Եվրոպա Լիգա, կիսաեզրափակիչի պատասխան հանդիպում

«Չելսի» 1-1 «Այնտրախտ» Ֆ․ (առաջին խաղը՝ 1-1, 11 մ․ 4-3)

Եվրոպա Լիգայի եզրափակիչը նույնպես կլինի «անգլիական», բայց «Չելսիին» հաղթանակը բնավ հեշտ չտրվեց։ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» իսկական ճակատամարտ տվեց անհամեմատ ուժեղ կազմ ունեցող մրցակցին և միանգամայն կարող էր հաղթել։ 

«Չելսին» Պրեմյեր Լիգայում անհարթ և  անկայուն մրցաշրջան է անցկացնում ու երկար ժամանակ հարցականի տակ էր, թե արդյոք թիմը բաղձալի քառյակում կապահովի իր տեղը։

Ի վերջո լոնդոնյան ակումբին հաջողվեց դրան հասնել, բայց մեծամասամբ ակումբն այդ ձեռքբերմամբ պարտական է ձախողված մրցակիցներին։ 

«Այնտրախտի» համար այս մրցաշրջանը կարելի է հաջողված համարել։ Ֆրանկֆուրտի թիմը առայժմ 4-րդ տեղն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում, իսկ նման բան այս ակումբի հետ հաճախ չի պատահում։ Ճիշտ է, նրա թիկունքին բավական ծանր շնչում են «Բայերը», Մյոնխենգլադնախի «Բորուսիան», ու նույնիսկ «Հոֆենհայմն» ու «Վոլսբուրգը» կարող են շրջանցել նրան։ 

Հանդիպման սկիզբը խոսում էր այն մասին, որ «Չելսին» անվիճելի առավելության է հասնելու։ Վտանգավոր դիրք կարող էր դուրս գալ Ազարը, այնուհետև տուգանային հրապարակում կանոնները խախտեցին Լոֆտուս-Չիկի նկատմամբ, բայց մրցավարի սուլիչը լռեց։ Կրկնապատկերը ցույց տվեց, որ 11 մետրանոց կար։ Այնուհետև «Չելսին» իրացրեց անկյունայինների երկար շարք, բայց դրանից նույնպես ոչ մի օգուտ չքաղեց։ 

«Այնտրախտը» պատասխանեց Կոստիչի անչափ վտանգավոր հարվածով, որը միանգամայն կարող էր գոլով ավարտվել։ Սակայն «իննյակ» ուղևորվող նրա թնդանոթային հարվածը Առիսաբալագան դուրս բերեց անկյունային, դրանով ցույց տալով, որ ակումբը իզուր չէ իր տեղափոխման դիմաց Բիլբաոյի «Ատլետիկին» 80 միլիոն եվրո վճարել։ 

«Չելսին» նորից տիրեց նախաձեռնությանը և մի քանի սուր պահեր ստեղծեց։ Դրանցից մեկն ավարտվեց գոլով։ 28-րդ րոպեին Ազարը աջ եզրից գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակ Լոֆտուս-Չիկին, ու թեև սովորաբար նման դիրքերից ավելի հաճախ փոխանցում են կատարում, քան հարվածում, «ազնվականների» երիտասարդ հարձակվողը որոշեց երկրորդն անել, և միանգամայն ճիշտ վարվեց, որովհետև նրան ոչ մեկը չփորձեց խանգարել։ Լոֆտուս-Չիկը բավականաչափ ժամանակ ուներ, որպեսզի գնահատի իրավիճակը և «խնամքով» նշան բռնի դեպի հեռավո անկյունը՝ 1-0։ 

Գոլից հետո հանդիպումը կոպիտ բույթ կրեց, որտեղ հատկապես ակտիվ էին գերմանացիները։ Մրցավար Ալին Հեցեգանը ստիպված էր հանգստացնել կրքերը՝ դեղին քարտեր ցույց տալով Ֆալետին և Ռոդեին։ 

Երկրորդ կեսը սկսվեց անսպասելի իրադարձություններով։ Հաճախ խոսվում է այն մասին, որ Սարրին չափից ավելի շատ խաղերի է ստիպում մասնակցել Դավիդ Լուիսին։ Ահա և բրազիլացին հոգնամաշ եղավ մրցաշրջանի ավարտին ու սկսեց սխալ սխալի ետևից թուլլ տալ։ Դրանցից մեկի արդյունքում նա բաց թողեց Յովիչին և Մադրիդի «Ռեալի» ապագա հարձակվողը մեն մենակ դուրս եկավ դարպասապահի հետ։ Սերբը պարզապես հրաշալի գործեց։ Նա մի ակնթարթում խաբուսիկ շարժումների շարք իրականացրեց։ Ցույց տվեց, թե հարվածելու է դեպի աջ, այնուհետև ձևացրեց, թե դարպասապահի ոտքերի արանքով է անցկացնելու գնդակը , ու այն բանից հետո, երբ վերջինս «կուլ տվեց խայծը», ուժեղ հարվածով գրավեց դարպասի մյուս անկյունը՝ 1-1։ 

Խաղը կրկին նյարդային բնույթ կրեց։ Շատ էին սխալները և խախտումները։ Երկու թիմերն էլ պահեր ունեին, բայց ոչ ակնհայտ գոլային։ «Այնտրախտը» սկզբունքորեմ դեմ չէր խաղը տեղափոխել դեպի 11 մետրանոցների շարք։ Կա կարծիք, ըստ որի դարպասապահ Տրապն ավելի վստահ է իրեն դրսևորում նման իրավիճակներում, քան Առիսաբալագան։

Իրար հաջորդող փոխարինումները նույնպես ոչինչ չտվեցին, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 

Որքան էլ որ զարմանալի է՝ լրացուցիչ ժամանակում ավելի վտանգավոր էին գերմանացիները։ Մի դեպքում Լուիսը, հաջորդ դրվագում Ձապակոստան, մեծ ջանքերի գնով թույլ չտվեցին Ալլեին գրավել «Չելսիի» դարպասը։ Այնուհետև դաշտի տերերն ակտիվացան ու նույնիսկ գոլ խփեցին, բայց ռումինացի մրցավարը չհաշվեց այն։ 

11 մետրանոցի առաջին հարվածները Ալլեն և Բարքլին հստակ իրացրին, երկրորդում Յովիչը նույնպես անվրեպ գտնվեց, մինչդեռ Ասպիլիկուետայի հարվածը դարպասապահ Տրապը ետ մղեց։

3-րդ մոտեցումը նույնպես արդյունավետ էր դե (Գուսման, Ժորժինյո)։ Իսկ ահա 4-րդը Հինտերեգգերը հարվածեց կենտրոնով, սպասելով, որ Առիսաբալագան անկյուն կնետվի։ Բասկ դարպասապահը մնաց տեղում կանգնաց և հանգիստ վերցրեց գնդակը, իսկ քիչ անց Դավիդ Լուիսը իր հասանելիք հարվածով հավասարեցրեց հաշիվը։ 

«Այնտրախտի» 5-րդ հարվածն իրականացնում էր Պասիենցան։ Պորտուգալացին մինչև հարվածելը երկար դոփում էր տեղում, իսկ նման դեպքերում համարյա միշտ հարվածն իրականացվում է դեպի ձախ (եթե հարվածը կատարվում է աջ ոտքով)։ Այդ մասին անշուշտ գիտեր նաև Առիսաբալագան, որը հիանալի ցատկով վերցրեց գնդակը։ 

«Չելսին» մեկ հարվածի իրավունք ուներ, գնդակին մոտեցավ թիմի ավագ Էդեն Ազարը։ Հանդիպման լարվածությունը հասավ գագաթնակետին,  մարզադաշտւ պահեց շունչը։ Բելգիացի գերաստղը հուսախաբ չարեց, նրա հարվածը ոչ մի շանս չթողեց Տրապին։ 

Այս անգամ եզրափակիչը կլինի ոչ միայն անգլիական, այլ լոնդոնյան։ Եվ թող հաղթի ուժեղագույնը։ 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան։  

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP