Չեմպիոնների Լիգա, խմբային մրցաշար, 2-րդ տուր։

«Տոտտենհեմ Հոթսփուր» 2-7 «Բավարիա»

Գոլերը՝ Սոն, 12, Քեյն, 61 (11 մետրանոց)   – Կիմմիխ, 15, Լևանդովսկի, 45, 87, Գնաբրի, 53, 55, 83, 88

Խաղային օրվա կենտրոնական հանդիպումում Լոնդոնի «Տոտտենհեմը» ընդունել էր Մյունխենի «Բավարիային»։ Մաուրիսիո Պոչետինոն զարմանալիորեն պահեստայինների նստարանին էր թողել կիսապաշտպանության առաջատար Էրիկսենին, առանց որի այսօր շատ դժվար է պատկերացնել լոնդոնցիների խաղը։ Նիկո Կովաչը որոշել էր խաղալ զուսպ ֆուտբոլ և Ալկանտարայի փոխարեն դաշտ էր դուրս բերել Տոլիսսոյին։

Խաղն աշխույժ սկսվեց, թիմերն անմիջապես դիմեցին վճռական գործողությունների։ Արդեն 2-րդ րոպեին Գնաբրին կարող էր բացել խաղի հաշիվը, բայց նրա ուժեղ հարվածը Լյորիսը կարողացավ չեզոքացնել։ Մի քանի րոպե անց արդեն Սոնը դուրս եկավ Նոյերի դիմաց, բայց չկարողացավ հաղթահարել նրա արգելքը։

Դրանից հետո «Տոտտենհեմը» ուժեղացրեց ճնշումը և շուտով հաջողության հասավ։ Կորեացին լավ փոխանցում ստացավ Սիսոկոյից և գրավեց դարպասի հեռավոր անկյունը՝ 1-0։

Դաշտի տերերը երկար չուրախացան խփած գոլով։ Կիմմիխը հաջող խաղաց գնդակ խլելիս, մոտեցավ տուգանային հրապարակին, խելացի դադար վերցրեց և գրավեց դարպասի հեռավոր անկյունը՝ 1-1։

Հետագա քառորդյակում «Տոտտենհեմը» գոլային պահեր ստեղծեց, բայց չկարողացան օգտվել դրանցից։ Կարող էին աչքի ընկնել Օրյեն, Քեյնը և Սոնը»

Ժամանակի ընթացքում «Բավարիան» տիրեց նախաձեռնությանը և խաղակեսի վերջին րոպեին առաջ անցավ հաշվի մեջ։ Լևանդովսկին տուգանայինի մատույցներում ստացավ գնդակը, շրջվեց և գրավցե դարպեսի ներքին անկյունը, Լյորիսն անօգնական գտնվեց՝ 1-2։

Երկրորդ խաղակեսի սկիզբը պարզապես խելագար ստացվեց։ Փայլեց «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Գնաբրին, որը երկու անգամ գրավեց «Տոտտենհեմի» դարպասը։ Առաջին դեպքում Սերժը խորքից փոխացնում ստացավ, առաջ սլանալով լավացրեց դիրքը և հուժկու հարվածով գրավեց դարպասը։ Երկրորդ դեպքում Տոլիսսոն օգտվեց Վերտոնգենի հրեշավոր սխալից, հարվածի դուրս բերեց Գնաբրիին, որի հարվածից հետո գնդակը դիպավ հեռավոր դարպասաձողին և հայտնվեց ցանցում՝ 1-4։  

«Տոտտենհեմը» ճնշում չէր գործադրում, այնուամենայնիվ մի քանի րոպե անց կրճատեց հաշվի տարբերությունը։ Կոմանը տուգանային հրապարակում խախտեց կանոնները Ռոուզի նկատմամբ և Քեյնը հստակ իրացրեց 11 մետրանոցը՝ 2-4։

Դրանից հետո հանդիպումը հանդարտվեց։ Մյունխենցիները տիրում էին նախաձեռնությանը և թույլ չէին տալիս դաշտի տերերին վտանգավոր պահեր ստեղծել իրենց դարպասին։ «Տոտտենհեմն» ուներ թույլ, եթե ոչ անօգնական տեսք։ Իսկ հանդիպման վերջնամասը պարզապես մղձավանջային դարձավ լոնդոնյան թիմի համար։

Սկզբում Գնաբրին փոխանցում ստացավ Ալկանտարայից, շրջանցեց Վերտոնգենին և Լյորիսի կողքով գնդակն ուղարկեց դարպասը՝ 2-5:

Այնուհետև Կոուտինյոն հարվածի դուրս բերեց Լևանդովսկուն, և լեհ հարձակվողը մեկ հպումով գնդակն ուղարկեց դարպասի անկյունը՝ 2-6:

 Իսկ վերջում Գնաբրին ևս մեկ փոխանցում ստացավ Տոլիսսոյից և խփեց հանդիպման իր 4-րդ գոլը՝ 2-7։

«Բավարիան» միանձնյա գլխավորում է խումբը, իսկ «Տոտտենհեմն» առայժմ եզրափակում է այն։

 

Հեղինակ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP