Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը»՝ հյուրընկալվելով, ուժերը չափեց անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ ու պարտվեց 0-4 հաշվով։

Հայկական թիմին լուրջ մրցակից էր բաժին հասել, որին Երևանում կայացած առաջին խաղում պարտվել էր նույն հաշվով:

Նունու Էշպիրիտու-Սանտուի գլխավորությամբ անգլիական թիմը ցուցադրեց բարձր որակի ֆուտբոլ։ Նշենք, որ Վուլվերհեմփթոնի առաջատարներից մի քանիսը մնացել էին պահեստայինների թվում։

Առաջին խաղակեսում երևանյան թիմը ցուցադրեց կոմբինացիոն գեղեցիկ ֆուտբոլ և ընդմիջման գնաց ոչ-ոքի՝ պատվաբեր 0-0 հաշվով: Բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսի ընթացքում:

«Փյունիկի» կազմում աչքի ընկավ Սիմոնյան, Վարդանյան, Միրանյան եռյակը՝ իր ճիշտ համագործակցությամբ։

Հանդիպման 22-րդ րոպեին «Վուլվերհեմփթոնը» վտանգավոր հարված կատարեց, որը բարձր ստացվեց։ 

Առաջին կեսի վերջնամասում իր փոքրիկ պահն ունեցավ նաև «Փյունիկը»։  Սակայն Միրանյանի հարվածը թույլ էր և «Վուլվերհեմփթոնի» դարպասապահը հեշտությամբ վերցրեց այն։

Ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները՝ «Փյունիկը» առաջին կեսում սպառեց իր բոլոր ուժերը և չկարողացավ դիմադրություն ցույց տալ։ Այնուհանդերձ մեր տղաները արեցին իրենց հնարավորությունների առավելագույնը:

Հանդիպման հաշիվը բացվեց 54-րդ րոպեին։ Սխալվեց Փյունիկի պաշտպանության հենասյուն Ժեստոկովը, ով «Վուլվերհեմփթոնի» երկու երիտասարդ նորեկներին թույլ տվեց հստակ գրոհ նախաձեռնել։ Կուտրոնեն եզրից փոխանցում կատարեց, որին հետևեց Նետոյի անկասելի հարվածը։

Գայլերի 4 րոպե անց խփած երկրորդ գոլը գրեթե առաջինի կրկնությունն էր։ Անգլիացիները խաղարկեցին գնդակը և արագության շնորհիվ ճեղքեցին հայկական թիմի պաշտպանությունը։ Ապա հետևեց եզրից փոխանցումը և արձանագրվեց գոլ։ Աչքի ընկավ Գիբբս-Ուայտը:

64-րդ րոպեին «Վուլվերհեմփթոնը» նոր անցում կատարեց եզրով և Տրաորեի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ դարպասապահի հրապարակի հեռավոր անկյունում աչքաթող արված Ռուբեն Վինագրեն։

87-րդ րոպեին հնարամիտ գործողություններով աչքի ընկավ փոխարինման մտած Խիմենեսը, ում ճիշտ փոխանցումից հետո գեղեցկագույն գոլի հեղինակ դարձավ Դիոգու Ժոտան՝ 4։0:

Հանդիպման վերջին րոպեներին «Փյունիկը» փորձեց խուսափել չոր հաշվով պարտությունից, սակայն ուժերի անհավասարությունը բացահայտ էր։

Այսպիսով, «Փյունիկը» ընդհանուր 0-8 հաշվով պարտվեց և լքեց Եվրոպա լիգայի մրցաշարը:

 

Հեղինակ՝ Մանե Հակոբյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP