Շարունակում ենք ներկայացնել Անգլիայի առաջնությանը պատրաստվող թիմերին։ Այս խմբում տեղ են գտել, այսպես ասած, միջակները, որոնք ըստ իրենց կազմի ու խաղի, պետք է պայքարեն Լիգայում տեղը չկորցնելու համար, բայց և կարող են լուրջ անակնկալներ մատուցել։ «Քրիսթալ Փելեսը» հենց դրանով էլ հայտնի է, որ կարող է  «գետնին հավասարեցնել» նույնիսկ «Մանչեսթր Սիթիի» պես գերհզոր կազմավորման։

 Ֆուտբոլասերը անկասկած կզարմանա նաև իմանալով, որ համեստ «Բառնլին» 2 անգամ Անգլիայի չեմպիոն է եղել, իսկ «Նյուքասլը» իր չեմպիոնական 4 տիտղոսների կողքին ունի 6 գավաթային նվաճում։ Որքան էլ որ մենք այս թիմերին «միջակ» անվանեցինք, նրանցից ամեն մեկն ունի իր ուրույն դեմքը և նրան անհնար է շփոթել մեկ այլ թիմի հետ։ Ահա, թե ինչ թիմերի մասին է խոսքը․․․

Քրիստալ Փելես

«Քրիսթալ Փելեսը» Լոնդոնը ներկայացնող ամենահամեստ թիմն է, որը մեծագույն կատաղությամբ է պաշտպանում իր պատիվը և հաճախ խոշոր անակնկալների հեղինակ է դառնում։ Ակումբը մեծ փողեր չի ծախսել տրանսֆերտային շուկայում, բայց մի քանի հետաքրքիր ձեռքբերումներ է կատարել։ Աննշան գնով «Սուոնսիից» գնվել է կենտրոնական հարձակվող Ջորդան Այուն, որը բավական որակյալ ֆուտբոլիստ է։ Կենտրոնական կիսապաշտպան Ջեյմս Մաքքարթին՝ Լիվերպուլի «Էվերտոնից», նույպես ունակ է ուժեղացնել թիմի խաղը։ Լոնդոնյան թիմի պաշտպանական գիծը կհամալրի փորձառու Գարի Կեհիլը, որի պայմանագիրը ավարտվել է «Չելսիի» հետ։   

«Քրիսթալ Փելեսի» կազմը լուրջ կորուստ է կրել, ի դեմս Աարոն Վան Բիսակայի, որը տեղափոխվել է «Մանչեսթր Յունայթեդ», և կարող է դեռ կորցնել եզրային հարձակվող Վիլֆրիդ Զահային, որով ակտիվորեն հետաքրվում էր «Արսենալը»։ Ճիշտ է, Բիսակայի դիմաց խոշոր գումար է վճարվել՝ 55 միլիոն, որը կարող է է՛լ ավելի մեծ լինել Զահայի դեպքում։  

Նյուքասլ Յունայթեդ

Հյուսիսանգլիական այս թիմը, որն 90 ականներին ֆերգյուսոնական «Մանչեսթր Յունայթեդի» հիմնական մրցակիցն էր չեմպիոնական մրցավազքում, այժմ ավելի հանրահայտ է իր սեփականատեր Մայք Էշլիով, որի գործելակերպը, մեղմ ասած, երկրագնդի վրա ապրող ոչ մի մարդու հասկանալի չէ։ Նրա օրոք «Նյուքասլը» 2 անգամ հրաժեշտ է տվել ուժեղագույնների խմբին ու կորցրել իր ողջ աստղային կազմը։ Դրանով Էշլին այնքան վատ համբավ ձեռք բերեց, որ ոչ մի որակյալ մարզիչ  պարզապես չէր ցանկանում նրա հետ աշխատել։ Վերջապես հաջողվեց համոզել հանրահայտ Բենիտեսին, բայց վերջինս էլ ի վերջո հեռացավ՝ պատճառաբանելով, որ տրանսֆերների համար բավական գումարներ չի ստանում։ Ճիշտ է Էշլին տալիս է իր բացատրությունները, որոնք այնքան էլ անխելամիտ չեն թվում։ Բանն այն է, որ Բենիտեսը հիմնականում գնում է այնպիսի ֆուտբոլիստների, որոնք միայն իրեն են հարկավոր և նրանից հետո եկողը ծանր երկընտրանքի առաջ է կանգնում, թե ինչ անի նրանց հետ։ Միևնույն ժամանակ նա հրաժարվում է բավական բարձրակարգ ֆուտբոլիստներից, վաճառելով կամ վարձավճարով ուղարկելով այլ թիմեր։

Կարծես ցանկանալով ապացուցել իր իրավացի լինելը, կծծի մարդու համբավ ունեցող Էշլին ամբողջ 44միլիոն տրամադրեց «Հոֆենհայմի» բրազիլացի հարձակվող Ժոելինտոնի համար։ Մյուս նշանակալի ձեռքբերումը ֆրանսիացի 22-ամյա աջ եզրային Ալլան Սեն-Մաքսիմենն է ֆրանսիական «Նիցցայից»։ Նման ֆուտբոլիստի համար 18 միլիոնը բոլորովին էլ շատ չէ։

Ահա արդեն որերորդ տարին է «Նյուքասլը» ձախ պաշտպանի փնտրտուքի մեջ է։ Հարցին միշտ լուծում է տրվել վարձավճարով վերցված ֆուտբոլիստի ձևով ու այս անգամ ևս գործեց նույն գործելաոճը։ Յետրո Վիլլեմսը, Ֆրանկֆուրտի «Այնտրախտից», շատ ուժեղ ֆուտբոլիստ չի թվում, բայց կարող է միանգամայն ծածկել այդ դիրքը։ Նույնը կարելի է ասել և «Ամյենից» 5,4 միլիոնով գնված շվեդ Էմիլ Կրաֆթի մասին, որը պաշտպանության աջ եզրում կմրցակցի ամերիկացի Դեանդրե Յեդլինի հետ։ Վերջին պահին պայմանագիր ստորագրվեց ոչ անհայտ հարձակվող Էնդի Քերոլի հետ։ Ազատ գործակալի կարգավիճակ ունեցող այս ֆուտբոլիստը «Նյուքասլի» կազմում հանդես գալու փորձ ունի։

Վարձավճարից վերադարձել են մի խումբ ֆուտբոլիստներ։ Նրանցից կարելի է նշել Դուայթ Գեյլի մասին, որը հավանաբար հարձակողական ամուր բռունցք կկազմի Ժոելինտոնի հետ։

Թիմը ունի էական կորուստներ։ Բենիտեսի մոտ Չինաստան է ուղևորվել Սոլոմոն Ռոնդոնը, որն անցյալ մրցաշրջանում հիանալի և արդյունավետ խաղ էր ցուցադրում։ Մյուս ռմբարկուն, Այոսե Պերեսը ,տեղափոխվել է «Լեսթեր»։

Բորնմուտ

Այս ակումբը կարող է համեստ թվալ, բայց նա ավելի ուժեղ կազմ ունի, քան նույնիսկ «Վուլվերհեմփթոնը»։

Սովորաբար ակումբը փող չի ափսոսում ուժեղացնելու իր կազմը և այս տարին ևս բացառություն չէ։ Ճիշտ է, ակումբը բավական լավ վաստակում է նաև վաճառքից։

Եզրային Առնո Դանջուման և կենտրոնական կիսապաշտպան Ֆիլիպ Բիլլինգը նիգերիացիներ են, մեկը հոլանդական, մյուսը դանիական անձնագրերով։ «Բրյուգգեից» և «Հադդերսֆիլդից» գնված այս ֆուտբոլիստները 30 միլիոնից ավելին են նստել երկուսով»։ Թե ինչ խաղ ցույց կտա Լլոյդ Քելլին, ցույց կտա ժամանակը։ Բանն այն է, որ 15 միլիոնանոց եզրայինը մինչ այս խաղացել է միայն Չեմպիոնշիփում։

«Լիվերպուլից» վարձավճարով հրավիրվել է Հարրի Ուիլսոնը։ Ըստ սովորության մերսիսայդցիները այդ ձևով կաճեցնեն իրենց ֆուտբոլիստին ու հետո կվաճառեն 20 միլիոնի կարգի գումարով։ Վարձավճարն էլ էժաններից չէ, մեկ տարվա համար «Բորնմուտը» կվճարի 2,7 միլիոն եվրո։

Դժվար է ասել, թե արդյոք պատրաստվում էր «Բորնմուտը» բաժանվել իր կենտրոնական պաշտպան Թայրոն Մինգսից, սակայն անսպասելի առաջարկ ստացվեց Պրեմյեր Լիգա վերադարձած «Ասթոն Վիլլայից», որը հնարավոր չեղավ մերժել․ խոսքը 22 միլոն եվրոյի մասին է։

Մեկ այլ նորեկ՝ «Շեֆֆիլդ Յունայթեդը» առաջարկ է կատարել կենտրոնական հարձակվող Լիս Մյուսսեի համար, որը նույնպես բավարարվել է։ Վճարված 11 միլիոնը նույնպես բավական թանկ գին է նման կարգի հարձակվողի համար։

Բառնլի

«Բառնլին» բոլոր առումներով համեստ ակումբ է և նման վարք է դրսևորել նաև տրանսֆերտային շուկայում։ Թվում է՝ ակումբը պետք է պայքարի ուժեղագույնների խմբում տեղը պահպանելու համար, սակայն 2017-18 թ առաջնությունում մենք ականատես եղանք, թե ինչպիսի բարդ մրցակից կարող են նրանք հանդիսանալ։ Այդ տարի «Բառնլին» գրավեց 7-րդ տեղը։

Ակումբը նշանակալի ձեռքբերումներ չի կատարել։ 

Սաութհեմփթոն

Եվս մեկ հինավուրց ակումբ, որին ոչ մեկի հետ չես շփոթի։ «Սաութհեմփթոնը» յուրօրինակ է թեկուզ նրանով, որ նրա սեփականատերը կին է։ Կատերինա Ռիբհերը հարգարժան անձնավորություն է իր հայրենի քաղաքում և խելամտորեն է կառավարում ակումբը։ Հենց այս ակումբում բացահայտվեց Մաուրիսիո Պոչետինոյի տաղանդը։ Այստեղից ավելի համբավավոր ակումբներ տեղափոխվեցին Մանեն, Լալլանան և Լյուկ Շոուն։

Հարավցիները «երկու կենտրոնական հարձակվող են գնել։ Դաննի Ինգզին՝ Լիվերպուլից» և Չե Ադամսին Չեմպիոնշիփը ներկայացնող «Բիրմինգհեմից»։ Լյեժի «Ստանդարդից» ձեռք է բերվել նաև մալիացի Մուսա Ջենեպոն, որը բավական հեռանկարային եզրային հարձակվող է։   

Բրայթոն

«Բրայթոնն» այս տարի լրջորեն ուժեղացրել է իր կազմը։ Ճիշտ է հիմնականում խոսքը գնում է այնպիսի ֆուտբոլիստների մասին, որոնք Պրեմյեր Լիգայում խաղալու փորձ չունեն, սակայն հաջող աշխատանքի դեպքում նրանց որակը կարողը կրկնապատկվել։

Կենտրոնական պաշտպան Ադամ Վեբսթարը և կենտրոնական հարձակվող Նիլ Մաուփեյը միայն Չեմպիոնշիփում են խաղացել, այնուհանդերձ նրանցից ամեն մեկի համար 20 միլիոն եվրո է վճարվել։ Նույնչափ վճարվել է նաև բելգիացի եզրային Լեանդրո Տրոսսարի համար, բելգիական «Գենկից»։  «Հադդերսֆիլդից» վարձակալական հիմունքներով հրավիրվել է կիսապաշտպան Աարոն Մույը, որը նույնպես բավական որակյալ ֆուտբոլիստ է։

Այսպիսով, «Բրայթոնը» լրջորեն ուժեղացրել է կազմը և էական կորուստներ չունի։ Թիմի առաջադրանքն է ամեն գնով ամրապնդվել ուժեղագույնների խմբում։   

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP