Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ռոմա» 2-0 «Յուվենտուս»

«Յուվենտուսը» արդեն վաղուց ապահովել է չեմպիոնական տիտղոսը՝ 8-րդ անգամ անընդմեջ, և այս խաղը մրցաշարային առումով ոչ մի նշանակություն չուներ նրա համար։ Սակայն թուրինցիներն արդեն 5 տարի է չեն կարողանում «Օլիմպիկոյում» առավելության հասնել «գայլերի» նկատմամբ և սա նրանց համար ավելի շուտ սկզբունքային հարց էր։

Ի տարբերություն՝ միավորները «Ռոմային» պետք էին օդի և ջրի պես։ Մայրաքաղաքի ակումբը շատ է ցանկանում գրավել գոնե 4-րդ տեղը, բայց դա անելը նրա համար կլինի չափազանց դժվար։

«Ատալանտան» և «Միլանը» արդեն իսկ հաղթանակներ էին տոնել և մրցաշրջանի ավարտին արդեն այնքան հանդիպումներ չեն մնացել, որպեսզի հնարավոր լինի շտկել իրավիճակը։ 

«Յուվենտուսը» հենց սկզբից ցույց տվեց, որ Հռոմ է ժամանել 3 միավորի ետևից։ Հատկապես ակտիվ էր Դիբալան, որի մասնակցությունը խաղից առաջ հարցականի տակ էր։ 

4-րդ րոպեին Ռոնալդուն հարվածեց դարպասին, որը շեղ ստացվեց, իսկ քիչ անց Ջանը հարմար դիրք դուրս բերեց Կուադրադոյին, որի հարվածից հետո հաջող խաղաց դարպասապահ Միրանտեն։ 11-րդ րոպեին Կուադրադոն գնդակին տիրացավ արդեն Կոլարովի սխալից հետո, բայց դա շատ անսպասելի էր նրա համար, ուստի չկարողացավ կողմնորոշվել։ 

Քիչ անց կենտրոնով անհատական անցում կատարեց Ռոնալդուն, որը խաբեց «Ռոմայի» գրեթե ամբողջ պաշտպանությունը և վերջին պահին գնդակը հանձնեց Դիբալային։ Արգենտինացին, սկզբունքորեն, վատ չհարվածեց և եթե բախտը նրա կողմը լիներ, ապա անշուշտ գոլ կգրանցվեր։ Բայց նրա հարվածից հետո նախ Միրանտեն մի կերպ հեռացրեց գնդակը, ապա օգնության եկավ հորիզոնական դարպասաձողը։ 

Մինչև 17-րդ րոպեն «Ռոման» հիմնականում պաշարված էր սեփական կիսադաշտում։ Բայց իր առաջին իսկ լուրջ գրոհից հետո կարող էր առաջ անցնել հաշվի մեջ։ Էլ-Շաարավին կենտչոնով ճեղքեց պաշտպանությունը, փոխանցում կատարեց դեպի աջ և Պելլեգրինին ընթացքից հարվածեց դարպասին։ Դեպի «իննյակ» սլացող գնդակը դիպավ դարպասաձողին։ 

Սակայն խաղի պատկերը չփոխվեց։ Առաջին կեսը հիմնականում ընթացավ «Յուվենտուսի» առավելությամբ, որը էլի սուր պահեր ստեղծեց։ «Ռոման» ստիպված էր բավարարվել սուր հակագրոհներով։

Երկրորդ կեսում «Ռոման» սկսեց ավելի վճռական գործել։ Արդեն սուր պահերն ավելի հաճախ «Յուվենտուսի» դարպասի մոտ էին ստեղծվում։ Ջեկոն, Էլ-Շաարավին և Կլյույվերտը լարվածության մեջ էին պահում հյուրերի պաշտպաններին և վտանգավոր հարվածներ էին կատարում դարպասին։ 

Մարզիչները սկսեցին փոփոխություններ կատարել, խաղն ավելի հանգիստ բնույթ կրեց։ Երկու թիմերն էլ, և հատկապես «Ռոման», պատրաստվում էին նետվել վճռական գրոհի։ 

79-րդ րոպեին հաշիվը վերջապես բացվեց։ Ունդերը սկսեց հռոմեացիների գրոհը, գնդակը հանձնեց Ֆլորենցիին, իսկ վերջինս պատ խաղարկեց Ջեկոյի հետ և գրավեց Շեստնիի դարպասը՝ 1-0։

Հռոմեացիները շարունակում էին ավելի ակտիվ գործել։ Նկատելով այդ՝ Ալեգրին փոփոխություններ կատարեց, բայց դա նրան օգուտ չբերեց։ Իսկ ավելացված ժամանակում արդեն «Ռոման» ամրապնդեց հաջողությունը։ Ունդերը հարվածի դուրս բերեց Ջեկոյին և «Ռոմայի» հարձակվողտ դիմահար գնդակահարեց դարպասը՝ 2-0։ 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան 

 

 

«Ռոման»

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP