Եվրոպա Լիգա, փլեյ-օֆֆ, 3-րդ փուլ:

«Սաբուրթալո» 0-2 «Արարատ-Արմենիա»: Առաջին խաղը՝ 2-1

Խաղից առաջ Թբիլիսիի «Սաբուրթալոն» բոլոր առումներով ավելի հարմարավետ պայմաններում էր գտնվում: Մրցակցի հարկի տակ տարած վստահ հաղթանակը, ներքին առաջնությունում խաղեր չունենալու հանգամանքը, ինչու չէ, նաև ֆուտբոլիստների ընդհանուր որակը, որն, անկեղծ լինենք, վրացական թիմի մոտ մի փոքր ավելի բարձր է: Սակայն «Արարատ-Արմենիան» ուներ իր գլխավոր կռվանը, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով անկասկած ամենաինտելեկտուալ մասնագետն է հայկական ֆուտբոլում, և ինչպես ոչ ոք՝ գիտե դասեր քաղել սխալներից:

Առաջին խաղում «Սաբուրթալոն» բացահայտ առավելություն ստացավ երկրորդ խաղակեսում և դրա հաշվին երկու գնդակ խփեց: Պատասխան հանդիպման ժամանակ նման ոչ մի բան չկար: Հայկական թիմը խաղում էր իրեն ձեռնտու ֆուտբոլ և մրցակցին գերազանցեց գլխավորապես տակտիկապես:

«Սաբուրթալոյի» գլխավոր մարզիչ Գիորգի Չիբարիշվիլին նախորդ խաղի համեմատությամբ որոշ փոփոխություններ էր կատարել կազմում: Նախ՝ 4-4-2 սխեման փոփոխվել էր ավելի ռազմաշունչ 4-3-3-ով, պաշտպանության աջ եզրում հայտնվել էր Մարգվելաշվիլին, իսկ առաջին հանդիպման հերոսներից մեկը՝ Նիկոլոզ Մալին նույն դիրքից տեղափոխվել էր միջին գիծ: Հարձակման գծում բացակայում էր Ռոլովիչը, փոխարենը Գաբեդավայի կողքին հայտնվել էին Կոխրեիձեն և Դիասամիձեն:

Նախորդ խաղի հիման վրա ճշգրտորեն հաշվարկելով հակառակորդի ռեալ ուժը՝ Վարդան Մինասյանը որոշում էր կայացրել որքան հնարավոր է ուժեղացնել հենակետայինի գոտին: Անփոխարինելի թվացող Կոջո Ալֆոնսի կողքին խաղում էին Արմեն Համբարձումյանը և Գոռ Մալաքյանը, ովքեր հազվադեպ են իրար կողքի խաղում և երկուսով պայքարում են հիմնական կազմի մեկ տեղի համար: Մեր մարզիչը նաև խելամտորեն եզրակացրել էր, որ Պետրոս Ավետիսյանն ավելի էֆեկտիվ կլինի երկրորդ կեսում՝ մրցակցի հոգնածության նրբերանգին: Հիմնական կազմ էր վերադարձվել Աբակումովը, որը փոխարինել էր վերջին խաղերում ոչ այնքան համոզիչ տեսք ունեցող Չուպիչին:

Ինչպես և սպասվում էր՝ խաղը սկսվեց դաշտի տերերի ակտիվ գրոհներով: Սակայն հյուրերը սպասում էին դրան և բավական սառնասրտորեն արձագանքեցին մրցակցի գործողություններին: «Արարատ-Արմենիան» բավական արագ հավասարեցրեց խաղը և ինչ-որ տեղ սկսեց վերահսկել այն:

9-րդ րոպեին խաղի հաշիվը բացվեց. թեկուզ և հաջողությունն այդ իրադրությունում ուղեկցեց մեզ, հայկական ակումբի ֆուտբոլիստները պարզապես հրաշալի խաղացին: Ֆուրջել Նարսինխը, սուրինամցի ծագումով հոլանդացին, որը բարեբախտաբար պաշտպանում է հայկական թիմի շահերը և մեր խորին համոզմունքով իր թիմում ամենալավն է հասկանում «ֆուտբոլ» խաղի իմաստը, իր վստահությանը հանձնված աջ եզրում վճռական գործողությունների անցավ այն ժամանակ, երբ թվում էր ոչ մի բան վրացական թիմի դարպասին չի սպառնում: Մեր աջ եզրայինը գնդակը դանդաղ առաջ տարավ, ապա հետևեց հանկարծակի պոռթկում դեպի առաջ և կայծակնային փոխանցում դեպի տուգանային հրապարակ: Անխոնջ Կոբյալկոն այնտեղ հենց դրան էր սպասում: Վրացի պաշտպանները չկարողացան նրան խանգարել և ռուս հարձակվողը սառնասրտորեն գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը՝ 0-1:

Բաց թողած գոլից հետո «Սաբուրթալոն» փորձեց ուշքի գալ և տիրեց նախաձեռնությանը: Մի քանի անկյունայիններ իրացվեցին, սակայն դրանք ոչ մի օգուտ չբերեցին վրացական թիմին: Խաղը կրկին հանդարտվեց: Չկարողանալով ուղիներ գտնել դեպի հյուրերի դարպասը, տանտերերը սկսեցին նյարդայնանալ և կոպիտ խաղ ցուցադրել: Ալթունաշվիլին դաշտի կենտրոնում կոպիտ խաղաց Մալաքյանի դեմ և զգուշացվեց: Նույնպիսի պատիժ շուտով ստացավ նաև Տերան: Ինչ վերաբերվում է Կոխրեիձեի դեղին քարտին, ապա վրացի հարձակվողն այն ստացավ ակնհայտ սիմուլիացիայի համար՝ միտում ունենալով հեշտ 11 մետրանոց վաստակել:

Այդ ընթացքում «Սաբուրթալոն» ունեցավ մեկ շատ թե քիչ վտանգավոր պահ: Դիասամիձեն հարմար դիրք դուրս եկավ, բայց գնդակը խաղընկերոջը փոխանցելու փոխարեն խճճվեց և կորցրեց պահը:

35-ր րոպեին եկավ և մեր դեղին քարտերի հերթը: Գուզը զգուշացվեց կոպիտ խաղի, իսկ Կոբյալկոն սիմուլյացիայի դիմելու համար:

41-րդ րոպեին «Սաբուրթալոն» վտանգավոր գրոհ ձեռնարկեց: Գաբեդավան փոխանցում կատարեց դեպի տուգանային հրապարակ, սակայն թիմի ավագ Գուզը ընդհատեց այն:

«Արարատ-Արմենիան» ակտիվ սկսեց երկրորդ կեսը: Հասկանալի է, հաջորդ փուլ դուրս գալու համար հայկական թիմին անհրաժեշտ էր խփել ևս մեկ գնդակ:

52-րդ րոպեին Դիասամիձեն կայծակնային արագությամբ շարժվեց դեպի տուգանային հրապարակ, «Արարատ-Արմենիայի» աջ պաշտպան Պաշովը խախտման և դեղին քարտի գնով միայն կարողացավ կանգնեցնել նրան:

Վտանգավոր դիրքում նշանակված տուգանայինը օգուտ չբերեց վրացիներին: Այն իրացրեց հենց տուժողը և միանգամայն անհաջող:

Վրացիները զգում էին վտանգը և զգալիորեն նյարդայնանում էին: Նկատելով այդ Չիաբրիշվիլին քիչ առաջ զգուշացված Դիասամիձեի փոխարեն դաշտ դուրս բերեց Քենիային, իսկ Գաբեդավայի՝ Լոլովիչին:

Վարդան Մինասյանը պատասխանեց Արմեն Համբարձումյանի փոխարեն Պետրոս Ավետիսյան տարբերակով: Իրոք որ ժամանակն էր, մեր մարզիչը կարծես կռահում էր, թե քիչ հետո ինչ է տեղի ունենալու խաղադաշտում:

62-րդ րոպեին անչափ վտանգավոր հարված կատարեց Կոջո Ալֆոնսը, սակայն կենտրոնական պաշտպան Միգինեիշվիլին իր վրա ընդունեց գնդակը:

«Արարատ-Արմենիան» գնալով ավելի վտանգավոր էր դառնում: Նյարդային վրացիների նրբերանգին դա ավելին քան արդյունավետ էր:

65-րդ րոպեին Կոբյալկոն խորքից հրաշագեղ փոխանցում ստացավ և Տ 90 տանկի զորությամբ ներխուժեց տուգանային հրապարակ: Պաշտպանը փորձեց խանգարել, բայց ապարդյուն: Խախտումն ակնհայտ էր, մրցավարը առանց վարանելու ցույց տվեց 11 մետրանոց նշակետը:

Ահա և եկավ Պետրոս Ավետիսյանի հերթը: Մեր հարձակվողն այն իրացրեց ինչպես վերջին ժամանակներս Հայաստանի առաջնությունում: Դարպասապահին նա ապակողմնորոշեց դեպի իրենից ձախ, իսկ գնդակը հանգիստ ուղարկեց դեպի դարպասի աջ անկյունը՝ 0-2:

Սա արդեն լուրջ ահազանգ էր: Վրացիներին անհրաժեշտ էր առնվազն 1 գոլ խփել:

«Սաբուրթալոն» կատաղությամբ առաջ նետվեց և տիրեց նախաձեռնությանը, որը ժամանակ առ ժամանակ հրեշավոր էր թվում:

74-րդ րոպեին Կոխրեիձեն ներխուժեց տուգանային հրապարակ, բայց պաշտպանները նրա ոտքերի տակից դուրս բերեցին գնդակը:

Իսկ 78- րդ րոպեին արդեն Նիկոլոզ Մալին հարվածեց իր եզրից և գնդակն իր վրա ընդունեց դարպասաձողը...

«Արարատ-Արմենիան» դիմագրավեց  «Սաբուրթալոյի» գրոհների ալիքին և հանդարտեցրեց խաղը: Ավելի ապահով զգալու համար Վարդան Մինասյանը փոխարինեց իր գործը արած Կոբյալկոյին ու նրա փոխարեն դաշտ մտցրեց կենտրոնական պաշտպան Դամչևսկուն:

Վերջին 10 րոպեներին «Արարատ Արմենիան» արդեն չէր մտածում հարձակվելու մասին և միայն պաշտպանվում էր: Այնուհանդերձ պետք է ասել, որ «Սաբուրթալոյի» գրոհներն արդեն շատ մեծ վտանգ չէին պարունակում իրենց մեջ:

Խաղի վերջնամասը նյարդային բնույթ էր կրում: Զգուշացվեցին Լիման, Մալին և Գորգիաշվիլին: Ինչ-որ պահի թվաց, թե ծեծկռտուք կլինի, բայց բարեբախտաբար ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ:

Ավելացված 93-րդ րոպեին «Սաբուրթալոյին» այնուամենայնիվ հաջողվեց գոլ խփել, բայց մրցավարը գտավ, որ աչքի ընկած Ռեխվիաշվիլին գտնվում է խաղից դուրս վիճակում:

Ավելին անել վրաց ֆուտբոլիստներին չհաջողվեց: «Արարատ-Արմենիան» ճիշտ կառուցած խաղի և խելամիտ որոշումների արդյունքում հաղթահարեց «Սաբուրթալոյի» արգելքը և փլեյ օֆֆի չորրորդ փուլում ուժերը կչափի Լուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ:

Շնորհավոր հաղթանակը և հաջողություն մեր թիմին:

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP