Եվրոպայի առաջնության ընտրական փուլ, 9-րդ խումբ

Ֆինլանդիա 3 -0 Հայաստան

Գոլերը՝ Ենսեն, 31, Պուկկի, 61, Պուկկի, 88

Եվրոպայի առաջնության մասնակցելու ամենառեալ հնարավորություն Հայաստանի հավաքականը ունեցել է Արմեն Գյուլբուդաղյանցի օրոք։ Եվ այն էլ երկու անգամ նույն մրցաշարի համար։ Չանդրադառնանգ Ազգերի գավաթին և Ջիբրալթարից կրած անփառունակ պարտությանը, այդ մասին բազմիցս ասվել է։ Իսկ ահա Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարը, որի կազմը վիճակահանությունից հետո բավական ուժեղ էր թվում, նոր անակնկալներ մատուցեց՝ ի օգուտ մեզ։ Չվիճարկելով առաջին տեղը, որը բոլոր առումներով Իտալիայի հավաքականին է պատկանում, խոսենք մյուսի մասին։ Լիխտենշտեյնը հաշվի մեջ չէ, այդ թիմը բավականաչափ ֆուտբոլային ռեսուրսներ չունի, երկրորդ ուղեգրի ամենառեալ հավակնորդ Հունաստանը հանկարծ սկսեց ցույց տալ աննկարագրելի թույլ ֆուտբոլ, ամեն ինչ կարգին չէ և Բոսնիայի թիմի հետ, որի մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին մրցաշարի ընթացքում նույնիսկ հրաժարականի դիմում ներկայացրեց։ Մնում էր միայն Ֆինլանդիան, որի հետ միանգամայն կարելի էր մրցել։ Եվ սա ո՛չ թե լոկ կարծիք է, այլ խորը համոզմունք։

Արմեն Գյուլբուդաղյանցը նախորդ խաղի համեմատությամբ մի փոքր փոխել էր մարտավարությունը՝ առջևում թողնելով միայն Կարապետյանին, և Ղազարյանին հանձնելով նրա համար անսովոր ենթահարձակվողի դերը, Բարսեղյանին ու Ադամյանին վերածել եզրայինների, որոնք ենթադրյալ պետք է մասնակցեն նաև պաշտպանական գործողությունների։ Հենակետայինի գոտում հայտնվել էր վնասվածքից ապաքինված Արտակ Գրիգորյանը, վերջինիս կողքին պետք է խաղար Ռումյան Հովսեփյանը։

Թվում էր՝ մեր թիմը ակտիվ սկսեց հանդիպումը։ Այդ մասին վկայում էին խախտումները, որոնց դաշտի տերերը առանց վարանելու դիմում էին, երբ չէին կարողանում կանգնեցնել մեր ֆուտբոլիստներին։ Սակայն Հայաստանի հավաքականը չկարողացավ արդյունավետ օգտվել հնարավորություններից, խաղը հավասարվեց։

8-րդ րոպեին Ֆինլանդիայի հավաքականը միանգամայն կարող էր բացել խաղի հաշիվը։ Լապալայնենը գնդակով առաջ նետվեց, և ձախ եզրում գրոհին միացրեց Ուրոնենին, որի փոխանցումը տուգանային հրապարակ՝ նպատակային էր և կարող էր ավարտվել Պուկկիի դատարկ դարպասին կատարված հարվածով։

Պահին հետևեց, այսպես ասած, ինքնաճանաչողական ժամանակահատված, որի ընթացքում հայերը փորձում էին նախաձեռնություն ստանալ, իսկ ֆինները հույս ունեին վերջիններիս բռնացնել սխալի վրա։

20-րդ րապեին մեր հավաքականը աջ եզրով գրոհ ձեռնարկեց, որը ինչ որ չափով նման էր ֆինների նկարագրված գրոհին, սակայն զգալիորեն պակաս վտանգավոր։ Բարսեղյանը աջ եզրով անցում կատարեց, գնդակը փոխանցեց տուգանային հրապարակ, բայց Կարապետյանը գտնվում էր պաշտպանի հսկողության տակ և նույնիսկ փորձ չարեց տիրանալ գնդակին։

24-րդ րոպեին մեր հավաքականի ճնշում գործադրեց ֆինների պաշտպանական շարքերի վրա, հիմնավորապես տիրեց գնդակին, որի խաղարկումին հետևեց Ռումյան Հովսեփյանի հարվածը։ Այն գեղեցիկ էր, դարպասապահը նույնիսկ չկարողացավ որսալ գնդակը և ետ մղեց, բայց, հանուն ճշմարտության, պետք է նշել, որ դա այն հարվածը չէր, որի միջոցով կարելի է գոլի հույս ունենալ։

Թվում էր՝ հայերը արժանի դիմադրություն են ցույց տալիս, բայց դա բոլորովին այդպես չէր։ Ֆինները վերահսկում էին խաղի ընթացքը, և հենց որ գոլը մի փոքր ուշացավ, ճնշում գործադրեցին և արդյունքի հասան։

Մի շարք վտանգավոր պահերին հետևեց 30-րդ րոպեին նշանակված անկյունայինը, որի խաղարկումից հետո դարպասապահ Հայրապետյանը անհաշվենկատ դուրս եկավ և անպաշտպան թողեց դարպասը։ Ենսենի ոտնաթաթով կատարած հարվածը նույնիսկ ծաղրալի կարելի է համարել։ Պաշտպանները չկարողացան խանգարել, գնդակը հայտնվեց Հայաստանի հավաքականի դարպասում՝ 1-0։

Մեկ րոպե անց անչափ վտանգավոր հարված կատարեց Լոդը։ Գնդակն ամենայն հավանականությամբ մի քանի սանտիմետր բարձր էր ընթանում, բայց Հայրապետյանը ապահովության համար այն հանեց անկյունային։

Եվս մեկ րոպե անց, ևս մեկ անկյունայինի խաղարկումից հետո, մեր դարպասին սպառնաց կենտրոնական պաշտպան Վայսանենը, դարպասապահ Հայրապետյանը հիանալի ցատկով փրկեց իրադրությունը։

Ֆինլանդիայի հավաքականը իր հաջորդ վտանգավոր պահը ստեղծեց 41-րդ րոպեին։ Պուկկին խորքից ստացավ գնդակը, թեթև վազքով շրջանցեց մեր պաշտպանական գիծը և փորձեց հակառակ շարժման վրա բռնացնել դարպասապահին։ Ֆինն հարձակվողի հարվածը թույլ ստացվեց և շեղ։

Երկրորդ կեսի հենց սկզբից ֆինները տիրեցին նախաձեռնությանը։ Վտանգավոր հարվածներ կատարեցին Լոդը և Լապալայնենը, մի դեպքում հարվածի ճանապարհը փակեց պաշտպանը, երկրորդում՝ դարպասապահը։

61-րդ րոպեին հաշիվը կրկնապատկվեց։ Ֆինները դա արեցին չափազանց պարզ ձևով։ Պուկկին խորքից փոխանցում ստացավ, մեն մենակ դուրս եկավ Հայրապետյանի դեմ, և վերջինիս վրայով գնդակն ուղարկեց դարպասը` 2-0։

Ֆինն հարձակվողի կողքին գտնվում էր Հայկ Իշխանյանը, որը փորձ անգամ չարեց սահանկումով գնդակը դուրս բերել մրցակցի ոտքերի տակից։

Չնկարագրենք ֆինների բոլոր գոլային պահերը, բավարարվենք ասելով, որ դրանք առկա էին և միանգամայն կարող էին ավարտվել մեր դարպասի գրավումով։

Այս խաղում Արմեն Գյուլբուդաղյանցը իր առաջին փոփոխությունը կատարեց 65-րդ րոպեին, Բարսեղյանի փոխարեն դաշտ մտցնելով Օզբիլիզին, այնուհետև փոխարինման մտան նաև Բաբայանը և Գոռ Մալաքյանը։ Կատարված փոփոխությունները ոչ մի օգուտ չտվեցին մեր հավաքականին, որոշ մասնագետների կարծիքով՝ այս անգամ ևս դրանք ժամանակավրեպ էին։ Առնվազն տարակուսանք է առաջացնում Գոռ Մալաքյանի մասնակցությունը այս հանդիպումներին, և պատճառը բոլորովին էլ նրա խաղամակարդակը կամ մարզավիճակը չէ, Գոռը լիովին արժանի է խաղալու Հայաստանի հավաքականում։ Սակայն Արմեն Գյուլբուդաղյանցը նրան չէր տեսնում 23 ֆուտբոլիստների ցանկում, հետո Կամո Հովհաննիսյանի վնասվածքի պատճառով այնուամենայնիվ հրավիրեց, և արդեն ընդգրկեց 14 լավագույնների մեջ։ Որտե՞ղ է այստեղ էլեմենտար տրամաբանությունը։

Կրկին անգամ հնարավորություն չստացան իրենց դրսևորել Էրիկ Վարդանյանը և Պետրոս Ավետիսյանը, մինչդեռ արժեր նրանց փորձել։

Իսկ թե ինչ հավատ է տածում Գյուլբուդաղյանցը Ալեքսանդր Կարապետյանի նկատմամբ, կնախանձեր նույնիսկ Հռոմի Պապը։ Եղբայր, տեսնում ես խաղը չի ստացվում նրա մոտ, նախորդ խաղում էլ վատ խաղաց, ուրեմն փոխարինիր նրան մեկ ուրիշով․․․

Չնշենք Հայաստանի հավաքականի, կամ, ավելի ճիշտ, Արմեն Գյուլբուդաղյանցի բոլոր թերությունները, դրա մասին կարելի է մի ամբողջ գիրք գրել։ Բավարարվենք նկարագրելով ֆինների երրորդ գոլը, որտ տեղի ունեցավ հանդիպման 88-րդ րոպեին։ Մեր պաշտպանությունը կրկին անգամ ձախողվեց։ Պուկկին ավելի արագ վազեց, քան մեր բոլոր չորս պաշտպաններից յուրաքանչյուրը, մեն մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և բավական հեշտ գրավեց մեր դարպասը՝ 3-0։

Մեր հավաքականը խայտառակ խաղ ցույց տվեց և կորցրեց երկրորդ տեղը գրավելու հնարավորությունը։ Հուսով ենք Արմեն Գյուլբուդաղյանցը մամլո ասուլիսում չի հայտարարի, որ շանս կա, ու եթե Ֆինլանդիայի հավաքականը իր դաշտում պարտվի Լիխտենշտեյնին և հյուրընկալվելիս Հունաստանին, իսկ իր գլխավորած հավաքականը մեր դաշտում հաղթի նույն Հունաստանին և, հյուրընկալվելիս, Իտալիային, մենք կգրավենք 2-րդ տեղը։

Նորմալ դեպքերում այսպիսի մարզիչը հրաժարական է տալիս։ Նա վաղուց պետք է այդպես վարված լիներ, կամ, եթե կուզեք, նրան երբեք չպետք է նշանակեին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։

Այս բոլոր հարցերի պատասխանը ակնկալում ենք ստանալ ֆեդերացիայի պատասխանատու աշխատակիցներից, մասնավորապես Արմեն Մելիքբեկյանից, հենց որի նախաձեռնությամբ, ասում են, Արթուր Վանեցյանը կատարել է այս նշանակումը։

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


People in this conversation

Comments (2)

Rated 0 out of 5 based on 0 voters
This comment was minimized by the moderator on the site

Կարողա բարեհաճեք մի հատ նայեք քոմենթները???????

Eduard Poghosyan
This comment was minimized by the moderator on the site

?????????????????????????

Eduard Poghosyan
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP