Եվրոպայի առաջնության ընտրական փուլ, 9-րդ խումբ

Հայաստան 1-3 Իտալիա

Գոլերը՝ Կարապետյան, 11 - Բելոտտի, 28, 80, Լո.Պելլեգրինի

Ի տարբերություն  «ջիբրալթարյան» խայտառակության, Իտալիայի դեմ խաղում Հայաստանը միանգամայն արժանապատիվ տեսք ուներ: Համենայն դեպս առաջին կեսում: Ահա և լավագույն պատասխանն այն ֆուտբոլասերներին, որոնք կարծում են, որ մեր թիմի կազմը թույլ է, իրենց լեզվով ասած՝  «ֆուտբոլիստ» չկա, ու նրանց հետ անհնար է դրական արդյունք արձանագրել: Ոչ, հազար անգամ ոչ, մեր հավաքականը կարող է հաղթել, և ոչ միայն Ջիբրալթարին, այլ անհամեմատ ուժեղ հավաքականների: Նման բան կարող էր պատահել և իտալացիների հետ խաղում, եթե...

Խաղասկզբում Հայաստանի հավաքականն ավելին քան վստահ տեսք ուներ: Մեր ֆուտբոլիստները խաղում էին նախաձեռնությամբ, ագրեսիվ էին, չէին խնայում ո՛չ իրենց, ո՛չ էլ մրցակցին: Նրանք բազմիցս աչքի ընկան նպատակասլաց գործողություններով: Հակառակ մերոնց՝ իտալացի ֆուտբոլիստների գրեթե կեսը դասը վատ սերտած աշակերտի տեսք ուներ: Մանչինիի սաների մոտ ոչինչ չէր ստացվում, և նրանք հաճախ դժգոհություն էին հայտնում մրցավարին (հատկապես Վերատտին և Ժորժինյոն) , մատնացույց անելով, որ հակառակորդը «մաքուր» չի խաղում:

Ի պատասխան՝ Հայաստանի հավաքականը համբավավոր մրցակցին պարզապես ցույց տվեց, թե ինչպես պետք է ֆուտբոլ խաղալ... Իտալիան գրոհում էր, Բարելան երկար ու անշտապ ընդունում էր գնդակը, երբ Բարսեղյանը խլեց նրանից գնդակը և սկիզբ դրեց իր թիմի խոստումնալից հակագրոհին: Շատ չանցած մեր աջ եզրայինն արդեն մրցակցի կիսադաշտում էր: Ձախից Մխիթարյանը՝ իր վրա հրավիրելով մրցակցի ուշադրությունը, աջից Կարապետյանը, շնորհիվ իր ավագի դուրս գալով հարմար դիրք, արձագանքեցին Բարսեղյանին, և մեր հավաքականը փաստացի գոլային դիրք ստացավ: Հետևեց փոխանցում, դեպի գնդակը շարժվեցին Ալեքսանդր Կարապետյանը և Լեոնարդո Բոնուչչին: Եթե միայն մեր հարձակվողը փորձեր կասեցնել գնդակը, նրա համբավավոր մրցակիցը անկասկած կխլեր գնդակը: Սակայն Բարսեղյանի փոխանցումը շատ հարմարավետ էր և Ալեքսանդր Կարապետյանը առաջին իսկ հպումով գնդակն ուղարկեց Դոննարումայի դարպասի հեռավոր անկյունը՝ 1-0:

Գոլ ընդունելուց հետո իտալացիները ուշքի եկան և տիրեցին նախաձեռնությանը: Նման հանգամանքներում, Հայաստանի հավաքականը, խաղալով բավական որակյալ ֆուտբոլ, իրեն դրսևորեց որպես միանգամայն անփորձ մրցակից: Թե ինչու Ղազարյանը Կարապետյանի խախտումից հետո վազեց պաշտպան կանգնելու ընկերոջը, ոչ մեկը չի կարող բացատրել: Մի՞ թե նա կարծում էր, թե նրան վտանգ էր սպառնում փոքրամարմին Վերատիից: Ինչևէ, մրցավարը միջադեպի 3 մասնակիցներին էլ մեկական դեղին քարտ ցույց տվեց և դա կարծես ազդանշան էր մեր հավաքականի գալիք դժբախտություններին:

Իսկ մինչ այդ խաղն ընթանում էր Իտալիայի հավաքականի ընդգծված առավելությամբ: Շատ ակտիվ էր խաղում Բելոտտին, որը հաճախ էր հաղթող դուրս գալիս Կալիսիրի հետ դիրքային մենապայքարում, սուր գործողություններով աչքի էր ընկնում Բերնարդեսկին, որի վտանգավոր հարվածը միայն Հայրապետյանը կարողացավ չեզոքացնել: Շատ լուրջ ֆուտբոլ էին խաղում Ժորժինյոն և Էմերսոնը: Հենց վերջինիս ձախ եզրից կատարած փոխանցումից հետո էլ Իտալիան հավասարեցրեց հաշիվը: Դա Կալիսիրի հերթական ձախողումն էր և Բելոտտիի առաջին գոլը ՝ 1-1:

Իտալիան շարունակում էր տիրել նախաձեռնությանը: Բազմաթիվ անգամներ հարվածային դիրք դուրս եկավ Բելոտտին, որը կարող էր նույնիսկ չորս անգամ գրավել մեր հավաքականի դարպասը: Հիշարժան էր նաև Բերնարդեսկիի հարվածը, երբ գնդակը դարպասաձողին դիպչելով դուրս եկավ դիմային գծից: 

Իսկ ավելացված ժամկետի առաջին րոպեին տեղի ունեցավ մի իրադարձություն, որի նախակարապետը մեր ֆուտբոլի բավական անլուրջ վերաբերմունքն էր ֆուտբոլային օրենքների նկատմամբ: Ճիշտ է, մրցավար Զիբերտը գուցե մի փոքր խիստ գտնվեց Ալեքսանդր Կարապետյանը նկատմամբ, բայց մեր հարձակվողն անկասկած ինքն է մեղավոր, որ երկրորդ դեղինը ստացավ և հեռացվեց խաղադաշտից: Պետք չէ ահարկու թափահարել ձեռքերը, երբ մրցակցի հետ պայքարում ես գնդակի համար, մրցավարը դա նույնպես տեսնում է: Այս անգամ Զիբերտը գտավ, որ մեր հարձակվողը հարվածել է Բոնուչչիի դեմքին, և մեր թիմին թողեց 10-ը հոգով:

Երկրորդ կեսի սկզբում Գյուլբուդաղյանցի սաները ցույց տվեցին նույքան որակյալ ֆուտբոլ, որքան և առաջինում: Բացարձակ չէր զգացվում, որ հեղինակավոր մրցակիցը ֆուտբոլիստների քանակով գերազանցում է, ավելին, մեր թիմն ավելի մոտ էր հաջողությանը հասնելուն: Օգտակար և անձնուրաց էր խաղում Ղազարյանը, հրթիռային պոկումներով աչքի էր ընկնում Կամո Հովհաննիսյանը, որը մի դեպքում լավ փոխանցում կատարեց Մխիթարյանին (մեր ավագը վրիպեց), մյուսում կորցրեց գնդակը: Հատկապես տպավորիչ էր երկրորդ անցումը: Հովհաննիսյանին կնախանձեին դրիբլինգի բոլոր վարպետները և լավագույն երկարավազորդները:

Իսկ երբ ֆուտբոլային հասարակությունը սկսեց հավատալ, որ մեր հավաքականը գուցե դիմանա ահեղ մրցակցի ճնշմանը, Իտալիայի հավաքականը բավական անմեղ իրավիճակում առաջ անցավ հաշվի մեջ:

Լեոնարդո Բոնուչչին փափուկ փոխանցում կատարեց և փոխարինման մտած Լորենցո Պելլեգրինին գլխի նրբագեղ հարվածով գրավեց Հայրապետյանի դարպասի հեռավոր անկյունը՝ 1-2:

Րոպեներ անց Բելոտտին ավելացրեց իր թիմի առավելությունը: Իտալացի հարձակվողը հարվածեց մոտակա անկյունը, գնդակը դիպավ դարպասաձողին, անդրադառնալով դիպավ Հայրապետյանի մեջքին և ետ գլորվեց դարպասը՝ 1-3:

Խաղավերջում մեր հավաքականի խաղը լրիվ փլուզվեց: Իսկական հրաշք էր, որ Իտալիայի հավաքականը 3 կամ 4 գոլ չխփեց: Բելոտտին, այնուամենայնիվ ևս մեկ անգամ գրավեց մեր դարպասը, բայց մրցավարը ծաղից դուրս վիճակ արձակագրեց, որը գոցե չկար:

Հայաստանի հավաքականը լավ խաղաց, բայց կարգապահական խնդիրների պատճառով ձախողեց խաղը: Մեր թիմը չափից շատ ուժեր վատնեց: Թե դա որքան կարժենա մեզ՝ ցույց կտա Բոսնիայի հավաքականի հետ առաջիկա խաղը:

Ի՞նչ կուզենայինք տեսնել մեր հավաքականի կատարմամբ: Թերևս արդյունք այն դեպքում, երբ մրցակիցը ուժեղ ֆուտբոլ է ցուցադրում:  

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP