Եվրոպայի առաջնության ընտրական փուլ, 9-րդ խումբ

Լիխտենշտեյն 1-1 Հայաստան

Գոլերը՝ Ֆրիկ, 72- Բարսեղյան, 19

Դժվար է հիշել մի դեպք, երբ Հայաստանի հավաքականը ամբողջ հանդիպման ընթացքում գեթ մեկ ռեալ գոլային պահ չի կարողանում ստեղծել: Նույնիսկ եթե խաղում է Իտալիայի կամ Գերմանիայի պես հզոր թիմերի դեմ, Հայաստանի ընտրանին անպատճառ նման մի քանի պահ ունենում է: Սակայն, որքան էլ որ զարմանալի էր, Լիխտենշտեյնի հետ արտագնա հանդիպման ընթացքում գրեթե անհնար էր նման մի պահ հիշել: Եվ Բարսեղյանն էլ իր գոլը խփեց ո՛չ գոլային իրադրությունուն՝ շնորհիվ անհատական վարպետության և հաջողության գործոնի: 

Արմեն Գյուլբուդաղյանցը խաղադաշտ էր դուրս բերել մոտավորապես այն կազմը, որը կարելի է խաղացնել Լիխտենշտեյնի դեմ, նկատի ունենալով, որ երեք օր անց արտագնա ծանր հանդիպում է սպասվում Ֆինլյանդիայի հետ: Ընդ որ ում մեր մարզիչը թիմը դասավորել էր 4-3-3 մոդայիկ դասավորվածությամբ, որը, փաստորեն չարդարացրեց իրեն: Բազմիցս ապացուցվել է, որ Հայաստանն իրեն առավել հարմարավետ է զգում խաղալով երկու հենակետայինով, մինչդեռ այս խաղում փորձ էր արվում յոլա գնալ առանց որևէ հենակետային կիսապաշտպանի:

Խաղի սկիզբը բացառիկ անորակ կարելի է բնորոշել: Առհասարակ ոչինչ չէր ստացվում ո՛չ Լիխտենշտեյնի, ո՛չ էլ Հայաստանի հավաքականի մոտ: Գրոհներ կազմակերպելու փորձեր, որտեղ բացակայում է միտքը և խաղակցվածությունը, ահա թե մոտավորապես ինչ կարելի է ասել խաղակեսի առաջին քառորդի մասին:

Այնուհանդերձ մեր ընտրանին խաղի 19-րդ րոպեին բացեց հաշիվը: Լիխտենշտեյնը փորձում էր գրոհ ձեռնարկել, սակայն Գևորգ Ղազարյանը  ակտիվ խաղի շնորհիվ գնդակը խլեց մրցակցից և այն հանձնեց Տիգրան Բարսեղյանին: Հայ հարձակվողը երկար չմտածեց, թե ինչ անի և ձախ ոտքի ուժեղ հարվածով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը: Պաշտպանը փակել էր դարպասապահի տեսադաշտը, վերջինիս ցատկն ուշացած էր, իսկ Բարսեղյանի հարվածն էլ՝ «նենգ» և դիպուկ: Ահա թե ինչպես պատահեց, երբ գնդակը հայտնվեց դաշտի տերերի դարպասում՝ 0-1:

Հայաստանի հավաքականի երկրպագուները անսահման ուրախությամբ համակվեցին, բոլորը հույս ունեին, որ մեր ընտրանին կխփի ևս մեկ կամ երկու գոլ և կհաղթի խոշոր և համոզիչ հաշվով: Նույն կարծիքին էր հավանաբար նաև Արմեն Գյուլբուդաղյանցը, որը բավական զուսպ արձագանքեց իր թիմի գոլին:

Հայաստանի հավաքականը ոգևորության ալիքի տակ մեկ րոպե անց ևս մեկ վտանգավոր պահ ստեղծեց: Ադամյանը տուգանային հրապարակի կենտրոնում փոխանցում ստացավ Ռումյան Հովսեփյանից, խաբս տվեց երկու մրցակցի և հարվածի դուրս բերեց նույն Տիգրան Բարսեղյանին: Ցավոք մեր հարձակվողը նույնքան հաջողակ չգտնվեց, քան առաջին դեպքում: Դարպասապահը Բյուխելը ետ մղեց նրա հարվածը:

Հետագա րոպեներին ֆուտբոլասեր հասարակությունը ներկա եղավ նույն անիմաստ խաղին, որը երկու թիմերը ցույց էին տալիս խաղասկզբում: Ճիշտ է, Հայաստանի հավաքականը տիրում էր նախաձեռնությանը, խաղում էր ավելի կազմակերպված, բայց առանց որևէ օգուտի: Պահերից կարելի է առանձնացնել Սարգիս Ադամյանի հարվածը, որը ուժեղ էր, բայց ուղիղ դարպասապահի վրա և իրենից մեծ վտանգ չէր ներկայացնում: Ահա այսքանը թերևս կարելի է պատմել առաջին կեսի մասին:

Երկրորդ կեսի հենց սկզբից պարզ դարձավ, որ Հայաստանն աշխարհում ունի երևի միակ հավաքականը, որը ցանկացած մրցակցի թույլ է տալիս իր դարպասի մոտ գոլային պահ ստեղծել:

50-րդ րոպեին հետևեց Լիխտենշտեյնի հակագրոհը, Հասլերը գնդակը խաղարկեց Գուբսերի հետ և հարվածի դուրս բերեց Սալանովիչին, որը բավական մոտ տարածությունից սպառնաց մեր դարպասին և բարեբախտաբար վրիպեց: Ընդ որում, Արման Հովհաննիսյանը, որն ընդհանուր առմամբ կազմակերպված խաղաց և Վարազդատ Հարոյանը, ոչնչով չկարողացան խանգարել:

Այդ պահից սկսած ամբողջ հայ ֆուտբոլային հասարակությունը տագնապահույզ սպասում էր փոփոխությունների: Ակնհայտ էր, որ Հայաստանի ընտրանին այն թիմը չէ, որը կարող է պահել հաղթական նվազագույն հաշիվը, նույնիսկ եթե խաղում է ֆուտբոլային թզուկի դեմ, և անհրաժեշտ է առջևում ճնշում գործադրել և խփել երկրորդ գնդակը: Սակայն Արմեն Գյուլբուդաղյանցն այլ կարծիքի էր և միայն բավարարվեց 60-րդ րոպեին Մարկոսի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Գոռ Մալաքյանին, որի հետ վերջինիս հավաքական չհրավիրելու պատճառաբանությամբ փոքրիկ «լեզվակռիվ» էր ունեցել: Ավելացնենք նաև, որ Մալաքյանը դաշտ մտնելով փորձում էր խաղալ կարգապահ ֆուտբոլ, չփչացրեց մեր թիմի խաղը, բայց ոչ ավելին: Մինչդեռ մեր պահեստայիններին առկա էին Էրիկ Վարդանյանը և Պետրոս Ավետիսյանը, հարձակվողներ, որոնք ֆուտբոլի ծարավ են և մեկ հարվածով կարող են վճռել հանդիպման ելքը:

Հետագա քսան րոպեներին մեր հավաքականի մարզչական կազմի անգործությունը բերեց նրան, որը մրցակիցը հավասարեցրեց հաշիվը:

72-րդ րոպեին Լիխտենշտեյն մեկ այլ հակագրոհ ձեռնարկեց, Սալանովիչը նոր անցում կատարեց ձախ եզրով, հեշտությամբ շրջանցեց Հարոյանին ու Հովսեփյանին, և հարվածեց դարպասին: Եվ այստեղ հրեշավոր սխալ թույլ տվեց Արամ Հայրապետյանը: Մեր դարպասապահը, որը նախորդ խաղերում բազմիցս փրկել է մեր հավաքականին վերահաս գոլերից, սկզբում փորձեց որսալ գնդակը, ապա համոզվելով, որ սխալ որոշում է կայացրել՝ ետ մղել, և ուղիղ դեպի մրցակցի հարձակվող Ֆրիկը, որը դիմահար գրավեց դարպասը: Ի դեպ՝ գոլի հեղինակը փաստացի 5 րոպե էր գտնվում խաղադաշտում, ահա թե ումից պետք է սովորել, թե ինչպես կատարել փոխարինումները:

Գյուլբուդաղյանցը նույնիսկ այս պարագայում հրաժարվեց թարմ ուժեր նետել մարտադաշտ, կարծես ցանկանալով ապացուցել, որ փորձառու մարզիչ է և նման իրադարձությունը, ինչպես կարևոր խաղում սեփական դարպասը գոլ ընդունելն է, չի կարող իրեն խուճապի մատնել:

Սակայն մեր հավաքականի բախտն այլևս չբերեց այնպես, ինչպես 19-րդ րոպեին և 81-րդ րոպեին Բարսեղյանի կատարած ոչ այնքան վտանգավոր հարվածը շեղ ստացվեց:

83-րդ րոպեին միայն Գյուլբուդաղյանցը Հովսեփյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Միրանյանին, որը շատ ժամանակ չուներ իրեն դրսևորելու: Թե ինչ կարիք կար խաղադաշտում միաժամանակ 4 հարձակվող պահել - Ադամյան, Կարապետյան, Բարսեղյան, Միրանյան - կուզենայինք այդ առումով լսել մարզիչի բացատրությունները:

Է՛լ ավելի քիչ ժամանակ ունեցավ հավաքականին օգուտ տալ Արաս Օզբիլիզը (մարզիչի բնորոշմամբ՝ Արազը):  Արմեն Գյուլբուդաղյանցը նրան դաշտ դուրս բերեց 88-րդ րոպեին:

Ավելացված 5-րդ րոպեին Օզբիլիզի վտանգավոր փոխանցումից հետո պաշտպանը քիչ մնաց գնդակը սեփական դարպասն ուղարկի, սակայն դարպասապահ Բյուխելն աչալուրջ էր և չեզոքացրեց այդ կիսապահը:

Հայաստանի հավաքականը խայտառակ խաղով ոչ ոքի խաղաց և փաստորեն կորցրել է Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ռեալ հնարավորությունները: Ցավոք չենք կարող կիսել Արմեն Գյուլբուդաղյանցի լավատեսությունը, որը կարծում է թե դեռ հնարավորություն կա: Եթե մեր մարզիչը նայել է խաղացանկը, ապա պետք է որ տեսած լինի, թե ինչ բարդ մրցակիցներ են մեզ սպասում: Ո՞ւմ է նա որոշել հաղթել մրցակցի հարկի տակ, Ֆինլյանդիային, թե՞ Իտալիային: Իսկ ահա ֆինները անհամեմատ հեշտ խաղացանկ ունեն, ու դեռ 2 միավոր էլ ավելին: Ահա թե ովքեր են 2-րդ ուղեգրի ամենառեալ հավակնորդները:

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


People in this conversation

Comments (1)

Rated 0 out of 5 based on 0 voters
This comment was minimized by the moderator on the site

Հարգելի footballam.com որտեղ է Ձեր կողմից կազմակերպված վիկտորինայի ամփոփումը և մրցանակների հանձնումը? Հնարավոր է գոնե պատասխանեք?

Eduard Poghosyan
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP