Անգլիայի առաջնություն։ «Պինդ ընկույզները»։

 

Հաջորդ խմբում ներառել ենք այն թիմերին, որոնք ձգտում են փառքի ու հաղթանակների։ Նրանցից ոմանք փառավոր անցյալ ունեն։ Այսպես, «Էվերտոնը» Անգլիայի 9-ակի չեմպիոն է, «Վուլվերհեմփթոնը» լավագույնը ճանաչվել է 3 անգամ, ճիշտ է, վերջին անգամ հեռավոր 1959-ին, իսկ «Լեսթերը», թեև ընդամենը մեկ անգամ է հռչակվել որպես լավագույն, դա արել է տակավին վերջերս՝ 2016 –ին։ «Վեսթ Հեմը»  3 անգամ նվաճել է Անգլիայի գավաթը, իսկ «Ուոթֆորդը» միայն կարող է պարծենալ նրանով, որ Էլտոն Ջոնի համակրած ակումբն է, որին մեծ երգիչը մի ժամանակ հովանավորում էր։ Թե ինչով են այս ակումբները գրավել մեր ուշադրությունը՝ ներկայացվում է ստորև։

  

Վուլվերհեմփթոն Ուոնդերերս

Պորտուգալացի Նունո Սանտոն որակյալ աշխատանք է կատարել ակումբում, որը վերջերս է Չեմպիոնշիփից Պրեմյեր Լիգա տեղափոխվել, և վստահություն ձեռք բերել թիմի սեփականատերերի աչքում։ Մարզիչի համար փող չեն խնայում տրանսֆերների համար։  

Պորտուգալացի մասնագետը հիմնականում շեշտը դնում է իր հայրենակիցների վրա, որոնց լավ է ճանաչում, և նրանց վրա հիմնվելով էլ ստեղծել է բավանակ մրցունակ կոլեկտիվ։

«Բենֆիկայից» 38 միլիոն եվրոյով գնվել է Ռաուլ Խիմենեսը, որն անցյալ տարի «Վուլվերհեմփթոնում» խաղում էր վարձավճարով և հարձակման գծում ահեղ ուժ էր կազմում Դիոգու Ժոտայի հետ։ «Միլանից» բավական չափավոր գումարի դիմաց ձեռք է բերվել Պատրիկ Կուտրոնեն, «Լացիոյից»՝ մեկ այլ երիտասարդ տաղանդ, և մեկ այլ պորտուգալացի՝ Պեդրո Նետոն։ Նշանակալի ձեռքբերում կարելի է համարել և բելգիացի հենակետային Դենդար Դենդոնկերը, որը Մառախլապատ Ալբիոն է տեղափոխվել Բրյուսելի «Անդերլեխտից»։ Վատ տարբերակ չէ և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Խեսուս Վալյեխոն։

 

Էվերտոն

Ինչպես միշտ տրանսֆերտային շուկայում շատ ակտիվ է «Էվերթոնը»։ Մերսիսադյան երկրորդ ակումբը ամբիցիոզ կազմավորում է և գերջանքեր է գործադրում ոտք դնել մեծ ակումբների ընտանիք։ Առայժմ դա չի ստացվում, բայց թիմի ղեկավարությունը վճռական է և չի կորցնում հույսը։

«Էվերթոնի» ամենաուշագրավ ձեռքբերումն անշուշտ 19-ամյա Մոյզե Քենն է, որի համար Թուրինի «Յուվենտուսին» ամբողջ 40 միլիոն է վճարվել։ Այնպիսի տպավորություն է, որ հարձակվողը 2-3 տարուց որակական աճ կգրանցի և 70-80 կվաճառվի թոփ ակումբներից մեկին։

«Բարսելոնից» գնվել է Անդրե Գոմեշի ամբողջական տրանսֆերը, որը մինչ այդ թիմում հանդես էր գալիս վարձավճարով։ Նշանակալի են նաև Ֆաբիան Դելֆի և Ջեբրիլ Սիդիբեի տեղափոխությունները։ Վերջինը նախատեսված է ամրապնդել հենակետայինի գոտին։

Մեծ թվով ֆուտբոլիստներ վերադարձել են վարձավճարից։ Նրանց մեծ մասը անմիջապես վաճառվել է կամ նորից վարձավճարով տեղափոխվել այլ ակումբ։

 

Լեսթեր Սիթի

Անգլիայի ոչ վաղեմի չեմպիոնը, որի հայտնությունը ցնցեց ողջ ֆուտբոլային աշխարհը, մի աշխույժ միավորի է վերածվել, որը բոլոր առումներով շարժման մեջ է։ Լեսթերն այնքան լավ է կառավարվում, որ թվում է այլևս երբեք չի հայտնվի այն միջակ ակումբների մեջ, որոնց ցանկում իր ողջ պատմության ընթացքում գտնվել է։       

Մշտական ձևակերպում է ստացել Յուրի Տիլեմանսի տրանսֆերը, որը մինչ այդ խաղում էր վարձավճարով։ «Նյուքասլից» գնվել է բավական հետաքրքիր և արդյունավետ հարձակվող՝ Այոսե Պերեսը, որի թիմի վրա 30 միլիոն է նստել։

85 միլիոնի հասնող իր ծախսը «Լեսթերը» ծածկել է Հարրի Մագուայրի վաճառքով, որին հաստատուն պահեց իր ձեռքերի մեջ, և «Մանչեսթր Յունայթեդին» վաճառեց միայն պահանջված գումարը ստանալուց հետո՝ 87 միլիոն։

Նույնիսկ 33 ամյա հարձակվող Շինջի Օկաձակին «Լեսթերին» եկամուտ բերեց։ Այս դեպքում «Մալագայից» ստացված 4 միլիոնը բոլորովին էլ վատ չէ։

 

Վեստ Հեմ Յունայթեդ

Լոնդոնի այս հինավուրց ակումբը ևս սկսել է բավական մեծ միջոցներ տրամադրել նոր ֆուտբոլիստների ձեռքբերմանը։ Նպատակը մեկն է՝ ճանապարհ դեպի թոփ ակումբների ընտանիք, որը սակայն անհավանական է թվում։

Փողառատ Չինաստան ճանապարհված Մարկո Արնաուտովիչի փոխարեն Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» ձեռք է բերվել Սեբաստյան Հալլերը։ Վճարված 40 միլիոնով, թվում է, այլևս ոչ մեկին չես զարմացնի։ Մյուս նշանակալի ձեռքբերումը «Վիլյառեալի» հենակետային Պաբլո Ֆորնալսն է։

«Հանքափորները» ինչպես գնել, այնպես էլ վաճառել են մեծ թվով միջակ կարգի ֆուտբոլիստներ։ Այս մրցաշրջանում Մանուել Պելեգրինին շեշտը հավանաբար կդնի մարզումների միջոցով ուժեղանալու վրա։ Պելլեգրինին ուժեղ մասնագետ է և միանգամայն ունակ է իր մտահաղացածը իրագործելու։

 

 

Ուոթֆորդ            

«Ութֆորդը» համեստ միջոցներ տնօրինող և գերազանց կառավարվող մեկ այլ անգլիական ակումբ է։ Եվ եթե թիմի ֆուտբոլիստների տրասֆերային արժեքները հարաբերականորեն բարձր են, ապա ոչ թե նրանց համար է մեծ գումար ծախսվել, այլ դրան հասել են թիմային լավ արդյունք գրանցվելու հաշվին։

Այս մրցաշրջանում ևս «Ուոթֆորդը» մեծ գումարներ չի տրամադրել տրանսֆերներին։ Ամենաթանկ ձեռքբերումը «Վեստ Հեմից» գնված Քրեյգ Դոուսոնն է, որի համար ընդամենը 6 միլիոն է վճարվել։

Գերհաջող գործարք է իրականացվել Ռիո դե Ժանեյրոյի «Ֆլումինենսեի» հարձակվող Ժոաո Պեդրոյի դեպքում։ Իրոք պետք է գործարարական մեծ տաղանդ ունենալ, որպեսզի 20 միլիոն արժեցող ֆուտբոլիստի համար ընդամենը 2,5 միլիոն վճարել։

 Ազատ գործակալի կարգավիճակով թիմ է ներգրավվել Դաննի Ուելբեկը, որին վերջին շրջանում պարզապես տանջահար են արել ստացած վնասվածքները։

Դոդե Լուկեբակիոի վաճառքը Բեռլինի «Հերտային»՝ 20 միլիոն, ոչ մի դեպքում չի թուլացնում «Ուոթֆորդի» պոտենցիալը։ Նա վարձավճարից էր վերադարձել Դյուսսելդորֆի «Ֆորտունայից», ահա և Բունդեսլիգա վերադարձավ մշտական հիմունքներով։

 

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP