն 15-րդ րոպեին Կոուտինյոն և Ալբան գրոհ կազմակերպեցին հարձակման ձախ եզրում, որն ավարտվեց Մեսսիի շատ վտանգավոր հարվածով։ «Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ալիսսոնը դժվարությամբ գնդակը հանեց անկյունային։ Իսկ այն բանից հետո, երբ վտանգավոր հարված կատարեց Ֆելիպե Կոուտինյոն, ձևավորվեց այն միահամուռ կարծիքը, որ «Բարսելոնը» դիմացավ մրցակցի սկզբնական ճնշմանը, և ինչ էլ որ լինի, այդ օրը գոնե մեկ գոլ կխփի։ Իսկ դա իր հերթին նշանակում էր, որ «Լիվերպուլը» պետք է ի պատասխան խփի 4 գնդակ, իհարկե եթե մտափոխ չի եղել և առաջվա պես ցանկանում է խաղալ եզրափակիչում։

16-րդ րոպեին «Բարսելոնն» ունեցավ ամենառեալ գոլային պահը։ Տուգանային հրապարակում դարպասի դիմաց դուրս եկավ ինքը ֆուտբոլային աստվածը, Լիոնել Մեսսին և «Էնֆիլդը» մի ակնթարթ նույնիսկ դադարեց շնչել։ Սակայն արգենտինացին զարմանալիորեն անփույթ գտնվեց, անմիջապես հարվածելու փոխարեն ձգտելով ավելորդ տեղը շրջանցել պաշտպանին և գնդակը հարմարացնել սիրելի ձախ ոտքին։ Արդյունքում Մատիպը նրա ոտքերի տակից դուրս բերեց գնդակը։ «Էնֆիլդը» հանգիստ շունչ քաշեց։ 

Ժամանակ առ ժամանակ երկու թիմերի դարպասներին էլ սուր պահեր ստեղծվում էին։ 23-րդ րոպեին Մանեն հերթական փոխանցումը կատարեց տուգանային հրապարակ, որը ետ մղվեց։ Գնդակը հայտնվեց Էնդրյու Ռոբերտսոնի մոտ։ Շոտլանդացին ունակ է կատարել գործողություններ, որոնք կապված են եռանդի, ուժի և արագության հետ։ Այս անգամ նա որքան ուժ ուներ հարվածեց դարպասին, Տեր Շտեգենը դժվարությամբ չեզոքացրեց վտանգը։ 

Խաղադաշտում կոշտ, մերթ ընդ մերթ դաժան պայքար էր ընթանում։ Դրվագներից մեկում խոտածածկին հայտնվեց Հենդերսոնը, Վեյնալդումն արդեն պատրաստվում էր նրա փոխարեն դաշտ մտնել, բայց մերսիսայդցիների թիմի ավագն այնուամենայնիվ շարունակեց հանդիպումը։ 

Առաջին խաղակեսի մնացած հատվածն անցավ հախուռն գրոհների մեջ։ Վտանգավոր պահեր համարյա չկային, շատ էին փոխադարձ սխալները։ Սա վերաբերվում է հատկապես Շաքիրիին, որը մի քանի անգամ պարզագույն իրադրություններում սխալվեց։ Շատերին թվում էր, թե Կլոպը ընդմիջմանը նրան կփոխարինի, բայց Կլոպն այս խնդրի հանդեպ այլ հայացքներ ուներ։ Ընդմիջումից հետո նա իսկապես փոփոխություն կատարեց, դաշտ մտցնելով սպասված Վեյնալդումին, բայց ոչ թե Շաքիրիի, այլ Ռոբերտսոնի փոխարեն։ Հոլանդացին տեղ զբաղեցրեց կիսապաշտպանությունում, Միլները ետ նահանջեց պաշտպանության ձախ եզր։

Երկրորդ կեսը սկսվեց «Լիվերպուլի» կատաղի գրոհներով։ Մերսիսայդցիներն արագ տիրեցին նախաձեռնությանը և «Բարսելոնին» սեղմեցին սեփական դարպասին։ Խաղարկվեց անկյունայինների շարք, դրանցից մեկում կրունկով գեղեցիկ հարված կատարեց Վան Դեյկը, արձագանքելով Ալեքսանդր-Առնոլդի փոխանցմանը, Տեր Շտեգենը կրկին փրկեց իր թիմին։ «Բարսելոնը» պատասխանեց սուր հակագրոհով, հարվածի դուրս բերելով Սուարեսին։ Ալիսսոնն այս անգամ ևս անթերի էր, թեև կարելի է ասել, որ հարձակվողը կարող էր ավելի հաջող գործել։ 

54-րդ րոպեին «Լիվերպուլն» ավելացրեց առավելությունը և դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ գնդակին տիրելուց կոպիտ սխալվեց Ռակիտիչը։ Գնդակը հայտնվեց Ալեքսանդր-Առնոլդի մոտ, երիտասարդ աջ պաշտպանը «կրակեց» դարպասի ուղղությամբ և տուգանային ներխուժած Ջորջինյո Վեյնալդումը ընթացքից գրավեց դարպեսը՝ 2-0։ Բացի Ռակիտիչից տվյալ դրվագում սխալվեց նաև Տեր Շտեգենը, որը ձեռքերի միջից բաց թողեց գնդակը։ 

Ընդամենը 2 րոպե անց «Լիվերպուլը» լիկվիդացրեց 3 գոլի տարբերությունը։ Աշխատեց «ոգևորության ալիքը»։ Շաքիրին աջ եզրից գնդակը փոխանցեց տուգանային հրապարակ և նույն Վեյնալդումը բարձր ցատկով գրավեց դարպասի աջ վերին անկյունը։ Թե ինչպես պատահեց, որ նրա կողքին գտնվող Պիկեն և Լանգլեն նույնիսկ չփորձեցին խանգարել, թող բացատրեն այդ ֆուտբոլիստները և կամ նրանց գլխավոր մարզիչը՝ 3-0։ 

Եթե նույնիսկ այս իրադրությունում «Բարսելոնը» կողմնորոշվեր, թե ինչ ֆուտբոլ պետք է խաղա՝ Մադրիդում հավանական է ինքը կխաղար, այլ ոչ թե «Լիվերպուլը»։ Ճիշտ է, Վալվերդեն փորձեց փոխել խաղը, անօգուտ Կոուտինյոյի փոխարեն դաշտ մտցնելով Սամեդուին, բայց այն «անորոշ» խաղաոճը, որը դավանում էր կատալոնական ակումբը, չէր կարող նրան հաջողություն բերել՝ համենայն դեպս «Լիվերպուլի» հետ մրցավեճում։ «Լիվերպուլը», որպես փորձառու թիմ, դադարեց առաջ նետվել, որպեսզի հանկարծ տարվելով գոլ բաց չթողնի։ Իսկ «Բարսելոնը», թեև որոշ սուր պահեր այնուամենայնիվ ստեղծում էր, 100 տոկոսանոց գոլային պահերի չէր կարողանում պահը հասցնել։ 

Մեսսին խիստ հսկողության տակ էր առնված։ «Լիվերպուլի» պաշտպանները ավելի կիպ էին խաղում արգենտինացու հետ, իսկ երբ հանկարծ գնդակը հայտնվում էր նրա մոտ․ անմիջապես «ծլում» էին 2-րդ և 3-րդ պաշտպանները։ Ամեն ինչ ավարտվում էր ավելի վաղ, քան Լիոնելը կհասցներ որոշում ընդունել։ 

Վալվերդեն ևս մեկ փոփոխություն կատարեց՝ Վիդալի փոխարեն մտցնելով Արթուրին, բայց այն նույնպես առանձնապես օգուտ չտվեց։ Իսկ ահա «Լիվերպուլը» խաղը հանգստացնելուց հետո նետվեց վճռական գրոհի։ 

79-րդ րոպեին դաշտի տերերը անկյունայինի իրավունք ստացան։ Գնդակի մոտ էր Ալեքսանդր-Առնոլդը, որը կարծես անկյունայինն իրացնելու իրավունքը պատրաստվում էր զիջել Շակիրիին։ Ալբանական ծագումով ֆուտբոլիստը դանդաղ մոտենում էր գնդակին, «Բարսելոնի» ֆուտբոլիստները համոզված էին, որ բավականաչափ ժամանակ ունեն, որպեսզի շուչ առնեն։ Եվ հենց այստեղ փայլեց Ալեքսանդր-Առնոլդի հանճարը։ «Լիվերպուլի» աջ պաշտպանը երկու քայլ չարած հանկարծ ետ դարձավ և աջ ոտքի հարվածով գնդակն ուղարկեց դեպի տուգանային հրապարակ, որտեղ ազատ մնացած Օրիգին հանգիստ գրավեց Տեր Շտեգենի դարպասը։ «Բարսելոնի» ֆուտբոլիստների մեծ մասը պարզապես չտեսան դարպասը գրավվելու պահը։ Մյուսները տեսան, բայց որևէ կերպ չարձագանքեցին։ Միայն Պիկեն բարեհաճեց տեղից մի փոքր շարժվել, անելով այդ չափազանց դանդալոշ ձևով։ 4-0։ 

Անհնար է նկարագրել, թե ինչ էր տեղի ունենում մարզադաշտում, դա պարզապես երջանկության գագաթնակետն էր։ Ու թեև դեռ 10 րոպե կար մինչև հանդիպման ավարտը, «Բարսելոնի» ֆուտբոլիստների տեսքից երևում էր, որ նրանք հուսալքված են և դատապարտված։ Էռնեստո Վալվերդեն, ասենք, շատ տխրած չէր երևում։ Նա հավանաբար իր թիմի պարտության մեղքը տեսնում էր ուրիշների մեջ։ 

Հանդիպման վերջնամասում Վալվերդեն Ռակիտիչին փոխարինեց Մալկոլմով։ Անմիջապես հետևեց Կլոպի պատասխանը։ Շակիրիի և Օրիգիի փոխարեն դաշտ մտան Սթարիջը և Գոմեսը։ «Բարսելոնն» այդ ամբողջ  ժամանակահատվածում գրոհում էր, «Լիվերպուլը»՝ պաշտպանվում, բայց իրական գոլային պահերի գործը այլս չհասավ։ 

Մրցավարի եզրափակից սուլիչից հետո դաշտի տերերը դեռ երկար տոնում էին իրենց հաղթանակը։ Հյուրեը խաղադաշտը թողեցին ամոթահար և գլխիկոր, բայց իրենց պարտության միակ պատճառը միայն իրենք են։

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան

 

 

 

 

 

    

 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP